www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
«ԱՐՄԵՆԻԱ»-Ն ՉԵԽՈՎԻ ՀՅՈՒՐՆ Է
Ստեփանակերտ։ Թիվ մեկ հայկական դպրոց։ Առաջին դասարան։ Նոր, 1943 թվականն է։ Հիշում եմ, դպրոցում (այդ շենքում հիմա արցախյան պառլամենտն է գործում) ցերեկույթ անցկացրեցինք միջանցքում տեղադրված տոնածառի մոտ։ Երգում էինք, պարում, բանաստեղծություններ արտասանում։ Ձմեռ պապը ցածր դասարանների աշակերտներին կոնֆետներ նվիրեց, իսկ ավագներին՝ գեղեցիկ գրքեր։ Հիշումեմ նաև, որ մեզնից ոչ մեկը չհամարձակվեց կոնֆետ վայելել։ Տարանք տուն։ Քույրերի ու եղբայրների հետ կիսելու մեր նվերները։ Իսկ մինչ այդ ուրախանում էինք տոնածառի շուրջ, դրսևորում երգ ու պարի, ասմունքելու մեր կարողությունը։ Ես արտասանեցի Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունը։ Մեր ուսուցչուհին՝ ընկեր Ադամյանը երկու օրով ինձ էր տվել Իսահակյանի գիրքը (հետո իմացա, որ դա «Սասնա Մհերն» էր)։ Մի փոքրիկ հատված անգիր էի արել։ Երկու օր անց մեր տանը հայտնի դարձավ (ինչ-որ մեկը իմ Մարկոս պապին տեղեկացրել էր), որ իմ և էլի երկու համադասարանցիներիս պատճառով մարդիկ են տուժել։ Չեմ հիշում՝ թերթի, թե՞ ռադիոյի խմբագիրը։ Պարզվեց, խստիվ արգելվում էր խորհրդային մամուլում գովաբանել ժողովրդի թշնամու երեխային և ընդհանրապես ընտանիքի անդամներին։ Այդ ժամանակ էլ իմացա, որ նման մի բան ինձ հետ էլի էր պատահել 1940 թվականի նոր տարուն։ Այն ժամանակ մանկապարտեզում ես դեռ հինգ տարեկան էլ չկայի, բայց ոտանավոր արտասանեցի, և դարձյալ ինչ-որ մեկը տուժեց։ Իդեպ, ես հետո իմացա, որ այդ հարցը հետագայում շատ հեշտ լուծվեց։ Խմբագրություններում կային ժողովրդի թշնամիների երեխաների անունները, և հատուկ հաստիքային աշխատողներ հետևում էին, որ հանկարծ պատահաբար չգովեին նրանց։
Չեմ կարծում, թե այդ ամենից ես շատ ազդված էի այն ժամանակ։ Նախ՝ ինձ նմանները շատ էին, երկրորդ՝ կյանքիս գլխավոր հեղինակությունը Մարկոս պապս էր, որը բացեիբաց հպարտանում էր իմ հորով։ Եվ երրորդ՝ շուտով, չեմ հիշում որ դասարանում էի, իմացա, որ իմ առաջին կուռքը դարձած Ավետիք Իսահակյանին Բաքվում համարում էին «վատ մարդ» և նույնիսկ վիրավորված էին, որ Վարպետը Ստեփանակերտ էր եկել առանց իրենց թույլտվության։ Ես հիշում եմ, ինչպես էին բարկացել մեծերը։ Եվ ամենից շատ՝ Բագրատ Ուլուբաբյանը։ Այն ժամանակ մենք առաջին անգամ էինք լսում այդ անունը։ Ղարաբաղյան շարժման ապագա առաջնորդի անունը։
