www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ՀԱՐՈՒՍՏՆԵ՛Ր, ԽՆԱՅԵՔ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ
Մեր խե՜ղճ երկրագունդ։ Եթե Արևելյան և Արևմտյան կիսագնդերն իրենցից ներկայացնեին կշեռքի նժարներ, որոնց վրա տեղավորվեին մոլորակի բոլոր մարդիկ, ապա պատկերացնում եմ, թե ինչպես իր առանցքի վրա կողքի կթեքվեր այդ կենդանի գլոբուսը։ Նախորդ ռեպորտաժներից մեկում ես արդեն խոսակցություն էի սկսել տարբեր երկրների մակերեսի և բնակչության քանակի մասին։ Բայց ահա հիմա չծուլացա հաշվարկել, թե ինչ տեսք կունենային տիեզերքում այդ նույն կշեռքի նժարները և ինչ թվերի մասին է լինելու խոսքը։ Կարծում եմ, դա կհետաքրքրի մեր ընթերցողներին։ Ի դեպ, բոլորովին էլ նկատի չունեմ երկրագնդի բոլոր երկրներն ու ժողովուրդներին։ Ընդամենը նրանց, որոնք բնակչության քանակով և տարածքով ներառված են առաջին վեցնյակի մեջ։ Մեզ, իհարկե, ավելի շատ հետաքրքրում է բնակչությունը։ Վերջիվերջո խոսքը կշեռքի ֆանտասմագորիկ նժարի մասին է, որի վրա տեղավորել եմ միայն վեց երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Ինդոնեզիայի Բրազիլիայի և Պակիստանի ժողովուրդներին։
Որպեսզի հեշտ լինի ոչ միայն համեմատել, այլև մտորել, անմիջապես ասեմ, որ համաձայն պաշտոնական տվյալների այսօր Երկիր մոլորակում ապրում է արդեն յոթ միլիարդ մարդ։ 20-րդ դարի վերջին մոտ վեց միլիարդ էին։ 19-րդ դարավերջին՝ մեկուկես միլիարդ։ 1989 թվականին Չինաստանի բնակչությունը կազմում էր □ընդամենը□ մեկ միլիարդ 60 միլիոն։ Ներկայումս ընդհուպ մոտեցել է մեկ միլիարդ 500 միլիոնի։ Հնդկաստանը այդ նույն 1989 թվականին ուներ 760 միլիոն բնակչություն։ Հիմա՝ մեկ միլիարդ 200 միլիոն։ Հինգ տարի առաջ լույս տեսած “Աշխարհի բոլոր երկրները” ժողովածու-հանրագիտարանում 2005 թվականի տվյալներով Հնդկաստանում ապրում էր ուղիղ մեկ միլիարդ մարդ։ Այսինքն, հինգ տարվա ընթացքում բնակչության աճը կազմել է 200 միլիոն։ Համեմատության համար ասենք, որ Ռուսաստանում ապրում է 145 միլիոն մարդ։
Կուզենայի պայմանավորվել ընթերցողի հետ, որ թվերի շուրջ չենք վիճելու։ Վերջին հաշվով դրանք բոլորն էլ այս պահին ճշգրիտ չեն։ Եկեք ընդունենք դրանք որպես ինչ-որ միջին, մոտավոր, բայց միաժամանակ աչքաթող չանենք ամենակարևորը՝ միտումը։ Սա արդեն լուջ կատեգորիա է։
Այսպես, ուրեմն, այսօր միայն Չինաստանում և Հնդկաստանում, և եթե հավելենք նաև “իմ” վեցնյակի մեջ մտնող Պակիստանը և Ինդոնեզիան (իդեպ, նրանք բոլորը հարևաններ են), ապրում է արդեն երեք միլիարդ մարդ։ Անցած դարի յոթանասնական թվականներին այդքան ապրում էր ողջ մոլորակում։ Եվ այսպես, վեց երկրներում ապրում է հողագնդի բնակչության համարյա կեսը։ Ութսուն տոկոսը՝ ոչ թե պարզապես Արևելյան կիսագնդում, այլ Ասիայում։ Եվ ոչ թե պարզապես Ասիայում, այլ Արևելյան և Կենտրոնական Ասիայում։ Մի խոսքով, կշեռքի նժարի հետ համեմատությունը այստեղ բանի պետք չէ։ Այստեղ ընդհանրապես ուրիշ խոսակցություն է։ Պարզապես այս թեման շատ եմ սիրում։ Եվ ամեն անգամ, երբ սկսում եմ խոսել այդ մասին, ինձ հարցնում են, թե եթե խոսքը միտման մասին է, ապա ինչպիսի՞ն էր դինամիկան նախկինում, ասենք՝ հազար տարի առաջ։ Հիանալի հարց է։ Հազար տարի առաջ աշխարհում ապրում էր 270 միլիոն մարդ։ Դա ասում եմ ոչ թե ես, այլ գիտությունը։ Իդեպ, Եկատերինա Երկրորդի ժամանակ Ռուսաստանում ապրում էր 17 միլիոն մարդ։ Իսկ ինչո՞ւ չհիշենք նաև մեր ոչ հեռավոր նախնիներին։ Այն ժամանակներում (քիչ վաղ, քիչ ավելի ուշ) ամբողջ Արևմտյան և Արևելյան Հայաստանում, մի խոսքով, հարազատ Հայկական բարձրավանդակում, Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայի երկրներում, Հնդկաստանում, Հարավ-Արևելյան Ասիայում ապրում էին մոտ երեսուն միլիոն հայեր։ Հենց միայն Թուրքիայում 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին ապրում էին ավելի քան վեց միլիոն հայեր, որոնց բացարձակ մեծամասնությունը բնիկներ էին։ Պաշտոնական փաստ. Թուրքիայում ոչնչացվել են ավելի քան տաս հազար տաճարներ, եկեղեցիներ, հուշարձաններ։ Եվ այդ փաստը խոսում է շատ ու շատ բաների մասին։ Սակայն վերադառնանք “կշեռքի նժարին”։ Ուշադիր հետևելով Հդկաստանում ծնելիության աճի դինամիկային, ես բոլորովին չեմ կասկածում, որ մոտակա տաս-տասնհինգ տարվա ընթացքում (եթե ոչ շատ ավելի շուտ) Հնդկաստանը կհասնի Չինաստանին ու կանցնի։ Խեղճ Ինդիրա Գանդին երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած ամբողջ տասնվեց տարիների ընթացքում ապարդյուն փորձում էր սանձել “կատաղի ժողովրդագրությունը”։ Բայց ոչինչ չկարողացավ անել, բախվելով Հնդկաստանի բազմամիլիոնանոց մահմեդական բնակչության դիմադրությանը։
…Ահա այսպիսի մտքերով արշավախումբը մոտեցավ Հնդկաստանին, որտեղ հայերը հիմնավորվել են դեռևս մեր թվարկությունից առաջ հինգերորդ և չորրորդ դարերում։ Փոքրիկ էքսկուրս։ Դա շատ վաղուց էր։ Ձեռքս ընկավ մի գիրք հին հունական պատմագիր Քսենոֆոնտի և նրա յոթ հատորանոց “Հունաստանի պատմության” մասին։ Նրա յոթ հատորները ես չեմ կարդացել։ Բայց այ, իր և իր հատորների մասին գրքում ես գտա ծավալուն տեղեկություններ այն մասին, որ Հնդկաստանում այն ժամանակ շատ հայեր կային։ Եվ իհարկե, ինչպես սովոր եմ անել, այդ փաստն իսկույն ամրագրեցի գրառումներիս տետրում։ Նրանք եռանդուն կերպով զբաղվում էին առևտրով։ Կրկնում եմ, դա մեր թվարկությունից առաջ հինգերորդ, չորրորդ դարերն էին։ Ի դեպ, հետաքրքիր մանրամասն։ Հիշում եմ, ես այն ժամանակ ուշադրություն դարձրի, որ մարդը, այն էլ իր ժամանակի “գրահրատարակչական” պայմաններում, ամբողջ յոթ հատոր է գրում իր երկրի պատմության մասին, և հանկարծ ինքը՝ պատմությունը չի պահպանում նույնիսկ հեղինակի մահվան տարեթիվը։ Այնպես որ, հայտնի չէ, թե նա որքան է ապրել։ Յոթանասունհինգ, թե՞ յոթանասունվեց տարի։ Բայց չէ՞ որ նաև հայտնի գրող էր այդ ժամանակ։ Ես գիտեմ, թե ինչու այդպես ստացվեց։ Այն ժամանակ Հունաստանում Գրողների միություն չկար։
