www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵՑԻՆ ԱՅՆ, ԻՆՉԸ ՇԱՏ ՎԱՂՈՒՑ ԷՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՎԱԾ
Կոլոմբո։ Ավելի ճիշտ՝ նավահանգիստ Կոլոմբո։ Շրի Լանկայի ոչ պաշտոնական կամ փաստացի մայրաքաղաքը, կամ էլ՝ նախագահի և կառավարության նստավայրը։ Որովհետև կա նաև պաշտոնական մայրաքաղաք՝ Շրի Ջայավարդենապուրա Կոտտե երկար անունով, որտեղ նախագահի և վարչապետի աչքից հեռու իրենց գործն են անում պառլամենտը և գերագույն դատարանը։ Պարզվում է, պետությունն այդպես էլ կարող է նորմալ գոյություն ունենալ։ Այդ թեմային կվերադառնամ։ Իսկ առայժմ՝ մեր նավային խնդիրների մասին։ Ես արդեն պատմել եմ Սուրաբայա-Սինգապուր-Շրի Լանկա հատվածում մեր ստացած վերքերի մասին և որ մեկ-երկու օրում կկարողանանք ահռելի նավահանգստում ապաքինվել բոլոր ցավերից։ Բայց ու՜ր էր թե։ Հազար անգամ նորոգել են, ասենք, պոմպերը։ Բայց հիմա նաև ողջ նավային սանտեխնիկան դրա կարիքն ունի։ Ծովում ստիպված ենք եղել վարպետ դերձակների պես առագաստներ կարել ու կարկատել, ինչ-որ դետալներ պատրաստել ինքնագնաց սարքի համար, կայմ ամրացնել։ Ո՞ր մեկն ասես։ Բայց այստեղ հանկարծ պարզում ենք, որ հսկայական նավահանգստում չկա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ո՛չ երրորդը։ Նման դեպքերում ասում են՝ թևաթափ եղա։ Բայց ոչ երբեք “Արմենիա”-ի վրա։ Եվ դա ինքնագովություն չէ։ Ավելի շուտ գործուն փիլիսոփայություն է, երբ մի կողմից համակերպվում ես անխուսափելիի հետ, մյուս կողմից՝ ելք փնտրում անելանելի վիճակից։
Մեզ մոտ պարզապես արգելվում է թևաթափ լինել։ Հենց թեկուզ այն պատճառով, որ այդ “թորշնած” կեցվածքը կարող է, մեղմ ասած՝ չափազանց ցավալի հետևանքների հանգեցնել։ Իրոք, պատկերացրեք՝ բաց օվկիանոսում փորձանքի մեջ ես ընկել բավական չէ, դեռ հուսահատության գիրկն ես ընկնում, այն էլ, երբ քթիդ տակ հավերժաբար քաղցած շնաձկներ են վխտում։ Եվ վստահ եմ, որ եթե նույնիսկ ոչ մի կերպ չճարենք այդ պոմպերը, ապա Մուշեղի ու Վահագնի նման չափազանց ընդունակ և նույնիսկ տաղանդավոր օգնականներ ունենալով, այն էլ ճշգրիտ գիտությունների թեկնածու Արմեն Նազարյանի ուշադիր հայացքի տակ, մեր իսկական էդիսոններ Սամվել Կարապետյանն ու Հայկ Բադալյանը մի ինչ-որ հրաշք կմոգոնեն, որը կաշխատի, կգործի, կծառայի։ Միաժամանակ բոլորն էլ անպայման կխոստովանեն, որ առանց Սամել Բաբասյանի, առանց ինձ (համեստություն չանեմ), և մանավանդ առանց կոկի իրենց մոտ ոչինչ չէր ստացվի։ Եվ այնուամենայնիվ լավագույն տարբերակը այդ չարաբաստիկ պոմպերը ճարելն է։ Բայց երանի թե խոսքը միայն պոմպերի մասին լիներ։ Իհարկե, այս ամենը նրանից է, որ ամենասկզբում չկարողացանք նոր նավ “ճարել”։ Սակայն և՛ ուշ է այդ մասին խոսել, և՛ մեղք։ Քանզի այն տպավորությունն ունեմ, որ մեր “Արմենիա”-ն հազար անգամ ավելիին դիմացավ, ինչին չէին կարող դիմանալ հազար նոր, ինչպես ասում են՝ յուղը վրան նավեր։
