www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ԵՐԱԶԱՆՔԻ ՀՊԱՐՏ ՏԵՐԵՐԸ
Արդեն ոչ մեկ անգամ, տարբեր առիթներով հղում կատարելով այս կամ այն աղբյուրներին, հիշատակել եմ այն մասին, որ Մոսկվայի “Խուդոժեստվեննայա լիտերատուրա” հրատարակչությունը թողարկում է իմ երկերի յոթհատորյակը։ Երրորդ հատորն ինձ ուղարկել էին Բուենոս Այրես։ Ծանրոցն ուշացավ։ Երկու օրինակ ստացա Չիլիում։ Եվ ահա, մինչ ճանապարհին էինք, լույս տեսավ չորրորդ հատորը, որն ուղարկեցին Հնդկաստան։ Այդ մասին ես բոլորովին էլ հենց այնպես չհիշեցի։ Այդ հատորում է տեղավորված գիրքս, որը կրում է “Երկնագույն ճանապարհներ” վերնագիրը։ Գրվել է այն ժամանակ, երբ Կամչատկայի իմ երկու ընկերների՝ Անատոլի Գավրիլինի և Անատոլի Սալնիկովի հետ 1967 և 1970 թվականներին երկու փուլով նավարկեցինք “Վուլկան” և “Հեյզեր” ինքնաշեն նավակներով։ Այն ժամանակ մենք անցանք 32 հազար կիլոմետր Խորհրդային Միության գետերով, Սև, Ազովի, Բալթիկ ծովերով, բազմաթիվ լճերով, ջրամբարներով, շլյուզներով։ Գրքում պատմվում է այն մասին, թե ինչպես էինք մենք բավական հանգամանորեն նախապատրաստվում ԽՍՀՄ-ում առաջին շուրջերկրյա նավարկությանը՝ ակադեմիկոս Ի.Պ.Գերասիմովի (ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտ), Խորհրդային Միության կրկնակի հերոս, բևեռախույզ Ի.Պ.Պապանինի (ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ծովարշավային աշխատանքների բաժին), Ս.Պ.Պավլովի (ԽՍՀՄ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտե) և Վ.Ա.Սիրոկոմսկու (“Լիտերատուրնայա գազետա” թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ) աջակցությամբ։ Այսպես ասած ՝ հոգևոր հովանավորներն էին (“սպոնսոր” բառն այն ժամանակներում չէր շրջանառվում) Միխայիլ Շոլոխովը, Վիկտոր Համբարձումյանը, Կորնեյ Չուկովսկին, Սերգեյ Կոնենկովը, Մարտիրոս Սարյանը, Կոնստանտին Սիմոնովը (նավը նրա պատվին կոչվում էր “Սպասիր ինձ”), Պավել Պոպովիչը։ Հենց տիեզերագնաց Պավել Ռոմանովիչ Պոպովիչն էր, որ առաջին նամակը գրեց “Լիտերատուրնայա գազետա”-ին, որն էլ դարձավ գործելու ազդանշան։ Նամակն սկսվում էր այսպես. “Ես և իմ բարեկամ տիեզերագնացները, կարդալով շուրջերկրյա ճամփորդությունների մասին, ամեն անգամ ափսոսանքով ենք նշում, որ քաջարի ներկայացուցիչների մեջ չկան մեր հայրենակիցների անունները”։ Երթուղու աշխարհագրական անվանումն առաջարկել էր ակադեմիկոս Գերասիմովը. “Աշխարհամասեր-օվկիանոսներ”։ Ուշադրության էր առնվել, որ ճանապարհի ըստ էության ավելի քան քառորդ մասը (միջին հաշվով քառասնական լայնությունները՝ պլյուս-մինուս աստիճաններով) մենք արդեն անցել էինք։ Այսինքն խոսքն այն մասին էր, որ “Վուլկան” և “Հեյզեր” նավակներով շարունակելու էինք նավարկությունը Արևմտյան Եվրոպայի գետերով և ջրային ուղիներով։ Իսկ հետո “Ժդի մենյա” առագաստանավով մտնելու էինք Ատլանտյան օվկիանոս։ Հյուսիսային ամերիկայի Մեծ լճերը և գետերն անցնելու էինք նավակներով և ապա առագաստանավով Խաղաղ օվկիանոսով հասնելու էինք Կամչատկա, որտեղից տրված էր մեկնարկը։ Աննշանակալից հատվածներում, ինչպես արել էինք Սիբիրում և Վոլգայի ու Դնեպրի միջև, անցնելու էինք ոտքով՝ քարշատեղերով։ Անձնակազմը. մեզանից բացի ներգրավված էին երկու պրոֆեսիոնալ առագաստանավորդներ։ “Լիտերատուրնայա գազետա”-ն, որ ԽՍՀՄ-ի ամենահարուստ հրատարակություններից մեկն էր, Էստոնիայում առագաստանավ ձեռք բերելու “դոբրո” ստացել էր։ Ամեն ինչ արդեն պատրաստ էր։ Պետք էր իմանալ թե ինչ եռանդուն, ակտիվ ու հայտնի անձնավորություն էր Վիտալի Սիրոկամսկին, չզարմանալու համար, թե որքան լավ էին գնում գործերը արդեն նաև ԽՄԿԿ Կենտկոմում։ Ես արդեն պատրաստվում էի թռչել Տալլին, որպեսզի իմ սիրած տառատեսակով, ինչպես “Վուլկան”-ի և “Հեյզեր”-ի վրա, նավի վրա էլ գրեի սիմոնովյան լեգենդար բանաստեղծության վերնագիրը՝ “Ժդի մենյա” և գրանցման նավահանգիստը՝ “Մոսկվա- “ԼԳ” (“Լիտերատուրնայա գազետա”)։ Մեկնարկը նշանակված էր ապրիլի 22-ին, Վ.Ի.Լենինի ծննդյան 100-ամյակի պատվին։ Այն մասին, թե ինչու տապալվեց արդեն պատրաստի նախագիծը, պատմել եմ իմ “Երկնագույն ճանապարհներ” և “Առանց մահվան իրավունքի” գրքերում։ Կասեմ միայն, որ երբ այդ ահավոր լուրը արցունքն աչքերին ինձ հաղորդեց սովորաբար զուսպ, բոլորովին ոչ սենտիմենտալ Սիրոկամսկին, այդ օրը, իմ ապրած երեսունչորս տարիների մեջ առաջին անգամ զգացի, թե որտեղ է գտնվում սիրտս։
…Իսկ մտաբերեցի այս տխուր պատմությունը ոչ միայն այն պատճառով, որ հոգիս հրճվում է, երբ ձեռքիս բռնած ունեմ ստեղծագործություններիս չորրորդ հատորը (չէ՞ որ դա հեղինակի համար նույնն է, ինչ զավակի ծնունդը), այլև, որ “Երկնագույն ճանապարհներ”-ը, թեև ավարտվում են երկար սպասված աշխարհաշուրջի ձախողման ակնարկով, այնուամենայնիվ լավատեսական շունչ ունեն։ Եվ ես ցանկանում եմ այդ տողերն այստեղ մեջբերել, նախքան նորից մի քիչ կխոսեմ մեր “Արմենիա”-ի մասին. “Իմ ճամփորդական հուշագրություններում և ռեպորտաժներում ես հաճախ եմ վկայակոչում մեծ ճանապարհորդներին, մանավանդ՝ ծովագնացներին։ Այդ վառ անունների մեջ էր նաև խիզախ առագաստանավորդ Վել Հաուելզը, որը “Կուրսը՝ մենություն” աննման գրքում գրում է.”Ժամանակ առ ժամանակ մի մեղմ ու քնքուշ ձայն շշնջում է ինձ, որ ժամանակն է հանդարտվելու։ Ասում է՝ այն փաստը, որ դու առագաստանավի հպարտ տեր ես, դեռ ինքնին հիմք չէ շուրջերկրյա նավարկություն ծրագրելու։ Բայց այդ ձայնը չի կարող ինձ համոզել”։ Ես չեմ կարծում, թե երբևէ կդառնամ “առագաստանավի հպարտ տեր”, թեև կյանքում ամեն ինչ պատահում է։ Բայց անգլիացի ծովագնացի բառերը փոքր-ինչ փոխելով կասեմ՝ “Ես ԵՐԱԶԱՆՔԻ հպարտ տերն եմ”։
