www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
“ԱՐՄԵՆԻԱ”-Ն ՀՅՈՒՐ Է ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ
Մելբուռն։ Հիմնադրվել է 1830 թվականին։ Նավահանգստային քաղաք է Խաղաղ և Հնդկական օվկիանոսների հպման կետում։ Ավստրալիական Վիկտորիա նահանգի վարչական կենտրոնն է։
20-րդ դարի ամենասկզբին 26 տարի շարունակ եղել է Ավստրալիայի մայրաքաղաքը։ Ունի չորս միլիոն բնակիչ, այդ թվում՝ տասը հազար հայ, հայկական համայնք, Սուրբ Աստվածամայր հայկական եկեղեցի։ Սակայն անձամբ ինձ մոտ հենց միայն այդ աշխարհագրական անվան հիշատակումը իսկույն կապվում է օլիմպիական խաղերի հետ։ Դրանք շատ են եղել։ Շա՜տ –շատ։ Ամենահին օլիմպիական խաղերն սկսել են մեր թվարկությունից առաջ 776 թվականին։ Եվ անցկացվել են յուրաքանչյուր չորս տարին մեկ։ Այնպիսի ճշգրտությամբ ու հստակությամբ, որ պատմաբանները միայն դրանց համարակալումից կարող են իմանալ անցկացման տարեթիվը։ Վերջին՝ 394-րդ խաղերը արդեն մեր դարաշրջանում էին։ Եվ վերականգնվեցին շնորհիվ, ես կասեի՝ աշխարհի մեծ քաղաքացի, պատմաբան, ֆիզիկական կուլտուրայի կրքոտ քարոզիչ, ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի։ Խոստովանում եմ, խոսքը ինձ համար ամենաթանկ… թուլության մասին է։ Կամչատկայում ապրածս տարիներին երեք անգամ անցկացվել են օլիմպիական խաղեր. Տոկիո-1964, Մեխիկո-1968, Մյունխեն-1972։ Եվ ամեն անգամ խաղերի նախօրեին ես տեղական թերթերին տպելու էի տալիս ակնարկներ Պիեռ դե Կուբերտենի, օլիմպիական խաղերի պատմության մասին։ Վերջնական արդյունքում այդ ամենը միավորեցի լայնածավալ փաստագրական վիպակում, որը վերնագրեցի “Լեգենդների զրնգուն արձագանքը”։
Չէր կարելի չսիրել բուն այդ թեման թեկուզ այն պատճառով, որ հինավուրց օլիմպիական խաղերին մասնակցել են անուններ, որոնք դպրոցական համարյա բոլոր դասերին հնչել են գրատախտակի մոտ՝ Հերոդոտ, Սոկրատես, Դեմոսթեն, Պյութագորաս և բազմաթիվ այլ հսկաներ։ Չեմ ուզում Ներոնի և իր նման բանդիտների ու շիզոֆրենիկների մասին խոսել։ Եվ սակայն այն տարիներին ես հպարտանում էի նաև այն պատճառով, որ գիտեի հայոց Վարազդատ արքայի մասին, որը բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն դարձավ հին աշխարհի նախավերջին օլիմպիական խաղերում, 386 թվականին։ Իդեպ, Վարազդատի մասին հիանալի վիպակ է գրել անմոռանալի Աշոտ Մելիք-Շահնազարովը։ Հավելեմ, որ պատիվ եմ ունեցել նախաբան գրելու նրա գրքի համար։
