www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ “ՈՒԺԵՂ ԳՈՐԾԸ” ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ
“Գոլոս Արմենիի” թերթը տպագրել էր Սարյանի թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի հոդվածը (ավելի ճիշտ՝ հոգու ճիչը)։ Փակագծերից հանենք այդ երկու բառերը, քանզի խոսքն իրոք հոգու ճիչի մասին է։ Պատկերացրեք արվեստագետի (և ոչ միայն մեծ նկարչի թոռնուհուն), մասնավորապես՝ սարյանագետի, թանգարանի տնօրենի, որը գերազանց գիտի նկարների կատալոգը, յուրաքանչյուր կտավի պատմությունը, այդ թվում և նրանց, որոնք կորսվել կամ ոչնչացել են այսպես կոչված՝ փարիզյան հրդեհի ժամանակ, և հանկարծ անսպասելի լուր է ստանում։ Այս կոնկրետ դեպքում դա կարելի է համեմատել դրամատիկ և միաժամանակ այնքան երջանիկ իրադրության հետ, երբ տանը լուր են ստանում, թե ողջ է անհայտ կորած համարվող որդին։
Կարդալով “Սարյանի նկարի նորզելանդական ասքը” հոդվածը, “Արմենիա”-ի ցամաքային անձնակազմի անդամ, “Ամարաս” հրատարակչության տնօրեն Արկադի Ասրյանը իսկույն էլեկրոնային փոստով այն ուղարկեց նավ։
Ստացա ոչ միայն տեքստը, այլև բուն կտավի լուսանկարը, որը կոչվում է “Կովկասյան քաղաքի փողոց”։ Տիպիկ սարյանական լույս ու ստվերի հակադրություն։ 1969 թվականին ինձ Կամչատկայից ուղարկեցին Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտ՝ թերապիայի գծով կուրս անցնելու։ Այն ժամանակ էլ հանդիպեցի լույս ու ստվերի արքայի հետ (իմ տերմինը չէ) իր տանը։ Նա ութսունիննը տարեկան էր։ Այդ երկար հանդիպումը, որ անմոռանալի հուզմունք էր պատճառել ինձ, շուտով թղթին հանձնվեց ընդարձակ ակնարկի տեսքով, որը տպագրվեց “Կամչատսկայա պրավդա” թերթում և ապա իր տեղը գտավ իմ տարբեր գրքերում, այդ թվում՝ նաև յոթհատորյակիս առաջին գրքում, որը տպագրվում է “Խուդոժեստվեննայա լիտերատուրա” հրատարակչությունում։ Այդ ժամանակից ի վեր ես վարպետին հիշել եմ գործուն և առարկայացված կերպով, ձեռք եմ բերել նրա ալբոմները, գրքերը նրա մասին, բազմիցս այցելել եմ մեր ազգային հպարտությունը կազմող նրա թանգարանը։ Իմ այն ակնարկը վերնագրել էի “Գույն, լույս, երազանք”։ Այդ բառերը պատկանում են Մարտիրոս Սարյանին և վերցված են նրա նախադասությունից. “Գույն, լույս, երազանք. ահա ինչով սկսեցի ես ապրել”։ Սարյանական ստվերի մասին թող խոսեն արվեստագետները, սարյանագետները։ Եվ ընդհանրապես, մեծ նկարչի ձեռագիրն առանձնահատուկ է։ Նա անկրկնելի է։ Արևային։ Իսկ առանց արևի ստվեր չկա։ Նա ամբողջովին հայկական է, մերը, ի՛մը, քո՛նը, նրա՛նը։ Եվ այդ ամենը ես հանկարծ տեսա գունավոր լուսանկարում, որը կցված էր “Գոլոս Արմենիի” թերթի հոդվածին։ Հիշեցնեմ բովանդակությունը։ Թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը նամակ էր ստացել հեռավոր Նոր Զելանդիայից։ Նամակի հեղինակ Նիկ Մարինովիչը գրում է. “Մեր ընտանիքում պահվում է Մարտիրոս Սարյանի կտավը։ Արդյոք այն ձեզ հետաքրքրո՞ւմ է։ Եվ ի՞նչ գին կարող եք առաջարկել դրա դիմաց”։
