www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ԾՈՎԱՀԵՆՈՒԹՅՈՒՆԸ (Մաս երկրորդ)
Ինչպեսև խոստացել էի, ծովահենության թեմայով անդրադառնում եմ Պետրոս Մեծին։ Նա իրոք չէր սիրում այդ կեղտոտ արհեստը։ Հավանաբար նրան չի կարելի համարել չափազանց աստվածավախ քրիստոնյա (հիշենք, թե ինչպես եկեղեցիներից ցած նետեց զանգերը և հալեց՝ թնդանոթներ ձուլելու համար. թեև պատերազմի պայմաններում կարելի է փորձել դա էլ հասկանալ), բայց աստվածաշնչյան պատվիրանները շատ էլ հարգում էր։ Ստեղծելով եվրոպական պետություն, նա ստիպված էր զբաղվել օրենսդրական հարցերով։ Եվ խնդրեմ, յուրաքանչյուր պատվիրան արդեն պատրաստի իրավական փաստաթուղթ էր՝ կոնկրետ ցուցումներով. «Մի՛ սպանաներ», «Մի՛ գողացիր»։ Եվ հանկարծ լորդերի, կուռքերի, ռոմանտիկների աստիճանի են բարձրացնում նրանց, ովքեր հենց սպանում և գողանում են։ Իրականում Պետրոս Առաջինը հորից՝ Ալեքսեյ Միխայլովիչից էր ժառանգել ծովահենության դեմ պայքարի օրենքը։ Չէ՞ որ հենց այդ ցարի օրոք գյուղաղացիական ապստամբության առաջնորդ Ստեպան Ռազինին 1671 թվականի հունիսի 6-ին դատավճռով մեղադրանք ներկայացրին Կասպից ծովում հայ և այլազգի վաճառականներին սպանելու և կողոպտելու մեջ։
Սակայն ինքը՝ Պետրոս Առաջինը, որքան էլ չսիրեր ծովահեններին, ստիպված էր հաշվի նստել կյանքի իրողությունների հետ։ Որպես ծովային տերություն ստեղծած տիրակալ չէր կարող չմտածել այն մասին, որ ռուսական նավերը մտնեն նաև հարավային կիսագնդի ջրեր։ Բայց նա լավ գիտեր ու հասկանում էր, որ ցանկացած երկրի գործընկեր-տիրակալի հետ անօգուտ է բանակցություններ վարել իր նավերի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։
Եվ այնժամ նա մադագասկարյան ծովահենների տերերի մոտ ուղարկեց իր ծովակալին ցարական ուղերձով, բովանդակությամբ զարմանալի մի նամակով, որ Պետրոս Առաջինը գրել էր 1623 թվականի նոյեմբերի 9-ին. «…Այդ իսկ պատճառով նպատակահարմար գտանք մի քանի գործերի համար ձեզ մոտ ուղարկել Մեր փոխծովակալ Բիլետերին…»։ Ամբողջական տեքստը կներկայացնեմ արդեն գրքում։ Ախ, լրագրային հրապարակման այս կաշկանդող շրջանակները։ Պետք է անցնել «Ծովահենությունն այսօր» թեմային։ Հիմա։ Ահա հենց այս պահին, երբ այս տողերն եմ գրում «Արմենիա» նավում։
Իհարկե, կարելի է հարցնել, թե ինչու հենց հիմա հետաքրքրեց այդ հարցը ինձ և ողջ անձնակազմին։ Նախ՝ ոչ միայն ինձ և ոչ միայն ողջ անձնակազմին։ Հասկանալի է, որ արդեն հասել ենք այն կետին, որից հետո մինչև Սուեզի ջրանցք խարիսխ նետելու տեղ չունենք։ Երկրորդ՝ մենք չենք բարձրացրել այս հարցը, այլ մեր առջև են բարձրացրել, ինչպես ասում են՝ համապատասխան ծառայությունները կամ կազմակերպությունները Կոլոմբոյի նավահանգստում։ Նրանք բոլորը զինվորական համազգեստով են։ Զարմանալի բան չկա դրանում։ Կղզում շարունակվում է ռազմական դրությունը։ Նրանք առաջնորդվում են բարի մտադրություններով։ Մեզ հայտնի չէ, թե ով է նրանց լիազորել, բայց Ցեյլոնից Արաբական ծովով Կարմիր ծով ուղղվող բոլորից ցանկանում են իմանալ՝ արդյոք անվտանգության երաշխիքներ ունե՞ն։ Այս մարդկանց երկաթե տրամաբանության հետ չի կարելի հաշվի չնստել։ Ահա թե ինչ են ասում նրանք. «Տարօրինակ բան է կատարվում. ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ռազմանավերն ապահովում են նավերի ուղեկցում, բայց միայն Սոմալիի հատվածում, կամ ավելի լայն՝ Ադենի ծոցում։ Իսկ ահա հենց Արաբական ծովում, մանավանդ Եմենի հեղափոխությունից և ահավոր ճգնաժամից հետո ծովահենները վխտում են (և՛ Սոմալիի, և՛ Եմենի)։ Այսինքն, եթե ինչ-որ բան պատահելու լինի, լինելու է Ադենի ծոցից ու Սոմալի թերակղզուց շատ առաջ»։ Եվ որպես ապացույց ցույց տվեցին մի փաստաթուղթ, որում ասվում է, որ վերջին օրերի ընթացքում հենց Արաբական ծովում Հնդկաստանի ռազմածովայինները (ընդգրկված են նաև Շրի Լանկայի զինծառայողներ) որսացել են հիսուն ծովահենների։ Կարճ ժամանակահատվածում դարձյալ հնդիկ ռազմածովայինները նույն Արաբական ծովում երեք ծովահենական նավ են բռնել։ Իսկ այնտեղ, տեսեք-տեսեք, մեծ տերությունները պաշտպանում են միայն Սոմալիի դարպասները։
Դե ինչ, իրադրությունը ամենասկզբից էլ մեզ լիվին պարզ ու հասկանալի էր։ Եվ այդ իրադրությունն առանձնապես սրվեց երբ մենք արդեն կես ճանապարհին էինք։ Հայտնի դարձավ ևս մեկ, թերևս ամենագլխավոր փաստ. վերջին ժամանակներս սոմալացիները որսում են ավելի շատ փոքր նավեր և, որպես կանոն, առագաստավոր մարզանավակներ։ Չէ՞ որ նրանց ոչ թե գանձեր են հետաքրքրում նավերի վրա, այլ մարդիկ։ Քանզի մեծ փողեր են ստանում որպես փրկագին։ Յուրաքանչյուր գրաված նավից միջին հաշվով չորս-հինգ միլիոն դոլար են ստանում։ Մի խոսքով, մեզնից համառորեն պահանջում են, որ երթուղին փոխենք։ Մենք, ողջ անձնակազմով հասկանում ենք այս բարի մարդկանց։ Նրանք կոչված են կանխել դժբախտությունը։ Եվ ամենից շատ մենք ենք շահագրգռված դրանում։ Հենց այդ մասին արբանյակային կապով հեռախոսազրույց ունեցա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Իհարկե, առաջին հերթին՝ անվտանգություն։ Բայց «Արմենիա»-ի անձնակազմին էլ պետք է հասկանալ։ Մենք ողջ կյանքում տառապելու ենք այն գիտակցումից, որ կատարելով մեր ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկությունը, այն էլ Սփյուռքի ճամփաներով, Ջիբրալթարի նեղուցով դուրս գալով Միջերկրական ծովից, դարձյալ Միջերկրականի ջրեր ենք վերադարձել ոչ թե Սուեզի ջրանցքով, այլ նորից Ջիբրալթարով։ Այդպիսով մեր երազանքն այնպես չի իրականաանա, ինչպես կցանկանայինք։ Չէ՞ որ պատահում է, որ ծովայինները նույնիսկ երազանքի մասին են երազում։ Իսկ դա նշանակում է, որ հայկական աշխարհաշուրջի վերջնագծում ոչ միայն պարզապես չենք կարողանալու կառանվել եգիպտական հողում, որտեղ հայերն առաջին անգամ հիմնավորվել են մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում, այլև Աֆրիկայում՝ մեր ճանապարհին եղած հինգերորդ մայրցամաքում։ Հնարավոր է ընթերցողը մոռացած լինի, որ աշխարհաշուրջի մեկնարկին «Արմենիա»-ն Ատլանտիկայի ջրեր մտավ Աֆրիկայի հյուսիս-արմտյան ափից, Սեուտա նավահանգստից։ Բայց այնտեղ հայ համայնք չկար։ Ահա թե ինչու վերջնագծում մենք անպայման պետք է խարիսխ նետեինք լեգենդար Ալեքսանդրիայում, որտեղ արդեն մեկուկես տարի մեզ է սպասում «Սուրբ Պողոս-Պետրոս» հինավուրց առաքելական եկեղեցին և որտեղ մենք պետք է ծաղիկներ դնենք պետական ու հասարակական մեծ գործիչ Նուբար-փաշայի գերեզմանին։
