www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ԱՌԱՆՑ ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՉԷ
Յոթ տարի, արդեն ութերորդ տարին է, ինչ ես ուշադիր, թեև, պետք է խոստովանել՝ ակամա հետևում եմ Մուշեղին և Վահագնին (ճիշտ է, Վահագնը “Կիլիկիա” եկավ առաջին փուլից հետո)։ Երկուսն էլ տասնիննը տարեկան էին։ Բայց արդեն գիտեին բոլոր ծովային տերմինները, հրահանգները, հեշտ ու ճարպկորեն կապում էին բազմաթիվ հանգույցներ։ Միաժամանակ չէին թաքցնում, որ շատ բան դեռ չգիտեն և բազմափորձ նավապետ Սեմի բոլոր խորհուրդներն ու դասերը սերտում էին մեծագույն ուշադրությամբ։ Երկուսն էլ ծնվել են Սևանի ափին գտնվող Սևանում։ Տարիքի տարբերությունը մի քանի ամիս է։ Վահագնը մեծ է։ Նրանց միջև, ուրիշների աչքին աննկատ մրցակցություն կա։ Եվ ոչ միայն նրանում, թե իրենցից ում են ավելի լավ ենթարկվում առագաստները, այլև, թե ով փոթորկի ժամանակ ավելի արագ կտեղաշարժվի տախտակամածին կամ կառանվելիս ավելի հեռու կցատկի նավամատույցին։ Նրանք խոսում են միայն հայերեն։ Թեև շատ հրահանգներ, ինչպես ընդունված է աշխարհի բոլոր ծովայինների մոտ, երբեմն հնչում են հոլանդերեն, անգլերեն, ռուսերեն։ Ոչ մի անգամ ոչ մի հայհոյանք չեմ լսել նրանցից։ Իսկ երբ պատահաբար իմ շուրթերից է թռչում, ես կասեի՝ դասական ծովային հայհոյանք (ինչքան չլինի, ռուսական ռազմա-ծովային նավատորմի երկարամյա դպրոց եմ անցել), նրանք պարզապես ուրախությունից փայլատակում են։ Այդ ժամանակ խորամանկորեն գոռում եմ նրանց վրա. ”Լռե՛լ։ Փակե՛լ ականջները”։ Եվ նրանք ցուցադրաբար երկու ձեռքով փակում են ականջները և ուրախ քրքջում։
Վահագն Մաթևոսյանը և Մուշեղ Բարսեղյանը ընկերներ են։ Իսկական ընկերներ։ Երկուսն էլ մանկուց լողալ են սովորել Սևանում։ Սովորել են ճարպկորեն կանգնել չենթարկվող տախտակին, ի դեպ, մարզիչ Արմեն Նազարյանի զգոն հայացքի տակ։ Երկուսն էլ եղել են առագաստային սպորտի Հայաստանի չեմպիոններ։ Եվ ինչպես հաճախ եմ կրկնում, միասին ավարտել են Երևանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը։ Ճիշտ է, վերջին ժամանակներս կյանքի մարզա-մրցակցային վազքում Մուշեղը հետ մնաց։ Հետ մնաց մի ողջ շրջանով։ Վահագնը ոչ միայն ավելի շուտ ամուսնացավ, այլև, բնականաբար, ավելի շուտ հայրիկ դարձավ։ Սակայն կարծում եմ, Մուշեղը ոչինչ հենց այնպես չի անում։ Նա մեծ մարտավար է։ Եվ ընկերոջից առաջ կանցնի՝ ավելի շատ երեխաների կյանք տալով։ Այ դա կլինի հաղթանակ։
