www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
“ԱՐՄԵՆԻԱ”-Ն ՈՒՆԻ ԻՐ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
“Արմենիա” առագաստանավ, ավելի ճիշտ՝ առագաստավոր սպորտանավ։ “Կենսաբանական” տեսակը՝ միակայմ շլյուպ։ Ծնվել է Ֆրանսիայում։ Ապրել է Իսպանիայում։ Գրանցված է եղել Մալյորկա կղզում։ Ծննդյան թվականը՝ 1990։ Չգիտեմ ով է պատվիրատուն և ինչ խնդիրներ է դրել իր և նավի առջև։ Հայտնի է միայն, որ ըստ տրամաբանության, այն նախատեսված է եղել ծովարշավների համար։ Համենայն դեպս զբոսանքների ու ամեն տեսակի ինչ-որ շրջագայությունների համար բոլորովին պիտանի չէ թեկուզև այն պատճառով, որ “հասարակ մահկանացուները”, որոնց թվին են պատկանում կանայք ու երեխաները, չեն կարող տեղաշարժվել տախտակամածի վրա նույնիսկ անհողմության ժամանակ։ Բոլոր մակարդակային թեքություններն ու կորությունները ստեղծված են նրա համար, որ ոչ թե արգելակեն, այլ նպաստեն նավի արագությանը։ Բիոնիկայի կանոններով. գծերն ու ձևերը “մտածված” են բնության կողմից, իսկ մարդը միայն պատճենում է։
Տեսեք, թե ժամանակակից օդանավերի քթերը, և ընդհանրապես իրենք ամբողջովին որքան նման են դելֆինների։ Փորձեք դելֆին թամբել։ Կսահեք վրայից։ Այդպես էլ ժամանակակից արագընթաց կատերներն են։ Ճիշտ է, մեր “Արմենիա”-ն մեծ վերապահումով կարող է արագընթաց համարվել։ Սակայն բուն նավապատյանի երկարությունը և կայմինը, որը մեկուկես անգամ երկար է նավից, թույլ է տալիս մեծացնել բոլոր առագաստների ընդհանուր մակերեսը։ Եվ ստացվում է, որ արագությունը եռակի ավելին է, քան “Կիլիկիա”-ինը։ Բայց մենք երբեք ոչ մի զուգահեռ, ոչ մի համեմատություն չենք անցկացնում։ Դա ոչ միայն անազնիվ կլիներ, այլև՝ անբարոյական։ “Կիլիկիա”-ն կառուցված է հայերի ձեռքերով և առարկայացած հիշողություն է Կիլիկիայի մասին։ Պատահական չէր, որ Եվրոպայի շուրջ յոթ ծովերով նավարկությանը նվիրված բոլոր երեք հատորներում էլ, առանց որևէ միստիկայի, ես մշտապես զրուցել եմ հենց իր՝ նավի հետ։ Գրականության մեջ ընդունված այդ հնարքը, որ հնարավորություն է տալիս պայմանական երկխոսության մեջ մտնել…անցյալի հետ, ինձ թույլ տվեց ընթերցողին ներկայացնել Կիլիկյան թագավորության հարստագույն պատմությանը, առանձնապես նրա հզոր նավատորմին նվիրված ամբողջ էջեր։ Նման հնարք պարզապես անհնար է կիրառել ցանկացած այլ նավի առումով, առավելևս երկրորդ անգամ։