Կա ևս մեկ հանգամանք, թեկուզև հուզական։ Բայց ո՞վ ասաց, թե հույզը մեր կյանքում երկրորդական է։ Հույզն այն է, առանց ինչի մարդն աղքատ է ու թերի։ Դա հուզմունքն է, ցնցումը, զգացմունքը, զգացումը, վերապրումը, կիրքը, արձագանքը, պոռթկումը և վերջապես՝ գեղեցկությունն ու գեղագիտությունը։ Նայեք «Արմենիա»-ի երթուղուն և Աֆրիկայի քարտեզին։ Մի՞թե դա գեղեցկություն ու գեղագիտություն չէ։ Սկսում ես Եվրոպայի ափերից, անհավատալի երկար ճանապարհ կտրում Աֆրիկայի արևմտյան ափից, և անհամար անգամներ խարիսխ նետելով Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Ավստրալիայի, Ասիայի, Ովկիանիայի ափերին, հանկարծ դարձյալ Աֆրիկային ես մոտենում արևմտյան կողմից։ Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ ինչ-որ տականքներ ոչ միայն անմեղ մարդկանց կյանքն ու ճակատագրերը կործանեն, այլև երազանքն ու գեղեցկությունը։
Եվ ուրեմն ովքե՞ր են դրանք, և ովքե՞ր են կանգնած նրանց թիկունքում։ Չխոսենք ազգության ու քաղաքացիության մասին։ Համենայն դեպս թե՛ Սոմալիում, թե՛ Եմենում, և թե Պունտլենդում միայն կառավարության խորտակումից հետո տեղի բնակիչները, ավելի հաճախ՝ մերձափնյա պահպանության աշխատակիցները սկսեցին ծով դուրս գալ, որսալ ձկնորսանավերը և ինչ-ինչ կանոնների խախտման պատրվակով տուգանքներ պահանջել։ Ահա այսպես սկսվեց այսպես ասած՝ սոմալիական ծովահենության վերջին, բավական աղմկոտ փուլը։ Այն ժամանակ «տուգանքների» գումարները 20-50 հազար դոլլար էին կազմում։
Երբ ես սկսեցի ուսումնասիրել այս խնդիրը, հետևել, թե ինչպես տարեցտարի, ամսեամիս (իդեպ, սկսած 200 թվականից) սկսեցին աճել «տուգանքների» չափերը, ապա հասկացա, որ խեղճ ծովահենները պարզապես ստիպված էին դրանք մեծացնել։ Քանզի փողը չէր բավականացնում կաշառելու նրանց, ովքեր մի ակնթարթում կարող էին իրենց վերջը տալ։ Իրոք, ինչպե՞ս կարելի է ՄԱԿ-ի որոշման և Անվտանգության Խորհրդի բանաձևի առկայության դեպքում թալանել, ռմբակոծել, ոչնչացնել ամբողջ երկրներ (Սերբիա, Իրաք, Աֆղանստան), չթողնելով քարը քարի վրա, ինչպե՞ս կարելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քթի տակ գետնին հավասարեցնել համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներ և դեռ հիմա էլ, հզոր ծովային տերություններ լինելով չկարողանալ ոչինչ անել մի խումբ ավազակների դեմ (թեկուզ և մեծ խումբ)։ Մենք հիմնավորապես նախապատրաստվել էինք մեր աշխարհաշուրջին 2008 թվականի աշնանը։ Դեռ այն ժամանակ հայտնի դարձավ, որ 2008 թվականի հոկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է 1838-րդ բանաձևը և թույլ է տվել բոլոր պետություններին ռազմածովային և ռազմաօդային ուժեր կիրառել ծովահենների դեմ պայքարում Սոմալիի և Ադենի ծոցի գոտում։ Եվ մենք հանգիստ էինք, մանավանդ որ բառացիորեն երեք ամիս անց, 2009 թվականի հունվարին հզոր գործողություն իրականացրին։ Ջախջախեցին ծովահեններին։ Հինգ հարյուր ավազակներ ձերբակալվեցին։ Բայց ահա, թե ինչն է տարօրինակ։ Շուտով նրանց երկու երրորդն ազատ արձակվեցին։ Մենք արդեն ծովում էինք գտնվում, երբ իմացանք, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի բոլոր համապատասխան ծառայությունները ստանձնել են ապահովել ծովահենության դեմ արդյունավետ քրեական հետապնդում։ Ավելին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին անձամբ հանձնարարվել է երեք ամիս ժամկետում զեկուցում ներկայացնել ծովահենների քրեական հետապնդումը կազմակերպելու հնարավոր տարբերակների վերաբերյալ։
Եվ ի՞նչ։ Ի՞նչ պիտի։ Կարդում եմ մի փաստաթուղթ, որը հրապարակվել է 2011 թվականի ապրիլին Դուբայում անցկացված Հակածովահենական համաձայնագրից հետո (մենք այն ժամանակ հեռավոր բաց ջրերում էինք, Խաղաղ օվկիանոսում). «Ծովահենները միջին հաշվով չորս միլիոն ԱՄՆ դոլլարի փրկագին են ստանում յուրաքանչյուր նավից, իսկ յուրաքանչյուր գործողության վրա ծախսում են 300 հազար ԱՄՆ դոլլար։ Դրանց և բոլոր եկամուտների կեսից ավելին ծախսվում է կաշառքների վրա»։ Աստված իմ, խե՜ղճ ծովահենիկներ։ Բայց դա թալան է օրը ցերեկով։ Գոնե կեսը վերցնեին նրանցից, թե չէ՝ կեսից ավելին։ Խիղճ պետք է ունենալ։ Դե, լավ, ավելի լուրջ տոնի անցնենք։ Եթե այդպիսի բարձր միջազգային համաժողովում հայտնի է, թե որքան կաշառք են վճարում ծովահենները, ապա հաստատ գիտեն, թե ում են վճարում։ Նշանակում է, կարելի իմանալ, թե ում է դա ձեռնտու։ Իսկ չէ՞ որ տիմնական գումարը ատղաբաշխական է։ Հենց այնտեղ էլ, Դուբայում հրապարակեցին ծովահենության պատճառած վնասի թվային արտահայտությունը. «Տարեկան 7-ից մինչև 12 միլիարդ դոլլար»։ Կան և ավելի ճշգրտված տվյալներ՝ տարեկան 15 միլիարդ դոլլար։ Բայց սա ի՞նչ բան է, գրո՛ղը տանի։ Ոչ թե մի ինչ-որ կոնցեռնի, մի ամբողջ պետության բյուջե է սա։
Չեմ հասկանում, ի՞նչ ենք ձևեր թափում։ Ամեն ինչ այնքան պարզ է։ Մենք ցանկանում ենք վնասազերծել ծովահեններին նրա համար, որ զենքը ձեռքներին հարձակվում են փոքր առագաստանավերի վրա, պատանդ վերցնում անզեն ծվայիններին, իսկ հետո բազմամիլիոնանոց փրկագին պահանջում։ Մի խոսքով, ուզում ենք ծովահեններին ձերբակալել թալանի համար։ Բայց ինչո՞ւ չվնասազերծել նրանց, ովքեր թալանում են ծովահեններին։ Մի՞թե պարզ չէ, որ քանի դեռ ինչ-որ մեկին ձեռնտու է ծովահենությունը, դրա դեմ անհնար է պայքարել։ Եվ մի՞թե չի կարելի հասկանալ, որ նրանք և իրենց տերերը, բացի ամենայնից, ահավոր հարված են հասցնում Միավորված Ազգերի Կազմակերպությանը։ Ես բոլորովին էլ չեմ ծաղրում։ «Արմենիա» առագաստանավի վրա առավոտից երեկո աշխատում են բոլորովին էլ ոչ միամիտ մարդիկ, այլ իսկական, սթափ իրատեսներ։
Եվ եթե այնուամենայնիվ մեզ ստիպեն փոխել երթուղին, մենք արցունք չենք թափի։ Ինչ ճանապարհներով էլ «Արմենիա»-ն տուն վերադառնա, դրանք կլինեն Սփյուռքի ճանապարհներ։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Հնդկական օվկիանոս