www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ՄԱՆՐԱՄԱՂ ԱՆՁՐԵՎԸ ԵՎ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՆԻԿՈՂԱՅՈՍ ՄԱՌԸ
Մուգ-մոխրագույն բարակ մշուշ։ Ձեռքդ մեկնես, կհասնի հորիզոնին։ Ահա արդեն երկրորդ օրն է չի դադարում անձրևը։ Քամին սառն է։ Պոռթկալիս՝ սառնամանիքային։ Ակամայից հիշում ես հենց այս վայրերում և տարբեր ժամանակներում արտասանված բառերը, որոնք, ես կարծում եմ, պարզապես չէին կարող չարատասանվել. “Անտարկտիդայի շունչը”։ Վաղ ժամանակներում այս ամենը կոչվում էր Հարավային ծով։ “Արմենիա”-ն ջրի մեջ կորած է։ Սովորաբար բաց գույնի տախտակամածն անձրևի տակ անսովոր մուգ է։ Լյուկերը փակ են։ Ամեն ինչ փակված ու ծածկված է։ Քնած են առավոտյան հերթափոխը հանձնած Հայկը և Մուշեղը։ Վերևի մահճակալին Վահագնն է քնած։ Դեմքին ժպիտ է։ Գուցե երազում որդուն է տեսնում, որին դեռ չի տեսել։ Եվ իհարկե, ոչ միայն որդուն, այլև նրա մայրիկին։ Արիկը, քթով խրված համակարգչի մեջ, հերթական նյութն է պատճենում։ Ընդհանուր նավասենյակը լցվել է կամբուզից տարածվող տապակած սոխի բույրով։ Դա արդեն Սաքոն է։ Ես տոթ զգացի։ Որոշեցի սանդուղքով բարձրանալ դեպի կոկպիտ և թեթևակի բացել հորիզոնական ապակե մտոց-դռնակը։ Խելային կոկպիտի մոտ, բրեզենտե ծածկի տակ, ցելոֆանե պատուհանների առջև կանգնած էր Սեմը։ Ես ձեռքով արեցի, ինչպես սովորաբար՝ դանդաղ-դանդաղ, ճիշտ շքերթների ժամանակ դամբարանին կանգնած Բրեժնևի նման։ Հետո մատս պտտեցրի։ Ասել կուզի՝ ի՞նչ արագությամբ ենք գնում։ Եվ իսկույն էլ բացեցի ափս, հասկացնել տալով, թե երևի հինգ հանգույց։ Նա միաժամանակ երկու ձեռքը բարձրացրեց, ցույց տալով հինգ և մեկ մատ։ Վեցն ավելի լավ է, քան հինգը։ Եվ ես ժպտացի։ Վեց հանգույցի ժամանակ օրական հարյուր քառասունչորս մղոն ենք անցնում, իսկ հինգի ժամանակ՝ հարյուր քսան։ Այնպես որ, տարբերությունը մեծ է։ Մեկ-երկու բառ փոխանակել չհաջողվեց։ Շառաչուն քամի է, բառ չես լսի։ Սակայն իմ դիրքը շատ ավելի հարմար է։ Քամին հանդիպակաց է, նշանակում է՝ դռնակը կարող եմ լրիվ բացել։ Եվ դեռ նույնիսկ հաջողացնում եմ մարզանքի իմ ավանդական վարժությունները կատարել։
Ականջ դրեցի։ Անձրևի աղմուկն անսովոր է։ Ավելի ուշադիր նայեցի։ Անձրևն անձրևի նման չէ։ Ավելի ճիշտ՝ կաթիլներն անձրևի կաթիլների չեն նմանվում։ Հիշեցի, թե ինչպես սրանից մի վաթսուն տարի առաջ ռազմածովային ուսումնարանում մեզ դասախոսություն էին կարդում օդերևութաբանությունից, և թեման էլ տեղումներն էին։ Հենց այդ ժամանակ էլ ես իմացա, որ անձրևի կաթիլի շրջագիծը կազմում է հինգից յոթ միլիմետր։ Իսկ երբ ավելի քիչ է, արդեն անձրև չէ, այլ մաղանք։ Եվ արդեն երկրորդ օրն է, ինչ մանրամաղ անձրևում է։ Կրկնում եմ՝ քամին սառն է, պոռթկալիս՝ սառնամանիքային։ Դա իրոք, Անտարկտիդայի մերձավորությունից է։ Այո, Թասմանի ծովը զբոսավայր չէ։ Գուցե մենք հարմար ամսի չենք եկել