www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ՔԱՌԱՍՈՒՆ ՀԱՅ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է
Որպեսզի թույլտվություն ստանանք ծովածոցից բաց ծով, տվյալ դեպքում՝ Հնդկական օվկիանոս դուրս գալու համար, պետք է ընդամենը նավահանգստային ծառայության հավանությունը և, իհարկե, օդերևութաբանների։ Երկուսն էլ բարի գտնվեցին։ Բայց չէինք հասցրել ամրաճոպաններն արձակել, երբ ժամանեցին նավահանգստի պաշտոնյաները և հազիվ շունչը տեղը բերելով միանգամից վրա տվեցին. “Փոթորկի նախազգուշացում է ստացվել”։ Մենք նայեցինք իրար։ Ուսներս թոթվեցինք։ Մտածեցինք՝ ինչ-որ բան այն չէ։ Շուրջը հանգի՜ստ, խաղա՜ղ։ Մենք հո լավ գիտենք, թե ինչ է փոթորկի նախազգուշացումը։ Այդ ինչպե՞ս է օվկիանոսը փոթորկվում, եթե ծովածոցում հանգիստ է։ Չէ՞ որ դա հենց այն բանն է, որ զգում ես բուն ծովածոցում, բուն նավահանգստում։ Բացի այդ, ինքներս էլ մինչև հավաքվելը եղանակի կանխատեսումն ստացել էինք։ Ու կարծես ամեն ինչ կարգին էր։ Բայց ի՞նչ վիճես, եթե անօգուտ է։ Միանգամից երեք պաշտոնյա հենց այնպես չէին վազի այստեղ, առանց միմյանց հերթ տալու և շնչակտուր մեզ հետ խոսելու այնպես, ասես հեռվում փոթորիկ է, իսկ մեր կողքին՝ հրդեհ։
Կես ժամ անց եկավ մեծ պետը՝ երկու փոքրերի ուղեկցությամբ։ Մեծը և՛ քաշով էր մեծ, և՛ տարիքով։ Փոքրերը նիհար էին և ասես պաշտպանվում էին նրա թիկունքում։ Մի խոսքով, մեծ պետը մեծ մատը վեր տնկելով (չգիտես՝ երկինքը, թե՞ բարձր ատյաններ վկայակոչելով), հույժ գաղտնի մի բան ասաց, որի մասին, Աստված հաջողի , մանրամասնորեն կպատմեմ ապագա գրքում, և հրամանի կարգով տեղեկացրեց, որ մենք մնում ենք կղզու պատվավոր հյուրեր, մինչև Դելիից Շրի Լանկա կժամանի մեր դեսպան Արա Հակոբյանը։ Մեր հարազատներին ու մտերիմներին հանգստացնելու համար առաջ անցնելով ասեմ անձնակազմի անդամների, նրանց կենսագրության կամ փաստաթղթերի հետ կապված ոչ մի խնդիր չկա։ Բոլորովին այլ հարց է։ Մեր առջև ծառացած խնդիրը կապված չէ ո՛չ բնության կատակլիզմների, ոչ էլ որևէ կոնկրետ իններորդ ալիքի հետ և կամ արևադարձային տոթի, որն ինձ պարզապես սպանում է, այլ, ինչպես ասել եմ վերջին ռեպորտաժներից մեկում՝ մարդկային գործոնի։ Մեզ անառարկելի խորհուրդ են տալիս շարժվել դեպի Աֆրիկա և շրջանցել Բարեհուսո հրվանդանը, կամ… մտնել Պարսից ծոց, իսկ այնտեղից, հավանաբար քարշակով, ողջ Իրանի միջով հասնել Մեղրի, կամ…ետ դառնալ։ Միաժամանակ հավելում են, որ մինչև Բարեհուսո հրվանդան նույնպես վտանգավոր է, բայց ոչ ինչպես Արաբական և Կարմիր ծովում։
