www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ԱՆՍԱՆՁ ԱԼԻՔՆԵՐԸ, ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՎ ԵՍ
Ինչպե՞ս նկարագրեմ դա։ Եվ այն էլ առանց հոլանդական խրթին ծովային տերմինների։ Դե լավ, խոսքս առավել մատչելի դարձնելու համար սկսենք նրանից, որ իրոք, եղանակի կանխատեսումները համընկնում են կյանքի իրողություններին։ Խոստացել էին Թասմանի ծովի մեջտեղում կիսափոթորկային քամի ՝ երեք օրով, խնդրեմ, արդեն մեկ ամբողջ օր գնացել ենք կատաղած ծովի վրայով։ Այո, իհարկե, քսան-քսանհինգ հանգույցը դեռևս փոթորիկ չէ, այլ ընդամենը դրա կեսը։ Բայց միևնույնն է, դա չափազանց շատ է, երբ արդեն շարունակվում է երկրորդ օրը, իսկ առջևում դեռ այնքան ճանապարհ ունենք անցնելու։ Եվ ուրեմն, ի՞նչ է կատարվում մեզ հետ։ Քանի որ խոստացել եմ առանց տերմինների, ասեմ այսպես. քամին փչում է ձախից, ինչից հետևում է, որ մեծ ստակսելը պայթելու աստիճան լցված է օդով և նավը թեքում է աջ կողմի վրա։ Նորմալ է։ Միշտ էլ այդպես լինում է։ Լինում է և հակառակը։ Փչում է աջից, և մենք բոլորս թեքվում ենք ձախ։ Ամեն ինչ տրամաբանական է։
Ես կանգնած եմ հենց շեմին նավի գլխավոր “սենյակի”, որտեղ մենք հանդիպում ենք, ուտում ենք և ինչպես “Կիլիկիա”-ում էր՝ ընդունում ենք մեր հյուրերին։ Կանգնած եմ դեպի վեր տանող սանդուղքի ամենավերևի աստիճանին։ Բռնվել եմ այս նույն մուտքը պաշտպանող ծածկի եզրից։ Ժամանակ առ ժամանակ գրպանիցս հանում եմ հուշատետրս և երեք տակ ծալված՝ գրառումներ կատարում։ Աշխատում եմ թղթին հանձնել նույնիսկ քամու ձայները և առագաստանավի ալիքներով անցնելու աղմուկը։ Նոտաներից գլուխ չեմ հանում, այդ պատճառով էլ գրում եմ տառերով։ Ավելի ճիշտ՝ “շ” տառով։ Հետո մի քանի “շ”՝ իրար կողքի։ Կարդում եմ։ Տեսնում եմ, որ այն չէ։ Հնչյուններ շատ կան։ Որսում եմ և՛ “ֆ”, և՛ “ժ”, և՛ իհարկե՝ “ու”։ Դա արդեն այն ժամանակ, երբ քամին ոռնում է։ Հետո դղրդյուն եմ լսում, որ վերածվում է թմբուկի մանրահարվածների։ Եվ հանկարծ մեկ վայրկյան, որը մի ողջ հավերժություն է թվում, տիրում է զրնգուն լռություն, որն ավարտվում է պայթյունով։ Այդ մի քանի ալիքներ էին, որոնք “բախվեցին ճակատներով”։ Հիշում եմ, մեր լուսահոգի կոկ Սամվել Սարգսյանը ոչ մի կերպ չէր ուզում համաձայնվել, թե