այստեղ։ Ինչքան չլինի, ապրիլի կեսն է, աշնան ամենաթունդ շրջանը։ Ճիշտ է, ես գիտեմ՝ կգա ժամանակ, երբ կարոտով կհիշենք այս զովությունը, որ այլ պայմաններում կենսատու կանվանեինք։ Նման բան շատ է եղել։ Իսկ առայժմ “Արմենիա”-ին հարկավոր է պահել ուղղությունը դեպի Բասս նեղուց, որպեսզի նավախելի ծայրով դիպչի Հնդկական օվկիանոսի ջրերին, հասկացնել տալով, որ գալու է նաև իր հերթը։ Վերջնագծային օվկիանոսի հերթը։
Սովորաբար այսպիսի օրերին, երբ գիշեր-ցերեկ քամին անդադար ոռնում է, թեև հիմա, փառք Աստծո, համընթաց է, օրեր շարունակ անհնար է բարձրանալ տախպակամած։ Սրանք օրեր են, երբ անորոշ ժամկետով շտուրմանի դերն ստանձնում է նավագնաց սարքը։
Այդժամ անտանելի ճոճքն ինձ ստիպում է պառկել թարեքիս՝ մի ինչ-որ ցցվածքից բռնված, կամ էլ փորփրել արխիվներս, գրքերս, թղթերս, որոնց մեծ մասը հայկական տաճարաշինության մասին են։ Ես արդեն գրել եմ, որ մենք ունենք ավելի քան հազար յոթ հարյուր հայկական եկեղեցիների ցանկ։ Սակայն բոլորովին էլ չեմ պատրաստվում դրանք ուսումնասիրել և ընդհանրապես քիչ եմ գլուխ հանում ճարտարապետության նրբություններից։ Ինձ ամենից շատ հետաքրքրում, հուզում, ձգում և առինքնում է դրանց պատմությունը։ Եվ ընդհանրապես ողջ հայկական տաճարաշինության պատմությունը։ Այն նկատի ուներ ականավոր արվեստաբան, ռուս ազգային ոգու կրող Վլադիմիր Վասիլևիչ Ստասովը, երբ ասում էր, թե Հայաստանը Ռուսաստան եկավ ոչ դատարկ ձեռքերով։ Եվ ահա հիմա իմ ձեռքին է մեկ այլ ականավոր գիտնականի, արևելագետի ու լեզվագետի, բազմաթիվ ակադեմիաների ակադեմիկոս Նիկողայոս Մառի գրքույկը։ Իմ սերունդը այդ անունը գիտեր միայն այն առնչությամբ, որ նրան քննադատել էր բոլոր ժամանակների և ժողովուրդների “հանճարեղ” լեզվաբան Ի.Վ.Ստալինը իր “հանճարեղ” աշխատությունում, որը կարծեմ կոչվում էր “Մարքսիզմը և լեզվաբանության հարցերը”։ Վերակառուցման տարիներին “Հայաստան” հրատարակչությունը լույս ընծայեց ակադեմիկոս Մառի փոքրիկ գրքույկը ռուսերեն լեզվով։ Տպաքանակն այսօվա չափանիշներով ահռելի էր՝ քսան հազար օրինակ։ Բայց դրանք բոլորն աննկատ անցան խորհրդային հասարակայնության աչքի ու ականջի մոտով, որն այդ ժամանակ զբաղված էր խորհրդային իշխանության տապալումով։ Հարկավ, այդ օրինակներն այն ժամանակ չհասան ընթերցողին։ Դժվար է ասել, թե որտեղ են հիմա ընկած. պահեստներում, տնային գրադարանների դարակներին, խորդանոցներում, իսկ գուցեև այրվել են այն դաժան, սառնաշունչ տարիներին։
Ծանոթանալով բազմաքանակ նյութերի, ես համոզվել եմ, որ մեր պատմությունը նախկինում ավելի լավ գիտեին, և Հայաստանն ավելի ճանաչելի էր իր ողջ հինավուրց անցյալով։ Նախկինում շատ ավելի խորը, շատ ավելի լայնորեն գիտեին, քան այսօր։ Մենք այսօր զբաղվում ենք միայն մեր պատմության ամենաողբերգական փուլերից մեկով։ Կասկած չկա, մենք անպայման պետք է խոսենք և գրենք հայոց Ցեղասպանության մասին։ Պետք է պայքարենք և հասնենք նրան, որ թուրքերն ընդունեն իրենց մեղքը։ Բայց եթե ամենաբարձր ոլորտներում միայն ու միայն սրանով զբաղվենք, ապա ակամայից հասկացնել կտանք բոլորին, այդ թվում՝ նաև բարձր ոլորտներին, որ մեր ողջ պատմությունը սահմանափակվում է միայն 1893-ից մինչև 1923 թվականն ընկած ժամանակահատվածի շրջանակներով։ Ի դեպ, դա հենց այն է, ինչ չափազանց պետք է, և ոչ միայն թուրքերին։ Ցավալի է և վիրավորական։ Իրոք ցավալի է, քանզի ունենք մեծագույն փաստարկներ Հայաստանի պատմական բազմաթիվ իրողություններ ճանաչելու և ընդունելու համար։ Հենց այս մասին է խոսել ակադեմիկոս Մառը, 1925 թվականին հայերեն լեզվով դասախոսություններ կարդալով Փարիզում։ Նախապես ներողություն եմ խնդրում ընդարձակ մեջբերման համար. “Բանն այն չէ, թե հիմա ինձ զբաղեցնող գիտական հարցերը հավակնում են համաշխարհային նշանակության, և որ ես, ընկղմվելով Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի, կամ Եվրո-Աֆրո-Ասիայի նախապատմական մշակույթի խորքերը, ամբողջովին տրվել եմ մարդկության հետազոտմանը՝ որպես խոսող էության և մանավանդ Եվրոպայի նախաբնակների լեզվին։ Բանն այն է, որ Հայաստանի մշակութային անցյալը ևս, մեր համոզմամբ, չի կարելի պատկերացնել, և նույնիսկ անթույլատրելի է հետազոտել այլ կերպ, քան որպես համաշխարհային մշակութային ընդհանրության էական և ստեղծագործ մաս։ Հայ ժողովուրդը, այն նույն հայ ժողովուրդը, որի համար ներկայիս պետական ուժերը դժվարանում են տեղ որոշել երկրագնդի վրա ինքնուրույն, խաղաղ կյանքի համար և մերժում են նրա այդ բուն իրավունքը, չեն տեսնում նույնիսկ հազարավոր ու հազարավոր հոյակերտ մշակութային հուշարձաններով հեղեղված հայերի վաղնջական, ավետյաց երկիրը, որտեղ ապրել է այդ ժողովուրդը՝ անքակտելի և անհերքելի կապերով կապված ողջ քաղաքակիրթ մարդկության և առանձնապես Եվրոպայի ժողովուրդների հետ, այդ նույն հայ ժողովուրդը ոչ միայն ազնվացնում, այլև կարևորագույն օղակ է հանդիսանում նրանց բոլորի մշակույթների ծագումն ու զարգացման ուղիները հետազոտելու համար”։
Եվ այսպես՝ էջ էջի հետևից, ականավոր գիտնականի դասախոսությունների տեքստի ընդամեը քառասունչորս էջ, գիտնական, որի խոսքը ձոն չէ, ներբող չէ, այլ գիտական և փիլիսոփայական վերլուծություն։ Մառը հանգում է այն եզրակացության, որ հայկական պատմության և մշակույթի մասին աշխարհը քիչ գիտի այն պատճառով, որ այդ մասին հիմնականում գրում են մեկ լեզվով՝ ռուսերենով։ Այսօր, ավաղ, այդ լեզուն էլ արդեն չկա։ Այո, կարծում եմ իրականում նաև հայերեն գրում են քիչ և բոլորովին ոչ այն։ Բայց ավելի լավ է նորից դիմենք Մառին. “Նա, այդ “փոքրիկ ածուն”, ինչպես կերտողաբար ու հստակ արտահայտվել է Խորենացին հայ ազգի մասին, պարզապես ժառանգորդներից մեկը չէր միայն հաբեթյան առասպելաբանության. նա եղել է և կա համամարդկային մշակութային