Եվ սակայն ամենաբարձր հուզմունքն ապրել եմ 1952 թվականին, երբ տասնյոթ տարեկան էի և սպորտից բացի ոչինչ չէի ընդունում։ Դա Հելսինկիի 15-րդ օլիմպիական խաղերի տարին էր, երբ ղարաբաղյան մարզասեր երիտասարդության համար միանգամից կուռքեր դարձան Հրանտ Շահինյանը և թբիլիսցի ծանրորդ Ռաֆայել Չմշկյանը։ Ես հասկանում եմ, ազարյանական լեգենդար օղակները ասես աստիճանաբար ստվերեցին Շահինյանի սխրանքները, բայց դա արդեն օղակների արքայի մեղքով չէր, որը, իրոք, աշխարհը նվաճեց 1956 թվականին Մելբուռնում և դեռ իր լեգենդը չորս տարի անց կրկնեց Հռոմում։ Չէ՞ որ մենք հաճախ հիշում ենք միայն այն փաստը, որ նա երկու անգամ օլիմպիական չեմպիոն է եղել (չհաշված ոսկին և արծաթը՝ թիմային հաշվարկում)։ Բայց մոռանում ենք, որ 1952-ից 1962-ն ընկած ժամանակահատվածում Ազարյանը եղել է ԽՍՀՄ չեմպիոն, երկրի, որն այն ժամանակ իրեն արժանի մրցակիցներ չուներ։ Եվ այնուամենայնիվ, մենք չենք կարող մոռանալ նաև մեծ Հրանտ Շահինյանի մասին։ Նրա “արածները” Հելսինկիում մոռանա՞լ կլինի։ Արծաթ՝ բազմամարտում, ոսկի՝ թիմային հաշվարկում, արծաթ՝ ձիուց և վերջապես բաղձալի օլիմպիական ոսկին՝ …օղակներից։ Այո, այո, օղակներից։ Չէ՞ որ չորս տարի անց հենց Հրանտից ընդունեց ոսկե էստաֆետը Ալբերտը։ Մտածեք միայն՝ երեք օլիմպիադաներում անընդմեջ հայ մարմնամարզիկները ԽՍՀՄ-ի ընդհանուր թիմային գանձանակ էին նետում իրենց անփոփոխ “ոսկե օղակները”։
…1570 տարի անց Մելբուռնում հայոց Վարազդատ արքայի արժանի հետևորդը դարձավ Վլադիմիր Ենգիբարյանը, որը պարզապես նվաճեց Ավստրալիա աշխարհամասը։ Այն ժամանակ տեղի թերթերում նրան դնում էին լեգենդար ստայեր Վլադիմիր Կուցի կողքին, որը երկու ոսկի նվաճեց հինգ և տասը հազար մետր վազքատարածքում։ Այդ Վլադիմիր Կուցի մասին գրեցին այն ժամանակ տեղական թերթերը, որ եթե ավստրալիական մետաղադրամները երեք երես ունենային, ապա բացի թագուհուց և կենգուրուից, երրորդի վրա կարելի էր տեղադրել Կուցի դիմանկարը։
Ճիշտ է, վերլուծություններից հետո Տասնվեցերորդ օլիմպիադայի շատ չեմպիոնների կոչեցին “մեծ”։ Բայց մեծագույն չեմպիոն շուտով հռչակեցին Վլադիմիր Ենգիբարյանին՝ առաջին կիսամիջին քաշում օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճելու համար։ Նրան անվանում էին նորարար։ Մարտաոճը՝ “սեփական”, տեխնիկան՝ “անկրկնելի”։ Աթեիստական երկրում, հաղթահարելով վախը գրաքննության նկատմամբ, խոսում էին բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի մեջ Աստծո կայծի առկայության մասին, այն մասին, որ “բռնցքամարտը Ենգիբարյանին տրված է Աստծուց”։ Նրա հարվածներն իրենց անուններն ստացան։ Իսկ չէ՞ որ այդ ամենը չենք գրել մենք՝ նրա հայրենակիցներս։ Բոլորովին էլ ոչ մենք, այլ անգլիական մամուլը գրեց. “Ենգիբարյանը սիրողական բռնցքամարտի պարծանքն է։ Նա հիշեցնում է իրեն՝ Ջո Լուիսին”։ Այն նույն Ջո Լուիսին, որի ոսկե բռունցքը Դետրոյտում դարձավ բրոնզե արձանագործության գլուխգործոց։ Ենգիբարյանի ԱՄՆ տեղափոխվելուց ոչ շատ առաջ (դա ինսունականների ամենասկզբին էր) ես եղա Վոլոդյայի մոտ՝ Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցում։ Ուր-որ է ոտք