www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ՏՈԿՈՍՆԵՐ՝ ՆԱԽՆՅԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՑ
Հասկանալու և գիտակցելու համար, թե ինչ է Կալկաթան, ինչպիսին էր այն հայերի համար հարյուրամյակներ առաջ, բավական է թվարկել թեկուզ մի քանիսը այն հրատարակություններից, որոնք տպվում էին այնտեղ. “Հայելի կալկաթյան”, “Ազգասեր”, “Արևելյան հնդկաց լրագիր”, “Ազգասեր արարատյան”, “Եղբայրասեր”, “Արա”, “Արմենիա”, “Զանգ”, “Նոր ազդարար”։ Սա այսպես ասած, զանգվածային լրատվամիջոցների ցանկ էր։ Կային նաև թռուցիկներ, ինչպեսև յուրօրինակ ալմանախներ։ Հիշենք, որ Հնդկաստանում առաջին տպարանը հիմնադրել է Հարություն Շմավոնյանը 1772 թվականին։
Այստեղ դարձյալ, ավանդույթի համաձայն, հերթական քնարական շեղումն եմ կատարելու։ Ժամանակին (“Ճանապարհ” գրքի վրա աշխատելիս) շատ էի ցանկանում գոնե փորձ կատարել իրականացնելու իմ կարծիքով մի կարևոր գաղափար։ Միաժամանակ դույզն իսկ կասկած չունեի, որ առանց ինձ էլ ինչ-որ մեկը (և ոչ եզակի թվով) վաղուց արդեն իրագործած կլինի այն։ Պարզապես, ում հետ էլ որ խոսեի, հստակ չէին կարողանում պատասխանել, թե ինչ բան է այն ժողովածուն, որտեղ տեղավորված են հայերեն բոլոր պարբերական հրատարակությունները՝ առանց բացառության (թերթեր, ամսագրեր, շաբաթաթերթեր, ամսաթերթեր, ալմանախներ և այլ նման բաներ)։ “Սփյուռք” հանրագիտարանի այն բաժնում, որտեղ ներկայացված են երկրներ, որոնցում եղել են կամ կան հայկական համայնքներ, բերվում են նաև հրատարակությունների անվանումները։ Բայց ոչ բոլորը։ Անկասկած, դրանք հազարից էլ ավելի են։ Կցանկանայի իմանալ, թե այսօր որն է հնագույնը։ Հետաքրքրասիրության խնդիր չէ։ Այս ամենը ոչ միայն իրոք հետաքրքիր է, այլև չափազանց կարևոր այսպես ասած՝ “փաստարկելության” տեսանկյունից։
Աշխարհաշուրջին նախապատրաստվելիս, նյութեր հավաքելիս ես առանձնահատուկ ուշադրություն եմ հատկացրել Կալկաթային։ Դա բոլորովին էլ հինավուրց քաղաք չէ։ Ավելին, ընդհանուր առմամբ, ինչպես իրենք՝ բենգալացիներն են խոստովանում, այն իսկական քաղաք դարձավ շնորհիվ հսկայական հայ համայնքի։ Այսօր, ըստ էության, դա գետային ահռելի նավահանգիստ է՝ Գանգեսի գետաբերանին։ Այսօր այն սարսափելի հակադրություններով մի ինչ-որ անկառավարելի քաղաք է, որի ագլոմերացիայում ապրում է մոտ 15 միլիոն մարդ։ Ես հանրագիտարանում կարդացել եմ, որ 1981 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր երեք միլիոն։ Տեղական իշխանությունների տվյալներով նրանցից 500 հազարը “հավերժաբար” գործազուրկ էին, կամ պարզապես աղքատ։ Իսկ հիմա նրանք ավելի քան երկու միլիոն են։ Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ այդ միլիոններն ապրում էին իրենց գյուղերում ու բնակավայրերում, “հարուստ չէին, բայցև աղքատության մեջ չէին”։ Իրենց իսկ տվյալներով մոտ ապագայում Մեծ Կալկաթայի ագլոմերացիայում բնակիչների թիվը կհասնի ավելի քան քսան միլիոնի։ Ընդհանրապես Հնդկաստանում մեծ հետազոտություններ են կատարվում ագլոմերացիաների խնդիրների ոլորտում։
