www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻԱԿԸ ՉԷ
Արդեն ամբողջ յոթ տարի է, ինչ “Ամարաս” հրատարակչության տնօրեն Արկադի Ասրյանը սկզբում “Կիլիկիա”-ի, իսկ հիմա էլ □Արմենիա□-ի անձնակազմի թերևս ամենաեռանդուն ու գործուն պատվավոր անդամն է։ Եվ հարցը բոլորովին էլ այն չէ, որ հենց “Ամարաս”-ում են հրատարակվել “Կիլիկիա”-ի բոլոր երեք հատորները, այլ այն, որ նավարկության ընթացքում նա կանոնավոր կերպով ուղարկել և ուղարկում է ինձ տեղեկատվություն, որից մենք զրկված ենք նավի վրա։ Ահա հիմա էլ Արիկն իմ սեղանին դրեց ընդարձակ մի տեքստի վերատպություն, որը վերնագրված է “Հայկական օրը թագավորական Էսկոտում”։ Իսկույն մտովի վերադարձա 2006 թվականի մայիս, երբ նախապատրաստվելով “Կիլիկիա”-ի ոդիսականի երրորդ՝ ավարտական փուլի մեկնարկին, մենք դեպի Լոնդոն լողացինք և ապա ետ՝ Թեմզայով ու Լա Մանշով, դեպի Հյուսիսային և Բալթիկ ծովեր, մինչև Ֆիննական ծոց, որտեղից մուտք է բացվում Ռուսաստանի ներքին ջրուղիներ և որոնցով ես Կամչատկայի իմ ընկերներ Անատոլի Գավրիլինի և Անատոլի Սալնիկովի հետ 1967 և 1970 թվականներին լողացինք “Վուլկան” և “Հեյզեր” ինքնաշեն նավակներով Այստեղ ես չեմ կարող չդիմել ավանդական քնարական շեղման, սկսելով “իդեպ” բառից։ Իդեպ, բանն այն է, որ մի ժամանակ բազմաթիվ գետերի մեջ Թեմզան իմ երազանքն էր։ Ահա թե ինչ է գրված բառացիորեն օրերս լույս տեսած երկերի ժողովածուի չորրորդ հատորում, որը նվիրված է 60-ական, 70-ական և 80-ական թվականներին իմ կատարած ճամփորդություններին։ “Կամչատսկայա պրավդա” թերթում տեղեկատվություն տպագրվեց Արևմտյան Եվրոպայի գետերով մինչև Լոնդոն նախապատրասվելիք արշավի մասին։ Երթուղին կոչվում է “Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան օվկիանոս՝ ջրերով, մայրցամաքի վրայով”։ Վոլգա, Դնեպր, Դանուբ, Էլբա, Սոնա, Սենա, Լա Մանշ, Թեմզա, Լոնդոն։ Մեկնարկը՝ 1967 թվականի հուլիսի 15-ին”։ Այն մասին, թե ինչ եղավ հետո, կարելի է կարդալ “Երկնագույն ճանապարհներ” գրքում, որը հայերեն լույս տեսավ յոթանասնականների սկզբին։
Այնպես որ, համատարած հիշողություններ են։ Որևէ գետի կամ ծովի անուն ես լսում և իսկույն ընկնում հուշերի գիրկը։ Իսկ այստեղ կարծես թե ո՛չ գետ կա, ո՛չ ծով, այլ Էսկոտ բնակավայրը, որտեղ արդեն երեք հարյուր տարի անցկացվում է Թագավորական ձիարշավ՝ Անգլիայի թագավորի կամ թագուհու ներկայությամբ։ Կհարցնեք՝ իսկ ի՞նչ կապ ունի Թեմզան։ Բանն այն է, որ այն տարի հենց Թեմզայի վրա (Լոնդոնի կենտրոնում) կանգնած էր “Կիլիկիա”-ն, որին այցելեցին հայտնի գործարար Վաչե Մանուկյանը և, նշենք վարած գլխավոր պաշտոնը, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը։ Երկուսն էլ այն ժամանակ նավի վրա