www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ՄԻՇՏ ԷԼ ԵԼՔ ԿԳՏՆՎԻ
Երևի հինգերորդ, թե վեցերորդ դասարանցի էի, երբ Ստեփանակերտի թիվ երեք դպրոցի պատմության ուսուցիչ Իլյա Միխայլիդին (ազգությամբ հույն, հայտնի Իլյա Իվանովիչը) դասն սկսեց՝ մեջբերում կատարելով “Պրավդա” թերթից։ Այդ դասը հիշողությանս մեջ մնաց ողջ կյանքում կարծում եմ այն պատճառով, որ բարձրահասակ, գեղեցիկ, փարթամ մազերով ուսուցիչը, որը սիրում էր երեխաներին և իր առարկան, մի տեսակ հանդիսավոր նախազգուշացրեց մեզ, որ մի ինչ-որ անսովոր և շատ կարևոր բան է կատարվել ողջ մարդկության պատմության մեջ։ “Ահա և ինքը՝ “Պրավդա”-ն է գրում”,-այդպես ամրագրեց նա իր ասելիքը, որը հանգում էր նրան, թե հիմա արդեն երբեք համաշխարհային պատերազմներ չեն լինի։ Իսկ իմ սերունդը շատ լավ գիտեր ու հասկանում էր, թե ինչ է համաշխարհային պատերազմը։ Ես տասը տարեկան էի, երբ պատերազմն ավարտվեց։ Եվ մենք գիտեինք, որ փոստատարը մեր փոքրիկ քաղաքուի համարյա բոլոր տներ է տարել “սև թուղթ”, և լսում էինք բարձր լացը միհարկանի տներից, որոնց պատուհանները փողոցին էին նայում։
Եվ, իհարկե, ինչպե՞ս կարող էինք չուրախանալ, երբ մեծի, այն էլ սիրելի ուսուցչի հանդիսավոր հայտարարությունն էինք լսել, թե այլևս պատերազմ չի լինի։ Իսկ “Պրավդա”-ն, պարզվում է, գրել էր, թե Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխությունը և ստեղծվեց Խորհրդային Միությունը։ Երկրորդ համաշխարհայինից հետո սոցիալիստական երկրներ դարձան Չինաստանը, Արևելյան Եվրոպայի, Հարավ-արևելյան Ասիայի կղզային և մայրցամաքային երկրները, իսկ ահա ողջ Աֆրիկան դադարեց գաղութացված լինել և աշխարհի քաղաքական քարտեզի վրա ավելացրեց իր վառվռուն գույները։ Բայց դա դեռ ամենը չէ։ Երրորդ համաշխարհային պատերազմի հետևանքն այն կլինի, որ ողջ երկրագունդը կդառնա կոմունիստական։ Իսկ ես բոլորովին էլ պատահաբար չհիշեցի սիրելի ուսուցչիս լավատեսական ելույթը։
“Արմենիա”-ն մոտենում է Սուրաբայա քաղաքին։ Նավային արխիվից հանեցի համապատասխան թղթապանակը։ Ինդոնեզիայի մասին նյութը սկսվում է նրանից, որ Հարավ-Արևելյան Ասիայի Մալայան արշիպելագի կղզիների և Նոր Գվինեա կղզու արևմտյան մասի վրա տեղադրված պետությունը մինչև 1945 թվականը կոչվում էր Հոլանդական Օստ-Ինդիա։ Հիշում եմ, 50-ական թվականների վերջերին հայտնի գրքերից էր Ինդոնեզիայի նախագահ Սուկառնոյի գիրքը։ Այն վերնագրված էր “Սարինա”։ Այդպես էին կոչում Սուկառնոյի դայակին։ Ընթերցվում էր շատ մեծ հետաքրքրությամբ։ Այն և՛ ազգագրական ստեղծագործություն էր, և՛ հեղափոխական էսսե, և՛ քաղբանտարկյալի ու պետական գործչի գրառումներ։ Իսկ նրա այցելությունը ԽՍՀՄ Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովի օրոք ինդոնեզիական նախագահին դարձրեց ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը։ Նա դարձավ միջազգային Լենինյան մրցանակի դափնեկիր։ Շնորհիվ “Սարինա” գրքի ԽՍՀՄ-ում այն ժամանակ շատերն էին համակրում այդ առաջնորդին, որն իր երկրում կառավարեց քսաներկու տարի։ Եվ հանկարծ ճարճատյունով ցած նետեցին, հայտարարելով ժողովրդի թշնամի, ինչպես ընդունված էր անել։ Փոխվեց երկրի քաղաքական կառուցվածքը համարյա բոլոր երկու տասնյակ հազար կղզիներում։ Եվ միլիարդավոր ռուբլիներ, որ ծախսվել էին այսպես ասած՝ դեմոկրատական Ինդոնեզիայի զարգացման վրա, կորան գրողի ծոցը։ Շուտով նույնը կատարվեց Եգիպտոսում, երբ գահընկեց արեցին Գամալ Աբդել Նասերին, որին արդեն ոչ թե միլիարդներ, այլ տրիլիոններ էին տվել (հենց միայն Ասուանի ջրամբարը ինչ ասես արժեր), և դեռ Խորհրդային Միության հերոսի կոչումն էլ վրադիր։ Ի