Եվ այսպես, մանկուց ես ունեի իմ կուռքը։ Կարդում էի նրա բաանաստեղծությունները։ Մեջբերումներ էի անում։ Գիտեի նույնիսկ, որ նրա կինը մեր Շուշիից էր։ Բայց ահա անցան տարիներ։ Եվ ինչպիսի տարիներ. աղմկոտ, կատաղի, սառնամանիքային, քնարական, սովորական։ Եվ հանկարծ ես հասկացա, որ ևս երկու կուռք ունեմ, որոնց ոչ թե կուրորեն պաշտում եմ հեթանոս չաստծո պես (բարեբախտաբար լավ եմ յուրացրել և ողջ կյանքում կիրառել աստվածաշնչյան ցուցումը. «Կուռքեր մի՛ ստեղծիր քեզ համար»), այլ առանձնակի հարգանքով ու մեծարանքով եմ մոտենում առանձնահատուկ տաղանդին, որը ոգեշնչում է, պարտավորեցնում է սովորել իրենից, մերձենալ իրեն։ Եվ ահա իմ Ավետիք Իսահակյանից հետո աստիճանաբար, դանդաղ բայց հաստատուն կերպով իրենց տեղերը եկան գրավելու Անտոն Չեխովը և Ջեկ Լոնդոնը։ Բացի հանճարեղությունից, հոգեհարազատացան նաև այն պատճառով, որ Անտոն Պավլովիչը բժիշկ էր, իսկ Ջոն Գրիֆֆիտը (Ջեկ Լոնդոնի իսկական անունն է) և՛ ծով է, և՛ տունդրա, և՛ նավ, և՛ շնասահնակներ։ Ես, իհարկե, սրտիս թանկ ուրիշ շատ հայ և օտարերկրացի գրողներ ու փիլիսոփաներ եմ ունեցել, բայց այ, Իսահակյանը, Չեխովը և Լոնդոնը հավերժ ինձ հետ են։ Կարդացել եմ, թերևս այն ամենը, ինչ նրանք գրել են։ Նույնիսկ Ավիկ Իսահակյանի հաստ գրքերն եմ կարդացել՝ իր հանճարեղ պապի մասին։ Բայց այսօր խոսքը միայն Չեխովի մասին է։ Այսօր □Արմենիա□-ի անձնակազմը Շրի Լանկա կղզում է, որը գիտի, հիշում է և մեծարում է ռուս մեծ գրողին։ Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյի դրամատիկական թատրոնում սինգալերենով բեմադրվել են «Բալի այգին» և «Երեք քույրերը»։ Նույն լեզվով էլ գրքեր և մի ողջ մենագրություն է հրատարակված Ցեյլոն կղզում Չեխովի գտնվելու մասին։ Իրենք ասում են՝ ցեյլոնցիների բախտը լավ է բերել. Չեխովն է եղել Ցեյլոնում։ Ճիշտ է, կարդալով մեծ գրողի նամակները, դժվար չէ համոզվել, որ այդ նրա բախտն էր բերել Ցեյլոնի առումով, որն իսկական դրախտ կոչեց՝ սախալինյան դժոխքից հետո։ Նա այդպես էլ գրել է իր նամակներից մեկում. «Ես եղել եմ և՛ դժոխքում, որպիսին ներկայացավ ինձ Սախալինը, և դրախտում, այսինքն Ցեյլոն կղզում»։
Դպրոցական քրեստոմատիայից մենք տեղյակ ենք, որ երիտասարդ Չեխովը շատ երկար ուղի է անցել Ռուսաստանի ճանապարհազուրկ վայրերով, ճամփաբաժաններով, հազարավոր ու հազարավոր կիլոմետրեր կտրելով և՛ ձիով, և՛ ոտքով, և՛ թաց հագուստով ու թրջված վալենկաներով։ Եվ այդպես՝ մինչև Սախալին։ Եվ այն դեպքում, երբ հիվանդ էր տուբերկուլյոզով։ Դա ծանրագույն արշավ էր (մեկ հոգանոց անձնակազմով)։ Երկար ամիսներ ահռելի կղզում նա ողջ տարածքի բնակչության ամենաիսկսկան մարդահամար կատարեց։ Դժվար է հավատալ, որ մեկ մարդն ի վիճակի է այդ ամենն անել։ Դե, ինչպե՞ս չնախանձես այդ մարդու բնավորությանն ու կամքին։ Չէ՞ որ մի ողջ կղզու բնակիչների մասին մի քանի հազար քարտ էր հավաքել։ Դա նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրի հետ (հիմնականում՝ նախկին աքսորյալների) հարկ է եղել հանդիպել, զրուցել։ Ես չգիտեմ, կհամաձայնեն ինձ հետ չեխովագետները, թե ոչ, բայց դեմ եմ բուն խոսակցություններին ու վեճերին այն հարցի շուրջ, թե արժե՞ր արդյոք, որ Չեխովը Սախալին