Իսկ դա, Ասված վկա, արդեն այնքա՜ն շատ է։

Ապրիլ, 1972 թվական
Պետրոպավլովսկ-Կամչատսկի”։

…Այո, իրոք կյանքում ամեն բան պատահում է։ Համենայնդեպս մենք այսօր “առագաստանավի հպարտ տերեր ենք”։ Եվ կատարում ենք, եթե չասենք՝ ավարտում ենք շուրջերկրյա նավակությունը։ Ճիշտ է, դեռևս չենք ավարտել… Առջևում հազարավոր ու հազարավոր մղոններ ունենք անցնելու մինչև Միջերկրականի ջրերին հասնելը։ Իհարկե, հազարավոր մղոնները այն տասնյակ հազարավորները չեն, որ թողեցինք նավախելի հետևում։ Սակայն հազարավոր մղոնները նույնպես անվերջություն ու հավերժություն են, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Արաբական ծովում և Ադենի ծոցում ընթացիկ տարում երկարաժամկետ կանխատեսումով սպասվում է և՛ հանդիպակաց քամու, և՛ հանդիպակաց հոսանքի անհավատալի ակտիվացում։ Կարծում եմ, եթե այս ռեպորտաժը գրեր մեր Արիկը, նա ինձ պես պարզունակ չէր արտահայտվի։ Նա անպայման նրբագեղ հոլանդերենով կասեր՝ բեյդեվինդ։ Իդեպ, մեր լուսահոգի կոկ Սամվել Սարգսյանը հաճախ էր ասում, որ ծովային տերմինները չթարգմանեմ։ Բայց ես, ինչպես ասում են՝ շարունակում եմ իմ էշը քշել։ Միշտ համոզված եմ եղել, որ պետք է հարգել ընթերցասեր այն անուշիկ ծեր կնոջը և այն բարի ծերունուն, որոնք մոլորվում են տերմինների մեջ։ Ճիշտ է, Արիկի շուրթերից “բեյդեվինդը” մի տեսակ վեհ է հնչում, քան մի ինչ-որ “հանդիպակաց քամի” խղճուկ բառակապակցությունը։ Մանավանդ, որ այնքան էլ ճշգրիտ թարգմանություն չէ։ Այդ ամենն, իհարկե, մանրուք է։ Շատ ավելի կարևոր է իմանալ, որ հանդիպակաց քամին ու հանդիպակաց հոսանքը ամենաիսկական գողեր են։ Եվ դեռ ավելին՝ պասսատային քամին և բնական հոսանքը արդեն “օրենքով գողեր” են։ Նրանք յուրաքանչյուր հանգույցից գողանում են երկուական, երբեմն էլ՝ երեքական մղոն։ Դե ահա, ինչպե՞ս իմ սիրելի տարեց ընթերցողի համար չթարգմանեմ հենց թեկուզ “հանգույցը”։ Ի՞նչ է նշանակում հանգույցից մղոններ գողանալ։ Ես վստահ եմ, որ “Կիլիկիա”-ի նավարկությանը նվիրված հատորներից մեկում հաստատ բացատրել եմ, թե դա ինչ է նշանակում։ Կրկնելը մեղք չէ։ Ծովում արագությունը նշում են “հանգույց” տերմինով, որը ոչ թե երկարության չափ է, այլ արագություն։ Մեկ հանգույցը ժամում մեկ ծովային մղոն է (կա նաև ցամաքային մղոն)։ Այսինքն՝ ժամում 1852 մետր։ Չեմ ծուլանա և կհաշվեմ վայկյաններով. մեկ հանգույցը վայրկյանում մոտավորապես 0,51 մետր է։ Եվ իհարկե նավում մենք արագությունը հաշվում ենք միայն հանգույցներով։
