www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆ
Այնուամենայնիվ որքա՜ն հետաքրքիր էր խորհրդային ժամանակներում, երբ մտավորականությունը, պատահում էր, հավաքվում էր խոհանոցում օղու, երբեմն էլ թեյի շուրջ և սեկսոտների աչքից հեռու (գաղտնի աշխատակից), մեծագույն կրքով ծայրեծայր քննադատում էր և՛ հնգամյակը, և՛ պետպլանը, և՛ կարգախոսները… Ի դեպ, կարգախոսներն իրոք ցանցառություններ էին, ինչպես օրինակ՝ “Հնգամյակը՝ երկու տարում”, կամ “Ներկայիս սերունդը կապրի կոմունիզմի օրոք”։ Հիշում եմ, Կամչատկայում, որտեղ, կարծում եմ, սեկսոտներ ընդհանրապես չկային, ինչ-որ մեկը բարձրացել էր տանիք, որտեղ տեղադրված էր ահռելի վահանակը՝ մոտակա կոմունիզմի մասին կարգախոսով, և “ներկայիս սերունդը” բառերից հետո ավելացրել էր՝ “ուզի, թե չուզի”։ Բայց վերադառնանք հնգամյակներին և պետպլանին, ուր բանն այնտեղ էր հասել, որ այդ հարայ-հրոցի մեջ արդեն բուն “պլան” բառը նույնպես չէինք ընկալում։ Ծաղրանքով էինք խոսում պլանային տնտեսության մասին։ Բայց ի՛նչն է զարմանալին։ Ռուսները մի խոսք ունեն՝ ջրի հետ երեխային էլ թափեցին։ Արդեն անցել էինք հենց “պլան” բառը ծանակելուն։ Այնինչ այն լատիներեն նշանակում է հարթություն։ Հարթությունների վրա գծում էին ինչ-որ մտահղացումներ, մասշտաբներ և այլ նման բաներ։ “Պլան” բառի բազմաթիվ բացատրությունների մեջ ամենից տարածվածը հետևյալներն են. մտահղացում, նախագիծ, որևէ աշխատանքի հիմնական գծերը, որևէ ծրագրի իրագործման հաջորդականությունը։ Իմաստուն կորյակների և չուկչաների, ալեուտների և իտելմենների ողջ փիլիսոփայությունը հանգում է նրան, որ ձմռանը ցուրտ է, իսկ ամռանը՝ տաք։ Այդ իսկ պատճառով էլ պետք է մտածել (պլանավորել), թե ինչ անել, որ ձմռանը չմեռնես։ Պարզվում է, կարճատև ամառը պետք է օգտագործել այնպես, որ կարողանաս ձմեռն անցկացնել։ Այնպես որ, առանց պլանի ոչ մի կերպ չի կարելի։ Պարզապես չի կարելի այն գռեհկացնելով հասցնել աբսուրդի։
Եվ իմանալով այս ամենի մասին, մենք պլանավորել էինք մեր աշխարհաշուրջը, սկսած երթուղուց։ Այսինքն՝ ամենագլխավորից։ Մեզ հանդիմանում են։ Անունները հետո կհրապարակեմ։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք լավատեղյակ մեր երթուղուն, առանց հանդիմանելու ասում են. “Մի՞թե հնարավոր չէր շրջանցել այդ սարսափելի հատվածը”։ Այսինքն, ողջ Հարավ-Արևելյան, Հարավային և Հարավ-Արևմտյան Ասիան՝ իր նենգ Արաբական ծովով։ Մենք այդ ամենի մասին գիտեինք։ Ե՛վ պասսատների, և՛ հանդիպակաց հոսանքների, և՛ նույնիսկ ծովահենների մասին։ “Կիլիկիա”։ Վերադարձ□ (երրորդ հատոր) գրքում ես տեղադրել եմ ներկայիս աշխարհաշուրջի երթուղին պատկերող քարտեզ։ Իսկ այդ քարտեզը գրված, գծված ու ստորագրված էր “Արմենիա”-ի մեկնարկից դեռ հինգ տարի առաջ։ Մենք այն ժամանակ արդեն գիտեինք, թե ինչ բարդությունների էինք հանդիպելու երթուղու ավարտին։ Ո՛չ, չէր կարելի շրջանցել։ Հազար անգամ կրկնել եմ՝ այս շուրջերկրյա նավարկությունը մերկ ու ինքնանպատակ չէ, և ո՛չ էլ զուտ սպորտային։ Սա ծովարշավ է՝ Սփյուռքի անհավատալիորեն դժվար ճամփաներով։ Եվ եթե հրաժարվեինք Հարավ-Արևելյան ու Հարավ-Արևմտյան Ասիայի հատվածից, ապա պարզապես կկորցնեինք հարգանքը սեփական անձի հանդեպ։ Երկրագնդի, Համաշխարհային օվկիանոսի հենց այս մասում են սկիզբ առել սփյուռքի առաջին ու ամենադժվար ծովային ուղիները։ Չէ՞ որ 387 թվականին հենց 27-ամյա Մեսրոպ Մաշտոցի աչքի առաջ մեր նախնիները, մի ակնթարթում վերածվելով փախստականների, ցրվեցին Հայկական բարձրավանդակի ճամփաներով։ Իսկ ծովային և օվկիանոսային անցումների հիմնական մասը սկսվեց հենց այստեղ, որտեղ հիմա վաղուց լողում է “Արմենիա”-ն։ Եվս մեկ անգամ հիշենք աշխարհագրությունը։ Կարծում եմ, դա պետք է։ Յավանյան ծով, Հարավ-Չինական ծովի ողջ արևմտյան մասը, Մալակկայի նեղուց, Սիամի ծոց, Բակբո, Անդամանյան ծով, Բենգալյան ծոց, Արաբական ծով։ Բայց չէ՞ որ այս ջրերը ողողել են բազմաթիվ երկրների ափեր, որտեղ հայեր են հիմնավորվել։ Եվ դրանց մեջ իհարկե, առաջին հերթին՝ Հնդկաստանը։ Եվ, ինչպես իմացանք Յակոբ Շամիրի տապանագրից, ոչ միայն նա, այլև գործնականում մեր բոլոր հայրենակիցները ծովով ու ցամաքով եկել են ոչ թե Հայաստանից, ոչ թե Արցախից (ինչպես Հովսեփ-Հովհաննես Ամիրխանյանը), այլ սփյուռքից։ Եվ ավելի շատ՝ Ջուղայից։ Եվ դա սկսվեց 16-րդ դարի վերջին, երբ հրեշ Շահ-Աբասը դուրս քշեց Նախիջևանի հայերին, մեծ մասին՝ Ջուղայից։ Ի դեպ, ինչո՞ւ ենք մենք համառորեն Նախիջևանի Ջուղան կոչում Հին Ջուղա։ Չէ՞ որ Սպահան քշված ջուղայեցի հայերը իրենց կառուցած բնակավայրը Նոր Ջուղա կոչեցին ի հիշատակ նախնիների հայրենիքի։ Ինչպես որ Դոնի Ռոստովում Նոր Նախիջևանը և դրանով արդեն տարբերակեցին հարազատ օջախի իսկական անունից։ Իսկ Ջուղան մենք այսօր պետք է կոչենք Նախիջևանի, հիշելով այն մասին, որ 21-րդ դարի վանդալները հայկական հողի երեսից ջնջեցին ոչ թե պարզապես խաչքարեր, որոնք համաշխարհային տաճարաշինության գլուխգործոցներ են, այլև ավանդական շիրմաքար՝ հայերի գերեզմաններին։ Եվ վանդալները դա արեցին, օգտվելով մեր տրամաբանական պասիվությունից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կուրությունից ու խլությունից։ Այսօր մենք պետք է աշխարհին ցույց տանք հայկական հետքերի բոլոր փաստարկները, որոնք բացառիկ վկայություններն են այն բանի, որ գործնականում բոլոր հայերն այստեղ ծնունդով եղել են Նախիջևանի Ջուղայից։ Ինչ վերաբերվում է այս հատվածում “Արմենիա”-ի երթուղու դժվարություններին, ապա մենք դա չենք էլ ժխտում։ Իրոք այն ծանր է և ավելի կծանրանա հետո։
