www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ԾՈՎԱՀԵՆՈՒԹՅՈՒՆԸ (Մաս առաջին)
Էլեկտրոնային փոստով “Արմենիա” ուղարկեցին մի տեքստ ինտերնետից։ Կարդացի և բոլորովին չզարմացա։ Առանց այդ էլ դա ինձ պարզ ու հասկանալի է։ Բերեմ ընդամենը մեկ պարբերություն. “Երիտասարդությունը Սոմալիում, հիմա արդեն նաև Եմենում, իր կուռքն է համարում ծովահեններին, ինչպես որ տիեզերագնացության արշալույսին համարում էին Յուրի Գագարինին և Նեյլ Արմսթրոնգին, կամ ինչպես հին Հունաստանում՝ օլիմպիական չեմպիոններին”։ Իսկ չզարմացա այն պատճառով, որ գիտեմ՝ երիտասարդությունը բոլորովին մեղավոր չէ։ Չէ՞ որ, պարզվում է, այդ “կուռքերը” բացի ամենայնից, նաև մեկենասներ են, որոնք օգնում են հաշմանդամներին, ծերերին ու երեխաներին։ Ծովահեններն իրենք իրենց երբեք չէին կարող գոյություն ունենալ։ Մանավանդ հիմա, երբ տիեզերքից նույնիսկ ասեղը կարող են տեսնել խոտի մեջ, էլ ուր մնաց ծովահեններին՝ նավերով, բաց ծովում։
Ըստ իս, ճիշտ կլինի այս հրատապ թեման արծարծելու փորձ կատարել, սկսելով պատմությունից, համաշխարհային ծովահենության ակունքներից։ Խաչբառերում հաճախ կարելի է գտնել “ծովային ավազակ” բնորոշումը, որը մեկ հինգ, մեկ վեց, և կամ տասը տառից բաղկացած բառ է։ Կամ էլ նորից հինգ տառից, բայց բոլորովին այլ պատասխան ունի։ Պատճառը բազմաթիվ հոմանիշներն են, որ ծնվել են տարբեր դարերում, տարբեր լեզուներով։ Իդեպ, ամենահինը բոլորովին էլ “պիրատ”-ը չէր։ Դեռևս 15-11-րդ դարերում պաղեստինյան ափեզերքի ծովային ավազակներին կոչում էին “տժեկերներ”։ “Պիրատ” տերմինը հին Հունաստանում հայտնվել է մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում։ Թեև հույների մոտ այլ արտասանություն ուներ՝ պեյրատես։ Եվ նշանակում էր “բախտ փորձել”։ Հռոմեացիների մոտ այն հնչում էր պիրատա։ Այստեղից էլ տերմինի ներկայիս, այսպես ասած պաշտոնական հնչունաբանությունը, որն արդեն ավելի մոտ է մեզ մոտավորապես միջնադարից՝ տարբեր տարածաշրջանների, հիմնականում Եվրոպայի հետ կապված։ Կար ժամանակ, երբ այդ հրեշավոր զբաղմունքն այնքան տարածված էր, որ իրենք՝ ծովահենները դարձան ռոմանտիզմի դարաշրջանի անհամար գրքերի հերոսներ։ Ո՞ր պատանին չի հիացել գլխի գույնզգույն թաշկինակը ծոծրակին քարկապած քաջ, առնական ու ռոմանտիկ կերպարով, որի նավակայմին ծածանվում է իր “համքարության” սև դրոշը՝ գանգով ու երկու խաչված ոսկրերով “Ուրախ Ռոջերը”, կամ չի սարսռացել գանձերի կղզում հետևելով միոտանի, աչքին սև փաթաթան և ատամների արանքում ծխամորճ սեղմած ծովահենին և մանավանդ մտովի ունկընդրելով հարբած ավազակների երգը՝ մեռելի սնդուկի և մի շիշ ռոմի մասին։ Իսկ որքա՜ն խորհրդավոր են հնչում ինչպես գողալեզու, այնպես էլ դասական երգերում այնպիսի բառեր, ինչպիսիք են “վիտալիեր”, “կորսար”, մանավանդ՝ “ֆլիբուստիեր”։ Մինչդեռ առաջինը լատիներենից թարմանվում է ընդամենը “պաշարներ ուտող”, երկրորդը՝ պարզապես ավազակ, գող։ Բայց հիրավի բառիս բուն իմաստով լեգենդներում երգված “ֆլիբուստիերը” մի ողջ թյուրիմացություն է։ Դա հոլանդերեն “վրիպուիտեր” բառն” է, որը նույնպես վերջնական արդյունքում նշանակում է ծովահեն։ Բայց մի ինչ-որ անգլիացի նախընտրել է բառի հիմքում միանգամից երկու անգլերեն բառարմատ տեսնել՝ “ազատ” և “կողոպտիչ”։ Ասես խոսքը ազատ ստեղծագործողի մասին է։ Մի խոսքով, տերմինները շա՜տ –շա՜տ են։ Ընդհանրապես ծովահենության ու ծովահենների մասին շատ բան կարելի է իմանալ մեծ Ժյուլ Վեռնից, Կիր Բուլիչևի “Ծովահենության պատմություն” գրքից՝ Մ.Ի.Դինոսոլովի նախաբանով, և իհարկե, ծովային իրավունքի և ծովահենության նախնական պատմության հարցերով ՄԱԿ-ի նախկին փորձագետ, իրավագետ, մեր հայրենակից Յու.Բարսեղովի բազմաթիվ փաստագրական հետազոտություններից, մասնավորապես Կիլիկյան հայկական թագավորությունում ծովահենության դեմ պայքարի մասին։
Այսինքն, խոսքը մեծ և շատ կարևոր խնդրի մասին է, որն արդեն երկար հազարամյակներ մարդկությունը չի կարողանում լուծել, քանի դեռ ապացուցելի պատասխան տրված չէ փիլիսոփայական-իրավաբանական այն հարցին, թե “Ո՞ւմ է դա ձեռնտու”։ Եվ մի՞թե ծովահեն չէր Իթակեի ճարպիկ ու խորամանկ արքա Ոդիսևսը։ Կարծես թե առասպելական հերոս է, բայց նախատիպը վերցված է կյանքից։ Եվ բոլորովին էլ օդից չի վերցրել Հոմերոսն այն բառերը, որ հնչեցնում է իր հերոսի շուրթերից այն մասին, թե արգոնավորդները քաղաքն ավերեցին, կոտորեցին բոլոր բնակիչներին, իսկ կանանց ու գանձերը միմյանց միջև կիսեցին…։ Թող ների ինձ մեծն կույրը, բայց ինչո՞վ ավազակ չէ, ինչո՞վ պիրատ չէ այդ, ես կասեի՝ պարզապես տականքը։ Նույնիսկ այսպես կոչված կիսաստվածներն էին պիրատներ, այդ թվում՝ նաև մկանուտ Հերակլեսը։ Այնպես որ, այդ ամենը հավանաբար ձեռնտու էր հենց աստվածներին, որոնք ծովահենությունը համարում էին ընդամենը արհեստ, զբաղմունք։ Իսկ ծովային ավազակներին բոլորովին էլ պիրատներ չէին կոչում։ Կիր Բուլիչևը (Իգոր Մոժեյկո) նրանց մասին գիրքը վերնագրել է “Ծովապրուստի այրեր”։ Ի՜նչ բարձրահունչ բնորոշում։ Իսկ իմ կողմից հարգված հեղինակն այդ բառերը փոխառել է հենց Հոմերոսից։ Բայց դա շատ ու շատ վաղուց էր։ Առասպելը մնում է առասպել։ Ինչ-որ բան հորինված է, ինչ-որ բան, որոշ լրացումներով՝ վերցված կյանքից։ Դարերի խորքից բարձրանանք վեր, մոտենալով մեր ժամանակներին։ Թեև 16-րդ դարը դեռևս հեռու է մեզնից։ Ցանկացած մարդ, որը քոնե փոքր ինչ ծանոթ է ծովագնացության պատմությանը և ծովագնացների կենսագրություններին, չի կարող չիմանալ անգլիացի Ֆրենսիս Դրեյքի անունը։ Իհարկե, նա մեծ ծովագնաց էր։ Նաև հայտնագործող, գիտնական, քարտեզագիր, և երկրորդն էր, որ պտտվեց երկրի