www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ԵՎ ՇՈՒՇԻՔԵՆԴԻ ՄԱՍԻՆ
Որքան ավելի ենք մոտենում Մեսրոպ Մաշտոցի անվան ծովարշավի վերջնագծին, այնքան ավելի հաճախ և ուժգին է սկսում գերակայել բուն աշխարհաշուրջի թեման։ Խոսքը, թերևս, նույնիսկ նրա սպորտային բաղկացուցչի մասին չէ։ Իհարկե, ո՛չ “Կիլիկիա”-ում, ոչ էլ հիմա, “Արմենիա”-ում, ոչ մի հակասություն չկա սպորտային ծովագնացության և արշավանքային խնդիրների միջև, որոնք ներառում են Սփյուռքի պատմությունը, աշխարհագրությունը և նույնիսկ ճարտարապետությունը։ Լատինական “էքսպեդիցիա” բառը հայերեն հնչում է որպես “գիտարշավ”։ Ճիշտ է, նրա բազմաթիվ տարբերակներում արշավն իրագործվում է ոչ միայն գիտական, այլև ցանկացած այլ □հատուկ□ նպատակով, այդ թվում նաև նյութեր հավաքելու կամ որոշակի երթուղի (պատմական, ազգային, ռազմական) հաղթահարելու համար։ Այս ամենն ասում եմ պարզաբանելու համար, որ ո՛չ գիտնականներ ենք ցանկանում ձևանալ, ո՛չ այսպես ասած՝ նեղ պրոֆիլի մասնագետներ։ Մենք ընդամենը շուրջերկրյա նավարկություն ենք կատարում սփյուռքի բարդագույն ու ողբերգական ճամփաներով, որոնք շատ ու շատ դարերի ընթացքում են գծվել երկրագնդի կենդանի քարտեզին։
Ես հաճախ եմ հիշում, թե ինչպես 1968 թվականին հատուկ (ժամանակավորապես) բժիշկ ձևակերպվեցի մեծ սառնարանային ձկնորսանավի վրա։ Դրանք անմոռանալի ամիսներ էին։ Բայց ամենից հիշարժանն այն օրն էր, երբ ձկնորսանավը մտավ սինգապուրյան ծովախորշ։ Այն ժամանակվա բարձիթողի, նույնիսկ կեղտոտ նավահանգստում՝ լի մուրացկանների ու պատուհասվածների ամբոխներով, ես տեսա իսկական հրաշք՝ հայկական սպիտակ եկեղեցին։ Այն ժամանակ ոչինչ գրի չառա, դրա համար էլ մանրամասները չեմ հիշում։ Բայց շուտով եկավ պահը, երբ սկսեցի բավական խստորեն կշտամբել ինքս ինձ այն մտքերի համար, որ եկել էին գլուխս այն ժամանակ. “Գրողը տանի, այս ի՞նչ տեսակի ժողովուրդ ենք։ Ի՞նչ հարկավոր էր հայրենիքից այսքան հեռու խելահեղ փողեր ծախսել հայկական եկեղեցի կառուցելու վրա, լավ իմանալով, որ մի օր այստեղ հայեր էլ չեն լինելու”։ Այդ տարիներին, ինչպես ինձ ասացին, Սինգապուրում ընդամենը մի քանի հայ կար։ Հենց այդպես։ Այդպիսին էինք մենք։ Այդպիսին չէինք ծնվել։ Մեզ դարձրել էին այդպիսին։ Միայն հետո էի իմանալու, թե ինչու Ստալինի օրոք և երկար տարիներ՝ իներցիայով, մենք, մանավանդ Ղարաբաղում, ոչինչ չգիտեինք Ցեղասպանության մասին։ Միայն հետո էի իմանալու թուրք գեներալ Ջեբեսոյի գրքից, որը Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման համար Աթաթուրքի կողմից կազմակերպված պատվիրակությունն էր գլխավորում, որ Ստալինն անձամբ է հանգստացրել թուրքերին, խոստանալով, որ նոր, Խորհրդային Ռուսաստանում ոչ ոք ոչինչ չի իմանա հայերի մեծ կոտորածի մասին։ “Ստալին. Անատոլիադա” գրքում բերվում են այդ ճիվաղի և այլ հրեշավոր