Դա շատ հրատապ խնդիր է։ Բառը լատիներեն նշանակում է “միացում”, “կուտակում”։ Խոսքը մեկ ամբողջության մեջ միավորված բնակավայրերի հոծ տարածական խմբավորման մասին է։ Ցավոք, այդպիսիների թվում է նաև Երևանը, որը մեկ-երկու սերնդի ընթացքում “կուլ տվեց” տասնյակ բնակավայրեր։ Ի դեպ, Երևանն իրենից ներկայացնում է “ագլոմերացիոն աղետի” տիպիկ օրինակ։ Դա պատահում է այն ժամանակ, երբ քաղաքն սկսզբում կորցնում է իր ավանդական, պատմական տեսքն ու կերպարը, ապա աստիճանաբար վերանում են կյանքային ու փիլիսոփայական յուրահատուկ ավանդույթներ, որոնք քաղաքը յուրօրինակ ընտանեկան օջախ էին դարձնում, և ապա այդ ամենը փլուզվում է անկառավարելի զանգվածների ճնշման ներքո, որոնք որպես կանոն և ըստ տրամաբանության իրենց “գործազուրկ” քանակից անցնում են “հեղափոխական” որակի։ Այս թեմային բազմիցս անդրադարձել եմ նույնիսկ “Կիլիկիա”-ից և “Արմենիա”-ից ուղարկված ռեպորտաժներում, քանզի ամեն անգամ այդ մտքին են հանգեցրել նորանոր քաղաքներ, նավահանգիստներ, որոնք ախտաբանական տառապանքի մեջ են այսպես կոչված “քաղաքային ագլոմերացիայի կամ կոնուրբացիայի” պատճառով։ Եվ այստեղ՝ Կալկաթայում էլ միտքն այդ գլուխ բարձրացրեց բնավ ոչ պատահաբար (թեև այս տողերը գրում եմ ոչ թե Կալկաթայում, այլ Կարմիր ծովում)։
Կալկաթայի հիմնադրման ժամանակներում (17-րդ դարի սկիզբ) նրա կառուցման ակունքներում կանգնած հայերն իսկույն փառք բերեցին քաղաքին իրենց անկրկնելի արհեստով։ Դիմենք պատմական փաստաթղթերին. “Հայ վաճառականնները երկար ու երկար ճամփաներով Կալկաթայից տանում էին ոչ միայն մանածագործների և ջուլհակների արտադրանքը, այլև առանձնապես հայ ոսկերիչ-ակնագործների ձեռքի աշխատանքը”։ Ապա հետևում է այդ աշխատանքների անվերջանալի թվարկումը։ Անգլիական ոսկերչական ընկերության պատվերով՝ Բոդհ-Գայա հայտնի տաճարի արծաթե եզակի մոդելը։ Հայտնի է, որ հայերի մեծ բարեկամն էր ռուսական Ալեքսեյ Միխայլովիչ ցարը, հենց որի համար էլ կալկաթյան վարպետները պատրաստեցին լեգենդար գահը, անգին մի իր, որն այժմ պահպանվում է կրեմլյան զինապալատում։ Ողջ Հնդկաստանով մեկ փառաբանված էին հայ դարբինները, դերձակները, խառատները, ատաղձագործները, փայտագործները, քարտաշները, շինարարները, կաշեգործները, ներկի ու գործվածքի վարպետները։ Նկարագրված են դեպքեր, երբ հարստանալով հայերը (բերված են անունները) այնքան շատ միջոցներ էին կուտակում, որ յուրօրինակ գլխավոր նախագծի համաձայն տներ էին կառուցում Կալկաթայում։ Մի ամբողջ քաղաք էին արարում։