“Արմենիա”-ի և իմ միջև, մեղմ ասած, ոչ պարզ հարաբերություններ ձևավորվեցին։ Ես լավ էի գիտակցում այն փաստը, որ “Կիլիկիա” նախագծի, ես կասեի՝ ազգային և պատմական բաղադրիչները ճնշում էին գործադրում ինձ վրա։ Նրա ներքինը՝ բառիս ուղղակի և փոխաբերական իմաստով։ Նրա կիլիկիական կերպարը։ Նրա կոպիտ քնքշությունը։ Այդ ամենն էր, որ ամենուր դեպի իրեն էր ձգում մեր հայրենակիցներին։ Եվ ոչ միայն նրանց։ Այո, ընդհանուր հաշվարկով մի ամբողջ տարի և նույնիսկ ավելի, մենք միմյանց մեջ էինք։ Մենք՝ նավի մարմնում, նա՝ մեր հոգիներում։ Եվ մեկ էլ հանկարծ՝ մի նավ, որ ահավոր տարբերության մեջ է նրանից, ինչ կուզենայինք ոչ միայն ունենալ, այլև տեսնել։ Նույնն էր թե մեզ՝ անդարձ արևհարված ու կոպտացած հերկողներիս նոր արդուկված ֆրակ հագցնեին՝ վառվռուն թիթեռնիկով։ Սակայն այլ ելք չունեինք։ Ողջ հասակով մեկ մեր առջև ծառացած էր անխուսափելիի հետ համակերպվելու օրենքը։ “Կիլիկիա”-ի նավարկության ողջ երրորդ փուլի ընթացքում մենք անդադար աշխարհաշուրջի մասին էինք մտածում։ Այնտեղ իմ փոքրիկ բնիկ-խցիկում արդեն կախված էր ապագա շուրջերկրյա նավարկության երթուղու քարտեզը։ Դեռ այն ժամանակ ես հասցրեցի մի ողջ ճամպրուկ նյութեր հավաքել այն արշավանքի մասին, որը դեռևս 1985-86 թվականներին Մեսրոպ Մաշտոց անունն էր կրում ԱՄՆ-ում և Կանադայում սփյուռքի ճամփաներով երկարատև ուղևորության ժամանակ։ Այդ մասին մանրամասնորեն պատմել եմ իմ ամերիկյան հանրագումարային “Ճանապարհ” գրքում։ Մի խոսքով, մենք պատրաստ էինք, ինչպես արդեն բազմիցս նշել եմ, ճամփորդություն սկսել 2008, նույնիսկ 2007 թվականին։ Սակայն նավը հաջողվեց ձեռք բերել (առանց պետական բյուջեից մեկ ցենտ իսկ վերցնելու) միայն 2009 թվականի սկզբին։ Խոսքը մեր նավին է վերաբերվում, և մեծ մեղք գործած չեմ լինի, եթե կրկնեմ որոշ մանրամասներ, որոնք արդեն նշել եմ նախորդ ռեպորտաժներում։ Ողջ Եվրոպայով մեկ Սամվել Կարապետյանը և Արմեն Նազարյանը սպորտանավ էին փնտրում՝ ծովարշավի գաղափարին հարմար։ Դա նշանակում է, որ պետք է լինեին քանդովի միջնորմներ, ստանալու համար ընդհանուր նավասենյակի համապատասխան տարածք՝ աշխատելու և հանդիպումների համար։ Նաև հարթ ու մուգ պետք է լինեին նավակողերը, որոնց վրա ցայտուն պետք է աչքի ընկնեին ողջ մեսրոպյան այբուբենը, հայկական խաչը, հավերժության նշանը, նավի խոշորատառ “Արմենիա” անվանումը։ Իսկ նավախելին, հավուր պատշաճի, գրանցման նավահանգիստը՝ Երևան։ Եվ իհարկե, գլխավոր խնդիրը պետք է լիներ արագությունը, հիշելով, որ դա արդեն կախված է տախտակամածից՝ առանց որևէ հարմարությունների դրա վրա ժամանակ կամ ժամանց անցկացնելու համար։ Տախտակամած, որի եզրերին ելուստային շրջանակներ չեն լինի, որոնք ըստ էության նավ-ամրոցի պարիսպներն են։ Եվ հիմա այդ պարսպի փոխարեն մենք ունենք զուգահեռաբար ամուր ձգված երկու բարալիկ պողպատալար, որոնց արանքով ոչ միայն Տարզանի պես խոշորակազմ Սամվել Կարապետյանը, այլև ծանրաքաշ ու սոթլիկ դելֆինը կանցնի։ Բայց ամենաահավորը տարիքն է։ Ես և “Արմենիա”-ն տարիքի առումով ուղղակի հարմար հերոսներ ենք Գինեսի գրքի համար։