Դե ինչ, ընտրությունն այնքան էլ մեծ չէ։ Առանձնապես բանաստեղծական, քնարական, հետաքրքիր տարբերակ է “ետ դառնալը”։ Իսկ ինչպե՜ս քրքջացինք, երբ մեր քարտեզագետ Հայկ Բադալյանը հստակ ու անշփոթ թվարկեց մեր երթուղին՝ հակառակ ուղղությամբ։ Իդեպ, դա նույնիսկ շատ էլ հետաքրքիր էր։ Դժվար թե մեզնից որևէ մեկի մտքով անցներ բարձրաձայնել մեր անցած ճամփան հպակառակ հաջորդականությամբ։ Հապա տեսե՜ք, Հնդկական օվկիանոս՝ Ցեյլոն, Սինգապուր, Ինդոնեզիա, Ավստրալիա (նավահանգիստները չեմ հաշվում)։ Խաղաղ օվկիանոս՝ Նոր Զելանդիա, Զատկի կղզի, Չիլի, Մագելլանի նեղուց, Հրո Երկիր, Հորն հրվանդան։ Ատլանտյան օվկիանոս՝ Հրո Երկիր, Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա, Կարիբյան ծով, Պանամայի ջրանցք։ Խաղաղ օվկիանոս՝ Մեքսիկա, ԱՄՆ (Կալիֆոռնիա) և ետ, Պանամայի ջրանցք։ Ատլանտյան օվկիանոս՝ Բարբադոս կղզի, Կանարյան կղզիներ, Ջիբրալթարի նեղուց։ Միջերկրական ծով, Հյուսիսային Աֆրիկա, Իսպանիա, Վալենսիա նավահանգիստ, որտեղից տեղ-տեղ շարունակելու ենք լեգենդար “Կիլիկիա”-ի երթուղին՝ Մարմարի ծով, Սև ծով և մինչև Փոթի։ Նույնիսկ ավելին՝ մինչև Բաթումի։ Իդեպ, ես Հայկին խնդրեցի շտապ հաշվարկել բոլոր մղոնները, որ “Արմենիա”-ն արդեն թողել է նավախելի հետևում։ Պարզվեց հաշվելու կարիք չուներ, անգիր գիտի։ Իդեպ, գիտի ինչպես ուղղակի քարտեզով, այնպես էլ զիգզագների ու այլ շեղումների հավելմամբ։ Եվ ոչ թե մղոններով, այլ կիլոմետրերով։ Չէ՞ որ, միևնույնն է, ստիպված էինք լինելու կիլոմետրերով հաշվել։ Մանավանդ որ դեռևս դպրոցական նստարանից բոլորի հիշողության մեջ հավերժ մնում է մեկ ցուցանիշ. հասարակածի երկարությունը 40 հազար կիլոմետր է։ Եվ Հայկը զեկուցեց. “Ուղիղ գծերով “Արմենիա”-ն մինչև Շրի Լանկա անցել է 30428 հազար կիլոմետր, իսկ փաստացի՝ մոտ 86 հազար (նկատի ունենալով քամի որսալու համար հալսերի անցնելը)։ Հիշեցի “Լիտերատուրնայա գազետա”-ում տպագրված նյութի վերնագիրը՝ “Աշխարհաշուրջ՝ երկու հասարակածի չափով”։
Այնպես որ, մենք կարող ենք հենց հիմա հավաքվել կոկպիտում և շամպայնի շիշ բացել։ Նույնիսկ երկուսը։ Մեկական՝ յուրաքանչյուր հասարակածի համար։ Սակայն սա մխիթարանք չէ։ Նույնիսկ այսպիսի “ամրության պաշար” ունենալով, անհրաժեշտ է որոշակի պայմաններ կատարել։ Նախ և առաջ՝ հատել բոլոր միջօրեականները, և դա՝ հանուն աշխարհաշուրջի բուն ներքին նպատակի։ Երթուղիների բազմազանության համար յուրաքանչյուր առանձին դեպքում գոյություն ունեն պարտադիր պայմաններ։ Օրինակ, եթե դուրս ես գալիս Միջերկրական ծովից, ապա անհրաժեշտ է մեկնարկի սկիզբը հաշվարկել 0 միջօրեականից (Գրինվիչի), սակայն պետք է վերադառնալ նույն Միջերկրական ծով Սուեզի ջրանցքի միջով, բայց միաժամանակ պարտադիր կարգով, արևելքից դեպի