դեպ, նույնը կատարվեց և աֆրիկյան այլ երկրների առաջնորդների հետ։ Եվ ամեն անգամ բանն ավարտվում էր նրանով, որ մեր գլխին նորանոր թշնամիներ էինք ստեղծում։ Ինքներս էլ ողջ երկրում երշիկի ու գուլպաների համար հերթ էինք կանգնում։ Իսկ այդ ժամանակ չորս հոգեգարներ՝ Բրեժնևի ղեկավարությամբ, անտեսելով զինված ուժերի Գլխավոր շտաբի կարծիքը, ինքնակործան պատերազմ սկսեցին Աֆղանստանում։ Եվ մենք գիտենք, թե դա ինչով ավարտվեց։ Հիրավի, ճիշտ էր անմոռանալի գեներալ Ալեքսանդր Լեբեդը, երբ իր հիանալի գիրքը վերնագրեց այնքան ճշգրիտ՝ “Տերությունն էր ափսոս”։
Չի կարելի ասել, թե Սուկառնոյից հետո գործերն ավելի լավ գնացին։ Շուտով քաղաքացիական պատերազմ սկսվեց, որը տևեց ավելի քան երեսուն տարի։
Ինդոնեզիան աշխարհում տասնհինգերորդն է իր տարածքով և չորրորդը՝ բնակչության թվաքանակով (230 միլիոն)։ Մահմեդական բնակչության թվով աշխարհի ամենամեծ երկիրն է։ Հայերն այստեղ հայտվել են 17-րդ դարում։ Ճավա կղզում այն ժամանակ ապրել են մեր երկու հազար հայրենակիցներ՝ մեծամասնությունը Նախիջևանից։ Ակտիվիստներից շատերի անունները նշված են “Սփյուռք” հանրագիտարանում։ Հետագայում նրանց թիվը հասավ տասը հազարի։ Բայց վերադառնանք այն հարցին, թե ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո և մանավանդ 50-ական, 60-ական թվականներին Ասիայի և Աֆրիկայի գաղութացված ու կիսագաղութացված տարածքներում նոր պետություններ ծնվեցին։ Դրանց բացարձակ մեծամասնությունը կազմավորվեց ազգային-ազատագրական պայքարի արդյունքում։ Իրադրությունն առանձնապես յուրահատուկ էր ողջ Հարավ-Արևելյան Ասիայի ահռելի տարածքներում, որոնք պատերազմի տարիներին զավթված էին Ճապոնիայի կողմից։ Եվ դրանցից շատերում վաղուց գոյություն ունեին լիարժեք հայկական համայնքներ՝ իրենց եկեղեցիներով, դպրոցներով։ Բացի Ինդոնեզիայում, Մյանմայում (Բիրմա), Թայլանդում, Սինգապուրում վերաբնակված հայերից, կար նաև ինքը՝ Հնդկաստանը, որտեղ երկար դարերի ընթացքում պահպանվեց հայկական գաղութը և որը հիմնականում ցրվեց 20-րդ դարի երկրորդ կեսին։ Այնպես որ, ներկայումս այդ և բազմաթիվ այլ երկրներ, ներառյալ աֆրիկյան աշխարհամասում, մեզ հրապուրում են այս կամ այն գաղութի բուն պատմությամբ և, իհարկե, պահպանված ու նույնիսկ չպահպանված հայկական հուշարձաններով։
Ահա թե ինչու, իմանալով, որ ինդոնեզիական Սուրաբայա քաղաքում այնուամենայնիվ պահպանվել է հայկական եկեղեցին, մենք որոշեցինք անել ամեն հնարավորն ու անհնարինը այն անպայման գտնելու և տեսանկարահանելու համար։ Իսկ գուցե, ինչպես նախապես առաջարկում է Արմեն Նազարյանը, քանի որ եկեղեցին այժմ ծառայում է այլ դավանանքի, գուցե հնարավոր լինի պայմանավորվել և շինության վրա հուշատախտակ ամրացնել, որում կնշվի եկեղեցու հայկական ծագումը։ Հիանալի գաղափար է։ Սակայն մինչև Ինդոնեզիա դեռ ահռելի տարածություն ունենք անցնելու։ Բացի այդ, Ավստրալիայի վերջին կետում “Արմենիա”-ն պետք է տեխնիկական ստուգում անցնի՝ դեպի տուն բերող երկարատև անցումից առաջ։
Իսկ հիմա կանգնած ենք մի մեծ խնդրի առջև։ Չէ՞ որ ոչ միայն չգիտենք, թե երկու միլիոնանոց Սուրաբայայում որտեղ է գտնվում եկեղեցին, այլև տղաներն էլ մուտքի վիզաներ չունեն։ Այնպես որ, խնդիրը պետք է լուծել նախքան “Արմենիա”-ն կմտնի այդ նավահանգստի ծովախորշ։ Դա նշանակում է՝ մինչ նավը “կախտորոշվի” և կմոտենա Ինդոնեզիային, ինձ հարկավոր է ամեն գնով հայտնվել Ջակարտայում։ Այլ ելք չկա։ Բայց մենք լավ գիտենք՝ երբ ոչ մի ելք չկա, ապա պարզապես այն գտնել է հարկավոր։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
“Արմենիա” առագաստանավ, Հնդկական օվկիանոս