Բավական է նայել հիմա, թե ինչ է կատարվում շուրջդ Բենգալյան ծոցի ջրեր մտնելուց հետո։ Ահա արդեն չորրորդ օրն է, ինչ նավը, կարելի է ասել՝ կանգնած է տեղում, ասպես ասած՝ բուքսում է։ Այդ ընթացքում քամին աննշան իսկ չի փոխել իր հանդիպակաց ուղղությունը։ Եվ դեռ հանդիպակաց հոսանքն էլ է հավելվել։ Այդպես էր Մալակկայի նեղուցում և այդպես շարունակվում է հիմա։ Նման օրերին սիրտդ համակվում է տհաճությամբ։ Վերջին հաշվով, խոսքը գրաֆիկի մասին է, այդ նույն պլանի, պայմանավորվածությունների։ Իսկ մենք արդեն շարժիչի հետ էլ հույսեր չենք կապում։ Անցնում են մեր կողքով սարի պես ահռելի նավեր, ու նախանձից պայթում ես։ Հզոր շարժիչները՝ ալբատրոսի թևերի նման պտուտակներով, կատաղի արագությամբ առաջ են անցնում, հաճախ շչակով ողջունելով մեզ։
Եվ սակայն մենք չէինք կարող գնալ այլ երթուղով։ Բանը միայն այն չէ, թե պետք է իջնել այս կամ այն ափին ու նկարահանել հայկական հուշարձանները։ Միևնույնն է, այդ ամենը ինքներս չենք կարող անել։ Թեև այդ խնդիրը փորձում ենք լուծել դեսպանությունների, հյուպատոսությունների և հայկական թեմերի առաջնորդների օգնությամբ։ Այն, ինչ չենք կարողանա հիմա նկարել, կանենք հետո, պարտադիր չէ, որ նավարկելիս անենք։ Չէ՞ որ առանց բացառության 1700 եկեղեցիներ նկարահանելու գաղափարն ինքնին և՛ կարևոր է, և՛ անգին, և՛ իրական՝ իրագործման հնարավորությամբ։ Նույնքան կարևոր է շատ դեպքերում գոնե նավակողով հպվել այն կղզիների, մայրցամաքների, երկրների ափերին, որտեղ ապրել և ապրում է Սփյուռքը։ Հպվել նավակողով, որի վրա են մեսրոպյան տառերը, հայկական խաչը, հավերժության նշանը և հայրենիքի անունը։
Մեր հաջորդ հանգրվանը հնդկական Կոչին նավահանգիստն է։ Դրա համար պետք է լայնքով կտրել Բենգալյան ծոցը, շրջանցել Շրի Լանկա կղզին։ Հիշում եմ ինչպես հիմա՝ 1973 թվականին թերթերում կարդացի, որ Ցեյլոն կղզին վերանվանվել է Շրի Լանկա։ Մի տեսակ սրտովս չէր։ Ոնց որ թե երեսունյոթ տարի գիտեի Ցեյլոն կղզի, որի շատ թանկարժեք թեյը սիրում էի, մեկ էլ հո՛պ՝ Շրի Լանկա։ Բայց դա երկար չտևեց, քանզի թեյն առաջվա պես նախկին անունն ունի և նախկին որակը։