Սակայն շատ ավելի հարուստ ու շռայլ է այսպես ասած՝ Հայկական Հնդկաստանի պատմությունը արդեն ողջ երկրորդ հազարամյակի ընթացքում, մանավանդ միջնադարում և 17-րդ, 18-րդ, 19-րդ դարերում։ Այդ թեմային մենք անպայման կանդրադառնանք։ Իսկ առայժմ, կարծում եմ, պետք է նորից վերադառնանք համաշխարհային ժողովրդագրական խնդրի թեմային, հաշվի առնելով Հնդկաստանի բնակչության, ես կասեի՝ յուրահատկությունը… Խոսքը կազմության և կրոնի բազմազանության ու զանազանության մասին է։ Չկա հիմնական ժողովուրդ հասկացություն։ Կան ժողովուրդներ. հնդարաբական՝ 72 տոկոս, դրավիդներ՝ 25 տոկոս։ Բայց դրավիդներն էլ ներառում են այնպիսի ինքնուրույն ժողովուրդների, ինչպիսիք են տելուգուները, թամիլները, մալայալները, կանիարաները, գոնդերը, օրաոնները և այլք… Կան շատ ժողովուրդներ այսպես ասած՝ մոնղոլական ենթառասայից։ Բայց ահա թե ինչն է հետաքրքիր. երկրի պետական լեզուներն են անգլերենը և հինդին։ Սակայն ժողովրդի կեսից ավելին հիմնականում խոսում է տեղական լեզուներով։ Բացի պետական լեզուներից կան 17 պաշտոնական լեզուներ և մոտ 700 տեղական բարբառներ։ Բնականաբար, ժողովրդագրության հարցում ահռելի դեր են խաղում կրոնները։ Մոտ 85 տոկոսը դավանում են հինդուիզմ, 11 տոկոսը՝ իսլամ, 2 տոկոսը՝ քրիստոնեություն, 0,7 տոկոսը՝ բուդդայականություն։ Քրիստոնյաներից բացի, իսկ նրանք մոտ քսան միլիոն են, մնացած բոլորը, իրենք էլ չիմանալով այդ մասին, նույնիսկ չափազանց եռանդագին ու թափով հետևում են հենց քրիստոնեական կոչին՝ “Աճեք ու բազմացե՛ք”։ Բայց դա կարևոր չէ։ Կարևորն այլ բան է։ Այ հենց այդ “այլի” մասին ինձ երկար պատմեց իսկական հնդկագետ, Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանը։ Նա խորապես ուսումնասիրել է այդ մեծ ժողովրդի ոչ միայն ողջ պատմությունն ու ժամանակակից կյանքը, այլև փիլիսոփայության, քաղաքականության, էկոնոմիկայի նրբությունները։ Նա հիանալի գիտի, որ Արևմուտքը՝ իր Եվրոպայով և Ամերիկայով, չի կարողանա համենայն դեպս ինչ-որ տեսանելի ժամկետներում մտնել այս երկիր իր օրենքներով, բարքերով և ամենակարևորը՝ ներկայիս արևմտյան քաղաքակրթությամբ…Արևմուտքը չի կարող հասկանալ, որ հինդուիզմը ավելի շուտ գիտություն է, քան պարզապես կրոն։ Քանզի դա մի ողջ ուսմունք է հոգիների վերամարմնավորման մասին, որը տեղի է ունենում համաձայն անձի վարձքի փոխհատուցման, այսինքն՝ կարմայի օրենքների համաձայն։ Խոսքն ինչպես առաքինությունների, այնպես էլ արգահատելի վարքի մասին է։ Իսկ առաքինությունը գերագույն աստվածների պաշտամունքն է, կաստային ու կենցաղային կանոնների ու սկզբունքների խստիվ պահպանումը։ Հնդկաստանը պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին եղել է, կա և կլինի։ Դա պարզ երկիր չէ։ Այն յուրահատուկ երկիր է, որը հազարավոր տարիներ չի փոխել ոչ միայն իր սկզբունքները, “քչով բավարարվելու” կարողության մասին իր ժողովրդական փիլիսոփայությունը, այլև իր խորհրդանիշերը։ Ինչպես նախկինում, հիմա էլ նրանց համար սրբություններ են կովը, օձը, Գանգես գետը, լոտոսի ծաղիկը։