էր դնելու յոթերորդ տասնամյակ։ Աչքերը տխուր էին։ Խորապես տառապում էր։ Վախով էր համակված այն գիտակցությունից, որ աշխարհն աչքի առաջ փլվում է։ Ոչ մի կերպ չէր հավատում, որ ԽՍՀՄ-ը փլուզվեց։ Ինչպեսև Հրանտ Մաթևոսյանը, գտնում էր, որ ԽՍՀՄ-ի կործանման հետ մենք կորցրեցինք մեծ տերության քաղաքացու կարգավիճակը։ Ես մխիթարեցի նրան, ասելով, որ ինքը վաղուց արդեն ողջ աշխարհի բռնցքամարտիկի կարգավիճակ ունի։ Եվ դեռ ավելին՝ նրա անունը երկար տարիներ թնդացել է խոշորագույն միջազգային մրցումների ժամանակ։ Մասնագետները սքանչանում էին ռինգի մրցավարի նրա փորձառությամբ ու արվեստով, բարձր պրոֆեսիոնալիզմով ու անկաշառությամբ։ “Անհերքելի հեղինակություն”,- ասում էին նրա մասին։
…Շուտով մեր հետևից կգան նավահանգիստ, և մենք բոլորով կգնանք օլիմպիական մարզադաշտ։ Պետք կլինի ընդամենը կանգնել մարմարե պատի մոտ և հիշել մեր հայրենական սպորտի համար երջանիկ Մելբուռն-1956-ը։ Ի՞նչ արած, որ մարմարի վրա չկա Իգոր Նովիկովի անունը։ Նրա ոսկե մեդալը դրանից չի խամրում։ Պարզապես պահպանվել է այն ավանդույթը, երբ օլիմպիացու (այդպես էին Հին Հունաստանում կոչում օլիմպիական չեմպիոններին) անունը ոսկե տառերով գրվում էր Ոլիմպոսի համապատասխան պատին։ Իսկ թիմային մրցումներ այն ժամանակներում չկային։ Իգոր Նովիկովը ժամանակակից հնգամարտում հանդես գալով Հայաստանի կողմից, թիմի կազմում ոսկե մեդալներ բերեց երկրի համար Մելբուռնից և Հռոմից։ Երկար տարիներ մենք հպարտացել ենք Երևանում գործող նրա լեգենդար մարզադպրոցով։ Ինչո՞ւ էր պետք կործանել այդ ամենը։ Չէ՞ որ դա ազգային սեփականություն էր։ Զարգացնելու փոխարեն ինչպե՞ս կարելի էր ջարդել այն, ինչը հաղթանակներ էր բերում։ Բայց դա արդեն այլ թեմա է։
Իսկ առայժմ ասեմ, որ մենք Մելբուռնում կհիշենք նաև Իգորին։ Եվ ընդհանրապես, մեր բոլոր օլիմպիականներին՝ Արշակունյաց տոհմի Վարազդատ արքայի գլխավորությամբ, չմոռանալով, իհարկե, համաշխարհային և օլիմպիական բարձրահարգ ու բազմաքանակ ոսկե մեդալներ նվաճած, անկրկնելի Յուրի Վարդանյանին։

* * *


Մինչ կհասնեինք արդեն Հնդկական օվկիանոսի ջրերում գտնվող այն նավամատույցին, որտեղ սպասում էին մեր հայրենակիցները, մեզ մեծագույն քաղաքավարությամբ խնդրեցին մոտենալ պատվարին, որի վրա ոչ պակաս հուզմունքով մեզ սպասում էր մի ողջ գվարդիա՝ տարբեր համազգեստներով։ Դրանք կարանտինականներն էին, մաքսավորները և հատուկ ծառայությունը, որոնք վարքագծով հիշեցնում էին ոչ այն է ԿՀՎ-ին, ոչ այն է ՊԱԿ-ին։ Օ՜, Աստված իմ, ինչ հաճույքով և ինչ կրքով էին նրանք ստուգում մեր իրերը (ձեռքի հետ էլ գտան վաղուց կորցրած իմ հուշատետրերից մեկը, նորզելանդական տասը դոլարանոց ճռճռան թղթադրամը, որն, ինչպես իմացանք, Ավստրալիայում “աշխատում” է, ինչպես նաև ՎիվաՍելի բջջայինի լիցքավորման