www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
“ԱՐՄԵՆԻԱ”-Ի ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Կարծում եմ, ընթերցողները հիշում են Սիդնեյում մեզ Մարթա Աբգար մայրիկի պատմածը։ Հիշեցնեմ, դա այն մասին էր, թե ինչպես իննսունամյա տիկին Մարթան իր որդու հետ Սիդնեյից թռավ ինդոնեզիական Սուրաբայա քաղաք-նավահանգիստ միայն նրա համար, որ ծաղիկներ դնի իր հոր գերեզմանին։ Նրա տանը մեր զրույցի ժամանակ մի նրբին ու հուզիչ միտք արտահայտեց. “Երբ տեսնում ես ճանապարհի վերջը, որը դեպի մահ է տանում, սկսում ես մտածել պարտքերիդ մասին”։ Հիշեցնեմ և այն, որ նա ըստ էության, փոփոխեց նաև “Արմենիա”-ի երթուղին։ Հենց նրանից մենք իմացանք, որ իր ծննդավայր Սուրաբայայում մինչև հիմա էլ գոյություն ուն եկեղեցին, և դեռ ավելին՝ նույնիսկ գործում է։ Ընդգծեց և այն, որ պատերին պահպանվել են հայերեն արձանագրություններ։ Բնականաբար ինչ-որ տեղ Եվրոպայում կամ Ամերիկայում նման իրավիճակում մենք դժվար թե փոխեինք երթուղին, իմանալով, որ նման անհասանելի վայրում արդեն չկան հայրենակիցներ, և այն էլ, երբ մեր ժամկետներն ուղղակի խեղդում են, իսկ առջևում դեռ երկար ու դժվարին ուղի ունենք անցնելու։ Բոլոր աղբյուրներում բերված է եկեղեցու միայն մեկ լուսանկար՝ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում, բայցև միաժամանակ ճշգրիտ հայտնի է, որ այդ Սուրբ Հովհաննես եկեղեցին արդեն գոյություն չունի։ Քանդել են։ Այնտեղ փողոց են գցել՝ առանց մայթերի։ Իսկ այ, Սուրաբայայի, Սուրբ Գևորգ եկեղեցու մասին կա միայն մի ինչ-որ անհասցե հիշատակում։ Արդեն ոչ ոք չգիտեր, թե այն ինչպիսին էր։ Միայն ինձ մոտ կար տիկին Մարթայի տված հին լուսանկարը։
Ինդոնեզիական վիզաներ չունենք։ Բարեբախտաբար իմ անձնագրի ժամկետը լրացել էր։ Մտքովս չէր անցնում նայել։ Բայց չգիտես ինչու, բոլոր նրանք, ովքեր նախկինում վիզաներ էին տվել, նույնպես ուշադրություն չէին դարձրել, որ այն շուտով ժամկետանց կդառնա։ Զանգեցի “Կիլիկիա”-ի և “Արմենիա”-ի անձնակազմի պատվավոր անդամ, Հայաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանին։ Ինձ համար նոր անձնագիր ձևակերպեցին և հետն էլ իդոնեզիական մուտքի վիզա։
Սիդնեյից հետո ավստրալիական Քեյնս նավահանգստում “Արմենիա”-ն պետք է անցներ շարժիչի հերթական (ժամանակը հասել էր) ախտորոշիչ զննում։ Եվ ոչ միայն շարժիչի։ Հենց Քեյնսում կա ներկայացուցիչ-ընկերություն մեր շարժիչի համար։ Իսկ դա երկար պատմություն է։ Բացի այդ, վերանորոգման այլ աշխատանքներ էլ պետք է կատարվեն, կապված առագաստի, ինքնագնաց սարքի, ձգապարանների հետ։ Թռչում եմ Դելի, որտեղ Միշա Բաղդասարովի, այսինքն՝ “Արմավիա”-ի միջոցով Շահենն ուղարկել է իմ նոր անձնագիրը։ Կանգ առա Սինգապուրում, որտեղ երեք օր կարելի է մնալ, եթե տարանցիկ ուղևոր ես։ Ինձ դիմավորեց քաղաքում հայտնի գիտնական, պրոֆեսոր Գագիկ Գուրզադյանը՝ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի որդին։ Շուտով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հանդիպեցինք ողջ համայնքի հետ։ Պայմանավորվեցինք “Արմենիա”-ի հետ գալիք հանդիպումը կազմակերպելու մասին։ Դելիում եմ։ Ինձ դիմավորեց Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը։ Այս այցելության անհրաժեշտության ու կարևորության մասին կպատմեմ, երբ “Արմենիա”-ն խարիսխ նետի Հնդկաստանի նավահանգիստներից մեկում։ Իսկ առայժմ արևադարձային հրեշավոր տոթ ու տապի պայմաններում նորից Դելիից Ջակարտա եմ թռչում՝ Սինգապուրի միջով։ Նման և այլ արտահերթ ծախսերը իր վրա է վերցրել Ռալֆ Յիրիկյանը։ Ես շտապում եմ։ Պետք է հասցնեմ դիմավորել “Արմենիա”-ին չծրագրված Սուրաբայա քաղաքում։ Ջակարտայում ինձ դիմավորեց Ինդոնեզիայում ԱՄՆ-ի փոխհյուպատոս Պիտեր (Պետրոս) Դավիդյանը։ Դիմավորեց կնոջ հետ։ Դեռ օդանավակայանում տհաճ լուր հաղորդեց։ Հետաքրքրվել էր պաշտոնական շրջանակներում և իմացել, որ ոչ շատ վաղուց մի ինչ-որ կատերով առանց վիզայի Ինդոնեզիայի ինչ-որ նավահանգիստ են մտել մի ավստրիացի և ամերիկացի։ Նրանց ձերբակալել են։ Երկար պահել են փակի տակ։ Նույնիսկ ամերիկյան դեսպանությունը չի կարողացել ոչնչով օգնել։ Հետո նրանց շպրտել են բաց ծով, թույլ չտալով մտնել և ոչ մի նավահանգիստ։ Ես Պետրոսին և նրա տիկնոջը՝ Հռիփսիմեին հանգստացրի, ասելով, որ նույնիսկ շատ լավ եմ պատկերացնում, թե դա ինչպես է տեղի ունեցել։ Լկտիաբար ծովախորշ են մտել երկու ինքնագոհ տպեր՝ առանց ինդոնեզիական դրոշի և հավանաբար նույնքան լկտի էլ իրենց պահել են։ Իսկ մենք ընդամենը ճանապարհորդներ ենք, որոնք շուրջերկրյա նավարկություն են կատարում։ Դա հաստատող բազմաթիվ պաշտոնական փաստաթղթեր կան։ Նման դեպքերում մենք իրավունք ունենք ջուր և պարեն գնել՝ պահախմբի ուղեկցությամբ։
Ջակարտայում անհնար է (բոլորի համար) քայլել քաղաքում։ Մայթեր գոյություն չունեն։ Այստեղ ապրում է տասներկու միլիոն մարդ, և փողոցներով սլանում են տասներեք միլիոն ավտոմեքենաներ, չհաշված միլիոնավոր մոտոցիկլետները, որոնց վարորդները տեղափոխում են իրենց կանանց և կրծքի երեխաներին։ Եվ աչքդ միայն դա է տեսնում՝ հազարավոր կրծքի երեխաներ և…ահռելի արագություն։ Գիշերեցի Դավիդյանների մոտ։ Առաջին անգամ էր նման բան լինում “Կիլիկիա”-ի և “Արմենիա”-ի նավարկության պատմության ողջ ընթացքում։
