www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
“ԱՐՄԵՆԻԱ”-Ն ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԾՈՎՈՒՄ
Ես ստիպված եմ բացել մեր խաղաքարտերը։ Մինչև Շրի Լանկա, ավելի ճիշտ՝ մինչև Հնդկաստան մենք խնդիրներ ունեինք կապված փոթորիկների, մեռյալ անհողմությունների, տրոպիկական տոթի, հասարակածային մուսսոնների հետ, երբ օրվա մեջ տասնյակ անգամներ փոփոխվում է տեղատարափ անձրևների ուղղությունը, և ահա մեզ հանկարծ, ինչպես ասել եմ բազմիցս, ստիպում են փոխել երթուղին։ Ա՜յ քեզ պատմություն. աշխարհաշուրջի երկրորդ փուլի ութ ամսվա նավարկությունից հետո, երբ համաձայն բոլոր հաշվարկների մեզ ընդամենը մի ինչ-որ մեկուկես (երկուսից ոչ ավելի) ամիս է մնացել Սուեզի ջրանցք և Միջերկրականի ջրեր մտնելու համար, առաջարկում են մեկնարկի ծովում հայտնվելու համար փոխել երթագիծը և լողալ ևս չորս-հինգ ամիս։ Ես ստիպված էի արբանյակային կապով խոսել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ներկայացրեցի իրավիճակը։ Հայտնեցի և այն մասին, որ միայն մեկ ելք կա՝ կազմակերպել ռազմածովային պարեկային ուղեկցում։ Հակառակ դեպքում մեզ պարզապես թույլ չեն տա Արաբական ծով ելնել։
Նախագահի հետ խոսակցությունից մեկ ժամ անց մեզ զանգեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Հոգիս ջերմացավ։ Հաջորդ օրը զանգեց ՆԱՏՕ-ի գծով Բելգիայի մեր ներկայացուցիչ Վարդան Հովակիմյանը։ Հոգիս լուսավորվեց։ Հաջորդ առավոտ զանգեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ Հոգիս և՛ ջերմացավ, և՛ լուսավորվեց, քանզի լսեցինք ամենագլխավորը՝ ռուսական նավերը մեզ կուղեկցեն։ Բայց դա դեռ ամենը չէ։ Կուղեկցեն անվճար։ Եվ դա էլ ամենը չէ։ Ուղեկցում են, ցավոք, միայն Ադենի նեղուցում, որը Հնդկական օվկիանոսը (Արաբական ծովը) միացնում է Կարմիր ծովին։ Այդ մասին ևս գրել եմ ռեպորտաժներում։ Բայց չեմ հաղորդել ամենագլխավորը։ Մինչև Ադենի նեղուց, Կարմիր ծով, այսինքն մինչև Սոմալիի ափեր, որտեղ ամբողջ մարտական նավատորմիկներով վայրագություններ են անում ծովահենները, ուղեկցում չկա։ Ծովահեններ կան, իսկ ուղեկցում չկա։ Ճիշտ է, հիմա արդեն եմենցի ծովահեններն էլ են ավելացել (սոմալիցիներին ընդունելով որպես “խաղացող մարզիչներ”)։ Մի խոսքով, Արաբական ծովի մեծ մասն արդեն անվճար անցնել չի լինի։ Ես, օրինակ, կարող եմ ասել, թե որտեղից փող ճարել։ Բոլորին է հայտնի, որ ծովային ավազակները տարեկան 15 միլիարդ դոլլարի վնաս են հասցնում շատ երկրների, որոնք, իդեպ, ՄԱԿ-ի կազմում են։ Հավանաբար կարելի է մտածել ինչպես կանխել այդ վնասները, ծախսելով, ասենք մեկ միլիարդ՝ փրկելու համար տասնչորսը։ Իսկ առայժմ մենք գտել ենք նշանակված գումարը։ Բնականաբար մեր պետությունը ոչ մի գրոշ չի ծախսել։ Իսկ թե կոնկրետ ով է հաշիվը փակում, կասեմ միայն, եթե մեկենասն իր համաձայնությունը տա։