նման բան հնարավոր է։ Իսկ այ, ես ինքս եմ տեսել, թե դա ինչպես է տեղի ունենում։ Մանավանդ հենց նավակողի մոտ։ Եվ լսում ես դղրդոց։ Սկզբում հայացքդ կանգ է առնում հեռվում թավալվող ալիքի վրա, որը շուտով սկսում է կոլոլվել գորգի պես։ Իսկ դրանից սկսում է ուռչել։ Իսկ ուռչելով վերածվում է մի հսկայական բլրի, որի առջև գոյանում է ահռելի ու խոր մի ջրագոգ, ինչի պատճառով էլ բլուրն սկսում է նմանվել մեծ սարի։ Ու երևում է, թե ինչպես է առագաստանավի սուր քիթը իջնում ներքև։ Նավախելը բարձրանում է։ Եվ ուր-որ է սարը կփլվի նավի վրա։ Բայց վայրկենապես ցած է իջնում նավախելը։ Քիթն սկսում է դանդաղ, հատելով սարի լանջը, բարձրանալ գագաթ։ Լանջի կեսին չհասած, նավը կախվում է օդում։ Սարն ասես չի էլ եղել։ Այն անհետացել է։ Փշրվել, թեև ջուրը չի կարող փշրվել։ Եվ նավը, հարվածելով ջրագոգի հատակին, իսկույն մագլցում է արդեն այլ, ոչ մեծ բլրի լանջով, որը չգիտես որտեղից հայտնվեց ճանապարհին։ Նավաքթի հատած ջրային մակերեսին երկու կողմից ձգվող սպիտակ բեղերը բարձրանում են վեր, և քամին պոկելով փրփուրե գլխարկը, այն փչում է տախտակամած։ Ես կտրուկ կռանում եմ։ Բայց ուշ է, ջուրը հարվածեց դեմքիս։ Թևքով մաքրում եմ ջրի կաթիլները, շուրթերիս և ատամներիս վրա զգալով սառն ու խիտ աղը։ Եվ հակառակի պես հենց այդ ժամանակ մտածում եմ թարմ, կանաչ վարունգիկի մասին։ Որքան տեղին կլիներ այս աղի հետ։ Այնինչ քամին ուժեղանում է։ Խելին ամրացված Հայաստանի պետական դրոշը այնպես է ձգված, որ նմանվում է կարմիր-կապույտ-նարնջագույն ներկված ֆաներայի։ Ամենասարսափելին այն է, որ համաձայն կանխատեսման, քամին ավելի է ուժգնանալու, իսկ ալիքներն ավելի են ահագնանալու։ Եվ այսպես՝ ողջ գիշեր, ինչպես ասում է Հայկ Բադալյանը, հաջորդ ողջ օրը և մինչև կեսգիշեր։ Բայցև հանկարծ գիտակցում ես, որ հոգիդ հրճվում է։ Որ կշարունակես բնության այս հրաշքին նայել նաև լիալուսնով։ Քանզի ամեն ինչ անսովոր է։ Անսովոր են ալիքները։ Նույնիսկ լուսինն է անսովոր։ Թվում է, ի՞նչ անսովոր բան կարող է լինել դրանց մեջ։ Կասեք՝ ալիք են, էլի։ Նույնիսկ դասակարգում ունեն. ծփանք, ալեծալք, կոհակ,փոքր ալիքներ, երկար, կատաղի, ցունամի… Բայց ես տեսել եմ շատ ալիքներ, որ պտտվում են, ոլորվում, կռվում։ Տեսել եմ նաև պարզապես