www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ՏՈՐՆԱԴՈՆ, ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎԸ ԵՎ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՊԱՏԳԱՄԸ
Եթե մենք շուրջերկրյա նավարկություն կատարեինք համաշխարհային օվկիանոսով, որն իր բնույթով նման է Թասմանի ծովին, ապա Բաբասը չէր կարողանա մի կարգին ֆիլմ նկարել, Հայկը չէր կարողանա գոնե մեկ նորմալ լուսանկարչական կադր ստանալ, ես ինչ-որ բան կթխկթխկացնեի գրամեքենայիս վրա, իսկ համակարգիչը դրանից գլուխ չէր հանի։ Տասներկու օր տևեց Նոր Զելանդիայից մեր Մելբուռն հասնելը, և ողջ ընթացքում Արիկի հետ կարգի էինք բերում թղթերս, “մարսելի” տեսք, ձև ու շարք տալիս դրանց վրա իմ նետած տառերին։ Ասես մղձավանջ լինի։ Չէ՞ որ ինձ չի կարելի ռիթմից ընկնել։ Հակառակ դեպքում նյութերը կկուտակվեն և ես պարզապես կխեղդվեմ դրանց մեջ։ Անհեթեթ է հնչում՝ “կխեղդվեմ”. լողալ ծովում և խեղդվել թղթերի մեջ։
Մի խոսքով, չգիտես ինչու համոզված էի, որ Թասմանի ծովի վեց հարյուր մղոնանոց մերձավստրալիական վերջին կտորը, իսկ դա ավելի քան հազար կիլոմետր է, ինձ կընդառաջի և գոնե մի կարգին փոթորիկ կպարգևի։ Չեմ կատակում։ Ինձ ավելի հեշտ է փոթորկին, խոշոր ճերմակաբաշ ալիքներին հարմարվելով աշխատել, քան թասմանյան ճոճքերի պայմաններում։ Ահա արդեն չորս օր նավը կողքից-կողք է գլորվում։ Նման բան եղել էր հենց այս նույն Թասմանի ծովում։ Բայց հիմա մի անհավանական բան է կատարվում։ Թվում է, քամին ուժգին է, առանց պոռթկումների, այդ պատճառով էլ փրփրաբաշ ալիքներ չկան։ Բայց այն հանդիպակաց է, իսկ ալիքները՝ կողքանց։ Եվ դա այն դեպքում, երբ □Արմենիա□-ն շտապում է։ Մենք չենք կարող ուշանալ։ Ինչպես արդեն ասել եմ, ապրիլի երեսունի ճիշտ կեսօրին պետք է Սիդնեյում լինենք։ Չգիտեմ, թե այնտեղ ինչ են կազմակերպել, բայց գիտեմ, որ ուշանալու իրավունք չունեմ։ Կրկնում եմ՝ քամին հանդիպակաց է։ Նշանակում է մշտապես պետք է փոխել հալսը, որպեսզի մերթ մեկ, մերթ մյուս կողմից քամին ուռցնի առագաստը։ Դա մեզ համար սովորական բան է։ Բայց այստեղ ահռելի ալիքները ճնշում են նավակողը։ Ուղղակի ուզում ես դրանց անվանել կողային։ Դա նշանակում է, որ ծովի մակերեսին առաջանում են հսկայական բլուրներ՝ գոգավորություններով և կատարներով, և ուրեմն նավապատյանն էլ հայտնվում է մերթ ձորակում, մերթ՝ կատարին։ Եվ այսպես ՝ չորս օր։
