www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ՍՓՅՈՒՌՔ. ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Զանգում էին Մելբուռնից, զանգում էին Սիդնեյից։ Զանգում էին Ավստրալիայից և ավանդական “Բարև”-ի փոխարեն, ասես պայմանավորված, բարձր արտասանում էին “Շնորհավորում եմ”։ Մի ողջ ամիս էինք սպասել այդ օրվան։ Ընտրական արշավին նախորդող մեկ ամիսը։ Ավստրալիական Հարավային Ուելս նահանգի պառլամենտի անդամ Գլեդիս Բերեջիկլյանը նշանակվեց ամենախոշոր նահանգի տրանսպորտի նախարար՝ ընտրություններում իր Պահպանողական ազգային կոալիցիայի հաղթանակից հետո։ Նա տաղանդավոր կազմակերպիչ է տրանսպորտի հարցերում։ Ծնունդով Հալեպից է։ Մնացյալը կիմանամ, երբ հանդիպենք։
Այդ տեղեկատվությունն իսկույն գրանցեցի իմ “Ավստրալիա” տետրում և ձեռքս վերցրի “Նոր Զելանդիա” բլոկնոտը, որտեղ շատ մեծ գրառումներ ունեմ մեկ այլ կնոջ մասին։ Մեկ ուրիշ հայուհու, որն արդեն երկար տարիներ համարվում է Նոր Զելանդիայի խոշոր պետական գործիչ։ Սրբուհի Մինասի Սայան-Էլիաս։ Այդ անունը ես գիտեի նախքան “Արմենիա”-ն կմեկնարկեր Վալենսիայից։ Ինչպես արդեն նշել եմ, “Ամարաս” հրատարակչությունում տպագրության է պատրաստվում “Հայուհիներ” հանրագիտական երկհատորյակը։ Ահա արդեն քանի՜ տարի հրատարակչության տնօրեն Արկադի Ասրյանը անխոնջ կերպով անգին նյութեր է հավաքում աշխարհի բոլոր երկրներից մեր մոլորակի երևելի հայ կանանց վերաբերյալ։ Իր պարզապես եզակի գաղափարով վարակեց նաև ինձ։ Եվ ես այնպես տարվեցի նրա գաղափարի իրագործմամբ, որ սկսեցի օգնել նրան։ Նույնիսկ ընդհանուր նախաբան գրեցի երկհատորյակի համար։ Բանն այն է, որ յուրաքանչյուր բաժինը (պետական գործիչներ, բժշկություն, մանկավարժություն, սպորտ, արվեստ և այլն) ունի իր թեմատիկ առաջաբանը։ Ավելի քան երկու հազար անուն՝ բոլոր հինգ աշխարհամասերից։ Յուրաքանչյուր էջի վրա հերոսուհու համառոտ կենսագրականն է և դիմանկարը։ Միայն մեկ էջ։ Եվ ոչ մի տող՝ ավել կամ պակաս։ Բոլոր լուսանկարները նույն չափսի են։ Հրատարակությունը նախապատրաստվում է նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի աջակցությամբ։
Գրքի “Պետական գործիչներ” բաժինն ունի Սրբուհի Էլիասին վերաբերվող էջ։ Ներկայացնեմ ընդամենը մեկ պարբերություն. “Նոր Զելանդիայում դառնալով երկրի գերագույն դատարանի նախագահի պաշտոնն զբաղեցնող առաջին կինը, Սրբուհի Էլիասը կատարում էր նաև կառավարության վարչարարի պարտականությունները (ժամանակապես իրագործում էր գեներալ-նահանգապետի գործառույթները), երբ այդ աթոռն ազատ էր, կամ էլ գեներալ-նահանգապետը գտնվում էր արտասահմանում։ Հինգ տարվա ընթացքում նա մի քանի անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը”։ Շատ հետաքրքիր են Սրբուհու կենսագրության նաև մյուս փուլերը, բայց այդ մասին ընթերցողը կիմանա Արկադի Ասրյանի երկհատորյակից, որը շուտով լույս կընծայվի։