Ընթերցողը կարող է հարցնել, թե ինչու է հեղինակը նորից վերադառնում մի թեմայի, որն արդեն փորձել է արծարծել նախորդ ռեպորտաժներում։ Պատճառները քիչ չեն։ Ի դեպ, դրանցից մեկը ոչ թե ծովային, այլ ցամաքային է։ Նկատի ունեմ այն, որ ինչպես ասում են, ոտքներս մի քիչ կախ գցեցինք (մեր ոտքը կապեցին) Շրի Լանկայում, իսկ հիմա էլ՝ Կալկաթայում։ Լուծում են այն հարցը, թե “Արմենիա”-ին ինչ երթագծով թույլ տան շարունակել ճամփան։ Այն ընթացքում (ամբողջ երկու շաբաթ), ինչ “ցամաքային կյանք” էինք վարում, Սոմալիի ծովահենները գրավել էին “11 միավոր լողամիջոց, որոնց թվում՝ յոթ առագաստավոր մարզանավ ու զբոսանավ։ Կան սպանվածներ և վիրավորներ։ Ծովային ավազակները յուրաքանչյուր զոհի փրկագինը նշանակել են ոչ պակաս, քան չորս միլիոն ԱՄՆ դոլլար”։ Բարեբախտաբար ես արդեն հասցրել եմ ընթերցողին ներկայացնել (երկմաս ռեպորտաժով) ծովահենության խնդիրը։ Այնպես որ, եթե ասենք՝ վաղը մեզ թույլ տան շարունակել ճամփան, ոչ մեկը կասկած չի ունենա ցեյլոնյան մեր “արձակուրդի” հիմնավորվածության վերաբերյալ։ Կորսված երկու շաբաթ, երբ նողկանքով մի գլուխ այն բարբաջանքն ես լսում, թե ծովահենությունը շա՜տ բարդ խնդիր է։ Եվ դա ասվում է ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի մակարդակով։ Ինչ վերաբերվում է կոնկրետ մեզ, ապա որպես գաղտնիք ասեմ, որ առավոտյան տեղեկատվություն ստացանք, որ վաղը (ամսաթիվը չեմ ասի) “Արմենիա”-ն կստանա նույնիսկ չափից ավելի հուսալի ուղեկցում։
Վերադառնանք Կալկաթային, որը, հիշեցնում եմ, կառուցել են նաև հայերը։ Կառուցել են եկեղեցիներ, մատուռ, դպրոցներ։ Մենք տեսանք այն ամենը, ինչ պահպանվել էր։ Եվ սուրբ Նազարեթ եկեղեցին, և Գրիգոր Լուսավորիչը, և Սուրբ Երրորդության մատուռը, և Կալկաթայում (Չինսուրա) ամենահին Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Իդպ, առաջին եկեղեցին կառուցվել է 1697 թվականին, վերջինը, Գրիգոր Լուսավորիչը՝ 1906 թվականին։ Այցելեցինք, ինչպես շիրմաքարի վրա էր գրված, Գյուլիստանյան Ղարաբաղի վերջին մելիք Ֆրիդոն Բեգլարյանի գերեզման։ Ծաղիկներ դրեցինք մելիքների փառապանծ տոհմի ներկայացուցչի շիրիմին։ Ողջ օրը Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանի և Հնդկաստանի հայկական թեմի առաջնորդ հայր Խորենի հետ այցելեցինք ոչ միայն եկեղեցիներ, այլև հին հայկական գերեզմանատներ։ Հազարավոր անկրկնելի շիրմաքարեր տեսանք։ Յուրաքանչյուր քարը՝ մի ողջ պատմություն։ Նյութականացված հիշողություն։ Ամբողջ օրը նկարահանում էին ոչ միայն պրոֆեսիոնալ օպերատորներ Սամվել Բաբասյանը և Հայկ Բադալյանը, այլև Սամվել Կարապետյանը, Արմեն Նազարյանը, Մուշեղ Բարսեղյանը։ Իրոք, մեզ մոտ հետաքրքիր ֆոտոտեսանյութ է հավաքվել…հիշողության մասին։ Իմաստունին