Արդեն հինգերորդ օրն ենք մտել։ Եվ այնուամենայնիվ ես նստեցի գրամեքենայիս առջև։ Եվ ոչ թե իմ նավախցում, այլ ընդհանուր նավասենյակում։ Ժամանակն է նախաճաշելու։ Առավոտյան ժամը ութն է։ կոկը խղճալի նայում է ինձ։ Ասել կուզի՝ պետք է սեղան գցել։ Շտապում է օգնել ինձ գրամեքենան, թղթերն ու գրքերը իմ նավախուց քարշ տալու։ Նախաճաշի սեղանի շուրջ խոսք բացվեց ճոճքի մասին։ Հայկը պարծեցավ, թե ճիշտ էր կանխատեսել և չորս օր առաջ հայտնել մեզ։ Այն ժամանակ նա ասաց, որ մինչև Սիդնեյ թավալվելու ենք կողքից-կողք։ Վահագնն էլ հավելեց, թե պատկերացնո՞ւմ եք, որ հանկարծ չմարզված մարդը փորձի չորս օր ճոճվել։ Հայկն ու Բաբասը ծիծաղեցին։ Նման բան կյանքում չէին պատկերացնի։ Չէ՞ որ առագաստանավը կողերով ալիքներին է հպվում և՛ ցերեկով, և՛ գիշերը՝ օդում գծելով իր ամպլիտուդները։ Մենք, կարելի է ասել, այդ ողջ ժամանակ ձևացնում ենք, թե քնում ենք։
Նախաճաշը երկար չտևեց։ Բրնձի շիլա էր, իսկ Վահագնին՝ մակարոն։ Աշխատեցինք արագ վերջացնել։ Անհնար է երկար ժամանակ նստել սեղանի շուրջ՝ ափսեն ձեռքերի մեջ ու մեկ ձախ թեքվել, մեկ աջ։ Սաքոն սկսեց օգնել նախկին տեղը վերադարձնելու գրամեքենան, թղթերն ու գրքերը։ Հանկարծ Մուշեղը բարձր գոռաց. “Տորնա՛ դո”։ Դա ավելի ուժգին հնչեց, քան ականջներիս սովոր “Ավրա՜լ”-ը։ Բոլորս թափվեցինք տախտակամած։ Բառացիորեն քթներիս տակ հայտնվեց ահռելի մի սպիտակ գունդ։ Մենք տեսանք, թե ինչպես է նրանից վեց ձգվում իրոք սպիտակ, ես կասեի՝ վառ սպիտակ սյունը։ Այն, ինչ գունդ անվանեցի, պտտվում էր։ Դրա մեջ ինչ-որ բան էր եռում։ Իսկ սյունը ճկվում էր մեկ աջ, մեկ ձախ։ Տղաները նկարում էին։ Բաբասը՝ իհարկե, հեռուստախցիկով։ Մենք գիտենք, որ տորնադոն մթնոլորտային պտտահողմ է, որն առաջանում է ամպրոպաբեր ամպից։ Եվ իրոք, հենց հորիզոնի այդ՝ արևմտյան կողմում էլ կախված էին մուգ և լուսավոր ամպրոպաբեր ամպեր։ Գիտենք և այն, որ ցամաքում ու ծովում պտտահողմերը տարբեր են իրենց բնութագրումներով, արտաքին տեսքով։ Այն, ինչ ես սյուն անվանեցի, գիտնականները կոչում են թևք կամ կնճիթ։ Իրենց առանցքի շուրջ ոլորվելով մինչև հարյուր մետրի վրա, նրանք շարժվում են (մանավանդ ցամաքում) բավական պատկառելի արագությամբ։ Հիմա էլ երևում էր, որ ջուրը, ասես ինչ-որ մարմնական բանի վերածվելով, պտտվում է, շուրջը ցրելով բազմատոննանոց փրփրուն ալիքների ցայտքեր։ Սա էլ տարօրինակ է հնչում՝ “ալիք” և “ցայտքեր”։ Երևի գոյություն չունի այսպիսի բառ՝ “ցայտքալիք”։
Անսպասելիորեն երկար թևքի ձախ կողմում բառացիորեն սկսեց ծնվել երկրորդ պտտահողմային երևույթը։ Երկրորդ տորնադոն։ Շուտով հետևեց նաև երրորդը։ Դա իրոք տեսնել էր պետք։ Հրաշագործություն էր, խորհուրդ։ Եվ այդ ամենը նկարահանված է։ Չգիտեմ ինչ կստացվի լուսանկարում։ Բայց վստահ եմ, որ տեսանյութը տպավորիչ կլինի։ Երկար քննարկում էինք այդ զարմանալի բնական երևույթները, մինչև Արիկն իր էլեկտրոնային խցիկից դուրս բերեց