Նոր էի սկսել բացել խաղաթղթերը, երբ մեզ հանկարծ հաղորդեցին, որ հայրենիքում արդեն բաց տեքստով տեղեկատվություն է գնացել այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանելու է “Արմենիա”-ին դիմավորելու հենց այն պահին, երբ կավարտվի մեր պատմության մեջ հայկական առաջին աշխարհաշուրջը, և նավախելի հետևում ավելի քան երկու հասարակած թողած մեր նավը խարիսխ կնետի Կիպրոս կղզում։ Իդեպ, դա լինելու է աշխարհաշուրջի պաշտոնական ավարտը, թեև Կիպրոսից հետո “Արմենիա”-ն ևս մոտ մեկուկես հազար մղոն պետք է անցնի՝ ձմեռման վայր հասնելու համար։
Հիմա, երբ արդեն խաղաթղթերը բաց են, ըստ ավանդույթի խոսենք հերթական ծովի, ավելի ճիշտ՝ ծովերի մասին. Արաբական և Կարմիր։ Իսկ այ, ուղեկցման մեխանիզմի մասին, հնարավոր է, պատմենք արդեն գրքում։ Դա մի ողջ գիտություն է՝ միախառնված աբսուրդի թատրոնին։ Բայց այսօր, խոսելով Արաբական ծովի մասին, չի կարելի դարձյալ չանդրադառնալ ծովահեններին։ Հիմա կարող եմ խոսել միայն մեր վրդովմունքի մասին։ Ինչպես արդեն ասվել է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արձանագրություն է ընդունել (թիվ 1838) “Ծովահենների դեմ պայքարի մասին”։ Բայց ահա ոչ ոք ուշադրություն չի դարձրել, որ այն ծայրեծայր խորամանկություն է։ Ահա թե ինչ է գրված այնտեղ. “Պետություններին թույլատրվում է ռազմածովային և ռազմաօդային ուժեր կիրառել ծովահենների դեմ պայքարում Սոմալիի գոտում”։ Այսինքն, Անվտանգության խորհուրդը ընդամենը “թույլատրում է”, և ոչ թե “կազմակերպում” կամ “ապահովում” իրական և անվճար անվտանգություն։ Եվ ահա, թույլտվություն ստանալով, ուղեկցում են վճարովի։ Իդեպ, միայն “Սոմալիի գոտում”։ Մինչդեռ բոլորը գիտեն, որ Սոմալիի ծովահեններն արդեն վայրագություններ են անում Հնդկաստանի ափերից մինչև Մադագասկար։ Սակայն, ցանկանում եմ, թե ոչ, բայց ծովահենների հարցին ես արդեն հիմնավոր ու հանգամանալից եմ անդրադառնալու։ Իսկ առայժմ՝ Արաբական ծովի մասին։
Այս ծովը չունի իր հստակ դիմանկարը, ուրվագիծը, մի խոսքով՝ իր գրաֆիկան։ Կա պարզապես Հնդկական օվկիանոսի հյուսիսային մաս։ Հանրագիտարաններում այդպես էլ սահմանվում է՝ Հնդկական օվկիանոսի մաս։ Այն տեղադրված է աշխարհի երկու ամենամեծ թերակղզիների միջև. Արաբական (մոտ երեք միլիոն քառակուսի կիլոմետր) և Հնդկական (մոտ երկու միլիոն)։ Արաբական ծովի հարավի ողջ երկայնքով նրա սահմանը որոշող ճշգրիտ գիծ չկա։ Փոխարենը, ունի □սեփական□ ծովածոցեր, որոնցից ամենամեծը՝ Ադենի։ Կան նաև խոշոր կղզիներ՝ Սոկոտրա, Լակադիվյան արշիպելագ։ Եվ կա ևս մեկ հարստություն. նրա մեջ է թափվում աշխարհի ամենահայտնի գետը։ Ժամանակին, որպես գետագնաց, ես հավաքել էի այն գետերի անունները, որոնցով երազում էի նավարկել։ Եվ դեռ այն ժամանակ, մոտ կես դար առաջ իմացա, որ Ինդոսը իր ավելի քան երեք հազար կիլոմետր ձգվող ջրերում, ինչպես գիտնականներն են ասում, տեղեկատվություն է տանում շատ երկրներից և այլ “աշխարհագրություններից”՝ Չինաստան, Հնդկաստան, Պակիստան։ Այն սկիզբ է առնում Տիբեթի բարձրավանդակի Կայլաս լեռնաշղթայի լանջերից։ Եվ ահա այդտեղից ապագա հզոր գետը իր հունն է բացում Հիմալայների և Հինդուկուշի լեռնաճյուղավորումների միջով։ Գանգեսի հետ կազմավորում է “համատեղ” հարթավայր։ Մինչև Արաբական ծով թափվելը Ինդոսը ոռոգում է ավելի քան տասը միլիոն հեկտար հող։ Ահա թե ինչպիսի “տեղեկատվություն” է կրում այդ գետը ծով լցվելիս։ Պարզապես ուզում ես նավակ նստել, մտնել Ինդոսի գետաբերան, որոշել այն գիծը, որ միմյանցից զատում է աղի ու քաղցրահամ ջրերը և փիլիսոփայել, զրուցելով գետի ու ծովի հետ միաժամանակ։
