www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՍԻԴՆԵՅՈՒՄ
Մեր “Արմենիա”-ն վարժվել է դիմավորողների ջերմ հանդիպումներին արդեն բազմաթիվ նավահանգիստների նավամատույցներում։ Բայց որ իրեն դիմավորեն նեղուց-ծովախորշի դարպասների մոտ, համարյա բաց օվկիանոսում, դա արդեն ավելին է, քան անակնկալ։ Մոտ տասը առագաստանավեր՝ Մայր Հայրենիքի դրոշի տակ… Իսկ Սիդնեյին մոտենալուն զուգընթաց դրոշների թիվը մեծացավ։ Բոլոր այսպես ասած՝ լողամիավորներից տարածվում էին բարձր հնչող հայկական քայլերգեր։ Հենց այդ պահին “Արմենիա”-ի վերևում դանդաղ բացվեց երեսուն մետրանոց դրոշ- առագաստը, կամ առագաստ-դրոշը։ Ամենամեծ շարժիչային զբոսանավակը, որ վարում էր հայ-սիդնեյական “տորմիղի” հրամանատար Ավո Սողոմոնյանը, ընդհուպ մոտեցավ “Արմենիա”-ին, և Սամվել Բաբասյանն ու Հայկ Բադալյանը, հուզմունքով իրար անցած, այնտեղ տեղափոխվեցին իրենց ֆոտո-հեռուստատեսային սարքերով։ Նույն պահին էլ “պատյանազերծեցին” դրանք ու գործի անցան։ Ժամանակ առ ժամանակ նավերից մեկնումեկը՝ երեխաներով, մայրիկներով, հայրիկներով, նույնիսկ՝ տատիկներով ու պապիկներով, մոտենում էր “Արմենիա”-ին, և մենք բոլորս, ծովախորշում տարածված անհավանական աղմուկի, դռռոցի տակ գոռալով ողջունում էինք միմյանց, հազիվ զսպելով արցունքները։
Մատույցն ավելի ու ավելի էր մոտենում։ Մենք իհարկե գիտեինք, որ այնտեղ մեզ սպասելու են, ինչպես եղել է ամենուր։ Բայց որ միաժամանակ տեսնելու էինք հազարավոր ու հազարավոր հայրենակիցների, որոնց հեշտ էր ճանաչել կարմիր-կապույտ-նարնջագուն հայկական ծիածանների մեջ, երիտասարդների՝ սկաուտական փողկապներով և ալիքագույն համազգեստներով, տատիկների ու պապիկների՝ շրջապատված թոռներով ու լսել նրանց շուրթերից բարձր հնչող “Հա-յաս-տա՛ն”…
Երբ մենք առաջնորդող նավին հանձնեցինք մեր Բաբասին ու Հայկին, նրանց փոխարեն մեր տախտակամած բարձրացավ ընթերցողին արդեն հայտնի Հակոբ Աբուլակյանը, որն արդեն մի ամիս քուն ու դադար կորցրած զբաղվում է “Արմենիա”-ի հետ հանդիպման կազմակերպմամբ։ Շուտով ես կհայտնվեմ դժվարին կացության մեջ հենց թեկուզ այն պատճառով, որ անհնար էր հավաքել բոլոր նրանց անունները, ովքեր մի ամբողջ կոմիտե էին կազմել Մեսրոպ Մաշտոցի անվան ծովարշավի մասնակիցների հանդիպումը կազմակերպելու համար։ Եվ հիմա չեմ համարձակվում ներկայացնել ցանկը, վախենալով, որ այն լիակատար չի լինի։ Խնդիրը նաև նրանում է, որ ես սովորաբար ցուցակով չեմ թվարկում անունները, այլ սկզբում զրուցում եմ, նշում կենսագրական և նույնիսկ աշխարհագրական ինչ-որ տվյալներ։ Նշանակում է, նրանց հետ ես դեռ պետք է հանդիպեմ։ Գիտեմ, որ խումբը գլխավորում է Գառնիկ Հակոբյանը և որ այդ խմբում էին իմ այնպիսի մտերիմ բարեկամներ ու ծանոթներ, ինչպես Հակոբ Աբուլակյանը, Վարուժան և Սիլվա Իսկանդարյաններ ամուսնական զույգը, Մադյանա Իվանյանը, Վարդուհի Լեբեջյանը և ուրիշներ։ Սակայն չմոռանանք և նորից հիշենք “ծովակալ” Ավո Սողոմոնյանին, որն իրոք ծովակալի պես էր ղեկավարում իր հայկական “նավատորմը”։