բառեր։ Բայց դա արդեն այլ թեմա է։ Ես այն եմ ուզում ասել, որ ահռելի երկրում աճեցրել էին իսկական մանկուրտների՝ մարդկանց, որոնք զրկված էին պատմական հիշողությունից (Չինգիզ Այթմատով)։ Մի խոսքով, այն ժամանակ ես և ինձ նման միլիոնավորները չգիտեինք, որ մեր հայրենակիցներից ոչ մեկը հենց այնպես չէր հայտնվել օտարության մեջ, որտեղ եկեղեցիներ էր կառուցել։ Եվ նախքան Սինգապուրի հայերի մասին պատմելը, նորից վերադառնամ Մալակկա նավահանգիստ, որի մասին խոսել եմ նախորդ ռեպորտաժում։ Եվ վկայակոչեմ ընդամենը մեկ անուն։ Անուն, որը, կարծում եմ, պարզապես ընդհանրացնում է Սփյուռքի կերպարը։ Ես, իհարկե, ոչ մի հայտնագործություն չեմ կատարում։ Նյութը, որ հավաքել եմ, համոզված եմ, նորություն չէ։ Բայց շատ կուզենայի, որ այդ մասին իմանար մեր երիտասարդությունը։ Հակոբ (Յակոբ) Շամիր։ Լեգենդար անուն է։ Եվ չեմ կարող չհիշել ու չհիշեցնել նրա մասին, երբ այսքան մոտ եմ գտնվում նրա գերեզմանին։ Համենայն դեպս, ում հետ էլ որ խոսել եմ, լինի տանը, թե սփյուռքում, ոչ ոք չի իմացել այդ անունը (բացառությունը հաստատում է կանոնը)։ Մալակկայում, Սինգապուրում, Հարավ-Արևելյան Ասիայի կղզիներում նա ամեն ինչի հասավ։ Տաղանդավոր ու հաջողակ կոմերսանտ էր։ Եվ դա միայն օգնում էր նրան գիտությամբ զբաղվելու համար։ Պատմվածքներ գրելու։ Հնդկաստանում առաջին թերթը հրատարակելու։ Հայրենասերների խումբ կազմակերպելու, որոնք գործուն կերպով երազում էին հայրենիքի ազատագրման մասին։ Հնդկաստան և Մալայզիա էր տեղափոխվել ոչ հայրենիքից։ Նոր Ջուղա սփյուռքից էր եկել սփյուռք Մալայզիա։ Բայց միշտ մտածում էր նախնիների հայրենիքի մասին։ Այդ նա է գրել □Կոչ□ հայրենասիրական պամֆլետը։ Նաև հոդվածներ էր գրում իր հրատարակեծ թերթի համար, և միշտ՝ հայրենիքի մասին։ Մահից առաջ նա ամեն ինչ արեց, որպեսզի մահից հետո էլ չլռի։ Նա գիտեր հունարեն, լատիներեն և բնագրով կարդացել էր բազմաթիվ դամբանախոսություններ։ Իսկ դա իսկական գրական ժանր էր, հատկապես կլասիցիզմի դարաշրջանում, երբ տապանագրեր էին գրվում՝ արձակ և չափածո։ Բայց Հակոբ Շամիրն ինքն իր շիրմաքարի համար գրեց հրապարակախոսության ժանրով. “Ողջույն քեզ, որ կարդում ես այս բառերը իմ գերեզմանի վրա։ Արդյոք բերե՞լ ես իմ ժողովրդի ազատության լուրը, որի մասին այնքան կրքոտ երազել եմ։ Ասա՛ ինձ, արդյոք մեր միջից վեր բարձրացա՞վ մեկը՝ որպես ազատարար ու ղեկակալ, որի գալուստն այնքան ուժգին ցանկանում էի, երբ դեռ ողջ էի”։ Եվ ապա շարունակում է, որ ինքը ծնվել է ոչ թե նախնիների հայրենիք Ջուղայում, այլ օտարության մեջ՝ Նոր Ջուղայում և որ հայկական հարգված տոհմից է։ Նշում է իր մահվան օրը՝ 1774 թվականի հուլիսի 17։ Ընդգծում է, որ ինքն իրեն հողին է հանձնել հանգստանալու։ Հողին, որն ինքն էր “ձեռք բերել” իր համար։ Բայց նա հասկանում է, որ գերեզմանում էլ հանգիստ չունի։ Նա միշտ սպասելու է հայրենիքի ազատագրման մասին լուր ստանալուն։ Նա հավերժական է։ Նա հավերժական հայ է, ինչպես որ Սփյուռքն է հավերժական հայություն, որը լավ գիտի, որ օտարությունը հայրենիք չի դառնա։ Դա մեր համոզմունքն է, որն օտարության մեջ բանաձևել է Սփյուռքի յուրաքանչյուր սերունդ։ Մենք՝ “Արմենիա”-ում գտնվողներս դրանում համոզվում ենք յուրաքանչյուր, երբեմն էլ Աստծուց մոռացված նավահանգստում։ Եվ դրա մեջ է մեր գիտությունը։ Դրա մեջ է մեր ծովարշավի էությունը, որը հանգում է նրան, թե այս ամենի մասին պետք է պատմել ներկա սերնդին։ Դա մեր խնդիրն է։ Մնացյալ ամենն արդեն սպորտ է։ Կիրք։ Խելահեղ ցանկություն՝ կատաղի օվկիանոսում հաղթահարելու մղոն մղոնի հետևից։ Այրական արցունքներ, որ աչքերդ են վարագուրում, երբ պտտվում ես Հորն հրվանդանի շուրջ, երբ “Արմենիա”-ի նավախելի հետևում ես թողնում Մագելլանի նեղուցը և տեսնում, որ աշխարհաշուրջի ռահվիրան այնուամենայնիվ սխալվում էր. Խաղաղ օվկիանոսը բոլորովին էլ խաղաղ չէ։
Եվ սակայն, որպեսզի ինքս էլ չմոլորվեմ մտքերի մեջ, ինձ հետ տանելով նաև ընթերցողին, կասեմ՝ մեզ համար գլխավորը, եթե չասենք՝ ամենագլխավորը Մեսրոպյան բուն ծովարշավն է՝ իր խնդիրներով և գերխնդիրներով, որոնք ներառում են Սփյուռք մոլորակի բնակիչների ճակատագրերի զանազանություն ու բազմազանությունը։
Սինգապուրում չկա ո՛չ պատմական, ո՛չ դասական սփյուռքի հասկացություն։ Ինձ թվում է, ընդհանրապես ողբերգական, դրամատիկ և միաժամանակ հպարտ “Սփյուռք”-ը կապ չունի նրանց հետ, ովքեր Հայաստանից հեռացել են 1975 թվականի օգոստոսի մեկից , այսինքն՝ հելսինկյան համաձայնագրերից հետո։ Եվրոպական բոլոր պետությունների (գումարած ԱՄՆ-ը և Կանադան) կողմից ընդունված սկզբունքները ստիպեցին ԽՍՀՄ-ին գոնե փոքր-ինչ մեղմել ահավոր օրենքները, որոնք նույնիսկ ընտանիքի անդամներին էին արգելում միավորվել, միաձուլվել։ Առանձին թեմա է նրանցից շատերի ճակատագիրը, ովքեր հավատալով “հայրենասիրական”, ստալինյան կարգախոսներին, համաձայնեցին հայրենադարձության և հայտնվեցին Ալթայի երկրամասում։ Ասենք բուն Հայկական ԽՍՀ-ում էլ քիչ դառնություններ չկրեցին։ Իմ “Առանց մահվան իրավունքի” գրքում հրապարակել եմ որոշ սարսափելի փաստաթղթեր այն մասին, թե ինչպես վարվեց Ստալինը հայ հայրենադարձների հետ։ Երբ շատերը, հատկապես Հելսինկիից հետո, վերադարձան օտարություն՝ իրենց ողջ և մեռած հարազատների մոտ, ապա իրոք համալրեցին դասական սփյուռքի շարքերը։ Այնպես որ, “Արմենիա”-ին դիմավորելու եկած երեսուն մարդուց բոլորն էլ խորհրդային դպրոցներ և բուհեր են ավարտել։ Սակայն ևս մեկ անգամ հիշենք, որ բացառությունը հաստատում է կանոնը։ Սինգապուրում էլ կա բացառություն։ Պյեռ Գեննեսն է։ Հայրը գերմանացի է, մայրը՝ Օֆելիա Տեր-Գրիգորյանը ծնվել է Բաքվում, մոր ծնողները Ղարաբաղից են։ Պյեռը, ինչպես ինքն է