առավոտյան փոստը։ Իմ առջև դրեց թղթի մի էջ։ Մի հայացք նետեցի և իսկույն տեքստում որսացի “Կրիվոպուսկով” ազգանունը։ Կարդացի։ Եվ իհարկե, իսկույն սկսեցի սեղանից հավաքել նյութերը սփյուռքի հայ ընտանիքի մասին, որոնց վրա աշխատում էի այդ պահին։ Հիմա արդեն գիտեի, որ ստիպված եմ լինելու գրել այլ բանի մասին։ Մեծ հաշվով՝ նույնիսկ ոչ թե Կրիվոպուսկովի, այլ հենց մեր, այն մասին, որ անձամբ ինձ համար՝ լռել, նշանակում է մնացած ողջ կյանքում ամոթից տանջվել Վիկտորի ընտանիքի առջև, Ռուս մտավորականության “Ղարաբաղ” Կոմիտեի բոլոր մարտիկների առջև։ Հարցը բոլորովին էլ հոդվածը չէր՝ գրված դատախազական տոնով։ Ավելի քան հիսուն տարի աշխատում եմ ժուռնալիստիկայում և խորապես յուրացրել եմ բանաձևը՝ “դատախազականը՝ դատախազին, ժուռնալիստականը՝ ժուռնալիստին”։ Իսկ մարդկային արժանապատվություն վիրավորելը, դա արդեն անքավելի մեղք է։ Հարցը, կրկնում եմ, մեր երախտագիտության մեջ է ընդհանրապես և մասնավորապես բոլոր նրանց հանդեպ, ովքեր խառնակ տարիներին սրտանց ձեռք են մեկնել մեզ։ Այնպես ստացվեց, որ նրանց մեծամասնությունն անձամբ կապված էին ինձ հետ և բոլոր բարդ կազմակերպական աշխատանքները իմ բարեկամների և գործընկերների հետ շարունակվել են մի քանի տարի անընդմեջ։ Դա և՛ ակադեմիկոս Անդրեյ Սախարովն էր իր կնոջ՝ Ելենա Բոնների հետ, և՛ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի երկրորդ խոսնակ Քերոլայն Քոքսը՝ իր բազմաթիվ պատվիրակություններով, և՛ լեգենդար “ԿՐԻԿ”-ականները, որոնց մասին արդեն ասվել է (ավելի քան քառասուն մարդ), և նրանց մեջ՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի փոխգնդապետ Վիկտոր Վլադիմիրովիչ Կրիվոպուսկովը, որն Արցախի համար ամենադաժան տարիներին (1990-1991թթ.) գործուղվեց Ստեփանակերտ, ղեկավարելու օպերատիվ (ըստ էության՝ պատժիչ) խումբը։
Վիկտորը շուտով հասկացավ, որ կազմկոմիտեի նախագահ Վ.Պոլյանիչկոն և արտակարգ իրադրության շրջանի պարետ, գեներալ Վ. Սաֆոնովը, լինելով Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի անդամներ, փաստորեն կատարում են Բաքվի հանձնարարությունները, ՆԳՆ նախարարին ուղարկելով կեղծ տեղեկություններ։ Այդ նա՝ Վիկտոր Կրիվոպուսկովը փրկեց հարյուրավոր մեր հայրենակիցներին, այն երիտասարդ տղաներին, որոնց բռնելով պարետային ժամին, ադրբեջանական ՕՄՕՆ-ը անցկացնում էր, այսպես կոչված՝ ֆիլտրման սենյակով, ծեծի ենթարկում մինչև կիսամեռ լինելը և ուղարկում Շուշիի բանտ։ Շատերը չվերադարձան տուն։ Հենց այնտեղ Վիկտոր Վլադիմիրովիչը հաջողացրեց փրկել մեր երիտասարդ հայրենակիցների հարյուրավոր և հարյուրավոր կյանքեր։ Նա գրել է նաև հիանալի փաստագրական գիրք՝ “Խռովահույզ Ղարաբաղ”, որտեղ հենց իր մասին շատ քիչ է գրել։ Հիշեցնեմ, որ գրքի ծավալուն վերջաբանը գրել է “ԿՐԻԿ”-ի համանախագահ Անդրեյ Նույկինը, իսկ խմբագրել է Գալինա Նույկինան։
