www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ՕՏԱՐՈՒԹՅՈՒԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԻ ԴԱՌՆԱ
Հնդկաստանի հետ մեր արշավախմբի հանդիպումից դեռ շատ առաջ ես բազմիցս անդրադարձել եմ այդ մեծ երկրի պատմությանը, աշխարհագրությանը, ժողովրդագրությանը, քաղաքակրթությանը։ Կարծում եմ, որ դա բոլորովին էլ պատահական չէր։ Չէ՞ որ Հարավ-Արևելյան և Հարավային Ասիայի լայնարձակ տարածություններում չափից դուրս շատ են աշխարհագրական անվանումները, որոնց հիմքում ընկած է Ինդի, Հինդի, Հնդկաստան տերմինը, սկսած բուն օվկիանոսից, ավարտած գետով, կղզիներով, թերակղզիներով, ռասաներով, լեզուներով, որոնք պատկանում են այդ նույն քաղաքակրթությանը։
Հավանաբար պետք է ազնվորեն խոստովանել, թե ինչու իմ առջև ծայր անհրաժեշտություն բարձրացավ, ինչպես ասում են, ավելի խորը փորել այդ երկրի բուն էությունը։ Բանն այն է, որ բազմաթիվ արշավների, ուղևորությունների, գործուղումների, ճանապարհորդությունների ընթացքում այն տարածաշրջաններով, որտեղ տարբեր ժամանակաշրջաններում հիմնավորվել են մեր հայրենակիցները, ես սկսեցի ինքս ինձ հարց տալ, թե ինչո՞ւ էին նրանք ընտրում այս կամ այն երկիրը, ինչո՞վ էին առաջնորդվում։ Ես բոլորովին էլ չեմ պատրաստվում (և երբեք դա չեմ արել) ինչ-որ էջեր արտագրել պատմության դասագրքերից, մենագրություններից և առավելևս՝ օգտագործել ինտերնետի նյութերը։ Մենք դրա համար չենք շուրջերկրյա նավարկություն կատարում Մեսրոպ Մաշտոցի անունը կրող գիտարշավի շրջանակներում։ Ես ընդամենը որպես հրապարակախոս թույլ եմ տալիս ինձ հետազոտել ու դատողություններ անել այս կամ այն թեմայի շուրջ, օգտագործելով, իհարկե, հավաստի պատմական փաստեր։ Ինձ իրոք հետաքրքրում է ինչպես և ինչու էր հայը դարեր շարունակ բնակվելու նոր, կոնկրետ տեղ ընտրում։ Չէ՞ որ մեր Սփյուռքը արդեն հարյուր երկիր է ընդգրկում։ Իսկ դրանք (պաշտոնապես երկիր ճանաչվածները) ընդամենը մոտ երկու հարյուրն են։ Այսինքն յուրաքանչյուր երկրորդ երկրում կամ համայնք կա, կամ մեր հայրենակիցների խմբեր։ Բայց տվյալ դեպքում խոսքը դասական, գուցե ասենք՝ պատմական սփյուռքի մասին է ընդհանրապես և Հնդկաստանի մասին՝ մասնավորապես։ Եվ այսպես, ինչո՞ւ ինչ-որ ժամանակ զանգվածային կարգով մեր նախնիներն ընտրեցին Հնդկաստանը, ինչի շնորհիվ բառացիորեն հեքիաթային հարստությունների տեր դարձան։ Եվ ինչո՞ւ փոշիացավ գաղութը, իրենից հետո թողնելով եկեղեցիներ, հուշարձաններ, լեգենդներ, ասքեր և նույնիսկ առասպելներ։
Նախ այն մասին, թե որտեղից և երբ նրանք սկսեցին զանգվածաբար վերաբնակվել Հնդկաստանում և այսպես ասած՝ նրա շուրջ։ Վերջին ռեպորտաժներից մեկում ես արդեն գրել եմ, որ հայերը, ըստ Քսենոֆոնտի, Հնդկաստան են եկել դեռևս մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում։ Եկել են նաև ավելի ուշ։ Առանձին հոսքեր են դիտարկվել նաև 16-րդ դարում։ Բայց 17-րդ դարի երկրորդ կեսին հանկարծ մի նոր ալիք հորդաց։ Այ այստեղ արդեն արժե նայել պատմությանը, նրա տարեթվերին։ 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին Շահ Աբաս Առաջինը, ինչպես հայտնի է, Պարսկաստան քշեց հայերին ոչ միայն Նախիջևանից, այլև Գարդմանքի, Սյունիքի, Արցախի տարածաշրջաններից։ Նրան պետք էին տաղանդավոր արհեստավորներ, առևտրականներ, ճարտարապետներ, շինարարներ։ Պատահական չէր, որ հենց նրա օրոք Սեֆյանների պարսկական պետությունը հասավ առավելագույն հզորության։ Իրենք՝ հայ պատմաբանները նշում են, որ Աբաս Առաջինից հետո, Սեֆին շահի և ապա նաև Աբաս Երկրորդի օրոք նորաստեղծ հայկական գաղութն ապրում և գործում էր հարաբերականորեն բարենպաստ պայմաններում։ Բայց ահա ես նկատեցի, որ մոտավորապես մինչև 17-րդ դարի յոթանասնական թվականների սիզբը Պարսկաստանից, մասնավորապես Նոր Ջուղայից քչերն էին մեկնում նոր օտարության որոնումների։ Իսկ գազանաբարո շահ Սուլեյմանի (1666-1694) և սուլթան Հուսեյնի (1694-1722) օրոք իրոք գազանաբար սկսեցին հալածել հայերին։ Եվ եթե հետևենք Պարսկաստանից հայերի արտագաղթի ժամանակագրությանը, ապա անպայման ուշադրություն կգրավի, որ հենց այդ տարիներին ծնունդով Նախիջևանից և Արևելյան Հայաստանի այլ շրջաններից հայերը հայտնվեցին Պոլսում (Կոստանդնուպոլսում) Ֆրանսիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, բայց ավելի շատ՝ Հնդկաստանում և Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում։
Ինչո՞ւ էին ընտրում հենց այդ երկրները։ Եվ ինչո՞ւ ավելի շատ Հնդկաստան էին գնում։ Ի՞նչն էր հայերին հրապուրում այդ երկրում։ Սկզբում, հավանաբար, պետք է մտածել այն մասին, թե որն էր վերաբնակության պատճառը։ Եթե ընդհանրացնենք, կարծում եմ դա կարելի է անվանել “անօրինություն”, իսկ դա նշանակում է՝ ստրկություն։ Եվ այստեղ ես պետք է ավանդական, ես կասեի՝ հրապարակախոսական շեղում կատարեմ։
1978 թվականին “Լիտերատուրնայա գազետա”-ն ինձ գործուղեց Լիբանան, որտեղ ողբերգական իրադարձություններ էին տեղի ունենում Բեյրութի հայկական թաղամասերում։ Տեղից ծավալուն ռեպորտաժներ էի ուղարկում, որոնք շարունակաբար տպագրվում էին, և շուտով լույս տեսավ իմ գիրքը՝ “Երկու կրակի միջև” վերնագրով։ Ուսումնասիրելով իրավիճակը, ես շատ նյութեր էի հավաքել մարդու իրավունքների վերաբերյալ։ Եվ ուզում եմ այստեղ ընդամենը մեկ պարբերություն մեջբերել գրքից. “Մի քանի տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների և խաղաղության հարցերի բաժնի տնօրեն, պրոֆեսոր Կարել Վասակը փորձեց “մարդու իրավունքներ” հասկացության սահմանումը տալ հաշվողական մեքենայի օգնությամբ։ Պրոֆեսորն այնտեղ տեղադրեց տարբեր բնույթի ու ծագման տեքստերից քաղած 60 հազար ձևակերպում, որպեսզի պարզի, թե տերմիններից որոնք են առավել