…Մի քիչ մեր՝ հայերիս մասին, կապված Հնդկաստանի թեմայի հետ։ Ես պարզապես ապշած եմ, թե այդ ինչու հեռավոր 17-րդ և 18-րդ դարերում ահռելի քանակով հայ գործարարներ բոլորովին չէին խանգարում միմյանց, գտնվելով Դելիում, Բոմբեյում, Կոչինում, Մադրասում, Կալկաթայում, փոխշահավետ կամուրջներ կապելով Ռուսաստանի, Պարսկաստանի, Վենետիկի, Թուրքիայի, Ֆրանսիայի գործարարների հետ, իսկ մենք հիմա մեր արագությունների ու հաղորդակցությունների, սեփական դեսպանության առկայությամբ չենք կարողանում շփումներ ստեղծել։ Իսկ չէ՞ որ մեր նախնիները ոչ միայն իրենք էին ֆանտաստիկ կերպով հարստանում (խոսքը, ինչպես հայտնի է, միլիարդների մասին է), այլև նրանց գործընկերները, իսկ ահա հիմա զրոյական վիճակում ենք։ Չէ՞ որ հարստանում էին առաջին հերթին այն պատճառով, որ շուկան ահռելի էր ու անսահման։ Այն ժամանակներում մեր հայրենակիցները ամիսներով, նույնիսկ տարիներով ճամփա էին գնում իրենց գործընկերներին հասնելու, նոր շուկաներ գտնելու համար։ Իսկ հիմա “Արմավիա”-ի ղեկավար Միխայիլ Բաղդասարովը, միամտաբար ենթադրելով, թե խելացի հայ գործարարները կբռնեն օդանավի պոչից, չվերթ բացեց Երևան-Դուբայ-Դելի և շուտով ստիպված եղավ փակել։ Ես հեռու եմ գործարարությունից։ Բայց սիրում եմ կարդալ։ Եվ կարդում եմ այն մասին, որ խելացի մարդիկ, որքան էլ հեռու լինի, շուկան փնտրում են այնտեղ, որտեղ մեծ պահանջարկ կա։ Եվ ահա որոշեցի մեր ընթերցողների համար, նաև գործարարների, հնդկական փիլիսոփայությունից քաղել մի քանի իմաստուն մտքեր ու խորհուրդներ։ Միաժամանակ չեմ մոռանում, որ պետք է գրել գիտարշավի մասին, “Արմենիա”-ի մասին, անձնակազմի նիհարած ու գիրացած անդամների մասին։ Իսկ մտքերն ու խորհուրդները սրանք են.
-Լավ է թշնամի ունենալ խելոքին, քան ապրել հիմարի հետ։
-Գործերը մեզ պետք է առաջնորդեն դեպի երջանկություն։ Բայց չկա երջանկություն այնտեղ, որտեղ չկա արդարություն։ Ուրեմն արդար վարվիր։
-Երջանկությանը հաջորդում է դժբախտությունը, դժբախտությանը՝ երջանկությունը։ Չկա անընդհատելի երջանկություն, չի լինում նաև անընդհատելի դժբախտություն։
-Իմաստուն խրատները անօգուտ են նրան, ով վախենում է գործել։ Ի՞նչ օգուտ ճրագից, եթե կույրի ձեռքերում է։
-Իմաստությունը մարդու զարդն է։ Իմաստության զարդը հանգստությունն է։ Հանգստության զարդը քաջությունն է։ Քաջության զարդը՝ փափկությունը։
-Փափկությունը հաղթում է մեղմությանը, փափկությունը հաղթում է խստությանը։ Ոչ մի անհասանելի բան չկա փափկության համար։ Այն ամենից ուժեղն է։
-Հարուստնե՛ր, խնայեք աղքատներին։ Առանց նրանց հարուստներ չեն լինում։ Քանզի համեմատելու բան չի լինի։
-Մինչև հինգ տարեկանը որդուդ հետ վարվիր ինչպես արքայի։ Հինգից մինչև տասնհինգը՝ ինչպես ծառայի։ Տասնհինգից հետո՝ ինչպես ընկերոջ։
-Կինը փայլում է՝ ողջ տունն է փայլում։ Կինը մռայլ է՝ ողջ տունը թաղված է խավարի մեջ։
…”Արմենիա”-ն նախապատրաստվում է մարաթոնյան վերջնագծի։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Հնդկական օվկիանոս