ասում, բազմապրոֆիլ գործարար է։ Տիրապետում է յոթ լեզուների, այդ թվում՝ ռուսերենի և հայերենի։ Եվս մեկ բացառություն է Գրիգոր Բասմաջյանը Կիպրոսից։ Սինգապուրում բոլորը նրան հույն են կոչում։ Ծնվել է 1951 թվականին Կիպրոսում։ Ամեն ինչ հիշում է։ Բոլոր սարսափները։ Եվ ոչ միայն 1974 թվականի, երբ Թուրքիան անպատիժ կերպով ներխուժեց կղզի և զավթեց համարյա կեսը։ Եվ դարձյալ անպատիժ կերպով Թուրքիան հարձակում գործեց Կիպրոսյան պետության մայրաքաղաքի հյուսիսային մասի վրա, դուրս քշելով այնտեղից բոլոր հայերին, թալանելով Սուրբ Տիրամայր եկեղեցին, որը ոչխարի փարախի վերածեցին։ Հայկական եկեղեցին ութ հարյուր տարվա պատմություն ուներ, ինչն ինքնին շատ բաների մասին է խոսում…
Հիրավի հուզիչ է այն, որ Գրիգոր Բասմաջյանն այսօր Սինգապուրում իր ժամանակի մեծ մասը ծախսում է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա։
Համայնքի, այսպես ասենք՝ ոչ պաշտոնական առաջնորդներից մեկն է Գագիկ Գուրզադյանը։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ նա ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի որդին է։ Ես չափազանց լավ գիտեմ Գուրզադյանների ընտանիքը։ Շատ եմ գրել ավագ Գուրզադյանի մասին։ Գիտեմ և այն խնդիրների մասին, որոնք ավելի հաճախ զուտ սուբյեկտիվ բնույթի են։ Այդ խնդիրների մասին շատ եմ խոսել նաև ակադեմիկոսի ավագ որդու՝ Վահանի հետ։ Վիճել եմ։ Համաձայնել եմ ու չեմ համաձայնել։ Խոսքը ոչ թե բուն գիտության, այլ սկզբունքների մասին է։ Հիմա էլ ահա, այս հեռու-հեռվում վիճում եմ, համաձայնում ու չեմ համաձայնում արդեն Գագիկի հետ։ Բայց ահա ես նրան կոնկրետ հարց եմ ուղղում. “Կուզենայի՞ր աշխատել Հայաստանում”։ Պատասխանը. “Իհարկե՝ այո։ Ավելին, իմ բոլոր ընկերներն ու գործընկերները, որոնք հիմա աշխատում են օտար երկրներում, կասեին “այո”։ Էության, սկզբունքների, պայմանների և այլ նման բաների մասին, կարծում եմ, պետք չէ խոսել այստեղ և հիմա։ Բայց ահա կուզենայի մի քաղվածք հրապարակել, որ դուրս եմ գրել Գագիկ Գուրզադյանի անձնական գործից. “Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, ասպիրանտուրայում սովորել է Մոսկվայում։ Թեկնածուական դիսերտացիան պաշտպանել է 1983 թվականին, դոկտորականը՝ 1986 թվականին։ Աշխատել է Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, Երևանի լազերային տեխնիկայի ինստիտուտում (ի դեպ, մեր Արիկ Նազարյանի հետ), Մաքս Պլանկի ինստիտուտում (ԳՖՀ), Բեռլինի, Մյունխենի և Նամյուռի (Բելգիա) ինստիտուտներում, Ֆրանսիայի միջուկային կենտրոնում։ Բրյուսելի և Օքսֆորդի գրանտային ասոցիացիաների բարձրագույն գիտական խորհուրդների անդամ է։ Որպես հրավիրված պրոֆեսոր աշխատում է Սինգապուրի տեխնիկական համալսարանում։ Նրա մենագրությունները հրատարակվել են ԽՍՀՄ-ում, Գրմանիայում, Սինգապուրում, Չինաստանում։ Տիրապետում է հինգ լեզուների։ Ցանկանում է աշխատել Երևանում։ Հիսուներեք տարեկան է։ Բայց հարց է՝ կցանկանա՞ն նրան։