արևմուտք անցնելիս պետք է հատես 80-րդ աստիճանը (օրափոխ միջօրեականը)։ Եվ ցանկալի է, որ դրանից առաջ պտտվես Հորն հրվանդանի մոտով։ Արդեն երկրորդ անգամ եմ անդրադառնում այս թեմային։ Եվ ահա թե ինչու։ Ինչպես արդեն նշեցի, անվտանգության նկատառումներով մեզ առաջարկում են (ցանկալի է ուղեկցմամբ) լողալ, շրջանցելով Աֆրիկայի հարավը։ Միաժամանակ, ինչպես պնդում են, դեռևս հայտնի չէ, թե ինչպես ենք անցնելու Մադագասկար կղզու մոտով. Մոզամբիկի նեղուցով, թե՞ կղզու արևելյան ծովեզերքով։ Սակայն այդ տարբերակը մեզանից կխլի ոչ միայն համարյա ևս կես տարի, այլև ստիպված կլինենք Միջերկրական ծով վերադառնալ դարձյալ Ջիբրալթարի նեղուցով։ Բանի նման չէ։ Դուրս գալ Ջիբրալթարից արևմուտք գնալու համար և մեկ էլ հետ-հետ անել դեպի Ջիբրալթար։ Բայց եթե մեր մտքին կար նաև այս գնդի շուրջ պտտվել, ապա պետք է դուրս գալ մի կետից և նույն կետին վերադառնալ հակառակ կողմից։ Փառք Աստծո, Միջերկրական ծովը տալիս է այդ հնարավորությունը։ Այդ “սենյակը” ունի և՛ ելքի դուռ (Ջիբրալթարի նեղուց), և՛ մուտքի (Սուեզի ջրանցք)։
Էլ չեմ ասում, որ տուժում է ապագա գրքիս վերնագիրը, որը կոչվելու է “Արմենիա”. ծովից –ծով”։ Հենց այդ “ծովից-ծով”-ը ենթադրում է, որ դուրս ես եկել ասենք երկարավուն ծովի արևմուտքից, իսկ նույն ծովը մտել ես ծայր արևելքում։
Ոչինչ չենք կարողանում անել։ Արդեն որերորդ օրը նստել ծովի մոտ ու ոչ թե լավ եղանակի ենք սպասում, այլ բարի լուրերի։ Մեզ ձեռք է տալիս, իհարկե, վերջնագիծը միայն Արաբական և Կարմիր ծովերով։ Առավելևս, որ վաղուց հարուստ նյութ եմ հավաքել այդ ծովերի մասին։ Ամեն ինչի համաձայն ենք։ Թեկուզ ուղղաթիռներն օդով տանեն մեր նավը այդ ծովերի վրայով։ Այսօր առավոտյան Կոլոմբոյում, բուդդայական հայտնի տաճարի մոտ մի մեծ, պողպատագույն հնդկական փիղ տեսանք։ Այնքան ամուր, մկանուտ։ Ու մտածեցի՝ ասում են, փղերը լավ էլ լողում են։ Այ, մի շատ մեծ փիղ լիներ, մեջքին բարձեինք մեր միակայմ շլյուպը, ու լողար այնտեղ, ուր միանում են միմյանց Հնդկական օվկիանոսի և Միջերկրական ծովի ջրերը՝ Սուեզի ջրանցքով։ Գուցե այս գաղափարը պատահաբար չծագեց գլխումս։ Համենայնդեպս, գրում եմ այս տողերն ուշ գիշերով, իսկ “լողացող” փղի մասին միտքը դեռ հետապնդում է ինձ։ Սրա մեջ ինչ-որ իմաստ կա։ Կապրենք՝ կտեսնենք։
Առայժմ չգիտեմ՝ ինչպես ասում են, վերևներում, թե ներքևներում ինչպես կլուծվի մեր վերջնագծի հարցը (չէ՞ որ հասկանում ենք, որ խոքը թե՛ մեր, թե՛ “Արմենիա”-ի անվտանգության մասին է)։ Իսկ մենք մեկնելու ենք Կալկաթա և լեգենդար “հայացված” քաղաքի հետ հանդիպումը կնախորդենք մի փոքրիկ պատմությամբ “Հայկական Հնդկաստանի” կամ “Հնդկական Հայաստանի” մասին։