հաճախ հանդիպում։ Կարել Վասակի կարծիքով դա հնարավորություն կտար առավել ճշգրիտ սահմանում տալ մարդու իրավունքներին։ “Ի մեծ զարմանք ինձ,- գրում է պրոֆեսոր Վասակը,-մնացած բոլոր բառերից ավելի հաճախ հանդիպում էր “ՕՐԵՆՔ” բառը, այսինքն, իհարկե, օրենք՝ ուղղված կարգուկանոնի հաստատմանը, բոլորի համար ազատության ապահովմանը և դրա խախտումների կանխմանը։ Օրենք՝ միաժամանակ նաև միջազգային”։ Հենց այսպես. մարդու իրավունքներն առաջին հերթին նորմալ օրենքներն են, որոնք պարտադիր կարգով պահպանվում են։ Եվ ի՛նչն է հատկանշական. հայերը բարեհաջող կերպով արմատ գցեցին այն երկրներում, որտեղ պահպանվում էին օրենքները։ Ինչպես ասում էր մեծ Համո Սահյանը, նման դեպքերում հայի ուսերին թևեր են աճում։ Միայն թե արդարություն լինի, որն էլ հենց օրենքի էությունն է։ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարների նիստերին և Գերագույն խորհրդի նստաշրջանների ժամանակ հաճախ էինք հանդիպում Անատոլի Սոբչակի հետ, որը Լենինգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր էր։ Մի անգամ նա ինձ հարցրեց, թե հայերեն ինչպես է հնչում “յուստիցիա” բառը։ Ես պատասխանեցի՝ “արդար դատ”՝ արդարադատություն։ “Ես նրա համար եմ հարցնում, որ ինձ մի առիթով ասել են այդ մասին։ Բայց այդ դեպքում ինչպե՞ս է թարգմանվում համապատասխան նախարարության անվանումը”։ “Այդպես էլ կոչվում է՝ Արդարադատության (արդար դատի) նախարարություն։ Սոբչակը չէր խաղաղվում. “Բայց չէ՞ որ արդարադատությունը պարզապես դատ ու դատաստանը չէ, այլ դատական հաստատությունների մի ողջ համակարգ”։ “Ճի՛շտ է,-ասացի ես,-և մենք էլ խոսում ենք արդար դատական հաստատությունների նախարարության մասին”։ Անատոլի Ալեքսանդրովիչը լայն ժպտաց և քրքջաց։ Այո, և՛ օրենքը, և՛ դատը, և՛ հանգիստը “զավակներն” են ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, որը փիլիսոփայության ու քաղաքակրթության յուրատեսակ կատեգորիա է։
Եվ ահա հայերը, որոնց հայրերը կորցրել էին իրական հայրենիքը, իսկ իրենք՝ ապաստանը արդեն օտարության մեջ, հայտնվեցին մի հողում, որտեղ մարդիկ ապրում են օրենքներով։ Իրենց օրենքներով, համաձայն իրենց փիլիսոփայության, իրենց քաղաքակրթության։ Դեռ այն ժամանակ աշխարհում գիտեին, որ Հնդկաստանը Ինդոս գետի հովտի և այլ հնագույն քաղաքակրթությունների հայրենիքն է, որ երկար դարերի ընթացքում այն եղել է կարևորագույն առևտրական երթուղիների կենտրոն և լայնորեն փառաբանվել է իր անսպառ հարստություններով ու բարձր մշակույթով։ Հենց Հնդկաստանում էր, որ ծլարձակեցին այնպիսի խոշոր կրոններ, ինչպիսիք են հինդուիզմը, բուդդիզմը, սիկհիզմը, ջայնիզմը։ Եվ որքան էլ որ տարբեր են, կա մի բան, որ միավորում է նրանց։ Դա ճանապարհն է, որ տանում է դեպի ազատագրում տառապանքներից։ Այդ թեման արծարծվում է նաև Աստվածաշնչում։ Հիշենք իր՝ Քրիստոսի