Բնականաբար ներկայիս տերը հիանալի գիտեր, որ թանգարանի տնօրենի նշած ցանկացած գումար իրեն չէր բավարարելու։ Առևտուրն առևտուր է։ Վաճառողը ցանկանում է ավելի թանկ վաճառել, գնորդը՝ ավելի էժան գնել։ Եվ ահա նկարի տերը դիմեց աշխարհի հայտնի աճուրդային տներին, որոնք ազնվորեն և ըստ արժանվույն գնահատեցին կտավի գեղանկարչական որակը, որն ունի ավելի ճշգրիտ անվանում։ Ոչ թե “Կովկասյան քաղաքի փողոց”, այլ “Անկյուն” կամ “Կովկասյան քաղաքի անկյուն”։ Եվ իրոք, այնտեղ կա միայն փողոցի անկյունը՝ երկու նոճիներով, որոնք մուգ կապույտ, ցայտուն ստվերներ են գցել հենց փողոցի դեղին անկյան վրա։ Իսկ խորապատկերին այդ ծառերով կիսածածկված, իրոք կովկասյան տներ են։ Սակայն սրանք դետալներ են։ Վարպետը նկարն ստեղծել է 1927 թվականին Փարիզում։ 1928 թվականին ներկայացվել է փարիզյան ցուցահանդեսում իր մոտ քառասուն այլ ստեղծագործությունների հետ, որոնց մեծ մասը վառվեցին նույն 1928 թվականին, Ստամբուլի նավահանգստում, Մարսելից Բաթումի ուղևորվող “Ֆրիջի” նավի նավամբարում Այդպիսով համարյա բոլոր աշխատանքները, որոնք բառացիորեն նախորդ օրը ցուցադրվել էին, վառվեցին նավում։ Բայց հեղինակը դրանք Բաթումիով հայրենիք ուղարկելիս “Անկյունը”… չէր մտցրել բեռնացանկ։ Ռուզան Սարյանն այդ առիթով գրում է. “Փա՜ռք Աստծո”։ Սակայն չի կարելի ասել, թե կրակից փրկված նկարը հետագա երջանիկ ճակատագիր է ունեցել։ Դա արդեն մի ամբողջ դրամատիկական պատմություն է, որի շատ էջեր, կարելի է ասել, կորսված են կամ ջնջված ժամանակի կողմից։ Այնպես որ, Ռուզանը գրում է սրտի ցավով. “Մինչև հիմա “Կովկասյան քաղաքի փողոց” կտավի մասին կերելի էր դատել միայն Փարիզում արված սև-սպիտակ լուսանկարով”։ Եվ ավելացնում է. “Միայն այսօր, նրա ստեղծումից 83 տարի անց, մենք վերջապես ստացանք գունավոր պատկերը։ Այն հոյակապ է իր գեղանկարչությամբ և կոմպոզիցիայով։ Ինչպես ինքը՝ Վարպետն էր գնահատում, դա իր “ուժեղ աշխատանքներից” մեկն է”։
Ես հանգիստս կորցրեցի։ Ախր, անհավատալի բան է։ Այդ ամբողջ պատմությունը լույս աշխարհ եկավ հենց “Արմենիա”-ի Նոր Զելանդիա ժամանելուց հետո։ Ես իսկույն հասկացա, որ ստիպված ենք լինելու մի քանի օրով հետաձգել նավի մեկնումը։ Եվ դա այն դեպքում, երբ ամեն օրը մեզ համար ոսկու քաշ ունի։ Սակայն Սարյանի նկարը թանկ է ամեն տեսակի ոսկուց։ Եվ Ռուզանն էլ օրական մի քանի անգամ զանգում է ինձ։ Ցավոք, կապը դեռևս միակողմանի է։ Ես արդեն գտել եմ նկարի տիրոջը՝ Նիկ Մարինովիչին։ Իր բոլոր գործերը մի կողմ դրած, ինձ օգնում է ամենահաս Հակոբ Ելդուզյանը, որը կնոջ՝ Սալբիի և Րաֆֆի որդու հետ զբաղված է Նիկի որոնումներով։ Միանգամայն բնական է, որ Նիկը չի շտապում։ Միանգամայն բնական է և այն, որ նա չի ցանկանում սխալվել։ Այդ պատճառով էլ մանրազնին նախապատրաստվել էր ինձ հետ հանդիպմանը։ Այդ մասին ես իմացա առավոտյան թեյի շուրջ մեր հանդիպման առաջին իսկ րոպեներին։ Նա եկել էր իր ընկերոջ հետ, ես՝ Հակոբի, որը հիմնավորապես ուսումնասիրել էր խնդիրն ու հարցի էությունը։ Մարինովիչը դատարկ ձեռքով չէր եկել։ Բերել էր թղթապանակ՝ ինձ ուղղված նամակով և նկարի պատմության մասին բոլոր փաստաթղթերը։
Իրականում այն մանրամասները, թե ինչպես էր նկարը հայտնվել Մարինովիչների մոտ, արդեն մի ողջ պատմություն է։ Եվ այդ մասին առանձին խոսակցություն կլինի։ Իսկ եթե երկու բառով ասենք, նկարը վաղուց ձեռք էր բերել Նիկի հորաքրոջ ամուսինը։ Հետո քույրն այն հանձնել էր եղբորը, ասելով, որ պահպանի, քանզի ինչ-որ ժամանակ մեծ փողեր կարժենա։ Եվ ահա, տարիներ շարունակ խորդանոցում կախված էր մնացել այն նկարը, որը դժվար թե կարողանար գնահատել 24-ամյա Նիկը։Ինչպես իմացա, նա վաստակում է նրանով, որ քաղաքային բազմության մեջ փնտրում-գտնում է բնորոշ արտաքինով գեղեցիկ աղջիկների ու նույնիսկ տղամարդկանց և փառք ու փողեր խոստանալով տանում տարբեր կինո և հեռուստաստուդիաներ՝ նկարահանման փորձերի։ Եվ հանկարծ՝ մի ինչ-որ նկար, որը, ինչպես ինքը խոստովանեց, ոչ մի կերպ չէր կարող իր ուշադրությունը գրավել, որն անընդհատ խանգարում էր տանը… Պատահում էր, որ երբեմն նայում էր ու ոչինչ չէր կարողանում հասկանալ։ Առաջին պլանում փողոցի անկյուն է, որով մի ինչ-որ կենդանի է գնում, որի վրա վրա կուչ եկած նստած է ոչ այն է տղամարդ, ոչ այն է կին։ Բայց գլխավորն այն է, որ նման կենդանի չկա իրենց մոտ՝ Նոր Զելանդիայում, որտեղ կա յոթանասուն միլիոն ոչխար, ոչ պակաս թվով կով ու ձի։ Իսկ ահա այդ փոքրիկ երկարականջը ոչ մի տեղ իր աչքով չի ընկել։ Իշուկ է։ Խե՜ղճ Նոր Զելանդիա, խե՜ղճ Նիկ, որի Խորվաթիայից այստեղ վերաբնակված նախնիները հարկավ գիտեին, թե ինչ է ավանակը։
Երիտասարդը, որ թանկարժեք նկարի տերն էր դարձել, զրույցի ողջ ընթացքում հանգիստ էր, որովհետև իր բոլոր մտքերն ու պահանջները հանձնել էր թղթին։ Եվ համոզված էր, որ այնտեղ ամեն ինչ ասված է։ Այն ամենը, ինչ պետք է իրեն, իհարկե, ելնելով աճուրդային օրենքներից։ Երկու կողմերն էլ հասկանում էին և այն, որ միջին անվանական արժեքը տատանվում է 250-280 հազար ֆունտ ստեռլինգի միջև(մոտ 450 հազար ամերիկյան դոլլար)։ Նա գիտեր, որ իրականում ողջ խոսակցությունը պտտվելու է այդ 30 հազար ֆունտ տարբերության շուրջ։ Տերը հիանալի գիտեր և այն, որ հունիսի 4-ից 6-ը տեղի ունենալիք լոնդոնյան աճուրդից նույնիսկ առաջ, օրենքով կարելի է երկկողմանի մակարդակով նկարի առք ու վաճառք իրագործել, բնականաբար նման դեպքերում կատարվող բոլոր անհրաժեշտ գործողություններից և բազմաթիվ փորձաքննական աշխատանքներից հետո։ Բացի բնօրինակությունն ու կտավի վիճակը ստուգելուց, կան շատ այլ խնդիրներ ևս։ Մի խոսքով, դա արդեն տեխնիկայի հարց է։ Մեզ հիմա հետաքրքրում և հուզում է միայն նկարի ճակատագիրը, որն ինքը՝ Վարպետը բարձր է գնահատել, լինելով ոչ միայն կենսահաստատ, հուզառատ բնանկարի մեծարված վարպետ, ըստ որում՝ կատարումով վառ ու դեկորատիվ ընդհանրացված բնանկարի, լինելով ոչ միայն մարդկային բնույթը սուր արտահայտող դիմանկարի մեծարված վարպետ, այլև նատյուրմորտի, դեկորատիվ պաննոյի, գրքի պատկերազարդման։ Չմոռանանք նաև նրա բեմանկարչության մասին։ Եվ ահա այսչափ լայն ու բազմաշերտ արարող նկարիչը Արշակ Չոպանյանին գրած իր նամակում ասում է, թե “Կովկասյան քաղաքի փողոցը□ պատկանում է իմ ուժեղ գործերի թվին…”։
Այնպես որ, մենք կանգնած ենք կատարված փաստի առջև։ Մեզ մնում է միայն միջոցներ հավաքել Հայաստանի ազգային հարստությունը փրկագնելու համար։ Աճուրդային նրբություններին ես չափազանց անտեղյակ եմ, բայց կարծում եմ, որ դա կարող է լինել կամ մեկ բարեգործ, կամ էլ մի քանիսը, որոնց անունները կփակցվեն հրաշքով փրկված նկարի կողքին այն սրահում, որտեղ կցուցադրվի։ Կամ էլ պետք է կազմակերպենք ավանդական հեռուստամարաթոն։ Ի գիտություն ազգային գլուխգործոցը փրկելու համար միջոցների հավաքման ապագա կազմակերպիչների՝ ցանկանում եմ ասել, որ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ծովարշավի շրջանակներում Սփյուռքի ճամփաներով շուրջերկրյա նավարկություն կատարող “Արմենիա” առագաստանավի անձնակազմը պատրաստ է փոխանցել հազար ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 225 ԱՄՆ դոլլար՝ թիմի յուրաքանչյուր անդամից) այն դրամահավաքին, որ կկազմակերպվի հանճարի Նոր Զելանդիայում գտնված “ուժեղ աշխատանքը” փրկելու համար։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Նոր Զելանդիա