…Մեկնարկից առաջ մի ամբողջ ամիս աշխատել ենք, ուղղակի ասած՝ ծովարշավային նավի վրա Վալենսիա նավահանգստում, որտեղ, ի դեպ, Սամվել Կարապետյանը ցույց տվեց, որ ոչ միայն բնածին ու աստվածաշնորհ նավապետ է, այլև հմուտ փայտագործ, ատաղձագործ։ Այդ նա Հայկ Բադալյանի և մյուս օգնականների հետ հմտաբար պատրաստեց մի քանի նույնիսկ շատ գեղեցիկ գրադարակներ, որոնք բավական պարզ, իմաստուն ու ճարպիկ կերպով գրքերն ու թղթապանակները պահում են փոթորկի ժամանակ վար թափվելուց։
Դեռևս Վալենսիայի ծովախորշում ամենախորքից թխկոց ու աղմուկ լսեցինք։ Ինչ-որ ցնցումներ զգացինք։ Ախտորոշումն արվեց առանց ստեթոսկոպի։ Պարզվեց՝ պտուտակը համաձույլ չէ, ամբողջական չէ։ Ինչ-որ պիժոնական թևեր ունի, որոնք լիսեռի վրա հագած են ինչպես ատամնաշապիկներ։ Իհարկե, մոտավոր ու հեռավոր համեմատություն է, բայցև շարունակենք “առամնաբանական” նկարագրությունը։ Ողջ պտուտակը կարիեսի մեջ է։ Պետք է փոխել։ Նման թերությամբ ոչ մի կերպ չի կարելի Ատլանտիկա մտնել։ Կանգ առանք “Կիլիկիա”-ի ժամանակներից մեզ ծանոթ Մալագայում, որտեղ մեր բազմաթիվ հայրենակիցներ են ապրում։ Զանգեցինք։ Հանդիպեցինք։ Պարզվեց, որ այնտեղ ոչ մի նման պտուտակ չկա։ Շարժվեցինք առաջ։ Եվս մեկ նավահանգիստ։ Նույն պատմությունը։ Ստիպված էինք անցնել աֆրիկյան ափ, որտեղից լավ երևում են Ջիբրալթարի դարպասները։ Սեուտա նավահանգիստ։ Մեկ շաբաթից ավելի կորցրեցինք։ Հին պտուտակը փոխարինեցինք նորով՝ համաձույլ, առանց պիժոնությունների։ Սզբում տրտնջում էինք։ Հետո հասկացանք, որ չկա չարիք՝ առանց բարիք։
Ատլանտյան օվկիանոսի կենտրոնում ընկանք զզվելի անհողմության մեջ։ Որոշեցինք ամբողջ վառելիքը չծախսելու համար գոնե երկու օր առաջանալ շարժիչով։ Օ, սարսա՛փ։ Շարժիչը չի աշխատում։ Մի ողջ հանգույց շարքից դուրս է եկել։ Ամեն դեպքում տարիքն իրենն անում է։ Հայկը քանդեց ամբողջ շարժիչը, Սամվելը չորս օր շարքից դուրս եկած կտորի պես մի բան էր սարքում։ Հայկը Վահագնի ու Մուշեղի հետ միասին օր ու գիշեր աշխատում էր։ Փառք Աստծո, այդ ընթացքում կանգ չէինք առնում։ Առագաստների հույսին առաջ էինք շարժվում, ինչպես Կոլումբոսի կարավելլաները, Բոմբարի ռետինե “կոշիկը”, Հեյերդալի “Ռա-1”-ը և “Ռա-2”-ը։ Եվ այստեղ էլ բախտներս բերեց։ Ստիպված էինք գնել, ավելի ճիշտ՝ ճարել նոր շարժիչ։ Լոս Անջելեսում օգնեցին մեր հյուպատոսը, մեր եկեղեցին, մեր բարեգործական միությունը (Դաշնակցություն) և իհարկե, ինչպես միշտ՝ Ռալֆ Յիրիկյանը։
Այսպիսով, օր-օրի, կամա թե ակամա, մեր նավը նորացվեց։ Նրա վրա հայտնվեցին նոր ալեորսներ՝ կապի նոր միջոցների համար, նոր բախամեղմիչներ, նոր ներքնակներ, նոր սպիտակեղեն։ Երեսուն մետրանոց բարձրությամբ նոր կարմիր-կապույտ-նարնջագույն առագաստ։ Դա արդեն շնորհիվ Ալբեր Բոյաջյանի։ Ընթերցողը հիշում է, թե ինչպես Լոս Անջելեսում մեծ առնետը կրծոտեց բոլոր սինթետիկ խողովակները, դրանց վրա տասնյակ անցքեր բացելով։ Ամեն անգամ, երբ այդ նողկալի կրծողը խմել էր ուզում, նոր ծակ էր բացում։ Եվ նորից’ ջանացինք չարիքը բարիքի վերածել։ Այստեղ էլ օգնության հասավ մեր վաղեմի բարեկամ Վահե Կարապետյանը, որը կազմակերպեց և ապահովեց բոլոր, այդ թվում նաև չծակված, բայց հին խողովակների փոխարինումը նորերով։ Այնպես որ, մենք նույնիսկ շնորհակալ էինք դժբախտ առնետին, որի վերջը տվեց ամենասովորական թակարդը։ Նույնիսկ խղճացինք։