շուրթերից հնչած խոսքը. “Ես եմ ճանապարհը”։ Եվ հայերն այստեղ գտան ապաստան, օթևան։ Կառուցեցին դպրոցներ, եկեղեցիներ։ Հրատարակեցին թերթեր։ Տպագրեցին առաջին գիրքը։ Ստեղծեցին մշակույթ։ Ապրեցին համաձայն կյանքի իրենց հին ու փրկարար բանաձևի՝ “Սիրո գինը սերն է”։ Եվ այդ ամենը՝ շնորհիվ բաց ու թափանցիկ ձեռներեցության, առևտրի, շինարարության, վաճառականության և հանրագումարում՝ շնորհիվ այն օգուտի, որը հայ համայնքը բերում էր հենց Հնդկաստանին։ Եվրոպացիներին ապշեցնում էին Հնդկաստանի հայ առևտրականների կապերի արդյունավետությունն ու բազմաշերտությունը աշխարհի շատ երկրների հետ։ Առաջ եկան խոշոր դեմքեր, որոնք ազդեցություն ունեին քաղաքականության, տնտեսության վրա։ Պետք է նշել, որ Նոր Ջուղայից մի ահռելի ալիք հոսեց Հնդկաստան, որտեղ արդեն վաղուց հիմնվել էին իրենց ազգակիցները։ Դեռևս 16-րդ դարում Ակբար կայսեր կինը հայ էր՝ Մարիամ Զամանի Բեգումը։ Կայսերական տան բժիշկը հայ էր։ Հայ համայնքի ծաղկումը սփյուռքում գտնվող շատ հայրենակիցների ձգեց։ Եվ չէ՞ որ դա ամենասարսափելի ժամանակն էր հայոց պատմության մեջ։ Հենց 17-րդ դարի առաջին կեսին էր, որ Մեծ Հայքը տրոհվեց Արևմտյան (Օսմանյան) և Արևելյան (Պարսկական) մասերի։ Եվ շատերն էին փրկությունը տեսնում Հնդկաստանի մեջ։
Թող ներեն ինձ մասնագետ պատմաբանները, որ չափից ավելի մակերեսայնորեն ու միագիծ եմ նկարագրում Հնդկական Հայաստանի ծաղկունքի դարաշրջանը, քանզի ցանկությունս մեկ այլ թեմայի վրա հանգամանալից կանգ առնելն է։ Բանն այն է, որ Հնդկաստանի Հայկական գաղութը վառ օրինակն է այն բանի, որ ինչպես Հայնեն էր ասում՝ օտարությունը հայրենիք չի դառնա, որ բոլոր ժողովուրդների բոլոր համայնքների վերջը վաղ թե ուշ գալիս է։ Ինքը՝ Հնդկաստանը մեղք չունի, որ խոշոր, հարուստ հայկական համայնքը փլուզվեց։ Ոչ մի մեղք չունեն և իրենք՝ հայերը։ Դա մի ողջ ողբերգական պատմություն է։ Բայց երկու բառով հիշեցնենք այն մասին, որ փլուզումն սկսվեց ոչ այն ժամանակ, երբ եվրոպացիները (ծովային տերությունները), հավակնելով Հնդկաստանի հարստություններին, վերջնական արդյունքում զիջեցին անգլիացիներին, որոնց ոչ մի կերպ ձեռնտու չէր եռանդուն հայկական գաղութը, որը մեծ ազդեցություն ուներ սրբություն սրբոցի՝ առևտրի վրա, հետևաբար՝ գնագոյացման, հետևաբար՝ բուն քաղաքականության, որը, ինչպես սովորեցնում է քաղտնտեսությունը, տնտեսության խտացված արտահայտությունն է։ Պետք է ընդգծել, որ իրենց չարանենգ ծրագրերը եվրոպացիները և մասնավորապես անգլիացիները իրագործեցին ուրիշի ձեռքերով, այդ թվում՝ նաև թուրքերի։ Նրանք լայնորեն օգտագործում էին այնպիսի սարսափելի ու հրեշավոր բանակ, ինչպիսին էր ծովահենությունը։