Պետրոսը ծնվել է Հալեպում։ Նախնիներն Իրանից են և Վանից։ Մայրը Վրթանես Փափազյանի տոհմից է։ Ես չեմ կարող չթվարկել Փափազյանի գործունեության ասպարեզները. գրող, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչ, գրաքննադատ, գրականության պատմագետ, ազգագրագետ, խմբագիր, մանկավարժ, թարգմանիչ։ Դեռ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Վրթանես Փափազյանը գործուն կերպով գիտակցեց Ղարաբաղի դերը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում։ Նրա խմբագրած թերթերից մեկը այդպես էլ կոչվում էր՝ “Ղարաբաղ”։
Վրթանեսն առաջիններից մեկը ձեռնարկեց ապրիլի քսանչորսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր հաստատելը։ Պետրոսի կին Հռիփսիմեն ծնունդով Կապանից է։ Չեմ կարող պատկերացնել, թե ինչ էինք անելու առանց այդ ամուսնական զույգի։ Սուրաբայան գտնվում է Ճավա կղզու մյուս ծայրում։ Այստեղից ավելի քան հազար կիլոմետր հեռու։ “Արմենիա”-ն Սուրաբայա կժամանի հունիսի երեքին, ուրբաթ օրը, կեսօրին։ Վաղ առավոտյան Հռիփսիմեի հետ թռանք Ջակարտայից։ Պետրոսը կարող էր մեր հետևից թռչել միայն աշխատնքային օրվա ավարտից հետո։
Մեծ նախապատրաստական աշխատանք կատարեցին Շահեն Ավագյանը, Երևանում Ինդոնեզիայի հյուպատոս Երվանդ Օսկանյանը և քարտուղարուհի Լուիզան։ Օդանավակայանից մեզ գխապատառ նետեցինք Սուրաբայայի նավահանգստի ներգաղթի բաժանմունք։ Ծառայության պետ Ռոզին (տղամարդու ազգանուն է) երկար և ուշադիր լսեց Հռիփսիմեին, հարգանքով վերաբերվելով նրա դիվանագիտական անձնագրին, այն էլ՝ ԱՄՆ-ի։ Ասաց, որ անձնակազմի բոլոր անդամներին մուտքի վիզա կտրամադրի քառասունութ ժամով, բայց այն պայմանով, եթե նավահանգստի պետը “Արմենիա”-ին թույլ տա կառանվել։ Հենց ինքն էլ զանգեց նավահանգստի պետին։ Վերջինս, ինչպես երևում էր, ոչինչ չհասկացավ։ Նախադեպ չկար։ Խնդրեց, որ Ռոզին, ես և Հռիփսիմեն անցնենք իր մոտ։ Այդ ժամանակ արբանյակային կապով զանգեց Արիկը. “Մենք ծովախորշում տնգտնգում ենք, չիմանալով որտեղ կառանվել□։ Ես ասացի, որ կառանվեն ամենակենտրոնում։ Միևնույնն է, մինչև մեզ հետ ամեն ինչ չպարզեն, ոչ մի քայլ չեն ձեռնարկելու։ Չէ՞ որ պետի մոտ ենք գնում։ Պետը լսեց մեզ և ասաց, որ խնդիր չկա, միայն թե ինքը իր պետի համաձայնությունը պետք է ստանա։ Եվ երկար խոսում էր վերջինիս հետ հեռախոսով։ Լսափողը վերցրեց Հռիփսիմեն և անգլերենից ինդոնեզերենին անցնելով (ու հակառակը), բացատրեց, թե որքան կարևոր է դա մեզ բոլորիս համար, ավելացնելով, որ իր ամուսինը՝ ԱՄՆ-ի փոխհյուպատոսը ուր-որ է վայրէջք կկատարի։ Հատուկ այստեղ է թռչում այդ հարցով։ Բարի Ռոզին վերջնականապես անցավ մեր կողմը։ Այնժամ որոշեցինք, որ կհանդիպենք կառանավայրում՝ “Արմենիա”-ի մոտ։ Հանդիպեցինք։ Եվ նրանք հասկացան, որ ամեն ինչ նորմալ է։ Չափից ավելի մաքուր էր □Արմենիա□-ի տախտակամածը։ Վերևում գեղեցիկ ծածանվում էին Ղարաբաղի, Հայ Առաքելական Եկեղեցու, Երևանի դրոշները և քիչ այն կողմում՝ Ինդոնեզիայինը։ Նավահանգստի պետը անսպասելիորեն արտաբերեց ճակատագրական “Դե այդպես էլ կասեիք”-ը։ Դա նշանակում էր, որ “Արմենիա”-ի արտաքին տեսքն ինքնին խոսում էր մտադրությունների ազնվության մասին։ Ապա ասաց, որ քիչ սպասենք։ Մեզ թվաց, թե գնում է ինչ-որ մեկին զանգելու։ Այնինչ աղոթելու գնաց։ Ժամանակն էր։ Դեռևս ներգաղթի գրասենյակում էինք տեսել, թե ինչպես խոսակցության թեժ պահին մեր բարեկամ Ռոզին մի կողմ գնաց։ Հանեց կոշիկները։ Մտավ բակ ու սկսեց ոտքերը լվանալ…Ապա անցավ մի այլ սենյակ, աղոթեց և վերադարձավ շատ գոհ։
Հարցը լուծված էր։ Ոչ մի կնիք չդրեցին անձնագրերում։ Յուրաքանչյուրին տվեցին կապույտ թղթի մեկական թերթ՝ կնիքով, որը հաստատում էր, որ ամբողջ երկու օր կարող են գտնվել Սուրաբայայում։
Ես ուշադրություն դարձրեցի, որ այդ բոլոր խոսակցություններին, գործողություններին, ժպտացող դեմքերին ուշի-ուշով հետևում է ձեռնափայտ-հովանոցով, նոր կոստյումով մի տղամարդ։ Երկար զննեց “Արմենիա”-ն։ Մեր տղաներից ինչ-որ մեկին հարցուփորձ արեց, թե նավակողերին գրված այդ ամենի էությունը որն է։ Ուշադիր լսում էր ու գլխով անում։ Ապա դանդաղ, թեթևակի կաղալով մոտեցավ մեզ։ Ականջ դրեց խոսակցությանը։ Նավահանգստի պետը խոստովանեց, որ իրեն դուր է գալիս նավը, որի վրա կա այբուբեն և սեփական դավանանքի խորհրդանիշը։ Հռիփսիմեն շնորհակալություն հայտնեց և ասաց, որ խիստ զգացված է ինդոնեզիական մահմեդականների հանդուրժողականությունից։ Եվ ահա այստեղ հանկարծ բարձր խոսեց նոր կոստյումով ու ձեռնափայտով , հանելուկային տղամարդը. “Ես լավ գիտեմ հայ ժողովրդի պատմությունը։ Ձեր դժբախտությունը կայանում է նրանում, որ բոլոր մահմեդականներին խառնում եք թուրքերի հետ”։ Ինձ շատ դուր եկավ, որ նա այդքան վստահ ու ինքնագոհ խոսեց մի այդպիսի կարևոր ու լուրջ հարցի մասին։ Եվ ես, ինչպես ասում են, սաձերը ձեռքս առա (Հռիփսիմեն հազիվ էր հասցնում թարգմանել). “Բանն էլ այն է, որ բոլորովին այդպես չենք մտածում։ Հայ ժողովուրդն անսահման երախտապարտ է ողջ արաբական աշխարհին նրա համար, որ Թուրքիայում ցեղասպանության ենթարկվելուց անմիջապես հետո մենք ապաստան գտանք Մերձավոր Արևելքի բոլոր երկրներում։ Նույնը կարող ենք ասել և Միջին Ասիայի ու այլ տարածաշրջանների ժողովուրդների մասին։ Ավելի քան չորս դար հայկական առաքելական եկեղեցին և մահմեդական մզկիթը հաշտ ու խաղաղ համագոյակցել են Իրանում։ Այնպես որ, ով՝ ով, բայց հայը երբեք թուրքին չի նույնացրել մահմեդականի ընդհանրացված կերպարի հետ”։
