www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ՍԱՐԳԻՍ ԿՈՒԶԱՆՅԱՆ՝ ԿԱՄԲՈՒԶԻ “ՀՐԱՄԱՆԱՏԱՐ”
Երբ անցածդ ծովերի թիվը մոտենում է երեք տասնյակին, ապա ակամայից սկսում ես համեմատել դրանք։ Կարծում եմ, հարցն այստեղ չափսերը չեն, թեև այստեղ էլ չափսը նշանակություն ունի։ Էականը գուցեև զգացմունքներն են, նույնիսկ տարիքը։ Նույնիսկ եղանակը՝ փոթորիկը, անհողմությունը, տորնադոն։ Սակայն կա ևս մեկ ցուցանիշ։ Դա ծովի պատմությունն է, նրա այսպես ասած՝ կենսագրությունը։ Սկզբում խոսքը տանք Աբել Թասմանին, որն առաջինն է այն հատնագործել և որը, ինչպես ասում են, սիրում էր կղզիների շուրջը պտույտներ գործել, քանզի հանճարեղ քարտեզագիր լինելով՝ նկարագրում և գծագրում էր իր հայտնագործությունների ողջ աշխարհագրությունն ու նույնիսկ չափաճշգրտում։ Այն աստիճան էր շտապում, որ նույնիսկ ժամանակ չուներ ոտք դնել բուն կղզիներ։ Ի դեպ, 17-րդ դարի վերջին նա նկարագրել էր նորզելանդական կղզիները, սակայն որպես դրանց առաջին հայտնագործողի գիտենք Ջեյմս Կուկին, որը 18-րդ դարի վերջին անմիջականորեն ցամաքով “ճամփորդեց”։ Սակայն և՛ Թասմանը, և՛ Կուկն իրենց օրագրերում պատմել են ծովերի բնավորության մասին։ Մի քիչ առաջանալով այն ծովով, որն ապագայում իր անունն էր կրելու, Աբել Թասմանն ուշադրություն դարձրեց, որ այն հավերժաբար մի տեսակ հարբած է։ Երբեք խաղաղ չի լինում։ Այդ մասին ես հիշեցի, երբ հեռախոսով կապվեցի Օկլենդի մեր հայրենակցի հետ և հարցրեցի.
-Կարո՞ղ ենք խարիսխ նետել Հյուսիսային կղզու արևմտյան կողմում ինչ-որ տեղ։
Սերժիկը բառացիորեն վրա տվեց.
-Չէ, ի՞նչ եք ասում։ Այն կողմում ընդհանրապես մարդ չկա։ Չէ՞ որ ծովն ուրիշ է այնտեղ։ Մշտական ալիքներ են։ Ասում են՝ հարբած են այդ ալիքները։
Այո, ափսոս։ Եթե ծովը սթափ լիներ, այնտեղ նավահանգիստներ կլինեին, և մենք, կառանվելով “մյուս կողմում”, կշահեինք երկու հարյուր մղոն։ Ավելի արագ կհասնեինք Ավստրալիա, Մելբուռն։
Մի խոսքով, հիմա մենք սթափ ենք և զույգ աչքով ենք նայում հարբած ծովին։ Մինչդեռ օդերևութաբանները մեզ բոլորովին այլ տվյալներ են ուղարկում։ Եվ իհարկե, նրանց չի կարելի մեղադրել։ Չէ՞ որ հաղորդում են և՛ ջերմաստիճանի, և՛ քամու ուղղության, և՛ արագության մասին, այն էլ՝ բավական ճշգրիտ։ Օդերևութաբաններին չի էլ հետաքրքրում Թասմանի ծովի հոգեվիճակը։ Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ երբ Ավստրալիայից գնում ես դեպի Նոր Զելանդիա, ապա նույնիսկ անհողմության ժամանակ աջ այտիդ սառնություն ես զգում։ Պարզ է, որ դա Անտարկտիդայի սառը շունչն է։ Ջեյմս Կուկը նույնպես վստահում էր իր զգացողություններին, երբ մտածում էր, թե որտեղ է Հարավային մայրցամաքը։ Այդ նրա մասին են ասել ժամանակակիցները. “Առաջին մարդը, որն ապացուցեց, որ Հարավային մայրցամաքը գտնվում է ոչ այնտեղ, որտեղ փնտրում էին”։ Այնպես որ, արդեն չորրորդ օրն է (2011 թվականի ապրիլի 14-ին), որ “Արմենիա”-ն գնում է հարավ-արևմտյան ուղղությամբ, ավելի ճիշտ՝ հարավ-արևմտյան-արևմտյան, շեղակի հատելով Թասմանի ծովը։ Ճանապարը տանում է Բասսի նեղուց, որն Ավստրալիայի հարավ-արևելյան մասն անջատում է Թասմանիա կղզուց։ Մեզ համար արդեն բոլորովին միևնույնն է, թե ինչ կուղարկեն մեր թանկագին օդերևութաբանները։ Ես մեծ-մեծ չեմ բրդում։ Դա իրոք այդպես է։ Ինչպիսի կանխատեսում էլ ուղարկեն, միևնույնն է, մենք պետք