սարքը)։ Իսկ ինչպե՜ս էին հատուկ ձեռնոցներ հագած, փորփրում մեր աղբը, որը լավ էլ կուտակվել էր տասներկու օրվա անընդմեջ նավարկության ընթացքում։ Չէ՞ որ դեռ չի եղել այնպես, որ “Արմենիա”-ի տախտակամածից օվկիանոս նետենք թեկուզ թղթի պատառ կամ ամեն տեսակի սինթետիկ ու ցելոֆանե փաթեթներ, շշեր և ամանեղեն։ Ոչ մի նման բան։ Բացի, իհարկե, սննդային մնացորդներից, որպիսիք, կարելի է ասել՝ համարյա չկան։ Սա արդեն մեր կոկին կամ մեր ախորժակին ուղղված հաճոյախոսություն է։ Հա, էլի մի բան։ Մի տեսակ առույգ և ուրախ սուլելով ստուգեցին ամբողջ նավի ներսը։ Դա նրանց աշխատանքն է։ Էլի կպան հնդկաձավարին, որ Օկլենդում մեզ էր տվել Ալիկ Գրիգորյանը այն բանից հետո, երբ այնտեղի կարանտինայինները խլեցին վերջին հինգ կիլոգրամը այդ ամենասննդարար օգնությունից, որ արշավախմբին ցուցաբերել էր Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Ինչ-որ սարքով ստուգեցին կոշկատակերի կեղտի քիմիական բաղադրությունը։ Ճիշտ է, դրանց վրա ոչ միայն կեղտ, այլև փոշեհատիկ չգտան։ Ո՞ւմ է պետք այդ ամենը։ Շատ պարզ. “Մեր Ավստրալիան պետք է ստերիլ լինի”։ Իսկ ինչպիսի՜ հաճույքով էին ստուգում մեր անձնագրերը, անընդհատ լուսանկարները համեմատելով դրանց ոչ նման, մորուքավոր դեմքերի հետ։ Արդեն չեմ խոսում, թե ինչ երկար անկետաներ լրացրեցինք, անընդհատ կրկնելով “ոչ” բառը։ Եվ միայն դրանից հետո մոտեցանք նավամատույցին, որտեղից դեռ հեռվից լսվում էր “Հա-յաս-տա՜ն”։ Եվ թափահարում էին եռագույն դրոշները։ Դա պետք էր միայն տեսնել։ Եվ փառք Աստծո, Բաբասն ու Հայկը շատ ու շատ ջանացին։ Նկարահանեցին։ Հայկական եկեղեցու ավագ քահանա Տեր Կիրակոսն ուղղակի տախտակամածի վրա օրհնեց “Արմենիա”-ի ժամանումն Ավստրալիա։ Ես առաջարկեցի բոլոր երեխաներին, առանց բացառության, բարձրացնել տախտակամած։ Եվ մեր առագաստանավի արևոտ տախտակամածն իսկույն զվարթացավ, ժպտաց, ջերմացավ ու քաղցրացավ։ Ի՞նչ մնաց մեր հիշողության մեջ այդ պահերից։ Ժպիտներ ու արցունքներ, որոնք այնպե՜ս լրացնում են միմյանց՝ հայկական դեմքերին, ավելի ճիշտ՝ հայերի դեմքերին։
…Ինչպեսև ծրագրված էր, առաջին այցելությունը՝ Ալբերտ Ազարյանին, Վլադիմիր Ենգիբարյանին և Իգոր Նովիկովին։ Մեքենաները մեզ Օլիմպիական մարզադաշտ տարան մաքուր ու ասես լվացած ողջ քաղաքի միջով։ Մեզ տեղ հասցրեցին մեր վաղեմի ընկեր, այնչարցի բարձրահասակ Փայլակ Ադամյանն ու իր որդի Գևորգը։ Չորրորդ և հինգերորդ մուտքերի միջև հսկայական մի պատ է՝ երեսպատված սև մարմարով։ Ձախից, ճերմակ պատի վրա Տասնվեցերորդ օլիմպիական խաղերի տվյալներն են։ Կազմակերպիչների անունները։ Իսկ կողքին՝ հսկայական սև մարմարե պաննոն, որն արդեն հիսունհինգ տարի պահպանում է միայն ու միայն առաջինների անունները։ Ոսկե անունները։ Կրկնենք. հինավուրց օլիմպիադաներին, այսպես