…Ծովահենության մասին ընդհանրապես և մասնավորապես այն մասին, թե ինչ կարող է մեզ սպասվել մեր աշխարհաշուրջի վերջին փուլում, կպատմեմ հետո։ Իսկ առայժմ երկու բառով՝ այն մասին, թե ինչպես անգլիացիները ծովային ավազակների միջոցով դուրս մղեցին Հնդկաստանից ոչ միայն հայերին, այլև մյուս բոլոր համայնքները։ Իդեպ, երբեք սփյուռքի հայերին ոչ մի երկրից դուրս չեն հանել տեղական իշխանությունները։ Թուրքիան հաշվի մեջ չէ։ Քանզի Թուրքիայում հայերը, ինչպեսև հույները, ասորիները, ընդհանրապես՝ բյուզանդացիները, քրդերը ապրում էին իրենց հայրենիքում։ Մնացած բոլոր դեպքերում պատճառները օբյեկտիվ էին՝ բուն երկրի ճգնաժամն ու փլուզումը։ Լինի դա Եգիպտոսում, թե Լիբանանում, Իրանում, թե Իրաքում, Սիրիայում թե Կիպրոսում։ Նույնը կարելի է ասել և Հնդկաստանի մասին, որն ինքը երկու դար ազատագրական պայքար էր մղում։
Ինչպես հայտնի է, ռուսական ցար Ալեքսեյ Միխայլովիչը (Պետրոս Մեծի հայրը) բազմիցս է ընդունել հայ վաճառականներին (նրանց անունները պահպանվել են), որոնք գանգատվել են, որ Միջերկրականի ծովահենները թալանում են Իրանից Ռուսաստան ապրանքներ բերող իրենց նավերը։ Ծովահենության մասին սարի չափ նյութ ունեմ հավաքած։ Բերեմ ընդամենը մեկ պարբերություն, որից կարելի է իմանալ, թե որքան մեծ էին հայերի առևտրի ծավալները, այսպես ասենք՝ հնդկական դարաշրջանում. “Ներթափանցելով Արևելք, եվրոպական տերություններն իրենց համար անսպասելիորեն հայտնագործեցին, որ հայերը տնօրինում են դարերով ձեավորված առևտուրը, որն ընդգրկում է գործնականում ողջ աշխարհը։ Եվրոպայում վաճառքի նախատեսված արևելյան ապրանքները հայերը բերում էին Հնդկաստանի, Չինաստանի և այլ երկրների նավահանգիստներից, Հնդկական օվկիանոսով, Սուրատի վրայով (Կամբեյի ծոց, Բոմբեյից հյուսիս-Զ.Բ.) հասցնելով Պարսից ծոցի նավահանգիստներ, իսկ այնտեղից էլ ցամաքային ճանապարհներով դեպի Միջերկրական, Սև և Կասպից ծովերի նավահանգիստներ՝ Եվրոպա տեղափոխելու համար։ Գոյություն ուներ նաև զուգահեռ ուղի՝ Արաբական և Կարմիր ծովերով, Սուեզի պարանոցով (ջրանցքը կառուցվել է 1867 թվականին) կամ էլ Նեղոսով դեպի Միջերկրական ծով”։
…”Սովորական” ռեպորտաժի չափերը թույլ չեն տալիս շարունակել գերկարևոր այս թեման։ Այնպես որ, դրան կանդրադառնանք ապագա գրքում։ Իսկ առայժմ չեմ կարող չասել, որ նույնիսկ վերում բերված, ինչպես սովորաբար նշում եմ՝ փոքրիկ պարբերությունը հաստատում է, որ Հնդկաստանում հայ վաճառականների միլիարդների մասին խոսակցությունները բոլորովին էլ առասպելներ չեն։ Բայց սա էլ առանձին թեմա է։ Ցանկանում եմ նաև նշել, որ ծանոթանալով պատմական փաստերին, իմանալով անցյալի հայ գործարարների անսահման եռանդի և ահռելի տաղանդի մասին, կարելի է բոլորովին չկասկածել, որ բավական է ազատել այօրվա ազնիվ գործարարներին ցամաքային ավազակներից, որպեսզի անսպառ հրաշքներ ստեղծեն հանուն հայրենիքի և նրա անվտանգության երաշխավորի՝ մեր բանակի։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Հնդկական օվկիանոս