Մատույցը, որտեղ կառանվեց “Արմենիա”-ն, գտնվում է Սիդնեյ քաղաքի ամենակենտրոնում։ Եվ այն տարածքը, որտեղ հիմա մեր նավն է կանգնած, պատկանում է Ծովային թանգարանին։ Ավստրալիայի հենց այդ նույն սիրված ու հեղինակավոր թանգարանի տնօրեն, միսսիս Վիկի Նորտին, իմանալով “Արմենիա”-ի ժամանման մասին, իր ծառայություններն առաջարկեց արշավախմբի հանդիսավոր ընդունելության հարցում։ Ուշադիր կարդալով մեր բուկլետը ծովարշավի խնդիրների մասին, որի շրջանակներում “Արմենիա”-ն շուրջերկրյա նավարկություն է կատարում Սփյուռքի ճամփաներով, նա ոչ միայն տրամադրեց իր նավամատույցը, այլև թանգարանի էլիտար դահլիճը՝ հանդիսություններն անցկացնելու համար։ Եվ ինքն էլ ներածական խոսքով բացեց միտինգը։ Ամբողջ դահլիճը կատարեց Ավստրալիայի և Հայաստանի օրհներգերը։
Հերթական հռետորի յուրաքանչյուր ելույթից հետո պատանիների ինքնագործ խմբերը հայկական երգեր ու պարեր էին կատարում։ Դահլիճը հոտնկայս դիմավորեց մեր հայրենակցուհի Գլեդիս Բերեջիկլյանին, որին բառացիորեն օրերս նշանակեցին տրանսպորտի նախարարի պաշտոնում։ Տիկին Բերեջիկլյանի հետ “Արմենիա”-ի անձնակազմը կհանդիպի պաշտոնական ընդունելության ժամանակ։ Այդ ժամանակ էլ ընթերցողին կպատմեմ այն կնոջ մասին, որն Ավստրալիայում այդպիսի բարձր պաշտոն զբաղեցնող առաջին հայուհին է։ Երեկոյան հսկայական սրահում տեղի ունեցավ անձնակազմի հանդիպումը հայ հասարակայնության հետ։
…Սիդնեյում ապրում է ավելի քան չորսուկես միլիոն մարդ։ Քաղաքի բնակչությունն են ներկայացնում ավելի քան երկու հարյուր ազգություններ։ Դա պատկառելի թիվ է։ Նրանք բոլորը տարբեր մշակույթների կրողներ են։ Հատկանշական է, որ երկրի կառավարությունում Ազգային փոքրամասնությունների կոմիտեն ղակավարում է մեր հայրենակից Ստեփան Գրքաշարյանը։ Ռեպորտաժներից մեկում ես պատմել էի Ստեփանի մասին։ Կարող եմ միայն ավելացնել, որ ամենից շատ մտահոգված է նրանով, թե ինչպես է տարեցտարի խորանում պառակտումը հայ համայնքում։ Եվ դա ունի իր ոչ միայն օբյեկտիվ պատճառները։ Չէինք հասցրել, այսպես ասած՝ խարիսխ գցել, երբ անընդհատ սկսեցին պատմել, թե ինչ հույսերով են դիմավորել ու ճանապարհել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որի վերջերս Սիդնեյ կատարած այցելությունը պարզապես ցնցող էր։ Քառասուն հազար հայրենակիցներ ունենք այստեղ։ Բայց ո՛չ դասպանատուն, ո՛չ հյուպատոսարան։ Չի գործում պատվավոր հյուպատոսի ինստիտուտը։ Կա մի ինչ-որ որբություն, քանզի հենց նրանք, ովքեր ըստ տրամաբանության, պետք է համախմբեին համայնքը, պառակտում են այն։ Նման հարցերով, թվում է, մենք չպետք է զբաղվենք։ Սակայն լռելն էլ բարոյական չէ։