Պատահական չէ, որ վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ եմ շոշափում մի այնպիսի ոչ քնարական թեմա, ինչպիսին նորոգումն է։ Ես նույնիսկ ժամանակին մի պատմվածք էի գրել, որի վերնագիրը հենց □Վերանորոգում□ էր։ Ներկայիս սերունդը, խոսքն իհարկե երիտասարդների մասին է, դժվար թե իմանա, որ կար ժամանակ, երբ □գնել□ բայի փոխարեն ավելի շատ շրջանառվում էր “ճարել” բայը։ Այ, հենց այդ մղձավանջի վրա է հենված պատմությունը, որի իմաստը սփյուռքում ապրող իմ բարեկամներից ոչ մեկը չէր կարողանում հասկանալ։ Իսկ Լուիզ Սիմոնը (80-90-ական թվականներին Համահայկական բարեգործական միության նախագահը) նույնիսկ նախանձում էր ինձ։ Նյու Յորքի իր բնակարանը նորոգելուց հետո որոշել էր սառնարան գնել ու մի ամբողջ շափաց տանջվել էր խանութից-խանութ գնալով։ Դժվարանում էր ընտրել ավելի քան հարյուր տեսակի, գույնի ու ձևի մեջ։ Եվ ահա, մահու չափ հոգնած, արտահայտվեց. “Ավելի լավ չէ՞ ձեր սոցիալիզմի պայմաններում, որտեղ ոչ միայն գնելու, այլև ընտրելու բան չկա”։
Մեր առագաստանավում նման հարցերը լուծվում են, ինչպես հիմա ընդունված է ասել, ինտերնետի միջոցով։ Դա արդեն Արիկի ոլորտն է, որը սկսած Նոր Զելանդիայից, օգնության համար դիմում է իր որդի Վախթանգին։ Մեր նավում ինտերնետը շատ դանդաղ է աշխատում։ Ճիշտ է, Վախթանգն ապրում է Ավստրալիայում (որտե՞ղ միայն չեն ապրում նրա որդիները)։ Վախթանգին միայն իմանալ է հարկավոր, թե ինչ մասին է խոսքը, երբ և որտեղ պետք է հասցնել։ Մնացած ամեն ինչ նա անում է ճշգրիտ և մեզ համար առանց դժվարությունների։ Ինչ վերաբերվում է պոմպերին, պարզվում է, որ շուկայական կապիտալիզմի ժամանակ էլ կարող են խնդիրներ լինել։ Այստեղ նույնիսկ Վախթանգը ոչինչ չկարողացավ անել։ Չափից դուրս սահմանափակված ենք ժամանակի հարցում։ Բայց փոխարենը՝ մենք մի մեծագույն խնդիր ունենք, որը կարող ենք հանձնարարել միայն մեր Վախթանգին (նա արդեն մերն է)։ Դա կապված է ծովահենների հետ։ Բայց այդ թեման՝ առաջիկա ռեպորտաժներում։
Իսկ առայժմ վերադառնանք երկրին, որտեղ գտնվում է □Արմենիա□-ն։ Այստեղ հայեր չկան, թեև եղել են 17-18-րդ դարերում։ Գլխավորապես նրանք էին, ովքեր հիմնավորվել էին Հնդկաստանում։ Հույս ունենք գոնե մեկին գտնել։ Չէ՞ որ նույնիսկ Զատկի կղզում մենք իմացանք մի հայրենակցի մասին, բայց դա հեռանալու ժամին էր։ Չհասցրեցինք։ Հիշում եմ, թե ինչպես Հռոդոս կղզում կառանվելուց բառացիորեն անմիջապես հետո ես ու Կարեն Դանիելյանը, առաջինն իջնելով ափ, մտանք քիչ հեռվում գտնվող ուղղափառ տաճար։ Եվ այնտեղ էլ վաղ առավոտյան հանդիպեցինք երկու հայուհիների։ Մայր ու դուստր էին՝ Գոհարը և Սվետլանան։ Սվետլանայի հայրը՝ ազգությամբ հույն, զոհվել էր Կիրովականում, սեփական տանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։