Մի խոսքով, նավի հին տերերը, ըստ ամենայնի դատելով՝ իսպանացի նրբակիրթ առագաստանավորդները, այսօր իրենց նավը չէին ճանաչի։ Մանավանդ ընդհանուր նավասենյակը։ Ձախից, լուսանցույցի երկու կողմերում Հայատանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հանրապետության զինանշաններն են։ Հիշեցնեմ նաև, որ կախված են Մեսրոպ Մաշտոցի յուղաներկ դիմանկարը, “Կիլիկիա”-ի լուսանկարը՝ բաց առագաստով, Տերունական աղոթքը՝ խաչքարազարդ շրջանակով, երկու ժամացույց, որոնցից մեկը ցույց է տալիս Հայրենիքի ժամանակը, մյուսը՝տեղականը։
Այն օրը, երբ նավը “զգեստավորվեց” դրոշ-առագաստով, առանձնահատուկ հարազատություն ձեռք բերեց։ Իսկ Պանամայի ջրանցքի կրկնակի անցումից հետո պարզապես սիրելի դարձավ։ Սակայն երբ դարձյալ Պանամայի ջրանցքով վերադարձավ Կարիբյան ծով և մտավ բաց, արդեն Հարավ-Ատլանտյան օվկիանոս, ապա արդեն սկսեցինք մոռացության տալ նրա ծննդաբանությունը։ Իսկ երբ հատեցինք հասարակածը, կատարելով ծովերի աստված Նեպտունի տոնի ավանդական ծեսը, ապա նավն անվերապահորեն դարձավ հարազատ։ Ինչ-որ մեկը (Հեմինգուեյը չէր) ասել է՝ իմ երկիրը Ամերիկան է, բայց հարազատ քաղաքը Փարիզն է։ Այդպես մենք էլ, հավանաբար, հասարակածն անցնելուց հետո կարող էինք մոտավորապես նման մի բան ասել. “Իմ երկիրը Հայաստանն է, բայց հարազատ տարածքը “Արմենիա”-ի տախտակամածն է”։ Սակայն Հորն հրվանդանից և դեռ Մագելլանի նեղուցից հետո արդեն նավի և անձնակազմի միջև ազգակցական կապերին վերաբերվող բոլոր հարցերը հանվեցին։ Մեր միջև հայտնվեց գիտակցված և կյանքով փորձություն անցած վստահություն, փոխըմբռնում, փոխադարձ կախվածություն և ամենակարևորը՝ փոխադարձ հարգանք։ Եվ նույնիսկ՝ խաղաղություն։ Ինչպես Սպինոզան է ասել. □Խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ, այլ առաքինությունը, մտքի վիճակը, հակվածությունը բարուն, վստահությանն ու արդարությանը□։ Եվ ահա կյանքի ու կենսագործունեության նման սկզբունքների առկայությամբ մեր և նավի մոտ համագոյակցության նոր, սեփական բանաձևեր են հայտնվում։ Մենք չենք ընդունում պարզագույն “Չարիքը չարիք է ծնում” միտքը։ Միայն՝ “Չպատժված չարիքը չարիք է ծնում”։ Եվ դա իրոք այդպես է։ Մեր նավի հետ միասին շատ էլ լավ հասկանում ու գիտակցում ենք դա։ Այդ կապակցությամբ ևս մեկ օրինակ բերեմ, որը թեմային չի հարաբերվում։ Չէ՞ որ դպրոցական նստարանից սկսած մի գլուխ այն ենք լսում, թե