Եվ այսպես, Սուրաբայայից մինչև Սինգապուր և ապա մինչև Կումարի հրվանդան, այսինքն Հինդուստան թերակղզու ամենահարավային վերջավորություն, “Արմենիա”-ին ուղեկցում էր հանդիպակաց քամին՝ 30-40 հանգույց միջին արագությամբ։ Եվ մեր միակայմ շլյուպի հետ կատարվեց այն, ինչ նման դեպքերում բոլորի հետ է կատարվում։ Չմոռանանք և այն, թե ինչպիսի անհավանական տարածություն է հասցրել արդեն անցնել մեր առագաստավոր մարզանավը, և մեծ մասամբ՝ արտակարգ պայմաններում։
Փոքրիկ էքսկուրս։ Սուրաբայայում մեզնից ոչ հեռու կանգնած էր քսան մետրանոց մարզանավ՝ ինտերնացիոնալ անձնակազմով. երկու իտալացի, ֆրանսիացի և հոլանդացի։ Աշխատանքային լեզուն անգլերենն էր։ Այն օրը, երբ “Արմենիա”-ն կառանվեց ինդոնեզիական նավահանգստում, այդ քառյակը ճամփա ընկավ։ Մեզնից երկու օր առաջ էին հասել Սինգապուր։ Խոսքի բռնվեցինք։ Մեզ տեղեկացրին, որ ճանապարհի այդ հատվածում իրենց նավն այնպես էր չարչրկվել, որ ստիպված են երկու շաբաթով նորոգման կանգնել։ Այնինչ շտապում էին Թայլանդ, Բանգկոկ։ Ու ես մտածեցի, որ մենք՝ առավել չարչրկվածներս այս հատվածում ավելի քիչ չենք տուժել և շատ ավելի մեծ ու երկարատև նորոգման կարիք ունենք։ Ես չեմ ուզում արցունք թափել, ախուվախ անել։ Կասեմ միայն, որ նորոգման բոլոր աշխատանքները կատարում ենք ընթացքում։ Նույնիսկ փոթորկի ժամանակ։
Իհարկե, հնդկական Կոչին նավահանգստում պետք կլինի կանգնել, շունչ առնել ու նայել առաջ։ Պետք կլինի մի լավ աշխատել, բայց ավելի շատ մտածել այլ բանի մասին։ Այն մասին, թե ինչ է հիմա կատարվում անցնելիք ճանապարհին։ Եվ հարցը միայն փոթորիկը, բնական կատակլիզմները չեն, այլև մարդու վայրագությունը։
Կյանքը ցույց է տալիս, որ դեռ քիչ է լինել երազանքի հպարտ տեր, առագաստանավի հպարտ տեր, գաղափարի հպարտ կրող, պետք է լինել նաև սթափ դատող, իմանալով, որ դժբախտությունից փրկվելու մի ձև կա՝ կանխել դժբախտությունը։ Վաղուց ասված խոսք կա՝ ծովայինը հույսը ոչ այնքան առագաստի վրա պիտի դնի, որքան իմաստության։ Հավանաբար պատահական չէր, որ խորհրդային ժամանակներում անհարգի և անխղճաբար քննադատվող փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն իր իմաստությունը հենց առագաստի հետ էր համեմատում. “Հենց առագաստ մի դողդոջուն, քշված ոգու փոթորիկից, իմաստությունն իմ սլանում է ծովով, անսանձ իմաստությունն իմ”։
Երկար սպասված Հնդկաստան երկիր։ Մենք շտապում էինք այնտեղ, որը օվկիանոսով ողողվող վերջին ափն է “Արմենիա”-ի ճանապարհին։ Օվկիանոս, որը կրում է իր անունը։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Հնդկական օվկիանոս