է անցնենք մեր երթագիծը, հակառակ բոլոր գիտական կանխատեսումների և մարդկային զգացմունքների։ Միևնույնն է, Թասմանի ծովի բնույթը չես փոխի։ Բացի դրանից, այդ ամենին ընտելացել ենք։ Ավելին, նույնիսկ զվարճանում ենք, երբ ճոճքի, ավելի ճիշտ՝ ճաշի ժամին Սեմն ու Արիկը հանկարծ լույսի արագությամբ երկու ձեռքով բռնում են սիսեռապուրով ափսեները և իրենց մետաղե բացովի աթոռներին նստած, օդաչուների պես “կատապուլտվում” են դեպի աջ նավակող։ Մեկ րոպե անց, ասես ոչինչ էլ չէր պատահել, ապուրի խորն ափսեները ձեռքներին, ցատկոտելով մոտենում են սեղանի շուրջ իրենց մշտական տեղերին։ Պետք է ասեմ, որ նման պահերին ճարպիկ Սաքոն ու Մուշեղը արագորեն “օդաչուներին” են հասցնում նրանց աթոռները։ Այդ ամենն էլ վաղուց առօրյա է դարձել։
Իսկ եթե շարունակելու ենք աշխարհագրության թեման, ապա ասենք և այն մասին, որ Թասմանի ծովում կարող են տեղավորվել դպրոցականներին հայտնի ծովերից շատերը, այդ թվում՝ Միջերկրական, Սև, Բալթիկ և այլն։ Նրա ջրերը ողողում են Ավստրալիան, Թասմանիա կղզին, Նոր Զելանդիայի, Նորֆոլկի և Նոր Կալեդոնիայի կղզիները։ Եվ բացի այդ՝ նրա ջրերն են, որ Բասսի նեղուցի միջոցով Խաղաղ օվկիանոսը միացնում են Հնդկականին։ Ի դեպ, ճանապարհը մեզ տանում է հենց Բասսի նեղուցի մեջտեղ, որտեղ գտնվում է Մելբուռն նավահանգիստը։
Իսկ այսօրվա նյութը նվիրվում է աշխարհագրությանը։ Միայն թե պետք չէ կարծել, թե ընթերցողին պատրաստվում եմ ուղարկել դեպի դպրոցական դասագիրք, կամ ինչպես հիմա է մոդայիկ՝ ինտերնետային կայքեր։ Իմ արխիվներում նյութեր են հավաքված ինտերնետի դարաշրջանից դեռ շատ առաջ։ Բայց սկզբում, որքան էլ որ դա անսպասելի հնչի, մի քանի խոսք իտալացի հայտնի դատական հոգեբան և հանցագետ Չեզարե Լոմբրոզոյի տեսության մասին, որն առաջ է քաշել դրույթ՝ հանցանք գործելու հակում ունեցող առանձնահատուկ տեսակի մարդու գոյության մասին։ Իրավագետները լավ տեղյակ են այդ ուսմունքին, որը կոչվում է լոմբրոզականություն։ Լոմբրոզոյի հետևորդներն ավելի հեռուն գնացին, գտնելով որ գոյություն ունի հանցանքի մի ինչ-որ գեն։ Հիշո՞ւմ եք երբեմնի չափազանց սիրված “Թափառաշրջիկը” հնդկական ֆիլմը, որտեղ դատախազը՝ անտեղյակ, որ խոսքը սեփական որդու մասին է, արտասանում է իր տեսակետից գիտական մի նախադասություն. “Գողի որդին միշտ գող կլինի”։
Իսկ հիմա վերադառնանք Ավստրալիային։ Եթե իրոք հավատանք լոմբրոզականների հետևորդների մտավարժանքներին, ապա այսօր Ավստրալիա պետության և մայրցամաքի եվրոպական (մանավանդ՝ անգլիական) ծագում ունեցող հիմնական բնակչությունը պետք է կազմված լիներ հանցագործներից։ Ուղիղ երկու հարյուր քսաներեք տարի առաջ, Արարատ քաղաքից ոչ հեռու գտնվող Պորպ Ջեկսոն նավահանգստում խարիսխ նետեց մի ամբողջ նավատորմիկ, Ավստրալիա մայրցամաք բերելով եվրոպական առաջին վերաբնակիչներին։ Նրանք բոլորն առանց բացառության աքսորյալներ էին։ Ահա թե ինչ է գրված “Ավստրալիա. պետություն և մայրցամաք” մենագրության մեջ, վկայակոչելով պաշտոնական փաստաթուղթը. “Դատարկել գերբեռնված նավամբարները և ազատվել սոցիալական անցանկալի տարրերից”։ Այսպիսով, կատարվեց ամենաեզակի, ավելի շուտ՝ անհավանական մի բան. “բանտ դարձավ մի ողջ մայրցամաք, բանտ՝ բաց երկնքի տակ”։ Դեռ շատ երկար էին այստեղ նավեր ժամանում Անգլիայից՝ անսովոր “բեռով”, իսկ շուտով՝ ոչ միայն Անգլիայից։ Ճիշտ է, պետության խելքը բավականացնում էր, որպեսզի ժամանակ առ ժամանակ ուղարկեին ոչ միայն տղամարդկանցով, այլև կանանցով բեռնված նավեր (կին հանցագործներ, ամենահին մասնագիտության ներկայացուցիչներ)։ Մնում է նշել՝ հղում կատարելով պատմագետներին, որ դրանից հետո մայրցամաքում հասակ առավ արի և ազնիվ մարդկանց մի ողջ սերունդ, որն սկսեց նորմալ պետություն կառուցել, գործուն հարգանք դրսևորելով բնիկների նկատմամբ։ Իսկ լոմբրոզականության հետևորդները խորապես սխալվեցին։ Ավստրալիայում հանցավորության վիճակի մասին կհետաքրքրվեմ տեղում։ Բայց առայժմ կարելի է դատել, հիշելով Նոր Զելանդիան, որտեղ ապրում են բազմաթիվ ավստրալիացիներ։ Հաճախ ես այնտեղ լսում, թե մարդիկ իրենց տների դռները չեն փակում։ Հիշել ու գրի եմ առել նաև այս նախադասությունը. “Այստեղ պարզապես ձեռնտու չէ հանցագործ լինել”։
…Երբեմն ակամայից լսում ենք միմյանց ասածները։ Ահա և ականջիս հասան մեր կոկ Սարգիս Կուզանյանի խոսքերը. “Հետաքրքիր է, իսկ Ավստրալիայում ո՞րն է ամենասիրված ճաշատեսակը”։ Լսելով դա, որոշեցի կոկին “հերթից դուրս” առաջ թողնել դեպի “դիմանկարի վրձնահարվածներ” վերտառություն։
-Այսօր հետաքրքրվում էիր ավստրալիական խոհանոցով, -սկսեցի ես հեռվից,- իսկ ինչո՞ւ ավելի վաղուց չէիր հետաքրքրվում։ Չէ՞ որ արդեն մի քանի ուրիշ երկրներ էլ ենք անցել։
-Շատ էլ լավ հետաքրքրվել եմ։ Դեռևս Բուենոս Այրեսում իմացա բրնձից և վերմիշելից պատրաստված նրանց ֆիրմային կերակուրի մասին։ Փորձեցինք, բայց ձեզ դուր չեկավ։
-Անձամբ ի՞նձ։
-Ոչ միայն։ Այդ օրվանից էլ սկսեցի մանդրաժի մեջ ընկնել։ Մտածում էի՝ պետք է շեշտը նրա վրա դնել, թե ինչն ենք կարողանում համեղ պատրաստել։
-Ճիշտ էիր մտածում։ Մեկ անգամ չէ, որ հեռախոսով խոսել ես ծնողներիդ և քույրիկիդ հետ՝ Վազգենի, Անահիտի և Տաթևիկի։ Ինչի՞ մասին ես զրուցում նրանց հետ։ Չէ՞ որ առաջին անգամն ես…
-Ես իհարկե չեմ բացահայտում, թե ինչ է կատարվում իմ հոգում։ Պարզապես ասում եմ, որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է գնում։ Ամեն ինչ հետաքրքիր է ինձ։
-Այ, տուն հասնելուց հետո, ինչպեսև մյուս բոլորը, սկսելու եմ պատրաստվել ծովարշավը շարունակելուն, մինչև որ “Արմենիա”-ն շրջի բոլոր հայկական գաղութներում։ Իսկ դու ի՞նչ ես անելու։
-Ես պետք է ազնվորեն խոստովանեմ։ Բանն այն է, որ սրանից առաջ երբեք այսքան երկար ժամանակով տնից չէի հեռացել։ Չգիտեի, որ տան կարոտն ինձ այսքան ուժգին տանջելու է։ Համ էլ մայրս էլ մի կողմից է միշտ կրկնում, թե ամուսնանալուս ժամանակն է։
Ես գիտեմ և համոզված եմ, որ երբ Սարգիսը տուն վերադառնա, նրան արդեն այլ կարոտ է տանջելու։ Ծովի կարոտը։ Չեմ կարող ասել, թե ինչպես կդասավորվի նրա այսպես ասած՝ ծովային ճակատագիրը։ Աստված երջանկություն տա նրան։ Իսկ առայժմ տղայի մոտ ամեն ինչ ստացվում է։ Եվ հարցը Սաքոյի ծովային խոհարարության բարձրունքների մեջ չէ։ Շատ ավելի կարևոր է, որ ամենաարտակարգ իրավիճակում անգամ նա չի լքում իր տեղը։ Դա շատ կարևոր է։ Չէ՞ որ փոթորկի ժամանակ թե՛ ֆիզիկապես, թե՛ գործնականում անհնար է կանգնել ճոճվող սալիկի առջև։ Շատ կարևոր է, երբ պատասխանատվության զգացումը ամեն ինչից վեր է։ Եվ իրոք, այս տղան իր աշխատատեղը վերածել է պոստի՝ աշխատանքը՝ հերթափոխի։ Սարգիսը կամբուզի իսկական “հրամանատար” է։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Թասմանի ծով