Ըստ իս, Շրի Լանկան այսօր միակ երկիրն է, որի անվան մեջ նշվում է □սոցիալիստական□ բառը։ Ես անվան մասին եմ խոսում, ոչ թե էության։ Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական հանրապետություն։ Տարածքով աշխարհում 119-րդն է։ 65 հազար քառակուսի կիլոմետր։ Բնակչության թվով 53-րդն է՝ 22 միլիոն։ Քաղցրահամ ջրի խնդիր ունեն. խմելու ջրի մակերեսը երկու տոկոս էլ չի կազմում։ 70 տոկոսը բուդդայականներ են, 15-ը՝ հինդուիստներ, 8-ը՝ քրիստոնյաներ, 7-ը՝ մահմեդականներ։ Արդեն երկու տարի է, ինչ երկրում պարետային ժամ է մտցվել։ Ճիշտ է, վերջին ժամանակներս ռեժիմը մի քիչ մեղմացրել են։ Հակառակ դեպքում ընդհանրապես “Արմենիա”-ին չէին ընդունի Կոլոմբո նավահանգստում։ Մեկ տարի առաջ այստեղ իրոք պատերազմ էր, որը, կածում եմ, չի դադարում արդեն երկուսուկես հազար տարի։ Համենայն դեպս, դեռևս մեր թվարկությունից առաջ 504 թվականին հնդկական Վիջայա արքայազնը նվաճեց Շրի Լանկա կղզին (Շինգալա) և երկար հարյուրամյակներ հնդիկները կառավարեցին երկիրը։ Ամենուր ընդգծվում է, որ նրանք մեծ ներդրում ունեն և՛ մշակույթում ընդհանրապես, և՛ բուսամշակման, բրնձի մշակման մեջ՝ մասնավորապես։
Թող ընթերցողը բոլորովին չզարմանա, որ ես հանկարծ “Արմենիա”-ում սկսեցի հեռավոր կղզու պատմությունից խոսել, ասես “սեփական” թեմաներս քիչ էին։ Ընդհանրապես ես ոչ մի բան հենց այնպես չեմ անում։ Բազմիցս իմ գրառումներում անդրադարձել եմ աշխարհագրական այն հայտնագործություններին, որոնք երբեմն իրենցից հիմարություն են ներկայացնում։ Օրինակ բերեմ։ Մինչ □Արմենիա□-ն կմոտենա Շրի Լանկային (Ցեյլոնին) ես արդեն ամբողջովին թաղված եմ կղզու պատմությանը վերաբերվող նյութերի մեջ։ Գիտենք, որ երկիրը բազմիցս նվաճել են։ Մեր թվարկության 3-րդ դարում այստեղ խոշոր պետություն կազմավորվեց, իսկ 4-րդ, 5-րդ դարերում այն զարգացավ։ Երկար հարյուրամյակներ շարունակվում էին ազգամիջյան բախումները։ Վեց դար շարունակ պատերազմ էր ընթանում թամիլյան թագավորների և հնդիկ զավթիչների միջև։ 13-րդ դարում սկսվեց բնակչության վերաբնակեցումը կղզու կենտրոնական և հարավ-արևելյան տարածքներ։ 15-րդ դարում կղզին նվաճեցին չինացիները։ Կարծում եմ, բավական է թվարկել։ Ավելացնեմ միայն, որ կղզում տիրող ահա այպիսի ռազմականացված իրավիճակում այնուամենայնիվ զարգանում էր մշակույթը։ Դեռևս խորին դարերում բնակչությունը գրագետ էր։ Այսօր Շրի Լանկան ողջ տարածաշրջանում փառաբանված է գրագիտության իր