…Շատ երկրներում ենք մենք հանդիպել նախկին բաքվեցիների։ Ես կասեի, դա մեր հայրենակիցների մի առանձնահատուկ շերտն է։ Մեծամասնությունը փախստականներ են, ավելի ճիշտ՝ այն ողբերգական իրադարձությունների զոհեր, որ անվանում ենք “Բաքու-1990”։ Սակայն հանդիպել են և այնպիսիք, որոնք թողել են իրենց քաղաքը, այսինքն՝ այն քաղաքը, որտեղ ծվել են իրենք և նույնիսկ իրենց ծնողները, այն ահավոր իրադարձություններից շատ ավելի առաջ։ Եվ ահա Նոր Զելանդիայում հանդիպում եմ Գեննադի և Լուզա Առաքելովներ ամուսնական զույգին։ Գեննադին վերջերս է նշել իր յոթանասունհինգամյակը։ Իսկ Բաքուն թողել է 1970 թվականին։ Դա այն ժամանակներում էր, երբ իշխանության գալով, Ալիևն սկսեց պարզապես անօրինություններ գործել։ Այնպես որ, զուր է շատերին թվում, թե հայ փախստականները հայտնվել են միայն Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունից հետո։ Գեննադին պատմում է, որ դեռ այն ժամանակ, լինելով գործարանի գլխավոր ինժեներ, փաստորեն կատարում էր տնօրենի պարտականությունները, որը լկտիաբար հասկացնել էր տալիս, որ հայը պետք է իմանա իր տեղը և լավագույն դեպքում ինչ պաշտոն կարող է զբաղեցնել։ Նա տեսնում էր, թե այդ ամենն ինչի էր հանգեցնելու։ Գիտեր, թե ինչով կավարտվի։ Լավ գիտեր Բաքվում և Շուշիում 1918 և 1920 թվականներին հայերի ապրած ողբերգության մասին։ Եվ ութ տարեկան դստեր՝ Մարինայի հետ հեռացավ հարազատ քաղաքից։ Տարիներ անցան։ Դուստրն ամուսնացավ մի տղայի հետ, որն իրեն անվանում է ոչ այլ կերպ, քան “Երևանում ծնված կապանցի”։ Ստեփան Ստեփանյանն էր, որը կարճատև դեգերումներից հետո հաստատվեց այս հեռավոր երկրում։
Այս տողերը գրում եմ “Արմենիա”-ի խարիսխ բարձրացնելուց մի քանի ժամ առաջ։ Եվ չեմ կարող չհիշել Օկլենդի հայ համայնքի ղեկավար Զավեն Փանոսյանի մասին։ Նա լավ գիտի Իրաքի հայ համայնքի պատմությունը։ Ասում էր, որ դեռևս Տիգրան Մեծի ժամանակ ողջ տարածաշրջանի շուկան հայերի տիրույթում էր։ Բայց գլխավորը, համենայն դեպս, այն է, որ 1640 թվականին Բաղդադում կառուցվել է հայկական ամենահին եկեղեցիներից մեկը։ Դա նշանակում է, որ համայնքը արդեն վաղուց կայացած էր։ Դրանից հետո եկեղեցիներ կառուցվեցին Բասրայում և նորից՝ Բաղդադում։ Նույնը կարելի է ասել նաև դպրոցների մասին, ինչպես եկեղեցիներին կից, այնպես էլ՝ ինքնուրույն։ Այսպիսով հայերն Իրաքում միշտ մնացին Հայ Առաքելական Եկեղեցու զավակներ և մեծից փոքր տիրապետում էին մայրենի լեզվին։ Իսկ Զավենն այս մասին սկսեց խոսել այն պատճառով, որ վերջին քսան տարվա իրադարձությունները, մանավանդ Ամերիկայում հայր և որդի Բուշերի նախագահության շրջանում հանգեցրին բնակիչների մեծաթիվ զոհերի, ողջ երկրի ավերման ու սնանկացման, այստեղ դարերով հաստատված հայերի ցրման։ Միանգամից հազարավոր ու հազարավոր իրաքահայեր տեղափոխվեցին Հայաստան, սփռվեցին աշխարհով մեկ։ Միայն Նոր Զելանդիայում վերջին տասնհինգ տարվա մեջ կազմավորվեց ավելի քան տասը հազարանոց գաղթօջախ՝ միայն Կահիրեի արաբներից՝ ինչպես մահմեդական, այնպես էլ քրիստոնյա-մարոնիտներից կազմված։
-Բայց չէ՞ որ մեզ բոլորիս ձգում է տունը՝ Բաղդադը,-ասում է Զավենը։- Այնտեղ մեզ հեշտ էր պահպանել մեր ինքնությունը, մնալ հայ։
