www.armeniansandsea.am
>> Նախաբան
“ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ” ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ ԱՌԱՋԻՆ ՇՈՒՋԵՐԿՐՅԱ ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔԻ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ, “ԱՐՄԵՆԻԱ” ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎՈՎ

Մեր թվարկության 301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինը քրիստոնեությունը պաշտոնապես ընդունեց որպես պետական կրոն։ Իհարկե, Աստծո ընտրությունը բոլորովին էլ պատահաբար կանգ չառավ Հայաստանի վրա, որտեղ Քրիստոսի Ծննդից հետո երեք հարյուրամյակ շարունակ հայ եպիսկոպոսները անհոգնում քարոզում էին քրիստոնեության գաղափարները, որոնք խոր արմատներ նետեցին ոչ միայն ժողովրդի, այլև նրա տիրակալների հոգիներում։ Եվ լիովին օրինաչափ է, որ առաքելական առանձին քարոզումների դժվարին շրջանին փոխարինելու եկավ ժամանակը, երբ հենց Հայաստանում հիմնադրվեց եզակի եպիսկոպոսական աթոռ՝ պետական մակարդակով։ Եվ այդ գործընթացը պսակվեց քրիստոնեության պաշտոնական ընդունումով՝ հայկական պետության ակտիվ մասնակցությամբ, ի դեմս Տրդատ Երրորդ արքայի, առաջին ամենայն հայոց Կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի։ Այնպես որ, միայն լեգենդար, մեծ նահատակ առաքյալների համար անտանելի ծանր էր ողջ աշխարհում տարածել քրիստոնեության գաղափարները։ Պետք էր այդ սուրբ և միաժամանակ ահավոր տառապալից բեռը դնել արդեն ոչ թե առանձին մարդ-առաքյալի, այլ մի ողջ ժողովրդի ուսերին, որին վիճակված էր անկոտրում շարունակել առաքյալների գործը ոչ միայն սեփական հայրենիքում։ Պատահական չէր և այն, որ նույն չորրորդ դարում, 387 թվականին հայերը չարաղետ բախտի արժանացան։ Քրիստոնեական Հայաստանը փլուզվեց, և շատ բնիկներ սփռվեցին աշխարհով մեկ։
Այնժամ ծնունդով Հացեկաց գյուղից, քսանյոթամյա գիտնական-վանական Մեսրոպ Մաշտոցն առաջինը կանխատեսեց այն մահացու վտանգը, որ կորցնելով հայրենիքը, արդեն հաջորդ սերնդում հայերն օտարության մեջ կորցնելու են և՛ լեզուն, և՛ հավատը։ Եվ դարձյալ նա էր, որ առաջինը գործուն կերպով վճռեց, որ օտարության մեջ իր հայրենակիցների համար գլխավոր զենքը կարող են լինել միայն սեփական գրերը։ Մինչ այդ հայ ժողովրդի մշակույթը, և հատկապես բանաստեղծական արվեստը հիմնված էր հունական, լատինական և այլ այբուբենների օգտագործման վրա։ Պետք էր սեփականը, որը կարտացոլեր գիտակցաբար քրիստոնեություն ընդունած հինավուրց ժողովրդի և՛ ոգին ու էությունը, և՛ բնավորությունն ու ինքնօրինակությունը։ Հետևաբար նրան պետք էր իր Աստվածաշունչը՝ միայն մայրենի լեզվով։