ճշմարտությունը ծնվում է վեճի մեջ։ Չէր խանգարի հարց տալ. “Իսկ ո՞ւմ միջև”։ Այս մասին մտածելիս իսկույն ցանկություն ես ունենում դասական բանաձևը փոխարինել քո սեփականով. “Միայն ու միայն բարեկամների վեճի մեջ է ծնվում ճշմարտությունը”։ Այդ իսկ պատճառով էլ ոչ միայն անմիտ ու ծիծաղելի, այլև վիրավորական է, երբ առաջարկում են Հայոց ցեղասպանությունը վիճարկման առարկա դարձնել Հայաստանի և Թուրքիայի պատմագետների միջև։
Սակայն վերադառնանք “Արմենիա”-ին։ Պետք է թեման շարունակել՝ ավելի մոտենալով աշխարհաշուրջի վերջնագծին։ Կուտակվում են այսպես ասած՝ վիճակագրական տվյալներ, որոնք ինքնին նույնիսկ շատ հետաքրքիր են։ Իսկ առայժմ այն մասին, թե որտեղ է լողում հիմա մեր առագաստանավը։ Արդեն պատմել եմ, թե ինչպես նավախելի հետևում թողեցինք մի ահռելի մայրցամաք՝ Ավստրալիան։ Եվ որ մեր մոլորակի ամենատարաշխարհիկ վայրն ենք հասնում, որը այդպիսին է հենց “Արմենիա”-ի համար։ Մի երկու-երեք շաբաթվա ընթացքում մեր նավակողերին, ես կասեի՝ Մաշտոցի այբուբենին են բախվել տարբեր ծովերի ջրեր, որոնցից են, օրինակ, Թասմանի, Կորալյան, Արաֆուրյան, Բանդա ծովերը։ “Արմենիա”-ն մերթ աջ, մերթ ձախ նավակողով շրջվել է դեպի ավելի քան երեսուն մեծ կղզիներ։ Դրանց մեջ են Նոր Գվինեան, Թիմորը, Ճավան, Բալին։ Պատահել է, երբ մեր փոթորկային օրվա ընթացքում կողերը ողողել են մերթ Խաղաղ, մերթ Հնդկական օվկիանոսների ջրերը։ Եվ ամենուր “Արմենիա”-ն իրեն զգացել է նորմալ, հանգիստ, վստահ, հուսալի։ Ի դեպ, հուսալիության և հույսի մասին ընդհանրապես։ Նավային գրադարանում մեզ հետ ճամփորդում է մի իմաստուն հույն։ Նա պարզապես փիլիսոփա չէ։ Նաև ստոիկյան է։ Նրա անունը Էպիկտետ է։ Այդ նա է կազմել ստոիկների բանաձևը՝ “Եղիր տոկուն և ժուժկալ”։ Եվ ահա այդ իմաստուն Էպիկտետը հաճախ էր օգտագործում նավը՝ պատկերավորության համար։ “Նավը սովորում են կառավարել, որպեսզի չսուզվեն։ Այդպես էլ պետք է սովորել կառավարել երկիրը և կյանքը”։ Ի դեպ, Էպիկտետի ուսուցիչը՝ համաշխարհային գրականության առաջին ողբերգակ Էսքիլեսը հաճախ է իր հերոսների շուրթերով ասել. "Ես չեմ վախենում փոթորիկներից, քանզի կարողանում եմ կառավարել իմ նավը։ Իսկ ինքը' Էպիկտետը, խոսելով հույսի մասին, ընդգծել է. “Ինչպես որ չի կարելի նավում ունենալ միայն մեկ խարիսխ, այնպես էլ կյանքում չպետք է հենվեն միայն մեկ հույսի վրա”։ Մեր նավը երկու խարիսխ ունի։ Առավել հուսալիության համար։
Իսկ առայժմ “Արմենիա”-ն, որն ինչպես տեսնում ենք, իր փիլիսոփայությունն ունի, անհամբերությամբ սպասում է գլխավոր տոնին՝ երկրորդ անգամ հատել հասարակածը։ Եվ Հարավային կիսագնդից արդեն անցնել հարազատ Հյուսիսային կիսագունդ, որտեղ գտնվում է ինքը՝ Հայաստանը։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
“Արմենիա” առագաստանավ, Հնդկական օվկիանոս