…Սեփական փորձից գիտեմ՝ բավական է հուշատետրիցս քաղած մեկ տող, որպեսզի սկսեմ մի ամբողջ թեմա արծարծել։ Բայց պատահում է և այնպես, որ դուրս են մնում մանրամասն գրված էջեր՝ հետաքրքիր սյուժեներով, մարդկանցով, երևույթների բնորոշմամբ։ Բանն այն է, որ ճամփորդական նոթերի ժանրը բարդ ու ծանր գործ է։ Մի կողմից, պետք է ընդգրկել ամբողջ երևույթներ՝ բնական, մարդկային, պատմական, քաղաքական, պետական և այլն, և այլն, մյուս կողմից էլ պետք է տեղավորվել ռեպորտաժի խիստ ու ժլատ շրջանակներում։ Եվ հույս էլ չեմ տածում, թե այ, երբ տուն վերադառնանք, ձեռագրերով լի ճամպրուկներս կհավաքեմ (տանը դրանք իրոք ճամպրուկների մեջ են. շատերն արդեն հանձնել եմ պետարխիվ), կնստեմ ու հանգիստ գիրք կգրեմ։ Ո՛չ մի նման բան։ Գիրքը գրվում է հենց հիմա, հենց այս փոքրիկ նավախցում, որտեղ գրամեքենայի սեղանիկի և պատին ամրացված գրադարակների պատճառով տեղաշարժվում եմ միայն կողքանց։ Գրքի վրա տանն աշխատելը շքեղություն է, երբ կարող ես վարսավիր-դիմահարդարի պես պտտվել նյութիդ շուրջը, այստեղ մի գույն ու երանգ ավելացնել, այնտեղ՝ մկրատել տեքստդ կրկնություններից՝ ավելորդ մազափնջիկների նման։
Հավանաբար ընթերցողի մոտ հարց ծագի. “Ինչո՞ւ է ասվում այս ամենը”։ Անկեղծ ասած, խոսքն արդեն իմ մասին չէ։ Խոսքն ապագա ճանապարհորդ-տարեգիր հայրենակցիս մասին է։ Այո՛, նման մարդիկ պետք է որ լինեն մեզանում։ Մեր ցավի պես հարազատ Սփյուռքը, առանց որի այսօր չկա Հայաստան, չկա հայություն, դեռևս երկար է գոյատևելու։ Դա բարդագույն, բազմադեմ, բազմալեզու, բազմաշխարհագրական, բազմամշակութային, բազմապատմական, բազմատարիք, բազմաբնույթ, բազմաչափ ու հակասական և այդ իսկ պատճառով, միասնական հայ-քրիստոնյա-առաքելական երևույթ է։ Եվ այս ողջ բազմազանությունը ինքնին անխուսափելություն է։ Նշանակում է, ցանկանում ենք, թե ոչ, պետք է համակերպվել և գործել, հաշվի առնելով խնդրի յուրահատկությունը։
Մեզ համար այլևս պետք է անհանդուրժելի լինի այն փաստը, որ ծնողներն իրենց երեխաներին չեն տալիս այս կամ այն դպրոցը, որտեղ, տեսեք-տեսեք, Դաշնակցության կամ Հայդատի գաղափարներ են տարածվում։ Չի կարելի հանդուրժել և այն, որ նույնիսկ Ցեղասպանության օրն են միմյանցից անջատ նշում, որ նույնիսկ սեփականացրել են Վարդանանց տոնը, որ սահմաններ են գծված Բարեգործականի և Համազգայինի հնարավորությունների միջև։ Հազարավոր գրառումներ ունեմ հուշատետրերումս, որոնք պարզապես չեմ կարող ինձ թույլ տալ հրապարակել։ Առավելևս, երբ խոսքը նաև եկեղեցու մասին է։ Սակայն մի բան գիտեմ՝ քառասունհազարանոց համայնքին անհրաժեշտ է հայաստանյան ինստիտուտ։ Կրկնում եմ՝ թեկուզ իդեմս պատվավոր հյուպատոսի։ Վերջիվերջո պետք չէ մոռանալ, որ Սփյուռքի բնակչությունը համարյա երեք անգամ ավելի է, քան Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը։ Մի խոսքով, խնդիրներ, խնդիրներ… Եվ դրանց մասին են պատմում իմ բոլոր հուշատետրերը։ Որպես ավարտ մեջբերեմ միայն մեկ գրառում.”