իրենց ստորագրությունները դրեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան ապագա (հիմա՝ արդեն իրականացվող) շուրջերկրյա նավարկության երթուղու քարտեզի տակ։ Քարտեզն առաջինը ստորագրել էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դեռևս մեկ տարի առաջ, Ջիբրալթարում։ Սակայն դա այլ պատմություն է։ Կգա ժամը, դրան էլ կանդրադառնանք։ Հիմա այլ հուշերի մասին է խոսքը։
Այն ժամանակ, հինգ տարի առաջ, ինչպես ինձ թվաց, ամբողջ Լոնդոնը խոսում էր մեկ ամիս անց Էսկոտում տեղի ունենալիք Թագավորական ձիարշավի մասին, որը նվիրված էր Աննա թագուհու ներկայությամբ առաջին ձիամրցման 295-ամյակին։ Սակայն դեռ այն ժամանակ հրապարակումներում հաճախ էր աչքի զարնվում 300 կլոր թիվը։ Եվ ահա, այդ տարեթիվն էլ հասավ։ Եվ ողջ Անգլիան ապրում ու շնչում է անցյալի և հեռավոր նախնիների մասին հիշողություններով։ Պարզվում է, միայն այսպես կարելի է գործուն կերպով մտածել ապագայի և սերունդների մասին։
Եվ ահա այդ ավանդական համազգային տոնի ժամանակ անցկացվում է “Հայկական օր”, երբ “Երևան՝ իմ սեր” նախագծի խոշորագույն բարեգործներն ու հովանավորները դարձան Արմեն և Նունե Սարգսյաններ ամուսնական զույգի անձնական հյուրերը։ Եվ դա տեղի է ունենում հունիսի 14-ին Էսկոտում Թագավորական ձիարշավի բացման արարողությանը։ Ես չեմ ուզում կանգ առնել մանրամասների վրա, քանզի համոզված եմ, որ ծավալուն տեղեկատվությունը հաստատ տրվել է մեր երկրի զանգվածային լրատվամիջոցներով։ Իմ նպատակն այլ է։ Ահա կարդում եմ, որ Արմեն Սարգսյանը Նորին մեծություն թագուհու հետ ընդունել է ավելի քան 250 հյուրերի ողջ աշխարհից, իսկ ինքս մտածում եմ 1996 թվականի վերջին Արմենի հետ Լոնդոնում ունեցած մեր հանդիպման մասին։ Լորդերի պալատի երկրորդ խոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հերթական կոնֆերանսն էր կազմակերպել՝ նվիրված Ղարաբաղի իրավիճակին, և ես թռա Լոնդոն։ Այն ժամանակ ողջ Հայաստանը գիտեր, որ նախկին վարչապետը և Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը ծանր հիվանդ է։ Ախտորոշումը… այն նույնը, որի ճակատագրականությունից սարսռում ես։ Չէի կարող չայցելել Արմենին։ Սարգսյանների տանն այն ժամանակ ես տեսա ամեն ինչ. և՛ տագնապը Նունեի աչքերում, որն ամուսնուն էր փոխարինում որպես դեսպան, և՛ անթաքույց վախը նրանց պատանի զավակների աչքերում։ Ես տեսա չափազանց հյուծված Արմենին՝ հողագույն դեմքով։ Նա հազիվ էր շարժվում։ Հիմնականում ժամանակն անց էր կացնում բազկաթոռում, տաք, փափուկ ծածկոցով փաթաթված։ Բայց ահա նրա աչքերում ես փայլ տեսա։ Հույսի ցոլքը։ Ախտորոշում-դատավճռի մեջ չէին սխալվել։ Հայտնի բժիշկները նրա համար արել էին ամենը, ինչ սովորաբար բոլորի հետ անում են։ Ամեն ինչ այնպես էր, ինչպես շատ ուրիշների մոտ. և՛ հյուծումը, և՛ գունատությունը, և՛ մազաթափությունը։ Ամեն ինչ։ Բայց պահպանվել էր աչքերի փայլը։ Դա ինքնահաղթահարման հայելու արտացոլանքն էր, ատելությունը՝ հուսալքության և քամահրանքը՝ մահվան հանդեպ։ Եվ վերջապես, դա լույսն էր կամքի։