մի առանձնակի գեղեցիկ ալիք։ Բայց այդ ամենը մի քանի օր ու գիշերվա ընթացքում միախառնվում է, միաձուլվում,կազմելով բարձր սարեր ու խոր ձորեր, ստեղծելով փոթորկի, ամպրոպի ու եռքի միասնական պատկեր, և այդ ամենը տեղով իսկ գեղեցկություն է։ Ինչ վերաբերվում է լուսնին, այն իրոք անսովոր է։ Մի տեսակ մեծ է, հսկայական, մոտ։ Տղաներից մեկը, չեմ հիշում, Արգենտինայում, Չիլիում, թե Զատկի կղզում ասաց, որ լսել է, թե լուսինը նկատելիորեն մոտեցել է երկրագնդին։ Բայց հիմա այն ոչ միայն ավելի մեծ է երևում։ Դեղնություն է խտացել վրան։ Այն էլ այնպիսի, որ չեն երևում մանկուց մեզ ծանոթ բծերը։ Ես չեմ ցանկանում իջնել նավամբար, ավելի ճիշտ՝ ընդհանուր նավասենյակ, իսկ ավելի ճիշտ՝ իմ նավախուց։ Աստված վկա, նման ժամերին այնտեղ անելու բան չկա։ Թեև ավելի հարմարավետ է։ Ահա շատերը պառկեցին քնելու։ Միայն հերթափոխողներն են ղեկի մոտ կանգնած նավախելին.Հայկը և Մուշեղը։ Ժամանակ առ ժամանակ նրանցից մեկն իջնում է ներքև։ Ավելի հաճախ՝ Հայկը։ Չէ՞ որ, ինչպես ասել եմ, մեր գլխավոր քարտեզագետն է և գլխավոր օդերևութաբանը։ Իսկ ներքևում հենց նրա քարտեզներն ու սարքերն են։ Նավախելին հայտնվեց Սեմը։ Ինչպես երբեմն եմ կոչում՝ Սամվել Կապիտանյանը։ Նայեց շուրջը։ Նայեց ինձ։ Ձեռքը բարձրացրեց՝ կողքից-կողք ճոճվելով։ Ես ձեռքով ցույց տվեցի բանքը, ներեցեք տերմինի համար՝ նստարանը։ Նա սկզբում պետք է բավականին բարձրանա, դուրս գալու համար այն փոսորակից, որը կոկպիտ է կոչվում և պարզապես նավախելի խորացված մասն է։ Հետո լայն տարածած ձեռքեր, ասես թռիչքի է պատրաստվում, ճոպանասարքերից, ցցոնքներից, թոկերից բռնվելով և դարձյալ ձեռքը գցելով պարաններին, վերջապես շրմփում է իմ առջում գտնվող նստարան-բանքին։ Մեր միջև, ինչպես հայտնի է, մի նեղլիկ, շարժական սեղան է, ծածկված բրեզենտով։ ժամանակ առ ժամանակ ձախ նավակողից ջրի ցայտքեր են թռչում դեպի մեզ։ Եվ իսկույն այնքան խորն ենք կռանում, որ ճակատներով դիպչում ենք սեղանի թաց և աղի մակերեսին։ Մեր աչքերի մեջ ուրախ փայլ կա և մի տեսակ հիացմունք։ Ասես հրճվում ենք, որ անընդմեջ քամիներն ու ալիքները անդադար խփում են առագաստանավի կողերին, և ամեն ինչից երևում է, որ պատյանը արժանապատվորեն դիմանում է հարվածներին։ Եվ ես սկսեցի միանգամից.