Դեռ ոչ շատ վաղուց Ավստրալիայում գրանցված երկու հարյուր համայնքներից ամենակազմակերպվածը հայկականն էր։ Այսօր ամենախնդրահարույցներից մեկը…հայկականն է”։ Սա վերցված է կյանքից։ Բայց գիտեմ, որ պետք չէ խուճապի մատնվել։ Ներուժը հսկայական է։ Պարզապես պետք է հաշվի առնել, որ Համազասպյանի ժամանակները անցյալում են, անդարձ հեռացել են (Վարդգես Եղիշի Համազասպյանը երկար տարիներ արտասահմանյան հայերի հետ կապերի Կոմիտեի նախագահն էր)։ Հիմա բոլորովին այլ մոտեցում է պետք։ Փառք Աստծո, մի ամբողջ Սփյուռքի նախարարություն ունենք։
…Ավանդաբար մի քանի խոսք՝ Ավստրալիայի մասին։ Այստեղ քաղաքացու անհարգելի պատճառով ընտրություններին չներկայանալը պատժվում է տուգանքով։ Երկրում ծայրաստիճան արագ բազմացող ճագարներին ստիպված են եղել վերացնել հատուկ վիրուսով։ Դեռևս 1866 թվականին Ավստրալիա են բերվել նաև ընդամենը հարյուր ուղտեր՝ երեսուն ուղտապահների հետ։ Ապրում էին իրենց համար ազատ, արածում մի ողջ մայրցամաքի ընդաձակ լայնություններում։ Եվ հիմա նրանց քանակն անցել է մեկ միլիոնից։ Ահռելի խնդրի առջև են կանգնած։
Դեռ Մելբուռնից առաջ ես ռեպորտաժում գրել էի այն մասին, որ Ավստրալիան տարածքով աշխարհում զբաղեցնում է վեցերորդ տեղը, իսկ բնակչության թվով՝ հիսուներկուերորդ։ Հետաքրքիր էր իմանալ, թե բնակչության և տարածքի առումով որ երկրներն են առաջին վեցնյակում։ Դա՝ արդեն հերթական ռեպորտաժի համար, երբ լինենք Ինդոնեզիայում, որն, ի դեպ, աշխարհում չորրորդն է բնակչության թվով։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ հարաբերականության մեջ է ջրածածկույթը (խմելու) երկրի մակերեսի հետ։ Ավստրալիան ունի ընդամենը մեկ տոկոս ջրային մակերես։ Խնդիր կա։ Եվ ես իմացա, թե ինչպես են նրանք լուծում այդ խնդիրը։ Միայն շնորհիվ խիստ օրենքի, որը խստիվ պահպանվում է։ Գոյություն ունեն ջրի օգտագործման դարձյալ խիստ, պաշտոնական սահմանափակումներ։ Օրենքն այդպես էլ կոչվում է՝ “Ջրային արգելանք”։ Եվ գրված է խելացի կերպով։ Օրինակ, անձրևների սեզոնի սկսվելուն պես, այսպես ասած՝ օրենքի մեղմացում է տեղի ունենում։ Իսկ մնացած ժամանակ հստակ գործում են ավտոմեքենա լվանալու, ջրավազանները լցնելու, սիզամարգերը և տնամերձերը ջրելու արգելքները։
…Ինչպես որ մեզ դեռ վաղուց խոստացել էին, Ավստրալիայում գտնվելու մեր կարճ ժամանակահատվածում հայկական հարսանիք է տեղի ունենալու, որին Բաբասն ու Հայկը, հարս ու փեսայից և, իհարկե, քավորից հետո, գլխավոր գործող անձինք են լինելու։ Իսկ մենք՝ մյուսներս ընդամենը մի փոքր կհանգստանանք։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Սիդնեյ