Եվ հրաշքը կատարվեց։ 404 թվականին հայերը ձեռք բերեցին ժողովրդի միավորման համար փրկարար և ամուր հիմք։ Դա մեսրոպյան այբուբենն էր՝ բաղկացած երեսունվեց տառից ու հնչյունից, որոնցով դրանց ստեղծողը կազմեց Աստվածաշնչից վերցված առաջին նախադասությունը մայրենի լեզվով. “Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ”։ Իսկ շուտով Մաշտոցը և նրա օգնականները Սուրբ գիրքը հունարենից թարգմանեցին հայերեն։ Եվ այդ ժամանակից ի վեր լեգենդար հայ թարգմանիչներն ու դպիրները հայտնվեցին ամենուր, այդ թվում և օտարության մեջ։ Այդ ժամանակից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուստրերն ու դուստրերը, ուր էլ նրանց նետեր ճակատագիրը, անպայման իրենց հետ վերցնում էին Աստվածաշունչը՝ մայրենի լեզվով։ Ինքը՝ Հայաստանն արդեն հիշեցնում էր առաքելական նավ՝ օվկիանոսի փոթորկալից ալիքներում։ Այն բազմաթիվ անգամներ ենթարկվեց “նավաբեկությունների”, և ամեն անգամ անձնակազմը հասկանում էր, որ դատապարտված է հաղթահարել ոչ միայն փոթորիկներ, մրրիկներ, հալածանքներ, վանդալիզմ և յաթաղան, այլև հաղթել ինքն իրեն, գիտակցելով քրիստոնեական ռահվիրայի առաքելության մեծ ինքնարժևորությունը։ Բարբարոսական ասպատակությունների անվերջանալի շարանը հյուծում էր Առաքելական Սուրբ Եկեղեցու երկրի մարմինն ու հոգին, որը գտնվում էր քարավանային ու մահաբեր ուղիների խաչմերուկում։ Եվ մեկ անգամ չէ, որ ողբերգական պատմության օվկիանոսում հայկական տապանը փշրվել է մանր մակույկների, որոնք հրաշքով պահպանվելով, ելել են օտար ափեր։ Եվ ամենուր, լինի հեռավոր եզերքներում, թե իրենց ապաստանած մեծահոգի երկրներում, բարձրացրել են դրոշը, որ մարմնավորում է Առաքելության գլխավոր խորհրդանիշերը. Առաքելական եկեղեցի, Մեսրոպյան դպրոց և Հայկական ընտանիք, որը երկար դարերի ընթացքում իր զավակների մեջ սերմանել է արարելու տաղանդ, շնորհակալ հանդուրժողական լինելու տաղանդ, սիրելու և բարեկամանալու տաղանդ, առաքելական գործը շարունակելով հանդերձ, սեփական լեզուն, ինքնությունը, մշակույթը պահպանելու, ծնողներին աստվածաշնչյան հարգանքով վերաբերվելու տաղանդ։
Եվ ահա ասօր “Արմենիա” առագաստանավը շուրջերկրյա նավարկություն է կատարում Սփյուռքի ճամփաներով, այն նախնիների օվկիանոսային երթուղիներով, որոնք բոլոր աշխարհամասերում ստեղծել են իրենց հայրենիքի մասնիկը, Հայկական Սուրբ Առաքելական եկեղեցու և ազգային մշակույթի բոլոր հատկանիշներով։ “Արմենիա”-ի անձնակազմը անցնելու է ոչ միայն հայրերի ուղիներով, այլև վերապրելու այն, ինչ նրանք են վերապրել դեպի այն վայրերը տանող դժվարին ու վտանգավոր ճանապարհին, որտեղ խարիսխ են նետել։ Մենք պետք է նաև աշխարհին պատմենք այն մասին, թե ինչպես են նրանք ոչ դյուրին ու երբեմն էլ ողբերգական պայմաններում կատարել իրենց առաքելությունը, մոլորակի վրա կերտելով հարյուրավոր ու հարյուրավոր քրիստոնեական հուշարձաններ, որոնցից շատերը համաշխարհային տաճարաշինության և ազգային մշակույթի իսկական գլուխգործոցներ են։

“Արմենիա” առագաստանավով շուրջերկրյա ծովարշավը կրում է “Մեսրոպ Մաշտոց” անունը և նվիրվում է հայ մայրերին, որոնք օտարության մեջ պահպանեցին մայրենին։