-Առաջին անգամ ե՞րբ ես մտածել աշխարհաշուրջի մասին։
-Ութսունականների կեսերից,- միանգամից էլ պատասխանեց նա, ասես հենց այդ հարցին էր սպասում այդ անպատեհ ժամին, թեև հիանալի գիտեր, որ ինձ համար գոյություն չունի “անպատեհ ժամ” հասկացություն։
-Իսկ ինչո՞ւ հենց այդ ժամանակ։
-Ողջ աշխարհը բավական հիմնավորապես նախապատրաստվում էր նշելու Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործման 500-ամյակը։ Մենք, այն ժամանակ դեռևս երիտասարդ առագաստանավորդներով, նախանձում էինք իհարկե, թե իրոք ինչպիսի եռանդով է ողջ ծովային և ցամաքային աշխարհը պատրաստվում դիմավորել այդ տոնը։ Դեռ այն ժամանակ ես գիտեի, որ առագաստային սպորտի Մեքքան համարվում է Նոր Զելանդիան։ Եվ հիմա, այն բոլոր օրերի ընթացքում, երբ Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում էինք, անընդհատ այն ժամանակներն էի հիշում։
Եվ քանի որ արդեն անցանք “դիմանկարի վրձնահարվածներ” ժանրին, ապա ընդմիջեմ մեր երկխոսությունը՝ մի քանի բառով խոսելու այն ժամանակի մասին, որ պատմեց Սամվելը։ Այդ տարիներին նա մոտ քսանհինգ տարեկան էր, ես՝ մոտ հիսուն։ Եվ ամեն ինչ լավ հիշում եմ։ Իրոք, աշխարհը նախապատրաստվում էր տասը տարի անց տոն կազմակերպել, իսկ Խորհրդային Միությունում ապարդյուն փորձում էին լուծել պարենային խնդիրը։ Եվ հանկարծ մի ինչ-որ ռոմանտիկներ, տեսեք-տեսեք, որոշել են մասնակցել այդ հոբելյանական արշավներին։ Ոմանք՝ աշխարհի շուրջ, ուրիշները՝ զանգվածային կարգով հատելով Ատլանտյան օվկիանոսը՝ Կոլումբոսի կարավելլաների երթագծով։ Եվ երազողների մեջ էր “Կիլիկիա”-ի ապագա կապիտան-խորհրդատուն և “Արմենիա”-ի ապագա նավապետը, որն անընդհատ բազմաթիվ կետերից կազմված անկետաներ էր լրացնում՝ միջազգային մրցումներին մասնակցելու համար։ Եվ իհարկե, ձգտում էր դեպի առագաստանավորդների համար իրոք Մեքքա հանդիսացող Նոր Զելանդիա։ Նրան թվում էր, թե սկսված վերակառուցումը իրոք վերակառուցում է։ Թեև ինչ-որ բան փոխվել էր մեր կյանքում, այդ թվում և Աստծո օրհնած առագաստանավորդների կյանքում։ Համենայն դեպս դրանք արդեն վաթսունականները չէին, ոչ էլ յոթանասնականները կամ ութսունականների սկիզբը։ Եվ Սամվելն արդեն “Աջարիա” առագաստանավով դուրս էր գալիս Սև ծովի սահմաններից։ Պետք է պատկերացնել իսկական ծովայինի հոգեվիճակը, որն արդեն հայտնվել է Միջերկրական ծովի ջրերում։ Եղել է ոչ միայն Բուլղարիայում, այլև Հունաստանում, իսկ ռուսական և ուկրաինական նավահանգիստները հարազատ տուն են դարձել նրա համար։
1992 թվականին Երկիր մոլորակի համարյա բոլոր առագաստանավորդները պատրաստ էին մասնակցել հոբելյանական արշավին՝ նվիրված Ամերիկայի հայտնագործման 500-ամյակին։ Բոլորի շուրթերին Քրիստոփոր Կոլումբոսի անունն էր և իսպանականա Կադիս նավահանգիստը, որտեղից 1492 թվականին մեկնարկեցին “Սանտա Մարիա”, “Պինտա” և “Նինյա” առագաստանավերը։ Ի դեպ, հենց այնտեղ, Պալոս բնակավայրում էր գտնվում Եվրոպայում արդեն լավ հայտնի ճանապարհորդ Մարտիրոս Երզնկացին։ Եվ եթե հաշվի առնենք, որ Կոլումբոսը հսկայական ջանքով անձնակազմեր հավաքագրեց երեք կարավելլաների համար, ապա չի կարելի չհամաձայնվել Սեն-Մարտենի, Աճառյանի և Պորտուգալյանի գիտական կարծիքին, որոնք գտնում էին, որ ծովարշավի պետը երկու ձեռքով պետք է կառչեր պրոֆեսիոնալ ճանապարհորդից, որը տիրապետում էր ծովայինի արվեստին և գիտեր բազմաթիվ եվրոպական լեզուներ։ Բայց Կոլումբոսից ու Երզնկացուց վերադառնանք Կարապետյանին, որը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո գիտակցեց, որ ուսումնառության տարիները բուհում նրան շատ գիտելիքներ տվեցին, բայց չտվեցին այն մասնագիտությունը, որի կայծն Աստված էր դրել իր մեջ, որից բորբոքվում էր առագաստանավորդի հոգու հուրը։
…Եվ ահա, ասենք ուղղակի՝ այս սովորական դարձած արտակարգ իրավիճակի պայմաններում, ես նրան հարց եմ տալիս միայնակ նավարկության մասին։
-Ես գիտեի, որ այդ մասին կհարցնեք ինձ։ Ասեմ ազնվորեն։ Այսօր առանց գաղափարի, առանց այսպես ասած՝ գաղափարախոսության իմաստ չունի մեկնել միայնակ նավարկության։ Տեսեք, հիմա մեզ մոտ՝ “Արմենիա” առագաստանավում կա այդ գաղափարը։ Եվ այն էլ ի՜նչ գաղափար. Սփյուռք, Մեսրոպ Մաշտոց… Դուք ճիշտ եք, աշխարն, ավաղ, ոչինչ չգիտի այն մասին, թե ինչու են հայերը սփռվել ողջ հողագնդով մեկ և ինչու են ամենուր եկեղեցիներ կառուցում։ Դա մեծ գաղափար է՝ հենց աշխարհաշուրջով, կամ ինչպես դուք եք ասում՝ հենց սփյուռքի աշխարհագրությամբ այդ ամենը պատմել, ցույց տալ, բացել աշխարհի առջև։ Թեև պետք է խոստովանեմ, որ ցանկացած շուրջերկրյա նավարկություն միշտ ինքնին երևույթ է, առանձնապես եթե պտույտ ես գործում Հորն հրվանդանի շուրջ կամ հաղթահարում Թասմանի ծովը։
Հենց այդ ժամանակ էլ կատաղի քամու հերթական պոռթկումը ահռելի ուժով պոկեց ձախ նավակողից ծառացող ալիքի փրփուրե բաշը։ Այս անգամ չհասցրեցինք կռանալ։ Ամեն ինչ չափից ավելի վայրկենական էր։ Հզոր հորձանքը հարվածեց իմ մեջքին ու ծոծրակին, Սամվելի՝ ուղիղ դեմքին։ Ասեմ անկեղծորեն՝ նման տեսարանը նավում միշտ քրքիջ է առաջացնում։ Ես ու Սամվելն էլ սկսեցինք քրքջալ։ Քրքջաց ղեկի մոտ կանգնած, առանց այն էլ միշտ ժպտուն Վահագնը, ևս մեկ անգամ հիշեցնեմ՝ մեր նորաթուխ հայրիկը, իսկ քիչ հեռվում կանգնած կոկ Սաքոն քրքջաց, ցուցադրելով իր սպիտակ ատամները, ինչպես անում է Վախթանգ Կիկաբիձեն։ Ես ու Սամվելը նետվեցինք ներքև, դեպի մեր նավախցերը։ Հանվեցի։ Սառը, քաղցրահամ ջուր լցրեցի վրաս, չսպասելով, որ այն մի քիչ գոլանա։ Շփեցի մարմինս կարմրելու աստիճան։ Եվ մտածեցի՝ ի՜նչ լավ է այս ամենը, գրո՛ղը տանի…Ուզում էի հնարավորինս արագ բարձրանալ վերև, նայել ալիքներին, մտածել այն մասին, թե որքան եմ ցանկանում սանձել անզուսպ քամին, ինչպես վայրի մուստանգի՝ թամբել իններորդ ալիքը և լողալ, լողալ, լողալ… Եվ որպեսզի շուրջս լինեն անվերջանալի ալիքներ և միայն մեկ՝ իներորդ։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Թասմանի ծով