ուղևորվեր։ Իբր, ի՞նչ տվեց դա իրեն, բացի տուբերկուլյոզի սրացումից։ Ոմանք պնդում են, որ նման ախտորոշման դեպքում ընդհանրապես չէր կարելի նման քայլ ձեռնարկել, այն էլ Ռուսաստանի ճանապարհների իսպառ բացակայության կամ դժվարանցանելիության պայմաններում։ Ուրիշները «մեղադրում» են, որ նա հաճախ էր ճոճանակի նման տատանվում Յալթայի ու Մոսկվայի միջև։ Երրորդները գտնում են, որ բժիշկ լինելով հանդերձ, ժամանակին չդիմեց բժիշկներին։ Ոչ մի նման բան։ Ամեն ինչ այլ կերպ էր։ Ես անձամբ լիովին վստահ եմ, որ նա գործնականում միշտ պատրաստ էր մահվան և հենց այդ պատճառով էլ ցանկանում էր սեղմել ու կարճացնել կյանքի ձևաչափերն այնպես, որ մեկ օրվա մեջ տեղավորի իր երկու, և նույնիսկ երեք օրը։ Եվ նրան միշտ անհրաժեշտ էին ցնցումներ, պայթյուններ, փոփոխություններ։ Նրան մանկուց ծանոթ էր դժբախտության կանխատեսման զգացումը։ Նա ընդամենը տասը տարեկան էր, երբ առաջին անգամ պարզեցին ախտորոշումը՝ տուբերկուլյոզ և երիտասարդ ժամանակ տառապում էր աջ թոքի արյունահոսումից։ Եվ եթե այդուհանդերձ ուղևորվեց Սախալին, նշանակում է՝ գիտեր, թե ինչ է անում։ Դա 1890 թվականին էր։ Նա ընդամենը երեսուն տարեկան էր։ Նրա մեջ դեռ փոթորկվում էր պատանի Անտոշա Չեխոնտեի հոգին, երբ ֆելիետոններ և հումորիստական պատմվածքներ էր գրում։ Բայց հենց այդ շրջանում Չեխովը հասկացավ իր գերխնդիրը։ Դա Ռուսաստանն էր։ Նրա իրականությունը։ Գիտակցեց, որ իր համար գլխավոր թեմաներ են մտավորականության գաղափարական և հոգևոր որոնումները։ Նրան հավասարապես բարկացնում էին և՛ ոմանց քաղքենիական գոյակերպը, և՛ ուրիշների, ինչպես ինքն էր գրում՝ «հոգեկան խոնարհությունը»։
Մի խոսքով, Չեխովն ինձ համար ոչ միայն կուռք էր, հիացմուքի և պաշտամունքի առարկա, այլև հետազոտության ասպարեզ։ Ես կարդում էի նրա ոչ միայն անկրկնելի պատմվածքներն ու վիպակնեը, որոնց մասին, իդեպ, մի յուրահատուկ հուզմունքով էր խոսում Վիլյամ Սարոյանը, կարդում էի ոչ միայն նրա պիեսները, որոնք այսօր էլ չեն իջնում ողջ աշխարհի բեմերից, այլև բոլոր տպագրված նամակները։ Դրանց մեջ կա և՛ պոեզիա, և՛ փիլիսոփայություն, և՛ դրամա, և՛ մի ողջ դարաշրջանի արտացոլում։ Եվ միևնույնն է, կարծում եմ, ինձ ճնշում էր մի ինչ-որ բյուրեղացված, զտված մտավորականի, զեմստվոյական բժշկի, ավանդական պենսնեով փիլիսոփայի նրա քրեստոմատիական կերպարը։ Այնինչ բարի իմաստուն էր, որն ուսուցանելու համար հետազոտում էր հոգու անատոմիան։ Նրանից հավերժության բույրն է տարածվում։ Ես կարդում եմ չեխովյան «Խոսում են ազատության մասին, լայնորեն օգտվելով ստրուկների ծառայություններից» միտքը և ինձ թվում է, թե նա այդ բառերն արտասանում է հիմա, այսօր։ Կամ՝ «Ով չի կարող նվաճել քնքշանքով, նա չի կարող նվաճել նաև խորամանկությամբ»։ Կամ լայնորեն հայտնի խորհուրդը՝ «Լավ դաստիարակությունը