Լոնդոնից վերադառնալուց հետո ես այդ ամենի մասին պատմեցի □Ուրարտու□ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, անմոռանալի Յոսիֆ Վերդյանին, որը պարզապես պնդեց, որ Լոնդոնի ղարաբաղյան կոնֆերանսի մասին իմ շարադրանքում անպայման դրվագ մտցնեմ Արմենի մասին։ Ես գտնում էի, որ անհարմար է, ճիշտ չէ այդպես վարվել, երբ մարդն այդպիսի ծանր վիճակում է։ Բայց Յոսիֆն այլ կերպ էր դատում և ինձ համոզեց։ Նյութը լույս տեսավ։
Եվ Արմենը խոստովանեց, որ ավելի շատ հավատաց ինքն իրեն։
Հատկանշական է, որ Արկադին վերատպությունն ինձ նավ ուղարկեց ճիշտ այն օրը, երբ “Լիտերատուրնայա գազետա” թերթի հունիսի 29-ի համարում տպագրվեց հերթական ռեպորտաժը “Արմենիա”-ի նավարկության մասին։ Նյութը վերնագրված էր “Հաղթել ինքդ քեզ”։ Եվ ամբողջովին այն մասին է, որ այսօր, երբ ողջ աշխարհի վրա “ոգու սովի” սպառնալիք է կախված, պետք է կենդանի օրինակներով պատմել այն մարդկանց մասին, որոնք ոգու ուժով, ամուր կամքով, ազնիվ գաղափարով ու բարձր նպատակով թևավորված հաղթում են իրենք իրենց՝ հանուն դրանց իրագործման։ Եվ բազմաթիվ օրինակների մեջ նշել էի նաև մեր ընթերցողին արդեն հայտնի լեգենդար ծովագնաց Ֆրենսիս Չիչեստերի մասին, որը բազմիցս երկարաձգեց ախտորոշում-դատավճռի իրականացման ժամկետը, դրանով իսկ հաղթելով ու հաղթահարելով ինքն իրեն։ Ռեկորդային շուրջերկրյա նավարկության ավարտին թերթերը գրեցին, թե տեսել են տանջահար ու հյուծված մի ծերունու, որն օրորվում էր մշտական գլխապտույտից, շնչասպառ լինում ասթմայի նոպայից։ Գրողը տանի, հավանաբար այդպես էլ կար։ Բայց ահա այդ օրը ինքը՝ Չիչեստերը այլ բան է ասել իր մասին։ Ասել է նույնիսկ ոչ իր, այլ բոլորի մասին. “Ես գտնում եմ, որ հիվանդությունների մեծ մասի պատճառը, բացի ծաղկից, ժանտախտից և այլ սուր-վարակիչ հիվանդություններից, թաքնված է ընկճվածության և առաջին հերթին՝ հուզական ճնշվածության մեջ։ Ասում են՝ ձեռքի ափի գծերով կարելի է որոշել ճակատագիրը։ Իսկ այ, իմաստունն ասում է, որ կամքն ունակ է փոխել նույնիսկ ափի գծերը”։
Ողջ համաշխարհային գրականությունը հիմնված է կյանքից վերցրած օրինակների վրա, իսկ Աստվածաշնչի բոլոր դասերը՝ օրինակների, առակների, որոնք նույնպես կենդանի օրինակներ են։ Քանզի օրինակն ավելի ուժգին է ներգործում, քան քարոզը և կամ սպառնալիքը։ Ես ողջ կյանքում, լավ իմաստով, հավաքում եմ այդ օրինակները։ Եվ ուրախ եմ, որ նրանց մեջ կան նաև մեր հայրենակիցները։ Բարեբախտաբար, Արմեն Սարգսյանը միակը չէ։