Սակայն մինչև Շրի Լանկա դեռևս մի ողջ հավերժություն կա։ Բենգալյան ծոց կոչվածը պայմանականորեն կարելի է ծոց համարել։ Նրա մակերեսը հինգ Սև ծով կընդգրկեր։ Մի քանի խոսք ծոցի անվան մասին։ Երբ արդեն վերջնականապես պատրաստ էր շուրջերկրյա նավարկության երթուղին, ես երեք ամիս շարունակ նյութեր էի հավաքում դրան հարող աշխարհագրական կետերի կամ անունների մասին։ Միաժամանակ գրառումներ էի կատարում։ Եթե դրանք բոլորն օգտագործեմ, բազմաթիվ հատորներ կստացվեն։ Ի դեպ, հետաքրքիր շատ բաներ են դուրս մնում ռեպորտաժներից, և գիտեմ՝ գրքում էլ չեն ընդգրկվի։ Շա՜տ ափսոս։ Զուր կորչելու են։ Մի՞թե հետաքրքիր չէ իմանալ, որ բենգալական է կոչվում ոչ միայն ծոցը։ Եվ նույնիսկ ոչ միայն կրակը։ Ի դեպ, հավանաբար քչերը գիտեն, որ իմաստուն հնդիկներն այդ նույն բենգալական կրակը, այսինքն պիրոտեխնիկական խառնուրդը, օգտագործում էին բոլորովին էլ ոչ տոնածառի մոտ զվարճանալու համար (ի դժբախտություն խեղճ հրշեջների), այլ լուսային ու գունային ազդանշանման։ Այդ խառնուրդը լցնում էին սնամեջ բամբուկե փողերի մեջ ու մի ծայրից վառում։
Կա բենգալերեն լեզու, որով այսօր խոսում է Բանգլադեշի ժողովուրդը։ Ընդհանրապես կա Բենգալիա երկիր՝ ընկած Հնդկաստանի, Բանգլադեշի, Պակիստանի տարածքում։ Այդ ամենը մինչև 1757 թվականը մեկ երկիր էր՝ մեկ ընդհանուր փիլիսոփայությամբ ու մշակույթով։ Երբ եկան բրիտանացիները, երկիրը կոչեցին Բրիտանական Հնդկաստան։ Եվ 190 տարի անց, 1947 թվականին այդ երկիրը մաս-մաս արեցին, և այն ժամանակից ի վեր ռումբեր են պայթում, արյուն է հեղվում։ Դա հիմա կոչվում է “քաղաքակրթություն բերել “վայրի” երկիր”։ Թեև, իհարկե, Հնդկաստանը հաղթեց իրեն պարտադրված պատերազմում։
Այո, իրոք բարդ է մեր երթուղին։ Բարդ է և այն երկրների պատմությունը, որոնք գտնվում են մեր ճանապարհին։ Մենք դրանք մանրազնին ուսումնասիրել ենք։ Տեղյակ ենք նույնիսկ այն մասին, որ անգլիացիք տարակուսած հարցնում էին հնդիկներին, թե ինչի՞ց են դժգոհ։ Չէ՞ որ իրենք բերել են գիտություն, ուսում։ Ինչին հնդիկները պատասխանում էին հնդկական փիլիսոփայությամբ. “Ի՞նչ օգուտ չարին ուղղված գիտելիքից”։ Իսկ երբ ասում էին՝ բայց չէ՞ որ մենք ձեզ լույս ու լուսավորություն ենք բերել, ապա պատասխանը նույն հնդկական փիլիսոփայությունն էր. “Ի՞նչ օգուտ ճրագից, եթե ծածկված է կավե ամանով”։ Երբ Լոնդոնում հարցրեցին Մահաթմա Գանդիին, թե ինչպե՞ս է ստացվում, որ վատ զինված ժողովուրդը հաղթում է հզոր կայսրությանը, Մեծ Ոգին (Մահաթման անունն այդպես է թարգմանվում) պատասխանեց մեկ նախադասությամբ. “Սկզբում ձեզ արհամարհում են, հետո ծիծաղում են ձեզ վրա, հետո ձեզ հետ կռվում են, և հետո դուք հաղթում եք”։ Ահա այսպիսին է ժողովրդի փիլիսոփայությունը այն երկրի, որտեղ մեծագույն դժվարությամբ, հաղթահարելով հանդիպակաց քամին ու հանդիպակաց հոսանքը, ուղղվում է “Արմենիա” առագաստանավը։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Հնդկական օվկիանոս