…Մենք դեռ պետք է ահռելի քաղաքում գտնեինք հայկական եկեղեցին։ Բայց առաջին օրը մենք Պետրոսի ու Հռիփսիմեի հետ չհասցրեցինք։ Արևադարձային գոտում, ըստ էության՝ հասարակածի մոտ, ժամը վեցին արդեն մութ է։ Վաղ առավոտյան, դարձյալ Պետրոսի ու Հռիփսիմեի հետ ավտոմեքենայով այն շրջանում էինք, որի մասին մեզ տեղեկացրել էր մեր Մարթա մայրիկը Սիդնեյից։ Օգնեցին Դավիդյանների Սուրաբայայում ապրող մոտիկ ծանոթները։ Գտանք։ Դա անհնար է նկարագրել։ Ահա արդեն երկու ամիս ես մտովի փնտրում եմ այդ եկեղեցին, համոզված լինելով, որ անպայման կգտնենք։ Չէ՞ որ տիկին Մարթան ընդամենը երկու տարի առաջ էր այնտեղ եղել։
Առաջինը խաչը տեսավ Պետրոսը։ Նա բարձր գոռաց. “Հայկական խա՜չ”։ Եվ այնպես, որ տաքսու վարորդը վախից թողեց ղեկը։ Այդ խաչը հազիվ էր երևում կողք-կողքի կանգնած երկու շենքերի նեղ արանքից։ Իջանք մեքենայից։ Բաց դարպասի միջով մտանք բակ։ Այստեղ երեխաների մի մեծ խումբ խելագար վազվզոցի մեջ էր։ Ամեն ինչից երևում էր, որ դպրոց է։ Երկու շենքերի արանքով ես առաջինը մտա կամարի տակ, առանց շուրջս նայելու։ Ինձ հետևում էին Պետրոսը և Հռիփսիմեն։ Եվ հանկարծ գոռոց լսեցի։ Դարձյալ Պետրոսն էր։ Պատի վրա մարմարե երեք քար էր գտել՝ հայերեն արձանագրություններով։ Ես խնդրեցի, որ դուռը բացեն։ Մտանք ներս։ Կաթոլիկական մեծ խաչ։ Քսան շարք նստարաններ։ Պատին նորից ճերմակ մարմարե հուշաքար էր՝ հայերեն գրությամբ։ Բոլոր գրություններն ավարտվում էին 1927 թվագրությամբ։ Ինչ-որ մեկն ասաց, որ “այս ամենի” տերը կաթոլիկ պաստորն է։ Ես խնդրեցի, որպեսզի հրավիրեն նրան, իսկ ինքներս երեքով գնացինք նավահանգիստ՝ տղաներին բերելու։ Երեք մեքենաներով նորից վերադարձանք եկեղեցի։ Ես ավելի շատ լռում էի։ Չգիտեի ինչ էր կատարվում ինձ հետ։ Մի կողմից, կարծես թե հասել էի ուզածիս, մյուս կողմից՝ մի ինչ-որ ամայություն էր լցվել հոգիս։ Այսպիսի քանի՜-քանի հայկական եկեղեցիներ են առանց գմբեթների, այսպես որբացած թաքնված շենքերի արանքում։ Այնինչ այս տեղում քարե եկեղեցու կառուցումից դեռ հարյուր տարի առաջ կանգնած էր փայտաշենը։ Տիկին Մարթան պատմում էր, որ հայերն այստեղ հսկայական տարածք են ունեցել՝ բազմաթիվ շենքերով, որոնցից յուրաքանչյուրը կոնկրետ գործի էր ծառայում. դպրոց, թատրոն, մարզասրահ, պարասրահ, համերգային դահլիճ։ Կորցնելով տունը հարազատ հողում, բնակություն հաստատեցին այս անհավատալի հեռվում, և այդ ամենն ավարտվեց նրանով, որ իննսունամյա կինը մեկ ուրիշ երկրից գա՝ հոր գերեզմանին ծաղիկներ դնելու համար։
