www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
“ԱՐՄԵՆԻԱ”-Ն ՇՏԱՊՈՒՄ Է ԴԵՊԻ 1956 ԹՎԱԿԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԼԲՈՒՌՆ
Այս անգամ խախտելու եմ իմ սեփական սկզբունքը։ Կներկայացնեմ մի մարդու, որի մասին, ըստ տրամաբանության, կարելի էր խոսել միայն այն ժամանակ, երբ հասնեինք Սիդնեյ։ Բայց, Աստված վկա, ես պարզապես ստիպված եմ այդպիսի խախտում անել։ Մի մեծ բան չէ, իհարկե, բայց դե էլի խախտում է։
Հակոբ Աբուլակյան։ Ծնվել է Հալեպում 1933 թվականին։ Սնդիկ է։ Շարժուն, աղմկոտ, խոսքաշատ, ահավոր գործնական։ Միշտ առիթ կգտնի, որպեսզի անպայման հիշեցնի, որ իր ծնողները Այնթապից են։ Անպայման կհիշեցնի և այն մասին, որ Հալեպում ավարտել է Զավարյան դպրոցը։ Անպայման կավելացնի, որ կյանքն իրեն ստիպել է դառնալ բազմալեզու անձ։ Ամուսնացել է վաղ, գեղեցկուհի Վարսենիկի հետ հենց այնտեղ՝ Հալեպում։ Վարսենիկը երեք զավակ է ծնել նրա համար։ Զբաղվել է ամեն ինչով։ Ավելի հաճախ ավտոմեքենաներ է նորոգել, ինչպես մեզ մոտ են ասում՝ դզել-փչել։ Սիրիայի շրջանակները նեղ թվացին նրա անսպառ եռանդի համար։ Բասկետբոլիստի հասակ ունի, երկար ձեռքեր։ Ես սա նրա համար եմ ասում, որ ինչպես ինքը պատմեց, 1966-ին կնոջն ու երեք երեխաներին բոխչա արած գիրկն առավ ու հայդե՛…Փարիզ։ Այնտեղ շուտով ինքն իր համար պարզեց, որ բոլոր տղամարդիկ կամազուրկ են, իսկ կանայք շատ են տրվում իրենց կամքին։ Եվ թերթում կարդալով հայտարարություն այն մասին, թե Ավստրալիային անհրաժեշտ են տարբեր մասնագետներ, այդ թվում՝ շինարարներ, իսկույն ուղղվեց հեռավոր երկրի դեսպանատուն։ Այն հարցին, թե ինչ կարող է անել, պատասխանեց՝ ամեն ինչ։ Եվ դեսպանության հաշվին Հակոբը, իր կինն ու երեք երեխաները 1971 թվականին շոգենավով ուղևորվեցին այլ մոլորակի պես հեռու թվացող այդ երկիր։ Նավարկությունն ավելի քան մեկ ամիս տևեց։ Այն մասին, թե ինչի հասավ, և ինչ արժեցավ ոտքի կանգնելը, կխոսենք, թերևս, երբ “Արմենիա”-ն Սիդնեյ հասնի։
Իսկ հիմա այն մասին, թե ինչու խախտեցի իմ իսկ սկզբունքը։ Բանն այն է, որ Հակոբին վաղուց գիտեմ։ Դեռ մոտ քսան տարի առաջ Լորդերի պալատի երկրորդ խոսնակ լեդի Քերոլայն Քոքսի խմբի կազմում (դա Արցախյան պատերազմի թեժ պահին էր), այցելեցինք մի քանի երկրներ, այդ թվում և Ավստրալիա։ Ահա այդ ժամանակից ի վեր ունեմ բազմաթիվ ընկերներ, քանզի այդ հանդիպումից հետո շատերն օգնություն ցուցաբերեցին և շարունակում են ցուցաբերել Արցախին։
Եվ ահա հին ծանոթի, եթե չասենք՝ իսկական ընկերոջ իրավունքով Հակոբը զանգում է ինձ և թախանձագին խնդրում. “Եթե մինչև ապրիլի երեսունը “Արմենիա”-ն տեղ չհասնի, ապա աշխարհը շուռ կգա”։ Եվ ապա խոսեց ինձ համար ամենաքնքուշ, թանկ և աստվածային էակների՝ երեխաների մասին։ Այն մասին, որ եթե ժամանենք ոչ թե շաբաթ օր, այլ կիրակի՝ մայիսի 1-ին, ապա երեխաների մեծ մասը, որոնց համար էլ իրականում կազմակերպվել է “Արմենիա”-ի հետ հանդիպման տոնը, ծնողների հետ կմեկնեն արձակուրդ։ Հենց այսպես։ Շնչելու տեղ չթողեց։