ասած՝ Զևսի ժամանակներում, դա արվում էր քիչ այլ կերպ։ Օլիմպացիների ոսկե կիսանդրիներ՝ իրենց անուններով։ Հիմա, ավանդույթի համաձայն, սովորաբար ասում են՝ “գրված է ոսկե տառերով”, բայց իրականում տառերը փորագրված են, և սև խորապատկերի վրա երևում են ծովային ալիքի փրփրագույնով։ Շատ էլ լավ տեսանելի են։ Այդ մասին ասացին Սամվել Բաբասյանը և Հայկ Բադալյանը, որոնք մի ամբողջ ժամ նկարահանում էին։ Իհարկե, շոշափելի երջանկության հուզիչ դող է առաջացնում հայրենիքից այսքան հեռու հայրենակիցներիդ, իսկական տղամարդկանց անունները տեսնելը։ Որպեսզի հարմար լինի գտնել անհրաժեշտ անունը, բավական է իմանալ մարզաձևը։ Հերթականությունը լատինական այբուբենով է։ Այնպես որ, առաջինը գտանք Վոլոդյա Ենգիբարյանին։ Բռնցքամարտ։ Կրկնում եմ, առայժմ մեր բազմադարյան պատմության մեջ եղել են երկու օլիմպացի բռնցքամարտիկներ՝ Վարազդատ արքան և թագավոր Ենգիբարյանը։ Երկուսն էլ ոտք են դրել անմահություն։ Այդպիսին է մոգական ուժը սրբազան օլիմպիական խաղերի, որոնք անցկացվում են միայն խաղաղ ժամանակ։ “Մարմնամարզություն” բաժնում գտանք մեր երկրորդ արքային՝ Ալբերտ Ազարյանին, որին, իդեպ, այդպես էլ մեծարել ու մեծարում են՝ “օղակների արքա”, և որի օլիմպիական ոսկին, կենսագրության անբաժան մաս կազմելով, ունի նաև աշխարհագրություն։ Չէ՞ որ նրա անունը փորագրված է նաև օլիմպիական Հռոմում 1960 թվականին։ Մեր օլիմպացիների անուններն անմահացրած մարմարե պատի մոտ կանգնած, ինչպես արդեն գրել էի նավում, մենք իհարկե, հիշեցինք նաև մեր Իգոր Նովիկովին, մեր ոսկե հնգամարտիկին, որը կրկնեց իր, այսպես ասած՝ թիմային սխրանքը Հռոմում։ Իգոր Նովիկովն իր ընկերներ Ալեքսանդր Տարասովի և Իվան Դերյուգինի հետ օլիմպիական ոսկե մեդալ նվաճեց թիմային հաշվարկում։
Կատարվեց իմ երազանքը։ Ահա արդեն հիսունհինգ տարի ես տարբեր առիթներով հիշում եմ 1956 թվականի այն լեգենդար օլիմպիական խաղերը։ Նոր էի զորացրվել։ Դեռ ռազմածովայինի համազգեստով էի և ամբողջ տասնվեց օր՝ 1956 թվականի նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 8-ը ապրեցի Տասնվեցերորդ օլիմպիադայի անուններով ու ցուցանիշներով։ Եվ ահա այսօր “Արմենիա”-ի ողջ անձնակազմով հպվեցինք լեգենդին, որը սրբագործվել ու հավերժացել է մարմարի վրա։
Նույնպիսի պայծառ զգացմունքով էր փոթորկվում հոգիս տարիներ անց, 1980 թվականի հուլիսի վերջին, Մոսկվայի Քսաներորդ օլիմպիական խաղերի ժամանակ, երբ Յուրի Վարդանյանը նույն հարթակում նվաճեց թերևս ամենաարժեքավոր օլիմպիական մեդալը՝ համաշխարհային և օլիմպիական հինգ մեդալների հետ միասին։
Մենք իմացանք, որ Յուրին ծանր հիվանդ է և այժմ գտնվում է հիվանդանոցում։ Մաղթենք նրան շուտափույթ ապաքինում։ Չէ՞ որ մենք դեռ պետք է հանդիպումներ ունենանք մեր օլիմպացիների հետ։

Զորի ԲԱԼԱՅԱՆ