…Համա թե բախտներս բերեց։ Ես արդեն պատմել եմ, թե ինչպես Ցեյլոնում գտանք…հայուհու՝ Սվետլանա Արտաշեսի Ատամանյանին։ Ամուսնական ազգանունը՝ Սերգիենկո։ Ծնվել է Ղրիմում։ Ոչ թե Ղրիմ թերակղզում, այլ Ռոստովի մարզի Չալտիրի շրջանի հայկական գյուղում։ Մինչև դպրոց գնալը ռուսերեն ոչ մի բառ չգիտեր։ Տանը խոսում էին միայն հայերեն։ Դեռ փոքրիկ աղջիկ էր, երբ երդում-պատառ էր ուտում, թե ամուսնանալու է միայն հայի հետ։ Եվ որ իր ապագա ամուսինը կա՛մ իր Ղրիմից է լինելու, կա՛մ էլ Ղրիմ Թերակղզուց։ Դա արդեն նրա համար, որ խոսեին հարազատ ղրիմ-նախիջևանյան հայկական բարբառով։ Ճակատագիրն այլ կերպ տնօրինեց։ Եվ այնուամենայնիվ նա՝ ճակատագիրը ամեն ինչ այնպես դասավորեց, որ ապագա ամուսիններ Եվգենի Սերգիենկոն և Սվետլանա Ատամանյանը հանդիպեցին, ծանոթացան և սիրեցին միմյանց ոչ թե պարզապես Մոսկվայում, այլ հենց մայրաքաղաքի հանրահայտ Ղրիմյան կամրջին։ Այնպես որ, աղջիկը ծնողների առաջ գոնե ինչ-որ արդարացում ուներ, թե խոսքը պահել է։ Ղրիմյան կամուրջը նույնպես Ղրիմն է։ Սվետլանայի հայրը՝ Արտաշեսը հանձնվեց, երբ ծնվեց թոռը։ Մայրը՝ Վարդուհին հանձնվեց, երբ ծնվեց երկրորդ թոռը։ Իսկ երբ երրորդը լույս աշխարհ եկավ, երկուսով գնացին հայկական եկեղեցի՝ Աստծուն շնորհակալություն հայտնելու։ Փեսան ավարտեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, դարձավ դիվանագետ։ Մի քանի տարի անցկացրին Բուլղարիայում։ Եվ ահա՝ Շրի Լանկա։
Չգիտեմ, որքանով բերեց Սվետլանայի մոր՝ տիկին Վարդուհու բախտը, բայց “Արմենիա”-ի անձնակազմինը նույնիսկ հիանալի բերեց մեր փեսայի առումով։ Նախքան նրա հետ հանդիպելը շատ ծանր էինք տանում պարետային ժամի հետ կապված այդ քաշքշուկը։ Իսկ հիմա, մեկ էլ տեսար, հնարավոր է այդ չարաբաստիկ պոմպերն էլ ճարենք և այն ամենը, ինչ հարկավոր է օվկիանոսի այդ ամենապատասխանատու հատված դուրս գալու համար։ Իսկ մեզ ծանոթացրեց, ևս մեկ անգամ հիշենք, ռուս մեծ գրող Անտոն Պավլովիչ Չեխովը։ Առանց հոգնելու ես անընդհատ կրկնում եմ, որ ամենասկզբից էլ միանգամից երկու կուռք եմ ունեցել. Անտոն Պավլովիչ Չեխովը (ինչքան չլինի, բժիշկ էր) և Ջեկ Լոնդոնը (ինչքան չլինի՝ և՛ ծովային, և՛ շնասահնակներով ճամբորդող բևեռագնաց)։ Այնպես որ, Չեխովի մասին ճամփորդական ակնարկս արդեն պատրաստ է։ Մնացել է ինչ-որ բաներ լրացնել և ուղարկել էլեկտրոնային փոստով։ Ակնարկի վրա ես աշխատել եմ “Գրանդ Օրիենտալ օթել” հյուրանոցի այն սենյակում, որտեղ հարյուր քսանմեկ տարի առաջ կանգ է առել Անտոն Պավլովիչ Չեխովը Սախալինից տունդարձի ճանապարհին։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Հնդկական օվկիանոս