Ես նայում էի, թե ինչպես են անձնակազմի անդամները լուռ դիտում ու դանդաղ, ինքնամփոփ ընթերցում գրությունները։ Բաբասը և Հայկը այդ ամենը նկարահանում են, և շուտով բոլոր գրությունները կլինեն իմ սեղանին։ Արդեն պատրաստվում էինք գնալ, երբ հանկարծ ասացին, թե պաստորը եկել է։
Մենք շտապում էինք։ Որոշել էինք հենց նույն օրն էլ հեռանալ նավամատույցից և ուղղություն վերցնել դեպի Սինգապուր։ Բայց չկարողացանք շտապել։ Պարզվեց, որ պաստոր Ալեքս Լիմը ամենաբարի մի մարդ է։ Ահա թե ինչ ասաց, ծանոթանալով մեր ծովարշավի խնդիրներին։ Խոսքը ներկայացնում եմ այնպես, ինչպես որ սղագրել էի. “Ես այնպիսի տպավորություն ունեի, որ դուք ինչ-որ ժամանակ գալու եք այստեղ։ Ամեն անգամ նայելով այս արձանագրություններին, անընդհատ միտք էի անում, թե ի՞նչ է այնտեղ գրված, և ովքե՞ր են այդ մարդիկ, որտեղի՞ց են։ Ես նույնիսկ չգիտեի, թե ինչ լեզվով է գրված։ Միայն երբ երկու տարի առաջ այստեղ եկավ մի ծեր կին, որը հազիվ էր տեղաշարժվում իր որդու օգնությամբ, ես իմացա, որ այս եկեղեցին հայկական է եղել։
Գիտեմ նաև, որ այստեղից մեկնած վերջին հայը, առանց գրպանում մի ցենտ իսկ ունենալու, պարզապես այն տվել է ինչ-որ մեկին։ Իսկ արդեն նրանք եկեղեցին վաճառել են մի կաթոլիկ չինացու։ Ես նույնպես չինացի եմ և նույնպես կաթոլիկ։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել արխիվային թղթերը։ Խոսքը հայկական հողային տիրույթների, եկեղեցու, ուրիշ շատ շենքերի գծագրերի մասին է։ Ես կարծում եմ, դուք դրանց համար արժանի տեղ կգտնեք…”։ Պաստոր Ալեքս Լիմը ինչ-որ տեղ զանգեց, ինչ-որ բան հայտնեց ինդոնեզերեն և շրջվելով մեր կողմ, ասաց, որ երկու ժամից թղթերը կբերեն։ Խոստացավ, որ անձամբ դրանք նավ կհասցնի։ Եվ առաջարկեց մեկտեղ էլ օրհնել մեր մեկնումը։
Արդեն մթնում էր։ Ափային պահակախումբը չէր կարող գնալ, քանի դեռ չէինք հեռացել։ Պաստոր Լիմն ուշանում էր։ Մեզանից ոչ մեկը կասկած չուներ, որ նա անպայման կգա։
Նավում մենք երկար զննում էինք այդ անգին թղթերը, այդ գծագրերը, որոնք, ամեն ինչից երևում էր, արված էին մասնագետ ձեռքով։ Պաստոր Լիմի հետ լուսանկարվեցինք նավի վրա։ Եվ աղոթելով, նա՝ կաթոլիկ քահանան օրհնեց մեր ուղին մինչև Սինգապուր։ Ես չգիտեմ, որքանով է դա ընդունելի մեր հայ առաքելական եկեղեցու կողմից, բայց եթե մենք սխալ ենք վարվել, ապա կարծում եմ, մեզ կների մեր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Չգիտեմ եկեղեցական կանոններով ինչպես, բայց ամեն ինչ սրտալի էր և նույնիսկ շատ մարդկային։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
“Արմենիա” առագաստանավ, Հնդկական օվկիանոս