Ես կարծում եմ, այդ հոդվածի հեղինակը, վերջում անունների ինչ-որ անհեթեթ ցանկ ներկայացնելով, պետք է հիշատակեր նաև գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկի անունները, որոնց ազերներն այնպես էին այլանդակել, որ Շուշի ուղարկելուց առաջ ստիպված էին տեղավորել հսկվող հոսպիտալում։ Հենց հոսպիտալից մենք կազմակերպեցինք Մանվելի և Նազիկի փախուստը։ Եվ այդ փրկությունն իրագործվեց միայն Կրիվոպուսկովի օգնությամբ։ Շատ բաներում Վիկտորը կարողացավ համոզել ԽՍՀՄ Ներքին Գործերի նախարարության ղեկավարությանը, թե որն է իրական դրությունը, և դա նույնպես մեզ փրկեց։
Հիշում եմ, մի անգամ նախկին Պիոներպալատի մոտ հանդիպեցի Հրանտ Մաթևոսյանին։ Նա ասաց, որ կարդացել է իմ ակնարկը ռուս երիտասարդ Դմիտրի Մոտրիչի մասին, որը հերոսաբար զոհվեց Արցախում, և նրա հոր, որն ստանալով դաժան լուրը, Հեռավոր Արևելքից եկավ՝ զբաղեցնելու որդու տեղը շարքում, կռվելով Ավոյի հրամանատարությամբ՝ Մարտունու գծում։ Ի դեպ, այդ մասին վերջերս ֆիլմ է նկարահանվել։ Այն ժամանակ Հրանտն ինձ առաջարկեց հնարավորինս շատ ակնարկներ ու հոդվածներ հավաքել նրանց մասին, ովքեր օգնեցին մեզ ընդհատակի և պատերազմի տարիներին։ Մոտավորապես մեկ տարի անց նա մի գործով ինձ հրավիրեց Գրողների Միություն։ Կարծեմ, խոսքը Սևանի գրողների տան ճակատագրի մասին էր։ Առանձնասենյակում էր նաև Վանո Սիրադեղյանը, որի հետ դեմառդեմ չէինք հանդիպել թերևս հեռավոր խորհրդային ժամանակներից։ Չեմ ցանկանում շեղվել թեմայից։ Ասեմ միայն, որ Հրանտն այդ անգամ էլ հարց բարձրացրեց երախտագիտության թեմայի մասին։ Նա նույնիսկ միտքն սկսեց մի տեսակ փիլիսոփայաբար։ Կարծեմ այսպիսի մի բան. ինչպես հայտնի է, երախտագիտությունն արագ է ծերանում։ Իսկ դա վտանգավոր է։ Ես համամիտ էի նրան։ Եվ ամենայն մանրամասնությամբ պատմեցի ռուս սպա Կրիվոպուսկովի իսկական քաղաքացիական սխրանքի մասին։ Հենց այդ ժամանակ Հրանտն արտասանեց իր հայտնի նախադասությունը. “ԽՍՀՄ-ի կորստով մենք կորցրեցինք մեծ տերության քաղաքացու կարգավիճակը”։ Զարմանալի է, թե ինչ հաստատուն համառությամբ էր Հրանտը վերաբերվում իր նախաձեռնությանը՝ երախտագիտության թեմայի վրա աշխատելու հարցում։ Որոշ ժամանակ անց Երևան եկավ կինոռեժիսոր Ռոման Բալայանը իր ընտանիքով, և մենք նշեցինք նրա հոբելյանը։ Ըստ իս, հիսունհինգամյակն էր։ Այդ երեկոյին Հրանտն էլ կար՝ կնոջ հետ։ Ռուսների ներկայությունը պարտավորեցնում էր հաճախ խոսել ռուսերեն։ Իր բաժակաճառում Հրանտը դարձյալ անդրադարձավ երախտագիտության թեմային, հիշեցնելով այն օրինակները, որոնց մասին ես էի պատմել իրեն։ Ցավոք, չհասցրեցինք դա անել նրա կենդանության օրոք։ Երկու տարի առաջ “Ամարաս” հրատարակչությունը լույս ընծայեց Անդրեյ Նույկինի ծավալուն հատորը՝ “Ցավ իմ՝ Ղարաբաղ”, որի նախաբանը ես էի գրել։ Գրքում “ԿՐԻԿ”-ի ողջ պատմությունն է, պատմությունը բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին “Իզվեստիա” թերթում Անդրեյ Նույկինի տպագրած “Որտե՞ղ էիր դու, ռուս մտավորականություն” վարնագրով ընդարձակ հոդվածին։ Եվ իհարկե, այնտեղ կա Վիկտոր Կրիվոպուսկովի մասին։
Ճիշտ է ասված, թե պետք չէ խմել ողջ օվկիանոսը, իմանալու համար, որ այն աղի է։ Մեկ կաթիլն էլ բավական է։ Բավական էր կարդայի, թե Կրիվոպուսկովին այցելում են զույգ և կենտ օրերին, որպեսզի այլևս ոչ մի բառի չհավատայի։ Իմ հարցում հեշտ է։ Ես ընդհանրապես չեմ այցելում Վիկտորին։ Նախ՝ վաղուց Երևանում չեմ, երկրորդ՝ մենք Կրիվոպուսկովի հետ հանդիպում ենք կա՛մ Երևանում՝ իմ տանը, կամ էլ նրա մոտ՝ Մոսկվայում։ Ի դեպ, ընդհանուր առմամբ կատարելով անմոռանալի Հրանտի պատգամը, իմ մի քանի բարեկամների հետ հատուկ այցելել ենք Վիկտորի հորը, ներկայումս հանգուցյալ Վլադիմիր Կրիվոպուսկովին և երախտագիտություն հայտնել այն ամենի համար, որ արհամարհելով վտանգները (զրկվելով միլիցիայում իր կարիերայից), մեզ համար արեց նրա որդին։ Իսկ հիմա արդեն հանդիպում ենք Վիկտորի որդու՝ Վլադիմիր Կրիվոպուսկովի հետ։ Երբ գտնվելով ծովում, ես իմացա, որ “Խուդոժեստվեննայա լիտերատուրա” հրատարակչությունը ձեռնարկել է իմ ստեղծագործությունների ժողովածուի տպագրությունը, առաջին հերթին խնդրեցի ոչ թե Վիկտորին, այլ հենց նրա որդուն անձամբ զբաղվել իմ գրքերի սկանավորման գործով։ Ի դեպ, առաջին հատորում հատուկ երախտագիտությամբ նշված են և՛ հոր, և՛ որդու անունները։ Նրանք արդեն չեն զբաղվում հրատարակման հարցերով, բայց իմ խնդրանքով յուրաքանչյուր հատորում նշվում է Կրիվոպուսկովի անունը։ Եվ դա, կրկնում եմ, ի նշան մաթևոսյանական այն նույն երախտագիտության։
Եվ էլի մի բան. հրապարակախոսության և ժուռնալիստիկայի դասականները բազմիցս կրկնել են, թե որքան ավելի սուր է հոդվածը, այնքան ավելի նրբանկատ պիտի լինի հեղինակը։ Քանզի գործ ունենք մեր ժամանակակիցների, դարակիցների հետ, որոնք ունեն զավակներ, ծնողներ, ընտանիքներ։
Կարծում եմ, մամուլի մասին օրենքում, “խոսքի ազատություն” բառակապակցության կողքին պետք է ավելացնել՝ “նրբանկատության զգացում”։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
“Արմենիա” առագաստանավ, Խաղաղ օվկիանոս