ժառանգության ծնած ողջ ակունքի նախաժառանգը, հավատարիմ պահապանը, շռայլ սերմնացանը և Արևելքում ու Արևմուտքում այդ ավանդույթների ողջ ամբողջության համբերատար աճեցնողը… Ոչ միայն ամենը, ինչ ասվեց այստեղ, այլև իմ շարադրած եզրահանգումներին բերած ուղիներն ու մեթոդները դեռ անծանոթ են եվրոպական գիտությանը։ Եվ այդ չիմացությունն ունի իր պատճառները, քանզի հաբեթալոգիային վերաբերվող ողջ գրականությունը միայն և միայն ռուսերեն լեզվով է”։
Բայց չէ՞ որ ականավոր գիտնականը միակը չէր, ով վերլուծական նյութեր է գրել Հայաստանի մշակույթի մասին։ Մեկ անգամ չէ, որ հուզիչ և նույնիսկ նրբագեղ կերպով խոստովանել է. “Ծագումով ես պատիվ չունեմ հայ լինելու”։ Եվ հազարավոր նմանները կան։ Եվ բոլոր նրանց գրքերը մնացին անցած դարում, եթե ոչ՝ անցած դարերում։ Այսօր մեր երիտասարդությունը չգիտի նույնիսկ Մառի անունը։ Ո՛չ սփյուռքում, ո՛չ տանը։
Իմ նավախցի գրադարակին, Մառի կողքին կա մեկ ուրիշ գիրք. “Հայաստանը մտքերում և սրտերում”։ Դրա հեղինակը Ղարաբաղյան շարժման առաջին նախաձեռնողներից և նախագուշակներից մեկն է։ Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Հրանտ Եպիսկոպոսովը։ Տաղանդավոր փիլիսոփան և անխոնջ հետազոտողը Ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ ռազմաճակատի գծերը հարազատ հողի խրամատներից աստիճանաբար անցնում էին լրագրային էջեր և հեռուստատեսային էկրաններ, հրատարակեց աշխատություն, մի անգին հավաքածու, որտեղ ի մի են բերված Հայաստանին տրված գնահատականներ՝ Հերոդոտի, Պլուտարքոսի, Քսենոփոնտի, Կանտի, Բայրոնի, Կարամզինի, Գրիբոյեդովի, Պուշկինի, ռուսական ցարերի, Մարքսի, Էնգելսի, մարշալ Ժուկովի, Մարգարետ Թեթչերի և այլոց կողմից։ Բայց չէ՞ որ խոսքը, բացի ամենայնից, ինչպես Նիկողայոս Մառն է ասում, այն մասին է, որ “…արևելյան ժողովուրդների մեջ հայերը ոչ միայն առաջինն էին, այլև միակը, ովքեր Եվրոպայում հիմնեցին գիտական հաստատություններ՝ եվրոպական մշակույթը ճանաչելու համար”։ Այդ մասին հիացմունքով է գրել մեծ Բայրոնը։ Խոսքը պատմական փաստերի մասին է, որոնց մասին այսօր մոռացել ենք նույնիսկ մենք՝ հայերս։
Իրականում բոլորովին պատահական չէ, որ բացի հենց Մեսրոպ Մաշտոցից, որի անունն է կրում մեր ծովարշավը, նավային գրադարանում կան բազմաթիվ հրատարակություններ, որոնցում պահպանվում է մեր պատմական հիշողությունը։ Հիշենք ուրիշների տված իմաստուն խրատը. “Առանց գործուն պատմական հիշողության գոյություն չունի ապագա։ Քանզի խոսքը ժողովրդի ռազմավարության մասին է”։
…Իսկ ցրտին միախառնված մանրամաղ անձրևը շարունակում է հիշեցնել մեզ, որ Անտարկտիդան այնքան էլ հեռու չէ։ Փոխարենը՝ բոլորորովին մոտ է երկար սպասված Ավստրալիան։ Իսկ ինձ մնում է բացել նոր թղթապանակը, որի երեսին նկարված է ցատկի պատրաստվող կենգուրու…

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Թասմանի ծով