Չենք վերապատմի պատմության էջերը։ Կքաղենք միայն վառ և տպավորիչ դրվագներ Հնդկաստանում հայության ճակատագրի ու պատմության մասին։ Հատկանշական է, որ առաջին հայկական եկեղեցին կառուցվել է ավելի վաղ, քան հայերի զանգվածային վերաբնակեցումը Հնդկաստանում։ Դա 1562 թվականին էր, Ագրա քաղաքում։ Իսկ այդ քաղաքը չափազանց հետաքրքիր է Սփյուռքի պատմության համար։ Կարծում եմ, պատահական չէր, որ հենց այստեղ կառուցվեց առաջին հայկական եկեղեցին։ Դա Հնդկաստանի թերևս ամենահայտնի տիրակալի՝ փադիշահ Ակբարի ծննդավայրն է, որը գահ բարձրացավ 12 տարեկանում։ Եվ հենց այս քաղաքում նա ամուսնացավ գեղեցկուհի հայուհու՝ Մարիամ Զամանի Բեգումի հետ, որին ես “ճանաչում” էի մեր աշխարհաշուրջն սկսելուց շատ առաջ։ Նրան է նվիրված սահմանված մեկ էջը □Ամարաս□ հրատարակչության տպագրած “Հայուհիներ” հանրագիտական երկհատորյակում (իմ նախաբանով)։ Այնտեղ ներկայացված է հայուհու համառոտ կենսագրությունը, որը դարձավ հնդկական թագուհի, որը փառաբանվեց իր բարձր մտավոր ընդունակություններով ու բարեգործությամբ։ Իսկ այս ամենն ասում եմ, որպեսզի հայտնեմ ամենակարևորը։ Ագրայում հայկական առաջին եկեղեցին կառուցվել է Սիրո հովանու ներքո։ Քսանամյա հարսնացու Մարիամն իր քսանամյա փեսացու փադիշահ Ակբարից պահանջեց հայկական եկեղեցի կառուցել և հենց այնտեղ պսակադրվել։ Ես չգիտեմ, թե որ սրբի անունն էր կրում Ագրայի եկեղեցին։ Այդ մասին չկա նույնիսկ “Սփյուռք” հանրագիտարանում։ Բայց կարծում եմ մեղք չի համարվի, եթե այն անվանենք Սուրբ Սիրո հայկական առաքելական եկեղեցի։ Ագրայում հայերն այնքան էլ շատ չէին, երբ կառուցվեց եկեղեցին։ Իսկ հետո հորդացին հայրենակիցները։ Եկեղեցին կանչեց նրանց։ Ընդհանրապես ես վաղուց եմ պատասխան փնտրում այն հարցին, թե համայնքում քանի՞ հայ է հարկավոր, որպեսզի եկեղեցի կառուցվի։ Բայց սա հասարակ հարց չէ։ Այնինչ, կա։ Իրոք, քանի՞ հայ։ Եվ ընկա որոնումների մեջ։
Ես սա շատ կարևոր ու լուրջ հարց եմ համարում։ Ե՞րբ է առաջանում եկեղեցի կառուցելու պարտադիր, անհետաձգելի անհրաժեշտություն։ Այդ ե՞րբ է, որ այսպես ասած, քանակը դառնում է որակ, խոսքը՝ գործ, երազանքը՝ շոշափելի իրականություն։ Փնտրեցի։ Եվ կածես թե գտա։ Հնդկաստանի հայերի մասին ավելի շատ են գրել, քան աշխարհի այլ տարածաշրջեաններում ապրող մեր հայրենակիցներ մասին։ Գրել են ոչ միայն պատմության այնպիսի հանճարներ, ինչպիսիք են Ալիշանը և Լեոն, այլև իրադարձությունների բազմաթիվ մասնակիցներ ու ականատեսներ։ Ահա թե ինչ է գրում Հնդկաստանի առաջին եվրոպացի հետազոտողներից մեկը՝ Ֆրանսուա Մարտենը. “Այստեղ ակտիվ գործում են հայերը, որոնք