Ես տեսնում եմ, թե ինչպես են ամենից շատ կարոտից տանջվում Մուշեղն ու Վահագնը։ Դեռ չկարոտեին։ Ութ ամիս անդադար լողում ենք։ Երկու օվկիանոս ենք թողել նավախելի հետևում։ Ի դեպ, արդեն երկու անգամ անցել ենք Խաղաղ, և նույնքան էլ՝ Ատլանտյան օվկիանոսով։ Իսկ հիմա արդեն Հնդկական օվկիանոսի կեսին ենք։ Իսկ այս ընթացքում էլ, ինչպես ասել եմ, ծնվեց Վահագնի որդին, իսկ Մուշեղի հարսնացուի աչքը ճանապարհին է։ Այո, նրանք անփոխարինելի ծովայիններ են, գերազանց տղաներ։ Նրանց մի հասակակից էլ ավելացավ նավում՝ Սարգիս Կուզանյանը, մեր կոկը, որը դեռ երկար պիտի սպասի երեսուն տարին բոլորելուն, այդ իսկ պատճառով նրան էլ, ինչպես մեր երկու թոկից փախածներին, արգելվում է նույնիսկ մի կում օղի, գինի, գարեջուր խմել։ Ոչ մի գրամ։ Իսկ ծխելու մասին խոսք լինել չի կարող։ Սակայն սևանցիների մասին ես սկսեցի խոսել միայն այն պատճառով, որ նրանք դեռ պատանի հասակում սկսեցին տեսնել, լսել, ունկնդրել ու զգալ Սփյուռքը՝ իր պատմական և աշխարհագրական բազմազանությամբ։
Երկուսի հետ էլ մի անգամ խոսել եմ այդ թեմայով։ Դա “Կիլիկիա”-ի Եվրոպայի շուրջ յոթ ծովերով նավարկության ժամանակ էր։ Բայց ահա Չիլիից, Նոր Զելանդիայից ու Ավստրալիայից հետո մեր միջև դարձյալ խոսակցություն սկսվեց մի այնպիսի բազմաբարդ երևույթի էության ու իմաստի մասին, ինչպիսին սփյուռքն է։ Իրոք, չէ՞ որ սա եզակի դեպք է, եթե չասենք՝ գիտափորձ։ Չէ՞ որ այս երիտասարդ տղաներն, ըստ էության, ցանկացած հետազոտողից ավելի շատ են հանդիպել ու շփվել իրենց հայրենակիցների հետ, որոնք ապրում են մի ամբողջ մոլորակում՝ Սփյուռք անունով։ Եվ ես մի անգամ նկատեցի, որ այս տղաներն այսօր արդեն բոլորովին էլ այն չեն, ինչ ութ տարի առաջ։ Այո, նրանք մեծացել ու առնականացել են, բայց խոսքն այլ բանի մասին է, մի ինչ-որ որակի։ Նրանք տեսել են, թե որքան տարբեր են համայնքները տարբեր երկրներում։ Տեսնում են, որ մի տեղում դրանք համախմբված են, մեկ այլ տեղում՝ պառակտված։ Նրանք ուրախանում էին ասենք, նրա համար, որ մի տեղում հայկական թեմի առաջնորդը եկեղեցու շուրջն է հավաքել ողջ համայնքը, բայց չէին կարող իրենց տարակուսանքը չհայտնել այն առիթով, որ մեկ այլ տեղում հոգևոր առաջնորդը պարզապես հիմնովին պառակտել է ողջ համայնքը։ (Այդ մասին կպատմենք միայն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին)։ Երբ տեսնում են, որ մի տեղում, ինչպես մեզ մոտ են ասում՝ դասական կուսակցության ղեկավարությունը իր նպատակը, իր խնդիրները տեսնում է ողջ համայնքին, ողջ ժողովրդին ծառայելու մեջ, իսկ մեկ այլ տեղում նպատակը միայն ինքը՝ կուսակցությունն է։
Մուշեղը մի անգամ մի հետաքրքիր միտք արտահայտեց. այ, օրինակ Զատկի կղզին նրա համար շատ ձգող երևույթ դարձավ իր պատմությամբ, իր հանելուկներով, լեգենդար քարե կուռքերով։ Մի խոսքով, այդ ամենի մեջ մի ինչ-որ համամարդկային բան կար։ “Իսկ այ, Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում,-ասաց նա,- նույնիսկ հռչակավոր հեյզերներն այցելելիս մենք մտածում էինք միայն հայերի մասին, որոնք բոլորովին վերջերս Իրաքում կորցնելով իրենց կյանքի ողջ վաստակը, ընտանիքներով եկել-հասել էին այսքան հեռավոր մի վայր”։ Իսկ Վահագնը այդ առիթով մեկ այլ բան նկատեց. “Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ իրենք՝ հայերը, նույնիսկ տարբեր երկրներից լինելով, ընդհանուր առմամբ միանման են, բայց տարբեր են իրենք՝ երկրները։ Տարբեր օտարություններ են։ Կարծում եմ, սրա հետ է կապված տարբերությունը նրանց միջև։ Նշանակում է, նրանց հանդեպ մոտեցումը պետք է ուրիշ լինի…”։
Այ, այսպիսի խորհուրդներ են տալիս մեր երեկվա փոքրավորները, երևի, առաջին հերթին՝ Սփյուռքի նախարարությանը։
Վահագնի միտքն իմ մեջ մեկ այլ միտք ծնեց։ Փորձել բարձրացնել քողը բուն օտարության խնդրի վրայից։ Փորձել թեկուզ համառոտ, ռեպորտաժի շրջանակներում արծարծել օտարության և ընդհանրապես “դիասպորայի” թեման։ Հայտնի է, որ այն հուզել է համարյա բոլոր փիլիսոփաներին հազարամյակներ շարունակ։ Այո, այո՛, հազարամյակներ։ Բավական է ասել միայն, որ “դիասպորա” տերմինը հունարենից թարգմանվում է “ցրում”, “սփռում”։ Բացարձակապես նույն “սփյուռքն” է՝ համապատասխան “սփռվել” բայից։ Իհարկե, բուսաբանները լավ գիտեն, որ սփռման երևույթը տեղի է ունենում նաև բնության մեջ։ Բույսից՝ մայրական օրգանիզմից անջատվում են սպորը, սերմը, պտուղը և երբեմն (հիանալի օրինակ են խատուտիկի փետրակիր սերմերը) տարածվելով հեռվում, այսպես ասած՝ օտարության մեջ, նույնիսկ լավ էլ բազմանում են։ Բայց կա “դիասպորա” տերմինի և այլ մեկնաբանություն, որ ներկայացնում եմ օտար բառերի բացատրական բառարանից. “Ժողովրդի (էթնիկական ընդհանրության) նշանակալի մասի գտնվելը իր ծագման երկրից դուրս։ Դիասպորաները կազմավորվել են բռնի տեղահանման, ցեղասպանության սպառնալիքի, որոշակի սոցիալ-պատմական գործոնների ազդեցության արդյունքում”։ Աշխատելով “Ճանապարհ” գրքի վրա, որը պատմում է ամերիկյան և կանադական սփյուռքի մասին, ես ծավալուն նյութ հավաքեցի դիասպորայի մասին ընդհանրապես։ Ի դեպ, այդ տերմինը սկզբնապես կապված է եղել միայն հրեաների հետ։ Դիասպորան Պաղեստինից դուրս հիմնավորված հրեաների ամբողջությունն էր։ Դա շատ վաղուց է կատարվել։ Մեր թվարկությունից առաջ վեցերորդ դարում։ Բաբելոնյան Նաբուգոդոնոսոր Երկրորդ արքան հրեաներին արտաքսեց Երուսաղեմից և վերաբնակեցրեց Բաբելոնում, ինչպես Շահ-Աբասը հայերին Ջուղայից քշեց Սպահան։ Քառասունյոթ տարի հրեաները գտնվում էին գերության մեջ։ Նրանց ամբողջ երկու սերունդ ապրեց ու բազմացավ օտարության մեջ։ Եվ պատմաբանները այդ երևույթն անվանեցին դիասպորա։ Հետագայում այդ տերմինով նշեցին արտաքսման մեջ գտնվող և այլ ժողովուրդների։ Մենք կոչում ենք սփյուռք, որի կողքին արտասանում ենք ևս մեկ ծանր բառ՝ օտարություն։ Սա էլ հայտնի է հնուց ի վեր։ Օտարությունն, իհարկե, ողբերգություն է։ Չէ՞ որ խոսքը միայն հարազատ հողից հեռու գտնվող վայրի մասին չէ։ Խոսքն օտար լեզվի, օտար մշակույթի, օտար բարքերի, օտար խոհանոցի, օտար սովորույթների մասին է։ Ես կարդացել եմ շատ, այսպես կոչված՝ պանդուխտների մաին։ Եթե ինչ-որ կերպ ընդհանրացնենք, ապա դրա էությունը մի քանի նախադասությամբ այսպիսին կլինի. միայն օտարության մեջ ես գիտակցում, թե այս աշխարհը ինչ աստիճանի էր դավաճանների ու աքսորյալների աշխարհ։ Կամ՝ ոչ մի տեղ հայրենակիցներիդ տեսնելու այնպիսի պահանջ չես զգում, ինչպես օտար երկրում։ Իսկ ահա թե ինչ է գրել Օրուելը իր հայտնի “1984”-ում. “Շատ մարդիկ օտարության մեջ իրենց անկաշկանդ են զգում՝ միայն արհամարհելով տեղի բնակիչներին”։ Սա էլ կարելի է հասկանալ։
Մեր սևանցի տղաները սփյուռքում իրենց կատարած հայտնագործություններով ու բացահայտումներով պարզապես գորովանք առաջացրին իմ սրտում։ Ես ուրախ էի իմանալ, որ նրանք այդքան նրբազգաց են, դիտունակ և տպավորվող։ Սակայն նրանք մտահոգեցին ինձ։ Չէ՞ որ սփյուռքում երկար տարիներ հայրենակիցներիս հետ հանդիպելով, Սփյուռքն ուսումնասիրելով ես ինքս ինձ համար պարզել եմ, որ թվում է նույնիսկ անմխիթար վշտի մեջ մարդիկ ինչ-որ մխիթարություն են գտնում։ Այս բարդ ու դառը թեմայով բազմաթիվ զրույցներում ես շատ անգամներ եմ համոզվել, որ մենք՝ հայերս չենք ընդունում շոպենհաուերյան դրույթն այն մասին, թե յուրաքանչյուր դժբախտության և ցանկացած տառապանքի մեջ իսկական մխիթարությունը մեզանից ավելի դժբախտ մարդկանց վիճակին հաղորդակցվելն է։ Սա մեր փիլիսոփայությունը չէ։ Սա ինքնախաբեություն է։ Սփյուռքն ավելի շուտ կամք է, որը դառնում է գործելու պատճառ։ Սփյուռքը գիտակցումն է, որ կյանքը շարունակվում է, որ թշնամուց պետք է վրեժ առնել կյանքով, վերածնունդով, գործուն հույսով։ Որ փրկությունը և շոշափելի ապագան երեխաների մեջ է, հավատի, ոգու և հոգու։ Այստեղից էլ՝ կրքոտ ցանկությունը՝ կառուցել ու վեր բարձրացնել տաճարներ, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր ամենուր, որտեղ հային է նետել ճակատագրի համընթաց քամին։ Սփյուռքը նպատակ չէ։ Այն ձգտում է։ Այն պոռթկում է, կրքոտ ցանկություն ու խիզախություն։ Այո, այն նպատակ չէ, այլ վերջնական նպատակի նվաճման գիտակցություն։ Ես ուրախ եմ, որ մեր սևանցի տղաները, որոնք ըստ էության հասունացան ու առնականացան “Կիլիկիա”-ի և “Արմենիա”-ի տախտակամածներին, կարողացան ինքնուրույն և գիտակցված կերպով սահմանել Սփյուռքի սխրանքի գինն ու արժեքը, դերն ու նշանակությունը։ Ես հաճախ եմ հիշում իմաստուն Անդրեյ Պլատոնովի բառերը. “Առանց ինձ ժողովուրդն ամբողջական չէ”։ Այո, առանց յուրաքանչյուրիս մեր ժողովուրդն ամբողջական չէ։ Բայց առանց Սփյուռքի մեր ժողովուրդը պարզապես թերի է։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Հնդկական օվկիանոս