շուրջ, և կարտոֆիլ բերեց Եվրոպա (նման կարծիք էլ կա) և միաժամանակ…ավազակների ավազակն էր։ Արյունարբու, դաժան, պրոֆեսիոնալ ծովային ավազակ, որը թալանում էր նույնիսկ իր հայրենակիցներին։ Պատկերացնում եմ մի պահ. զոհերը նրան բերում են Անգլիայի թագուհի Եղիսաբեթ Առաջինի մոտ և բողոքում, որ Դրեյքը իրենց կողոպտել է մինչև վերջին շապիկը, քաղցած թողել երեխաներին։ Իսկ թագուհին, պարզվում է, դեռ մեկ րոպե առաջ հրաման է ստորագրել պերի, սըրի, լորդի, ֆավորիտի աստիճան շնորհել մեծ ծովահենին, որը հերթական անգամ նորին մեծությանը մի ողջ նավախումբ է բերել՝ ամբարները լցված թալանված գանձերով։ Չէ՞ որ այն ժամանակ ոչ ոք չգիտեր, որ թագուհին ծովահենին հրավիրում էր մասնակցելու Գաղտնի Խորհուրդներին, ինչը նույնն է, թե հիմա նախագահին կից անվտանգության խորհուրդները։
Այնպես որ, դժվար չէ գուշակել, թե ում է ձեռնտու ծովահենությունը։ Բայց դա նույնպես վաղուց էր՝ 16-րդ դարում։ Իսկ հետո՞, իսկ հիմա՞։ Վերջին երկու-երեք դարում (չեմ խոսում այսօրվա ամենազոր ՄԱԿ-ի և Անվտանգության Խորհուրդ անունը կրող հզորագույն գործադիր մարմնի մասին) կարծես թե հայտնվել են ինչ-որ միջազգային օրենքներ։ Թերևս առաջին և գործուն ծովային օրենքներն ընդունվել են Կիլիկիայի հայկական թագավորությունում։ Վենետիկի և Ճենովայի հանրապետությունները իրենց օրենքները (հիմնականում ծովահենության դեմ) ընդունել են հիմք ընդունելով և մեջբերելով Կիլիկյան հայտնի ծովային իրավական նորմերը։ Այդ մասին մանրամասն կարելի է կարդալ Յուրի Բարսեղովի աշխատություններում։
Ստամբուլ վերանվանված Կոստանդնուպոլիսը իսկույն դարձավ այսպես կոչված “բարբարոսական ծովահենության” գլխավոր շտաբ, որին աջակցում և ոգեշնչում էր Օսմանյան կայսրությունը։ Բայց ահա Եվրոպան, տեսնելով որ աբորդաժի են վերցնում հիմնականում քրիստոնյաների նավերը, կարողացավ վերջ դնել ծովահենների նկատմամբ թուրքական իշխանությանը։ Ոչ, Եվրոպան բոլորովին էլ ծովային վայրագությանը վերջ չտվեց, այլ պարզապես յուրացրեց օգուտը։ Անգլիայում, օրինակ, ինչպես գրում է Բարսեղովը, ծովահենի արհեստը խրախուսելու համար ստեղծվում էին յուրօրինակ փայատիրական ընկերություններ, որոնց մասնետերերն էին ծովակալները, կանցլերները, նավատերերը և նույնիսկ թագակիր անձինք։ Պարզապես օրինականացված պետական քաղաքականություն, որից ամենից շատ տուժում էին հայ վաճառականները։ Չէ՞ որ կար ժամանակ, երբ համաշխարհային առևտրաբեռների մեծ մասը ծովերով ու օվկիանոսներով փոխադրում էին հայ վաճառականները։ Դա շատ հետաքրքիր թեմա է։ Իսկ ավելի կոնկրետ լինելու համար ցանկանում եմ դարձյալ ու դարձյալ դիմել մեր մեծ բարեկամ Յուրի Բարսեղովի օգնությանը, որն, իդեպ, առաջինը շնորհավորեց մեզ “Կիլիկիա”-ի նավարկության առաջին փուլի ավարտի կապակցությամբ։ Դա Յուրի Գեորգիևիչի