հարցրել են. “Ի՞նչ է պետք մարդու հիշատակը պահպանելու համար”։ Նա պատասխանել է անմիջապես. “Ընդամենը մարմարագործի մեկ ժամվա աշխատանք”։ Չեմ հիշում բելգիացի, թե հոլանդացի մի սոցիոլոգ-փիլիսոփա, առանց կորցնելու նրբանկատությունը, ճիշտ հազար տարեց մարդու տվել է միևնույն հարցը. “Ի՞նչ կուզեիք ասել ձեզնից հետո ապրողներին”։ 998 հոգի տարբեր պատասխաններ են տվել։ Եվ միայն երկուսն են արտահայտել նույն միտքը. “Պահեք միայն հուշը մեր մասին, և մենք ոչինչ չենք կորցնի կյանքից հեռանալով”։ Հետազոտողի կարծիքով իմաստուններից մեկն էլ շատ վաղուց նման մի միտք է արտահայտել։ Այդ մասին ես հիշեցի և երկար խորհեցի Կալկաթայի հայկական եկեղեցու բակում, դանդաղ քայլելով հարթ, մարմարե սալիկների երկայնքով, որոնցով ծածկված է ողջ ընդարձակ բակը։ Դրանց վրա գրություններ են։ Անուններ, տարեթվեր, մտքեր, պատգամներ։ Պարզվում է, բենգալացիները մի այդպիսի սովորույթ ունեն՝ քայլել շիրմաքարերի վրայով՝ հավաքելու համար հիշողություն և իմաստություն։ Բայց ի՞նչ անել կոնկրետ այս դեպքում, եթե հիշող չկա։ Պարզվեց ելք կա։
Դեռ նախորդ օրը հանդիպել էինք եկեղեցուն կից դպրոցի աշակերտների հետ։ Այսպես ասած՝ եկեղեցա-թեմական դպրոց է բառիս լայն առումով։ Հագուստ, սնունդ, հանրակացարան, թեկուզև համեստ թոշակ, ֆիզկուլտուրա, սպորտ (ռեգբի), երգչախումբ՝ պրոֆեսիոնալ դիրիժորով, ուսուցումը՝ հայերեն, անգլերեն, հինդի, էքսկուրսիաներ…Եվ այդ ամենը մեր նախնյաց հաշվին։ Խոսքը տոկոսների մասին է։
Այ այստեղ է, որ պետք է շատ լուրջ խոսել։ Այսօր սովորում են վաթսուն երեխաներ։ Վերջերս քսանն ավարտել են դպրոցը և ցրվել աշխարհով մեկ։ Ով՝ որտեղ պատահի։ Եվ ահա արտակարգ և լիազոր դեսպանի (պետություն) և հոգևորականի (Հայ Առաքելական Եկեղեցի) ներկայությամբ ցանկացա պարզել՝ “ով՝ որտե՞ղ”։ Եվ ընդհանրապես ի՞նչ սկզբունքով են ընտրվում սովորողները։ Եվ առաջին հերթին՝ մեխանիզմը, ո՞վ է տերը։ Ինչպե՞ս և ո՞վ է զբաղվում վճարումով, ապահովմամբ, վերահսկմամբ և նման այլ բաներով։ Մինչև ոչ վաղ անցյալ (մինչև 2007 թվականը) դպրոց կար։ Բայց ավելի շատ քաոս ու խառնաշփոթություն էր տիրում։ Միջոցները բանկում են։ Օրենքով դրանք պատկանում են հայերին, ավելի ճիշտ՝ նրանց ժառանգներին, ովքեր դարեր առաջ կուտակել են դրանք։ Ես չեմ պատրաստվում իրավաբանական մանրամասների մեջ խորանալ, թեև կարծում եմ, գործը կշահի, եթե մի ինչ-որ բացախոսության սկզբունք գործի։ Ճիշտ է, նման դեպքերում բարդություններ կան նաև բուն հնդկական օրենսդրության մեջ, թեև պարզվեց, որ դրանք հաղթահարելի են, մանավանդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հնդկաստան կատարած այցից հետո, որտեղ նրան ընդունեցին երկրի և՛ նախագահը, և՛ վարչապետը։