ցուցանիշներով. տղամարդկանց 92 և կանանց 89 տոկոսը գրագետ են։ Եվ հանկարծ աղբյուրներից մեկում կարդում եմ. “1506 թվականին պորտուգալացի ծովագնաց Լոուրենսու դե Ալմեյդան հայտնագործեց Ցեյլոն կղզին”։ Ահա այսպես ևս մեկ Կոլումբոս հայտնվեց։ Դե, ինքներդ էլ գիտեք, համարում են, թե Կոլումբոսը (Ցեյլոնի □հայտնագործումից□ 14 տարի առաջ) հայտնագործեց Ամերիկա մայրցամաքը, որտեղ, ի դեպ, գոյություն ուներ զարգացած քաղաքակրթություն և բարձրագույն մշակույթ դեռևս հազարավոր տարիներ առաջ, մինչ եվրոպական կապիկները ծառերից կիջնեին գետնին։ Եվ ես բոլորովին էլ պատահաբար չշոշափեցի այս թեման։ Օրերս Հայկ Բադալյանն ինտերնետից քաղեց հերթական վայրի անհեթեթությունը, որով ադրբեջանցիները ողողել են ողջ “համաշխարհային սարդոստայնը” (ժամանակակից փիլիսոփաներն այն անվանում են “համաշխարհային կոյուղի”)։ Չբավարարվելով հայերի դեմ ստոր ու վիրավորական հարձակումներով, բանն այնտեղ հասցրին, թե իրենք իբր նախկինում (հավանաբար 301 թվականից) եղել են…քրիստոնյաներ, հետո իրենց դարձրել են մահմեդականներ։ Իբր հայտնագործել են նրանք Նախիջևանը, Ղարաբաղը, սկսել են կառուցել եկեղեցիներ, խաչքարեր, որոնք հետո անվանել են խաչդաշ։ Կուզենայի իմանալ՝ ո՞ր լեզվով են հնչեցրել □Հայր մեր□-ը, ո՞ր լեզվով են Աստվածաշունչ կարդացել։ Պատմության մեջ իրենց քարոզներից մեկում գոյություն ունի՞ գոնե աստվածաշնչյան մեկ տող կամ մեջբերում։ Եվ եթե իրենց նախնիները եկեղեցիներ են կառուցել ու խաչքարեր քանդակել, ինչո՞ւ են իրենք հիմա այդպես գազանաբար ոչնչացնում դրանք։ Կարծում եմ, հեռու չէ և այն օրը, երբ մենք կտեղեկանանք, թե Հայկական բարձրավանդակը, պարզվում է, առաջ կոչվել է Թուրքական կամ Ազերական։ Մի խոսքով, աշխարհագրական հայտնագործությունների հետ պետք է զգույշ վարվել։ Եվ ընդհանրապես, ավելի լավ կլիներ աշխարհի առաջ ոչ թե բացել ողջ Ամերիկան, Ավստրալիան, Պոլինեզիան, Օվկիանիան, այլ… փակել։ Գուցե այն ժամանակ կպահպանվեին և՛ տաղանդավոր ժողովուրդները, և՛ համաշխարհային ամենահին քաղաքակրթության գլուխգործոցները։
Ես մեծ քանակով պատմական նյութեր եմ հավաքել Ցեյլոնի մասին, մանավանդ այն շրջանի վերաբերյալ, երբ այն “հայտնագործեցին” եվրոպական բարբարոսները։ Ահա համառոտ ողբերգական ժամանակագրություն. 16-րդ դարում կղզում սպանում և ավերածություններ էին գործում պորտուգալացիները, ապա նրանց փոխարինելու եկան հոլանդացիները, որոնք տաղանդավոր վարպետներ էին բաժանելու և տիրելու գործում։ Եվ ահա միմյանց դեմ հանեցին երկրի տարբեր թագավորություններին։ Բայց հայտնի է, որ այդ գործում անգլիացիները պարզապես հանճարեղ են։ Նրանք դուրս մղեցին հոլանդացիներին և 1796 թվականին վերացրին վերջին սինգալական թագավորությունը՝ Կանդի մայրաքաղաքով, և ողջ կղզին մինչև վերջին թիզ հողը հռչակեցին բրիտանական գաղութ։ Ահա այսպես, ամեն մեկը յուրովի հայտնագործեց խեղճ կղզին, կրկնում եմ, միմյանց դեմ հանելով ցեղերը, կրոնները, բնիկներին ու եկվորներին։ Տեղի ժողովուրդներից ամենառազմատենչը թամիլներն են։ Դա հնագույն ժողովուրդ է։ Ապրում են կղզու հյուսիսում։ Մոտ չորս միլիոն են։ Ստեղծել են “Ազատագրության վագրեր” պարտիզանական կազմակերպությունը։ Վերջին ապստամբությունը տեղի է ունեցել երկու տարի առաջ։ Եվ մինչև հիմա իներցիայով գործում է պարետային ժամը։ Նավահանգստում մինչև “Արմենիա”-ին հասնելը տասը տեղ ստուգում են մեր փաստաթղթերը։
Հավաքելով նյութեր Շրի Լանկայի մասին, որի հետ հանդիպումը, ինչպես արդեն նշել եմ, ծրագրված չէր, ես իմացա, որ ոչ շատ վաղուց Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը հավաստագրեր է հանձնել երկրի նախագահ Մահինդա Ռաջպակսալին։ Այս կղզային երկիրը հարստագույն պաշարներ ունի։ Մեր դեսպանը հանդիպել է նաև արդյունաբերության ու առևտրի, բարձրագույն կրթության, ջրամատակարարման և ջրաբաշխման (այդպիսին էլ կա), բնապահպանական և բնական պաշարների նախարարների հետ։ Հակոբյանը հանդիպել է նաև պառլամենտի անդամների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների հետ։ Երկիրն իրոք չափազանց հարուստ է։ Բայց այնքան էլ հեռու չէ, որքան թվում է։ Ընդհանրապես առևտրի համար չկան մոտիկ և հեռու գործընկերներ։ Այդ մասին շատ լավ գիտեին հայ վաճառականները բոլոր ժամանակներում, առանձնապես միջնադարում։
…Մենք գիտեինք, որ Անտոն Պավլովիչ Չեխովը Սախալին կատարած իր դժվարին ճամփորդությունից հայրենիք վերադարձավ Ցեյլոն կղզով։ Գիտեինք և այն, որ հյուրանոցներից մեկում վերջերս, Ռուսաստանի Գրողների միության նախաձեռնությամբ, Գազարդի և Շրի Լանկայում Ռուսաստանի դեսպանության օգնությամբ հուշասենյակ է բացվել և տեղադրվել մեծ գրողի կիսանդրին, որն անտեսելը պարզապես մեղք է։ Եվ ահա կապվեցի ինձ լավ հայտնի, խորհրդային և ռուսական դիվանագիտության լեգենդար վետերան, Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Միխայլովիչ Գանակինի հետ։ Խնդրեցի, որ ինձ կապի Շրի Լանկայում Ռուսաստանի դեսպանի հետ, որպեսզի վերջինս կազմակերպի “Արմենիա”-ի անձնակազմի հանդիպումը Անտոն Պավլովիչ Չեխովի հետ։ Տաս րոպե անց ինձ զանգեց Շրի Լանկայում Ռուսաստանի գործերով դեսպանին փոխարինող հանձնակատար Եվգենի Նիկոլաևիչ Սերգիենկոն և ասաց, որ ինքը կգա մեզ մոտ՝ նավ։ Եվ կգա կնոջ՝ Սվետլանա Արտաշեսի Ատամանյան-Սերգիենկոյի հետ։ Հենց այդպես։ Գտնվեց այնուամենայնիվ հայուհի նաև Շրի Լանկայում։ Եվ ես հիշեցի Հռոդոս կղզին։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Հնդկական օվկիանոս