մահից ոչ շատ առաջ էր։ Ահա. “Հնդկական օվկիանոսի և Հարավ-Արևելյան Ասիայի օվկիանոսներում և ծովերում հայ վաճառական-ծովագնացների դեմ անգլիացիների կողմից ծովահենության խրախուսման մեթոդների օրինակ կարող են ծառայել հայտնի դեպքերը։ Օրինակ 1685 թվականին հայկական երկու բարձրակարգ նավերի՝ “Սուրբ Խաչ” և “Նոր Երուսաղեմ”, զավթումը, որոնք բեռնված էին այն ժամանակվա փոխարժեքով 565 հազար ֆունտ ստեռլինգ գնահատվող սուտակներով։ Երկու նավերն էլ պատկանում էին հայտնի հայ նեգոցիանտների (կոմերսանտ, որը մեծ ծավալի առևտուր է իրականացնում գլխավորապես այլ երկրների հետ,-Զ.Բ.), Հովհան և Հովսեփ Մարգարյան եղբայրներին, որոնք Արևմուտքում հայտնի էին որպես Ջոն և Ջոզեֆ Դա-Մարկ կամ Դեմարկորա։ Տվյալ դեպքում հայերի դեմ գործեց անգլիական ֆլիբուստիերների “Դոն Ռիչարդ Բարնեբի և Սեմյուել Ուայթ” կազմակերպությունը։ Ավելացնեմ, որ դրանք ինչ-որ հասարակ մահկանացու ավազակներ չէին։ Նրանք, կարելի է ասել՝ պաշտոնական պետական գործիչներ էին։ Ծովահենությամբ նույնպես զբաղվում էին պաշտոնապես, Սիամի (ներկայիս Թայլանդի) թագավորի ռազմա-ծովային բարձր պաշտոնյաների անվան տակ քողարկված։ Մի խոսքով, բոլորովին դժվար չէ հասկանալ, թե վերջիվերջո ում է ձեռնտու այդ չարաբաստիկ ծովահենությունը։
Պետրոս Մեծը այնքան էլ չէր սիրում այդ կեղտոտ արհեստը, բայց նա նույնպես ստիպած էր ատոտել ձեռքերը։
Սակայն ծովահենության պատմության մասին՝ հաջորդ ռեպորտաժում։ Այնտեղից ընթերցողը կիմանա, թե այսօր, ինչպես ասում են՝ այստեղ և հիմա, ում է ձեռնտու այդ հիրավի ծովային ֆաշիզմը։ Եվ ինչո՞ւ է “Արմենիա”-ի անձնակազմն ստիպած այսքան երկար մնալ Ցեյլոնում…
…Առաջին անգամ եմ երկու մասանոց ռեպորտաժ գրում։ Անկեղծ ասած, ծովահենության թեմայի համար ինձ տասն էլ չէր բավականացնի։ Միշտ իմ առջև կանգնած է մի ամբողջ խնդիր՝ տեղավորվել չափսերի մեջ, որոնք, ինչպես հայտնի է, նշանակություն ունեն։ Եթե իմանայի՜ն խմբագիրները, թե ինչ անխիղճ կերպով եմ ստիպված լինում կրճատել և այդպիսով դուրս թողնել շատ հետաքրքիր նյութեր։ Չէ՞ որ դրանք տառապագին հավաքում եմ տոննաներով։ Եվ այդ ամենն արվում է ահավոր պայմաններում։ Մեր երիտասարդ չարաճճիները, մեր հավերժական փոքրավորները, երեքով միասին հաճախ թաքուն հետևում են, թե ինչպես եմ փոթորկի ժամանակ, ուժգին ճոճքի պայմաններում մեքենագրում, և հաճույք են ստանում, որ մատս անհրաժեշտ տառին իջեցնելու փոխարեն թխկացնում եմ գրամեքենայի կողքին, սեղանին։ Եվ նրանք, այդ անկարգները, նույնպես ճոճքից օրորվելով, ուրախ քրքջում են։ Դե, ես էլ՝ նրանց հետ։ Պարզապես ափսոս է այն ժամանակը, որ ստիպված ծախսում եմ կրճատումների վրա։ Չէ՞ որ ինձ համար ամեն րոպեն, ինչպես ասում են՝ մի քաշ ոսկի է։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Հնդկական օվկիանոս