Հիմնադրամի պաշտոնական տերը համայնքի խորհուրդն է՝ մեր հայրենակիցներ Սունիլ Սոբտիի և Սուզան Ռուբենի գլխավորությամբ։ Նրանց հետ հանդիպումը կազմակերպեցին Արա Հակոբյանը և հայր Խորենը։ Երկու առաջնորդների նախնիներն էլ Նոր Ջուղայից են։ Սուզանը խոսում է անգլերեն, իսկ Սունիլը՝ ոչ։ Փոխարենը նա մի քանի անգամ այցելել է Հայաստան։
Այն, ինչ պարզեցի ինձ համար, կարծում եմ, պետք է բոլորին հետաքրքրի։ Ըստ էության, խորհրդի ձեռքին է այն ամենը, ինչ կապված է եկեղեցու և դպրոցի հետ։ Հիմա հանրակացարան է կառուցվում աղջիկների համար, տղաներն այդ խնդիրը չունեն։ Դպրոցը լիարժեք է, ժամանակակից, առաջնորդվում է պետական ծրագրով, գումարած հայոց լեզու և գրականություն, Հայաստանի պատմություն, երգեցողություն։ Աշակերտները բացառապես Հայաստանից են։
Ինձ թվում է, եթե ոչինչ չձեռնարկենք պետական մակարդակով, ապա այդ դպրոցում կադրեր կպատրաստենք ոչ թե Հայաստանի, այլ Սփյուռքի համար։ Քանզի բացարձակ մեծամասնությամբ ցրվում են տարբեր երկրներ։ Տարօրինակ է թվում նաև դիմորդների ընտրությունը։ Բավական է հեռուստատեսությամբ և մամուլում հայտարարություն տեղադրվի, որպեսզի գործնականում մասնավոր ուղիով փաստաթղթեր ձևակերպվեն և ուղարկվեն Հնդկաստան։ Եվ այս ամենը կոչվում է բարեգործություն։ Իհարկե, և՛ Սուզան Ռուբեն Ջեյմսը, և՛ Սունիլ Սոբտին, և՛ մանավանդ մեր դեսպանը, նամանավանդ հայր Խորենը կցանկանային, որպեսզի ինչ-որ պետական կամ պատրիարքական համակարգ գործեր կադրեր պատրաստելու Հնդկաստանի այդ հայկական դպրոցի համար, որը դեռ երկար է գործելու։ Պետությունն այդ դեպքում ոչ մի լումա չի վճարելու։ Առայժմ կազմակերպչական ողջ աշխատանքն ընկած է հայր Խորենի ուսերին, որն այստեղ հսկայական հեղինակություն է վայելում։ Եվ Աստված չանի, որ Էջմիածինը ժամկետը լրանալուն պես հետ կանչի նրան։ Ու մի բան էլ. եթե ստեղծված իրավիճակում աշակերտների թիվը շուտով անցնելու է երկու հարյուրից, ապա չի կարելի համարել, որ Կալկաթայում հայ համայնք չունենք։ Այո, դա սփյուռք չէ, բայց արդեն համայնք է։ Մանավանդ սովորողների թիվն աճելու է։ Դրա համար հնարավորություններ կան։ Նշանակում է արդեն կարելի է խոսել եկեղեցական համայնքի մասին։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ դպրոցի դերակատարությունն է որակապես փոխվում։ Արա Հակոբյանը ոչ մի կասկած չունի, որ այստեղ կադրեր կարելի է պատրաստել ոչ միայն տնտեսության, ձեռներեցության, արվեստի, այլև դիվանագիտության ոլորտների համար։ Կրկնում եմ, պետությունը ոչ մի լումա չի ծախսելու, և խոսքը ոչ միայն մեր հայրենակիցների ապագայի մասին է, այլև Հնդկաստանի ու Հայաստանի միջև առավել սերտ, արդյունավետ և բարերար հարաբերությունների մասին։ Այ սա արդեն առավել քան կարևոր է։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Հնդկական օվկիանոս