Սակայն մենք հիմա ոչ մի կերպ տրամադրված չենք փիլիսոփայելու։ Սամվել Կարապետյանը վրդովվում է առանց գոռոցի, նավապետաբար. “Ախր ինչո՞ւ է ամբողջ աշխարհը խոսում միայն “Սոմալիի գոտու” մասին, իսկ ծովահեններն ամենից շատ անօրինություններ են անում իրենց երկրից հեռու□։ Իմաստուն և վերջին ժամանակներս լռակյաց Արմեն Նազարյանը, որը շնորհիվ նավում իր հինգերորդ, թե տասներորդ պաշտոնի ամենից շատ է տեղեկացված, ձեռքերն է տարածում, տեսնելով ողջ զավեշտախաղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեռնարկած քայլերում ու գործողություններում։ Իսկ Հայկ Բադալյանը իր համակարգչով արդեն ոչ թե տողեր, այլ ամբողջ տեսաշարեր է որսում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են դիմակավոր ու անդիմակ ծովահենները ոչ միայն կրակում, սպանում, այլև հարցազրույցներ տալիս, որոնցում արդարացնում են իրենց գործողությունները։ Սամվել Բաբասյանը տաղանդավոր մեկնաբանություններ է անում հեռուստակադրերի վերաբերյալ։ Իսկ երիտասարդները՝ Մուշեղը, Վահագնը և Սարգիսը պարզապես չեն հավատում, թե ծովահեններին կարելի է վերջ տալ՝ նրանց միայն հարձակման պահին սպանելով։ Նրանք Հայկի համակարգչի էկրանին տեսել են, թե ինչպես ութ, տասը, տասներկու տարեկան տղաները (սոմալիցի, եմենցի և այլ), նայելով խցիկի օբյեկտիվին, դաստակի կողով ինքնագոհ անցնում են իրենց վզի վրայով, իբր՝ բոլորիդ մորթելու ենք։ Ձգված ցուցամատով ձեռքն առաջ են մեկնում, իբր՝ բոլորիդ կրակելու ենք։ Եվ իսկույն դառնում են կուռքեր երիտասարդության համար։ Այստեղ, դատելով ըստ ամենայնի, պետք է արմատապես փոխել ոչ միայն պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը, այլև բուն փիլիսոփայությունը։ Դա նշանակում է՝ պայքարել ոչ թե անձերի, այլ երևույթի դեմ։ Եվ պայքարել ոչ այնպես, ինչպես հիմա։ Թող ընթերցողը չզարմանա, որ ես նորից վերադարձա ծովահենների թեմային, ուղղակի և փոխաբերական իմաստով նավակողից դուրս թողնելով Արաբական ծովը։ Բոլորովին էլ ոչ։ Խոսքը Հնդկական օվկիանոսի հենց այս հյուսիսային մասի ողջ տարածքի է վերաբերվում, որտեղ հակառակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձանագրության, իրենց տեր ու տիրակալ են զգում ծովահենները։ Ես նայել եմ վերջին ամիսների ողջ տեղեկատվությունը և կասեմ անկեղծորեն. այսօր, պարզվում է, ամենաանվտանգ վայրը հենց Աֆրիկյան եղջյուրի շրջանն է։ Հյուսիս-Արևելյան Աֆրիկայի այդ ցցոնքի վրա են տեղադրված Սոմալին, Ջիբուտին և Եթովպիայի մի մասը։ Ես այն տպավորությունն ունեմ, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահպանում է աֆրիկյան հենց այդ եղջույրը։ Տվյալներ բերեմ, որ ստացել ենք պաշտոնական աղբյուրներից. “Լավ զինված ծովահենները վերջին վեց ամիսների ընթացքում շարունակում են հարձակումները նույնիսկ Կարմիր ծովում, ընդհուպ մինչև Սուեզի ջրանցք”։ Մեզ առաջարկում էին անցնել Մադագասկարով և Աֆրիկայի հարավով, այնինչ Սոմալիի ծովահեններն ընդլայնել են իրենց հարձակումների տարածքները Հնդկական օվկիանոսի արևմտյան, կենտրոնական և արևելյան ջրերում, ներառյալ Մադագասկարը և Սեյշելյան կղզիները։ Մենք ունենք ամեն ինչ՝ և՛ հեռախոս, և՛ ծովահենության դեմ պայքարի գծով ISB (Միջազգային ծովային բյուրո) էլեկտրոնային փոստ, և՛ “24 ժամ” թեժ գծի հեռախոսահամարը։ Մենք չունենք միայն հավատ ու զենք։
Չէ՞ որ Նոր Զելանդիայում մեզնից խլեցին ոչ միայն հնդկաձավարի պարկը, այլև խոհանոցում եղած մեծ դանակները։ Պարզվում է, չի կարելի այդպիսիք ունենալ։ Ծովահեններին կարելի է ունենալ ռմբանետներ, ականանետներ, նռնակներ, շուտով թույլ կտրվի նաև “Գրադ” համակարգի ծովային հրթիռային համալիրը, իսկ մենք չենք կարող ունենալ նույնիսկ խոհանոցային դանակ, որ վաճառվում է բոլոր հանրախանութներում։
Եվ էլի մի բան. մեզ մոտ ակնհայտ կասկածանք է ծնում այն փաստը, որ բոլոր ծառայությունները չափից ավելի եռանդագին են մեզնից խնդրում (պահանջում) տեղեկատվություն մեր գտնվելու վայրի մասին։ Հատուկ ընդգծում են հետևյալը. “Հիշե՛ք, ձեր տեղեկատվությունը կարող է կյանք փրկել։ Ողջ տեղեկատվությունը կպահվի խիստ գաղտնի”։ Ինձ թվում է, ողջ Հնդկական օվկիանոսում գաղտնիք պահել գիտեն միայն “Արմենիա”-ի անձնակազմի անդամները։ Պատահական չէր, որ անսպասելիությունից շունչներս կտրվեց, երբ իմացանք, որ բացորոշ հաղորդել են Հայաստանի նախագահի մտադրության մասին՝ Կիպրոսում դիմավորել մեր նավը վերջնագծի ժապավենի մոտ։ Թեև պետք է խոստովանել, ինքը՝ նախագահը շատ էլ լավ գիտեր, որ վտանգը արդեն ետևում է։ Համենայն դեպս այս տողերը գրում եմ արդեն Կարմիր ծովի ամենահյուսիսային մասում։ Ահա և կավարտեմ ռեպորտաժս Կարմիր ծովի մասին համառոտ պատմությամբ։ Նախ՝ ավանդույթ է, երկրորդ՝ Աստվածաշնչյան ծով է։
…Սա հենց այն ծովն է, որը փրկիչ կերպով ճեղքվեց այն պահին, երբ փարավոնի զորքը ուր-որ է պետք է հասներ ստրկությունից փախչող իսրայելական ժողովրդին։ Եվ փրկվեց։ Քարտեզի վրա Կարմիր ծովը թվում է երկարուկ, բարալիկ ու փոքրիկ։ Այնինչ հյուսիսից հարավ տարածությունն այնքան է, որքան Երևանից մինչև Մոսկվա՝ մոտ երկու հազար կիլոմետր։ Գտնվում է Աֆրիկայի և Արաբական թերակղզու միջև։ Հարավային սահմանները բավական բարդ են. Բաբ էլ Մանդեբի նեղուց, Ադենի նեղուց և Արաբական ծով։ Սոմալիի ծովահենների տեղաբաշխման ճիշտ կորիզը։
Մենք դեռ ընթերցողին պետք է պատմենք բուն Սոմալիի մասին՝ որպես պետության։ Իրականում այն վաղուց արդեն որպես պետություն գոյություն չունի։ Ասում են, Սոմալին կերակրվում է իր ծովահենների ողորմությամբ։ Աշխարհի բոլոր ծովերի մեջ Կարմիր ծովը ռեկորդակիր է իր աղիությամբ։ Տեղեկություններ կան, որ առաջին ճանապարհորդ-ծովագնացները երևան են եկել հենց Կարմիր ծովում։ Գլխավոր և ամենաաղմկոտ նավահանգիստն է Սուեզը։ Եվ ահա հաջորդ ռեպորտաժում կպատմենք թե Սուեզի, թե Սուեզի ջրանցքի մասին, Եգիպտոսի, հայկական համայնքի ու եգիպտական բուրգերի մասին։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Կարմիր ծով