Շտապ ավագների խորհուրդ հավաքեցի։ Խորհրդակցելու բան էլ չկար։ Ապրիլի երեսունը չի կարելի փոխել։ Երեխաները սրբություն են։ Այստեղ պետք է մելբուռնցիների մասին մտածել։ Չէ՞ որ, դատելով ըստ ամենայնի, ապրիլի 22-ին կլինենք օլիմպիական նավահանգստում։ Իսկ դա նշանակում է, որ հանդիպումների համար միայն մեկ օր է մնում՝ ապրիլի 23-ը։ 24-ին նշում ենք Եղեռնի զոհերի հիշատակի օրը, որն այս տարի համընկավ Զատկին։ Իսկ 25-ին ամեն գնով պետք է մեկնարկել։ Հակառակ դեպքում ամեն ինչ կարող է պատահել։ Մենք հո չգիտե՞նք, թե ինչ են պատրաստել մեզ համար մեր թանկագին (իրոք թանկագին) օդերևութաբանները։ Հայկը սեղանին դրեց բնական և պասսատային ծովային հոսանքների և քամիների երկու փթանոց ատլասը։ Դրանից սատանան էլ գլուխ չի հանի. և այստեղ է հոսում, և այնտեղ, և այնտեղ է փչում , և այստեղ։ Բայց չէ՞ որ կարող են լինել նաև չծրագրված ցիկլոններ և ամեն տեսակի տորնադոներ ու պտտահողմեր։ Տորնադոն էլ իրականում նույն պտտահողմն է, միայն՝ շատ մեծ։ Մշտապես հանգիստ Արիկը գտնում է, որ ամեն ինչ նորմալ է լինելու։ Նայում ենք նավապետին։ Իսկ նավապետն ի՛նչ։ Նա առհասարակ ծովում հույզեր չի ընդունում։ Դրանք նրան դուր են գալիս ցամաքում։ Իսկ ծովում իրատես է։ Մենք բոլորս, իհարկե, հասկանում ենք, թե ինչ բան է ռեալիզմը ծովում։ Դա նշանակում է՝ եթե օդի պես անհրաժեշտ է մեկ օր շահել, ապա անհրաժեշտ է լիովին հրաժարվել նավագնաց սարքի ծառայությունից և ամեն ինչ, բառիս բուն իմաստով՝ վերցնել սեփական ձեռքերի մեջ։ Չէ՞ որ Հորն հրվանդան շուրջն էլ պտույտ գործեցինք առանց նավագնաց սարքի, ինչ նույնն է, թե օդանավում՝ ավտոպիլոտը։ Այնտեղ այն պարզապես կարող էր խորտակել մեզ։ Չէ՞ որ նավը վարում է միայն իրեն հանձնարարված կուրսով, այնինչ առջևում կարող է ալիք լինել, կամ մեծ ջրագոգ։ Իսկ մեզ անհրաժեշտ է, ինչպես ասվում է մի երգում՝ “սանձել պոռթկուն քամին և թամբել իններորդ ալիքը”։
Այս տողերը գրում եմ ապրիլի 19-ի կեսօրին (երեկ ժամացույցի սլաքները մեկ ժամով էլ ետ տվեցինք և արդեն հավասարվեցինք Ավստրալիային)։ Քամին թույլ է և հանդիպակաց։ Դա էլ բան է։ Կարելի է շարժվել զիգզագներով, անընդհատ փոխելով հալսերը։ Այդպես կստացվի մոտ 4-5 հանգույց արագություն։ Ստիպված ենք լինելու աշխատել առանց դադար առնելու օր ու գիշեր, օր ու գիշեր…Եվ իհարկե, հույս ենք դնում նաև Աստծո վրա։ Իսկ առայժմ՝ Ավստրալիա պետության մասին՝ խստորեն պահպանելով մեր ավանդույթը։
…Ավստրալիան մեկն է առաջին երկրներից, որ ճանաչեց անկախ Հայատանը և 1991 թվականին դիվանագիտական հարաբերություններ հաստատեց մեզ հետ։ Առաջին հայերն Ավստրալիա են եկել 19-րդ դարի կեսին Հնդկաստանից, Սինգապուրից, Հարավ-Արևելյան Ասիայից և իհարկե՝ Արևմտյան Հայաստանից։ “Սփյուռք” հանրագիտարանը տալիս է Կանաչ մայրցամաք ժամանած առաջին հայերի անունները։ Հետաքրքիր է, որ Ավստրալիայում վերաբնակություն հաստատելու առաջին նախաձեռնողներից մեկը լրագրող էր, սինգապուրյան “Ուսումնասեր” հայերեն լրաբերի գլխավոր խմբագիր Գրիգոր Գալստյանը, որը վաճառական Մելքում Մանուկ Նորջուղացու հետ դարձավ Ավստրալիայի առաջին հայ քաղաքացին։ Հիրավի, Աստծո կամքով, պատմությունը սիրում է առաջիններին, այդ իսկ պատճառով պահպանում է նրանց անունները։ Դանդաղորեն, բայց հաստատուն աճում էր հայրենակիցների թիվը։ Շուտով բարեգործների խումբ ստեղծեցին, որպեսզի օգնեն ժամանող հայ փախստականներին, որոնց թիվը կտրուկ աճեց 20-րդ դարի քսանական թվականներին։
Պահպանվել են բարեգործների մի մեծ խմբի անդամների անունները։ Լեգենդներ են պատմում Մելբուռնի համալսարանի հայտնի պրոֆեսոր Արսեն Կարագյոզյանի մասին։ Պահպանվել են նաև հայերի անուններ, որոնք ապրել են ոչ միայն Սիդնեյում և Մելբուռնում, այլև Կանբերրայում, Բրիզբենում, Ադելաիդայում։ Ունեմ նույնիսկ Թասմանիա կղզու վերջին հայ բնակիչների անունները՝ Մկրտիչ (Մգո) և Մանո Կարագուլանյաններ։ Բոլորովին վերջերս նրանք տեղափոխվել են Մելբուռն։
Իհարկե, Մելբուռն հասնելուց հետո ես թարմ ռեպորտաժ կպատրաստեմ՝ նոր անուններով, կպատմեմ հանդիպման մասին մեր մեծ օլիմպիականների անունների հետ։ Այնպես որ, նկարահանելու ենք ոչ միայն եկեղեցի, խաչքարներ, այլև, ինչպես խոստացել եմ, օլիմպիական մարզադաշտի պատի սև մարմարե հուշատախտակը՝ Ալբերտ Ազարյանի և Վլադիմիր Ենգիբարյանի անուններով։ Կայցելենք դպրոցներ, թանգարաններ։ Մեր հայրենակիցների հետ կանցկացնենք ապրիլի 24-ի հանդիպումները։ Միասին կմտածենք նաև վաղվա օրվա մասին։ Իսկ առայժմ՝ ավանդաբար Ավստրալիայի վիճակագրության մասին։
Բնակչությունը՝ քսան միլիոն։ Այդ թվաքանակին հասել են ոչ շատ վաղուց։ Բնակչության թվով աշխարհում 52-րդն է։ Իսկ տարածքով աշխարհում զբաղեցնում է 6-րդ էլիտար տեղը։ Բնակչության ամենացածր խտությունը՝ 2,6 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Համեմատության համար նշեմ. Ռուսաստանում՝ 8,4, Չինաստանում՝ 134,8, Հայաստանում՝ 103,6, Ճապոնիայում՝ 349,1 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Ինչպես տեսնում ենք, ամենից շատ նեղվածքում են ապրում ճապոնացիները։ Ճիշտ է, եթե այս թեման շարունակենք թվերը ձեռքներիս, ապա մտածելու առիթ կունենանք։ Կատարենք ավանդաբար բացարձակապես ոչ քնարական շեղում։ Հայաստանի միջին բարձրությունը, ավելի ճիշտ՝ նախկին Հայկական ԽՍՀ-ի (ներկայիս Հայաստանի Հանրապետության), իր 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, կազմում է 1800 մետր։ Նման բարձրության վրա, գյուղացիները լավ գիտեն, ոչինչ չի բուսնում և չի աճում։ Տարածքի մոտ տասը տոկոսը անտառ է, կամ էլ ինչպես մեզ մոտ են կատակում՝ կիսանտառ։ Մինչև երեսնական թվականները մենք ունեցել ենք բերքատու հողերի չորս, հազիվ հինգ տոկոս։ Պետք է ազնվորեն խոստովանել և ասել, որ խորհրդային իշխանության տարիներին այդ թիվը կրկնապատկվեց (նույնիսկ մի քիչ էլ ավելի) շնորհիվ քարքրոտ հողերի մաքրման։ Դա նշանակում է, որ միլիոնավոր տոննաներ պետք էր բարձրացնել, տեղափոխել, փոխադրել։ Այնպես որ, բնակչության երեք քառորդը, եթե ոչ՝ չորս հինգերորդը , ապրում է Երևան մեգապոլիսում՝ իր բազմաթիվ արբանյակներով և քարերից ու աղուտներից մաքրված հիմնականում Արարատյան դաշտավայրի հողերում։ Մնացածը ցրված են լեռներում։ Եվ ահա ստացվում է, որ այն հողի վրա, որտեղ մենք ապրում ենք ու մեծացնում մեր երեխաներին, բնակչության խտությունը կազմում է մոտ 500 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Համաշխարհային տխուր ռեկորդ։ Այո, համենայն դեպս վիճակագրությունը ոչ միայն թվեր է ներկայացնում, այլև ստիպում է մտորել։