հեռավոր ժամանակներից հիմնավորվել են Հնդկաստանում և զբաղվել առևտրով։ Կային հայկական ընտանիքներ, որոնց ունեցվածքը միլիոններով էր գնահատվում (դոլլարի կուրսի ներկայիս վերահաշվարկով դրանք միլիարդներ են)”։ Եվ իհարկե, բոլոր եվրոպացիներին ապշեցնում էր այն, որ հայերն ամենուր անպայման եկեղեցիներ էին կառուցում։ Ահա ևս մեկ փաստաթուղթ. “Հնդկաստանում եվրոպացիների հայտնվելուց դեռ շատ առաջ հայերը, որոնք թվում է, թե չեն կարող ապրել առանց եկեղեցու, նշանակալից դեր էին խաղում երկրի կյանքում, լայնածավալ առևտուր էին վարում Եվրոպայի և Ասիայի բոլոր խոշոր երկրների հետ… Այդ պատճառով էլ 17-րդ դարի առաջին կեսին Հնդկաստանում վերաբնակված եվրոպացիները օգտվում էին հայերի կապերից և նրանց միջոցով կարողացան հնդիկ կառավարողներից թույլտվություն ստանալ ֆակտորիաներ կառուցելու և Հնդկաստանում առևտուր անելու”։ Իհարկե, մեր միամիտ հայրենակիցները չգիտեին, որ հետագայում ամեն ինչ իրենց դեմ էր ուղղվելու սարսափելի ուժով։ Բայց դա արդեն այլ թեմա է։ Այնպես որ՝ վերադառնանք եկեղեցուն։ Կա հետաքրքիր պայմանագիր հայերի և անգլիացիների միջև։ Այն ստորագրել է հայտնի գործիչ Խոջա Փանոս Քալանթարը 1668 թվականի հունիսի 28-ին։ Պայմանագիրը համագործակցության, փոխօգնության մասին է։ Նախնական բուռն նամակագրություն էր տեղի ունեցել։ Եվ ահա անգլիացիները, իմանալով, որ իրոք հայերը չեն կարող ապրել առանց իրենց եկեղեցու, մանրազնին հաշվարկել էին նույնիսկ այն, թե այս կամ այն համայնքում քանի հայ պետք է լինի, որպեսզի եկեղեցի կառուցվի։ Եվ իմացել էին. “Քառասուն և ավելի հայեր”։ Կարդում եմ հայտնի Մ- Սեթյանի մոտ. “Հայերին թույլ էր տրված նաև բնակություն հաստատել և ազատ առևտրով զբաղվել Ընկերության քաղաքներում և կայազորներում, որտեղ անգլիացիների հետ հավասար կարող էին զբաղեցնել բոլոր քաղաքացիական դիրքերն ու պաշտոնները։ Եվ ապա հայերին թույլ տրվեց իրենց կրոնի ազատ դավանանքը։ Որպես հետագա խրախուսում անգլիացիները հող հատկացրին եկեղեցիների համար այնտեղ, որտեղ քառասուն և ավելի հայեր կդառնային Ընկերության տարածքում գտնվող ցանկացած քաղաքի բնակիչներ”։
Այնպես որ, ինչպես տեսնում ենք, ժամանակին նաև նման հաշվարկներ են կատարվել։ Նշանակում է, կար նույնիսկ կոնկրետ թիվ։ Քառասուն հայ բավական են, որպեսզի սկսեն եկեղեցի կառուցել։ Փաստի դեմ ոչինչ չես կարող անել։ Դրա հետ պետք է հաշվի նստել։ Չքննարկել, այլ ընդունել իրողությունը…
Այս թեման ես թերևս շարունակեմ Կալկաթայից հետո, որը մի ժամանակ համարվել է Հնդկաստանի հայկական մայրաքաղաք։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Հնդկական օվկիանոս