Սինգապուրում ես շատ հայրենակիցների հետ եմ հանդիպել։ Բոլորն էլ աշխատանք ունեն։ Երազում են հայրենիքի մասին։ Բայց ամեն ինչ այդպես հեշտ չէ։ Ոմանք փոքր երեխաներ ունեն, ոմանց երեխաներն էլ հաճախում են չինական դպրոց։ Իսկ գուցե պետք է բոլորին հաշվառե՞լ։ Այսպես ասած՝ տվյալների բանկ կազմել։
Վահագն Վարդանյան։ Մորական տատը արցախյան Մարագիից է։ Կնոջ անունը Լուսինե է։ Տասներկուամյա դուստրը՝ Աննան հաղթող ու մեդալակիր է բոլոր օլիմպիադաներում, այդ թվում՝ չինարեն լեզվից։ Նրա նմանները շատ են։ Չէ՞ որ դեռևս Սոկրատն է ասել. “Իմաստությունը ապագան կանխատեսելու և նրա համար անհանգստանալու մեջ է”։
Արմեն Բուդաղյան։ Հարյուր երեսուն կիլոգրամ կշռող մի բարի հոգի։ Խելքի ծով։ Երևանը կարոտում է, բայց ցանկանում է Նոր Զելանդիա վերադառնալ։ Տիգրան Գյոզալյանը շախմատի մարզիչ է։ Արդեն տեղական չեմպիոններ է աճեցրել։ Գիրք է գրել՝ “Արքան ուժեղ ֆիգուր է”։ Գայանե Վարդանյան։ Այդ նա էր, որ “Արմենիա”-ի Սինգապուրում կառանվելիս առագաստանավի տախտակամածին երգեց “Էրեբունի” և “Հայաստան” երգերը։ Գևորգ Սարգսյան՝ դիրիժոր։ Անի Ումելյան՝ երաժիշտ։ Բոլորը ճակատագրեր են։ Բարդ ճակատագրեր։ Նրանց և ուրիշ շատերին դեռ կանդրադառնամ։ Բայց երկու խոսք ևս մեկ զույգի մասին։ Պավել Կարապետյան և Մերի Չիլինգարյան։ Պաշան հաջողացնում է Հայաստանից Սինգապուր ներկրել գարեջուր և հյութեր։ Իսկ ինչպե՜ս էի քրքջում, երբ նրա կինը ներկայացավ ցուցադրական հանդիսավորությամբ. “Մերի Նյուտոնովնա”։ Եվ միժամանակ ուրախ ավելացրեց, որ իր Նյուտոն հայրիկը երեք եղբայր ուներ՝ Պլատոն, Դալտոն և Վալտեր։ Ահա այս անուններն էր տվել իր որդիներին շուշիքենդցի Նիկոլայ Չիլինգարյանը։ Ա՜յ քեզ Նիկոլայ Չիլինգարյան։ Ա՜յ քեզ շուշիքենդցի։ Համա թե անուններ է դրել։ Պատկերացրեք ուրեմն, որ մի ժամանակ լեգենդար Շուշիքենդի փողոցներով իրենց համար քայլում էին հանճարներ՝ մեծ փիլիսոփա Պլատոնը, մեծ մաթեմատիկոս Նյուտոնը, մեծ քիմիկոս Դալտոնը, բայց այ, Վալտերի առումով չգիտեմ, թե ինչ նկատի ուներ քեռի Կոլյան։ Եթե մեծ գրողին՝ “Այվենհո”-ի հեղինակին, ապա այստեղ Վալտերը անուն է, իսկ ազգանունը՝ Սկոտ։ Իսկ գուցե քեռի Կոլյան նկատի ուներ գերմանական □Վալտեր□ ֆիրմայի ութ կրականի ինքնաձիգ ատրճանա՞կը։ Ամեն ինչ կարող է պատահել։ Չէ՞ որ Նիկոլայ Չիլինգարյանը ծնունդով հենց Շուշիքենդից էր, որտեղ հարգում են զենքը։ Ինչպե՞ս այստեղ չհիշես իմաստուն և անմոռանալի Լեոնիդ Հուրունցին և նրա բարի գիրքը՝ “Իմ սիրելի Շուշիքենդ”։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Հնդկական օվկիանոս

Հ.Գ. Շուշիքենդցի Մերի Նյուտոնովնան Սինգապուրում ծնել է որդի և կոչել Նարեկ, որն արդեն ունի երկու քույր՝ Անի և Մանե։ Այնպես որ՝ ամեն ինչ կարգին է։