…Եթե ընթերցողը հիշում է, մեր ռեպորտաժներում ներկայացնելով յուրաքանչյուր երկիր, որտեղ “Արմենիա”-ն կառանվել է, պարտադիր կարգով ընդգծել ենք մի հատաքրքիր ցուցանիշ, որը մարմնավորում է հույսը։ Դա քաղցրահամ՝ խմելու ջրի մակերեսի տոկոսն է։ Ավստրալիայում այն հավասար է 1-ի։ Հիշեցնենք, որ Հայաստանում այդ ցուցանիշը ամենաբարձրերից մեկն է՝ 4,7 տոկոս։
…Սակայն մինչ “Արմենիա”-ն շտապում է դեպի 1965 թվականի օլիմպիական Մելբուռն և քանի դեռ խարիսխ չի նետել Ավստրալիայի ափերի մոտ, հիշեցնեմ մի դրվագ։ Քսան տարի առաջ Սիդնեյում եղած ժամանակ ես հմացա, որ երիտասարդության շրջանում հարցում են արել այն մասին, թե նրանց համար ով է հանդիսանում իսկական հերոս, և բացարձակ մեծամասնությունը տվել է Մեթյու Ֆլինդերսի անունը։ Ես այն ժամանակ գիտեի, որ Ֆլինդերսը ծովագնաց է եղել։ Չէ՞ որ ծովագնացները շատ են։ Նրանց մասին մշտապես գրքեր են հրատարակվում։ Իհարկե, կան անուններ, որոնք չիմանալը պարզապես ամոթ է։ Դե, ես էլ գիտեի, որ այդպիսի ծովագնաց եղել է և որ իր հայտնագործությունները կատարել է Ավստրալիայի շուրջբոլորում։ Ճիշտ է, ո՛չ Կուկ էր, ո՛չ էլ Թասման։ Բայց հանկարծ նկատում եմ, որ ամեն քայլափոխի հանդիպում եմ ոչ թե նրանց, այլ Ֆլինդերսի անվանը։ Ավելին, նրա պատկերը կարելի է տեսնել նաև թղթադրամների վրա։ Ինձ ապշեցրեց նրա այդ աստիճան սիրված լինելը։ Շատ էի կարդացել Ֆլինդերսի մասին։ Դրանք ծովագնացների մասին պատմող ժողովածուների սովորական ակնարկներ էին։ Այո՛, նա շատ կղզիներ է հայտնագործել։ Շատ բան է հետազոտել։ Նկարագրել և գծել է քարտեզներ։ Բայց միևնույնն է, ես հասկանում էի, կրկնում եմ, որ նա ոչ Կուկ էր, ոչ Թասման։ Եվ հանկարծ, մանրամասնորեն ծանոթանալով Ավստրալիային, իմանում եմ, որ այնտեղ Մեթյու Ֆլինդերսի անունն են կրում քաղաքներ, փողոցներ, երկաթգծային կայարաններ, ուսումնական հաստատություններ, ծովախորշեր, հրվանդաններ ծովաժայռեր, կղզիներ, անտառային արգելոցներ, լեռնաշղթաներ, նավեր, օդանավեր, գնացքներ, փարոսներ։ Այդ ամենի մասին ես կարդում եմ “100 մեծ ծովագնացներ” գրքում։ Սակայն այլ հրատարակություններում էլ կարդում եմ Ֆլինդերսին նվիրված հուշարձանների, գրքերի, ֆիլմերի մասին։ Ի՞նչ է պատահել։ Ինչո՞ւմն է գաղտնիքը։ Եվ ես իմացա։ Դա շատ հետաքրքիր պատմություն է։ Բայց ավելի լավ է այդ մասին պատմեմ, երբ մենք լինենք Մելբուռնում, և Բաբասն ու Հայկը նկարահանեն Մեթյու Ֆլինդերսի հուշարձանը, որտեղ նա պատկերված է նավակի քթին, ձախ ձեռքը սուսերի դաստապանին։
…Առայժմ պարզ չէ, կհասնե՞նք Մելբուռն ապրիլի 22-ին։ Չէ՞ որ մեզ համար, ավելի ճիշտ՝ մեր “Արմենիա”-ի համար կա ևս մեկ գործոն։ Մելբուռն նավահանգիստ մտնելու համար պետք կլինի մտնել Հնդկական օվկիանոսի ջրեր։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Խաղաղ օվկիանոս