Նորզելանդական, ավելի ճիշտ՝ օկլենդյան հայ համայնքի ղեկավար Զավեն Փանոսյանի հնչեցրած մտահոգություններից հետո քննարկումներ սկսվեցին այն մասին, թե այսօր վերջիվերջո որտեղ է լավ հայերի համար։ Զավենը գտնում է, որ չի կարելի թողներ մեր նախնիների կողմից կառուցված եկեղեցիները։ Նրանք, ովքեր զրկվել են տանիքից ու փախստականներ դարձել, վաղ թե ուշ պետք է վերադառնան տուն՝ իրենց եկեղեցիների մոտ։ Նա ինքն ավարտել է Բաղդադի բժշկական ինստիտուտը։ Օկլենդում մեծ հեղինակություն է վայելում որպես ընդհանուր պրոֆիլի բժիշկ։ Զուսպ է, լուրջ։ Պատահական չէ, որ համայնքը նրան ընտրեց իրեն առաջնորդ։ Եվ ինձ նույնիսկ շատ հասկանալի է նրա այսպես ասած՝ իրաքյան հայրենասիրությունը։ Զավենի նախնիներն Իրաքից են, իսկ ասենք Սերժիկինը՝ Սպահանից (Նոր Ջուղա)։ Ամբողջ չորս դար, եթե ոչ ավելի, ապրել են, մնալով հայեր։ Այնպես որ, հասկանալ է պետք հենց նույն Զավեն Պողոսյանին և Սերժիկ Սուքիասյանին։
Սակայն ճշմարտությունը կոնկրետ է։ Իրաքում ռմբակոծել են բնակելի թաղամասերը, և օթևանից զրկվել են ոչ միայն արաբները, այլև հայերը։ Եվ օտարության ճամփան են բռնել ոչ միայն արաբները, այլև հայերը։ Այստեղ արդեն ամբողջ հարցն այն է, թե ուր գնալ։ Սա այսօր ամենագլխավոր խնդիրն է։ Բայց նախ պետք է պատասխանել հետևյալ հարցին. “Ի՞նչ կատարվեց սփյուռքի հետ 20-րդ դարի երկրորդ կեսին, կամ քիչ ավելի լայն առումով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո”։ Մի կողմ թողնենք ամերիկյան մայրցամաքն ու Եվրոպան, որտեղ շատ հայեր կային։ Բայց աշխարհագրությունը, քաղաքական և մշակութային կենտրոնները գտնվում էին Մերձավոր Արևելքում և Իրանում։ Օրինակները բերեմ պայմանականորեն և հակիրճ։ Երկար ժամանակ նման կենտրոններից է եղել Եգիպտոսը, դեռևս 20-րդ դարի սկզբից, երբ համայնքը ղեկավարում էր Նուբար Փաշան։ Եկեղեցիներ, դպրոցներ, մանկապարտեզներ, գիմնազիաներ, մշակութային կենտրոններ, թերթեր, պատմական անուններ։ Եվ ամենագլխավորը՝ մայրենի լեզվի համատարած իմացություն։ Պատահական չէ, որ առաջիններից մեկը եգիպտահայերն ակտիվորեն ու գործուն արձագանքեցին “ստալինյան հայրենադարձության” կոչին։ 1946 թվականին նրանք զանգվածաբար հորդեցին Խորհրդային Հայաստան։ Չհասցնելով ոտք դնել հարազատ հողին, նրանցից շատերը հայտնվեցին Սիբիրում և Ալթայի երկրամասում։ Միայն տարիներ անց ենք իմացել Ստալինի չարագործական ծրագրերի ու մտահղացումների մասին։ Տասը տարի հետո իշխանության եկավ Գամալ Աբդել Նասերը, որը երկու տարի անց հրեշավոր հարված հասցրեց հայկական դպրոցներին. հայոց պատմությունը և բոլոր հումանիտար առարկաները սկսեցին անցնել միայն արաբերենով։ Սկսվեցին բռնաճնշումներ։ Իսկ Իսրայելի և Եգիպտոսի միջև 1967 թվականին բռնկված պատերազմը հանգեցրեց հայ համայնքի ավերման։ Քաղաքական և մշակութային կենտրոնն այդ ժամանակ տեղափոխվեց Լիբանան, մայրաքաղաք Բեյրութ և սիրիական Հալեպ։