նրանում չէ, որ ապուրը չթափես սփռոցին, այլ նրանում, որ չնկատես, երբ դա անում է ուրիշը»։ Կամ՝ «Ուրիշի տառապանքները ծանակելը չպետք է ներվի»։ Կամ՝ «Եթե սերը դաժան ու կործանիչ է, պատճառը ոչ թե նրա մեջ է, այլ մարդկանց բարոյականության»։ Կամ՝ «Ազգային գիտություն չկա, ինչպես որ չկա ազգային բազմապատկման աղյուսակ։ Իսկ ինչը որ ազգային է, դա արդեն գիտություն չէ»։ Կամ՝ «Ոչ մի գեղեցկությամբ կինը չի կարող վճարել իր դատարկության համար»։ Կամ՝ «Աշխարհների, մտքերի, էներգիաների, ճաշակների, տարիքի, մտածելակերպի տարբերությունների պատճառով երբեք հնարարվոր չէ հավասարություն մարդկանց միջև։ Այդ իսկ պատճառով բարոյականությունը պետք է համարել բնության անխախտ օրենք։ Բայց մենք կարող ենք անհավասարությունն աննկատ դարձնել»։ Լավ, բավական է։ Թեև կարելի է ևս երկուսն ավելացնել. «Համալսարանը զարգացնում է բոլոր ընդունակությունները։ Այդ թվում՝ նաև հիմարությունը»։ «Գրողը հրուշակագործ չէ, դիմահարդար չէ, զվարճացնող չէ։ Նա մարդ է՝ պարտավորված իր պարտքի ու խղճի հետ կնքած պայմանի գիտակցմամբ»։
Ես, կարելի է ասել՝ ողջ կյանքում զբաղվել եմ Չեխովի յուրատեսակ հետազոտմամբ։ Մարդու։ Անհատի։ Քանզի ինձ միշտ թվացել է, թե նրա կաղապարված դիմանկարը, լինի լուսանկար, թե Իլյա Ռեպինի հանճարեղ կտավը, այն չէ։ Դա ամենը չէ։ Դա ողջ Չեխովը չէ։ Եվ ահա, թվում է, ես գտա այդ կերպարը։ Եվ գտա ոչ այլ տեղ, քան Ցեյլոնում։ Մինչև հիմա ես ծանոթ էի միայն մի հատվածի՝ այն նամակից, որ Չեխովը Ցեյլոնից ուղարկել էր հայտնի հրատարակիչ Ալեքսանդր Սերգեևիչ Սուվորինին. «Ցեյլոնն այն վայրն է, որտեղ դրախտն է եղել։ Այստեղ, դրախտում, ես ավելի քան հարյուր վերստ եմ անցել երկաթգծով և մինչև կոկորդս կուշտ եմ արմավենու անտառներից և բրոնզագույն կանանցից»։ Ես չգիտեմ, գուցեև ինչ-որ տեղ այս նամակն ամբողջությամբ տպված լինի։ Չէ՞ որ ես երևի ամեն ինչ չեմ կարդացել Չեխովի մասին։ Բայց ահա Ցեյլոնում, ռուսաստանյան մշակութային կենտրոնում հանդիպում եմ Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան համալսարանի շրջանավարտ Ռոնջան Սենասիսինգհի հետ, որն էլ սինգալերեն է թարգմանել մեծ գրողի բազմաթիվ ստեղծագործություններ և գրել է «Չեխովը Ցեյլոնում» մենագրությունը։ Եվ Չեխովին սիրահարված այդ մարդը՝ զարմանալի քնքուշ աչքերով, ինքն ամբողջովին սև, հենց՝ բրոնզագույն, կարդում է, արդեն սինգալերենից ռուսերենի թարգմանելով տեքստը, ավելի ճիշտ Չեխովի Սուվորինին գրած նամակի տեքստի շարունակությունը, բայց արդեն իր բառերով (գրքում ռուսերեն տեքստը չկա). «…կուշտ եմ արմավենու անտառներից և բրոնզագույն կանանցից։ Եվ երբ ես երեխաներ ունենամ, ոչ առանց հպարտության կասեմ նրանց. «Շան որդիներ, կյանքումս ես սիրել եմ բրոնզագույն հնդկուհու…Եվ որտե՞ղ։ Կոկոսի անտառում, լուսնյակ գիշերին»։
Այո, սա էլ Չեխովն է։ Այո, նա հաճախ էր հիվանդ։ Այո, հազում էր։ Նա շատ վատ էր զգում «Պետերբուրգ» շոգենավի վրա։ Նա գիտեր, որ երկար չի ապրելու։ Եվ սակայն նրան պետք էին և՛ ուղևորությունը Սախալին, և՛ հենց այդպիսի դժվարին վերադարձը։ Պատահական չէ, որ ամենից շատ նա գրեց և գուցե ամենից հանճարեղաբար ստեղծագործեց հենց Սախալինից հետո։ Կենսագիրները նշում են, որ Սախալինից հետո, մինչև իր կյանքի վերջ Չեխովը մերձմոսկովյան Մելիխովո կալվածքում գրեց ավելի քան քառասուն իրոք հանճարեղ ստեղծագործություններ։ Այդ մասին, իդեպ, ես իմացել եմ Չեխովի Մելիխովյան թանգարանում։ Եվ հետո, ես գիտեմ, թե ինչ հիանալի էր Անտոն Պավլովիչը նկարագրում խնջույքները, առանձնապես խոհանոցի, սեղանի, ուտեստների և խմիչքի մանրամասները։ Բայց ինքը չէր խմում։ Այսպես ասած՝ չէր չարաշահում։ Տանել չէր կարողանում, երբ ստիպում էին մինչև վերջ դատարկել ըմպանակը։ Այդ մեծ մարգարեն նույնիսկ շատ լավ գիտեր, թե երբ է մահանալու։ Ինչպեսև գիտեր այն, թե ինչ է անելու մահից անմիջապես առաջ։ Հանճարեղ «Բալի այգին» գրված է ծանր հիվանդությունից տառապող մարդու կողմից։ Մարդու, որը հիանալի գիտեր, որ շուտով մահանալու է։
1904 թվականի ամռանը Անտոն Պավլովիչը և Օլգա Լեոնարդովնա Կնիպպեր-Չեխովան մեկնեցին Գերմանիա՝ առողջարան։ Այն ժամանակ ողջ աշխարհում թնդում էր գերմանական Բադենվայլերի անունը։ Հուլիսի մեկի, լույս երկուսի գիշերը Անտոն Պավլովիչը արթնացավ։ Նայեց կնոջը։ Ժպտաց։ Առաջին անգամ ինքն առաջարկեց բժիշկ կանչել։ Եվ ինքն էլ բժշկին գերմաներեն ասաց. «Ես մահանում եմ»։ Ինքն էլ իր համար թարգմանեց ռուսերեն։ Խնդրեց Օլգա Լեոնարդովնային իրեն տալ շամպայնի մի լիքը գավաթ, ինչով շատ զարմացրեց կնոջը։ Առաջին անգամ էր նման բան պատահում։ Նա այդպես հուսարաբար էր ցանկանում ողջունել մահին։ Մնացածը ավելի ճիշտ կլինի մեջբերել հենց Կնիպպեր-Չեխովայի բառերով. «Ապա վերցրեց գավաթը, դեմքով շրջվեց դեպի ինձ, ժպտաց իր զարմանալի ժպիտով և հանգիստ ասաց. «Վաղուց շամպայն չեմ խմել…», հանգիստ խմեց մինչև վերջ։ Նորից ժպտաց։ Լուռ շրջվեց ձախ կողքին և շուտով լռեց հավիտյան»։ Դա Չեխովն էր…
Մեր նոր բարեկամ Ռոնջան Սենասիսինգհը «Արմենիա»-ի տախտակամածին պատմեց Չեխովի Ցեյլոնում գտնվելու մանրամասները։ Բաբասն, իհարկե, նկարահանեց նրա պատմությունը։
Ես այս տողերը գրում եմ այն սեղանի վրա, որ մոտ նստել է Անտոն Պավլովիչը։ Գուցե սա բոլորովին էլ այն նույն սեղանը չէ։ Բայց գլխավորն այն է, որ սա նույն Ցեյլոն կղզին է, որը նվաճվեց Չեխովի կողմից։ Կղզի, որի նավամատույցին կանգնած է «Արմենիա»-ն։ Կանգնած է առագաստանավը, որը վերջապես բուժել է իր բոլոր վերքերը և երեք ժամից ծով է դուրս գալու։ Չէ՞ որ մեզ վաղուց սպասում են Կալկաթայում։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Հնդկական օվկիանոս