Դժվար է գերագնահատել Բեյրութի դերը մեր նորագույն պատմության մեջ։ Բեյրության հայերին, նրանց քաղաքական կուսակցություններին է մեր ժողովուրդը պարտական նրանով, որ հենց այնտեղ սկսվեց ահռելի աշխատանք տարվել համաշխարհային հանրության ուշադրությունը Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության հիսունամյակի վրա սևեռելու ուղղությամբ։ Դա 1965 թվականին էր։ Շարունակում էր ակտիվորեն գործել իրանահայ բազմադարյա գաղութը։ Այդ ժամանակ Իրանի, Լիբանանի և Սիրիայի հայ բնակչությունը կազմում էր մոտ կես միլիոն մարդ։ Բայց ահա յոթանասնական թվականների կեսերին Լիբանանի մայրաքաղաքը երկարաժամկետ թիրախ դարձավ անվերջանալի ռմբակոծումների համար։ Սկսվեց պատերազմ, որն ըստ էության, մինչև օրս էլ չի ավարտվել։ Այդ ավերիչ պատերազմի ամենաթեժ պահին “Լիտերատուրնայա գազետա” թերթն ինձ գործուղեց ռազմաճակատային Բեյրութ։ Տպագրեցի ռեպորտաժների շարք, հրատարակվեց իմ “Երկու կրակի միջև” գիրքը։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեց Իսլամական հեղափոխությունը Իրանում…
…Եվ ահա յոթանասնականների վերջից և ութսունականների սկզբից հայերի հոսքն սկիզբ առավ դեպի Լոս Անջելես՝ Լիբանանից, Իրանից և ավելի փոքր վտակներով՝ Աֆրիկայից, Կիպրոսից, Խորհրդային Հայաստանից։ Եվ նրանք բոլորը խառնվում են այսպես կոչված՝ դասական սփյուռքի զանգվածին։ Այսինքն նրանց, ովքեր Թուրքիայի կազմում գտնվող Արևմտահայաստան տարածքում կատարված ցեղասպանության զոհերն են։ Եվ ստեղծվում են “սեփական”՝ բեյրության, իրանական, խորհրդային համայնքներ, որոնք միմյանց հետ չեն շփվում։ Այդ ամենի մասին ես պատմել եմ իմ “Ճանապարհ” գրքում, որը քսանվեց տարի առաջ Հյուսիսային Ամերիկայում իմ կատարած երկարատև ուղևորության հանրագումարը դարձավ։ Եվ այն ժամանակից սկսած հեռավոր արտերկրում, ինչպես Սիլվա Կապուտիկյանն էր ասում՝ հայկական քարավանները դեռ ճանապարհին են, հիմնականում ուղղվելով դեպի ԱՄՆ։ Ահա հենց սա էլ ամենագլխավոր խնդիրն է։
Սփյուռքը, բացի ամենայնից, անխուսափելի հասկացություն է։ Իսկ անխուսափելիի հետ ոչ միայն հաշվի են նստում, այլև՝ համակերպվում։ Դա նշանակում է, որ Հայկական պետությունը պետք է և՛ ընդունի, և՛ նախաձեռնի բառացիորեն ռազմավարական նշանակության քայլեր։ Չի կարելի թույլ տալ, որ Սփյուռքը կենտրոնանա մեկ տեղում, այն էլ ԱՄՆ-ի նման երկրում, որն ավելի քան կասկածելի ապագա ունի։ Դա ես չեմ ասում։ Դա ասում են գիտնականները, կանխատեսման մասին գիտությունը։ Պետք է ասել և այն, որ ԱՄՆ-ի հայ բնակչության աճն այսօր տեղի չի ունենում դասական սփյուռքի՝ Թուրքիայի կողմից պետական քաղաքականության աստիճանի բարձրացված ցեղասպանության զոհերի հաջորդների հաշվին։ 1985 թվականին, լինելով ԱՄՆ-ում, ես իմացա, որ Լոս Անջելեսում չորս հայ գտնվում են բանտում։ Այսօր արդեն ձերբակալված են ավելի քան տասը հազար մեր հայրենակիցներ։ Չէր խանգարի մտորել սրա շուրջ։
Սփյուռքի աշխարհագրության թեման, մանավանդ վաղվա օրվա Սփյուռքի աշխարհագրության, չի կարող մեզ չհուզել։ Եվ դրան մենք դեռ շատ անգամներ ենք անդրադառնալու։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Թասմանյան ծով