www.armeniansandsea.am | ![]() |
|
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը | ||
ԱՆԻՏԱ ԿԱՐԱԳՈՇՅԱՆ. ԾՈՎԱԳՆԱՑ, ՕՎԿԻԱՆՈՍԱԳԵՏ | ||
![]() ![]() Բոլորովին էլ պատահական չէր, որ այս ռեպորտաժն սկսեցի կղզիների հանդեպ իմ սիրուց և թուլությունից։ Ես դրանց իմ հավաքածուն ունեմ։ Պատահական չէ և այն, որ հիշեցի Օլերոն գեղեցիկ անունով կղզին, որն ավաղ, այն ժամանակ մեր ճանապարհից դուրս թողեցինք, քանզի “Կիլիկիա”-ն Բիսկայան ծոց մտավ ոչ թե կորագիծ ափեզերքով, այլ բաց օվկիանոսով։ Դա նույնպես պատմական փաստ է։ Սակայն Օլերոնը մնաց հիշողությանս մեջ, թաքնվեց սրտումս։ Սա իրոք, մի տեսակ սրտային, նույնիսկ կասեի՝ սիրային հարց է։ Ավելին, ինչպես կասեին ֆրանսիացիները՝ “շեղշե լա ֆամ” – “կին փնտրեք (որպես պատճառ)”։ Դեռ անցած դարի ութսունական թվականների կեսերին “Լիտերատուրնայա գազետա”-ի գործուղման վկայականով ճամփորդելով Ֆրանսիայում՝ լայնքով ու երկայնքով, մեր հայրենակիցներից իմացա մի շատ գեղեցիկ կնոջ մասին, որն իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել էր հենց Օլերոն կղզում։ Եվ նա աշխարհում առաջին կին-օվկիանոսագետն էր։ Նավարկել է ծովերով ու օվկիանոսներով։ Եվ նրա անունն էր Անիտա Կոնտի։ Նա պրոֆեսիոնալ բնափորձագետ էր և ճանապարհորդ։ Այն ժամանակ Ֆրանսիայում շատերից հետաքրքրվեցի Անիտա Կոնտի-Կարագոշյանի մասին, բայց ոչ ոք ոչ մի մանրամասն չկարողացավ հաղորդել ինձ։ Ձախողվեց նաև իմ ցանկությունը՝ հանդիպելու “փեշավոր Մագելլանի” հետ, ինչպես ժամանակակիցներն էին կոչում մեր հայրենակցուհուն։ Բոլորն ասում էին, որ նա շատ ծեր է և հաճախ է հիվանդանում։ Եվ ահա երկար տարիներ անց, աշխատելով “Ամարաս” հրատարակչության տնօրեն Արկադի Ասրյանի “Հայուհիներ” երկհատորանոց հանրագիտարանի նախաբանի վրա, ես, կարելի է ասել գտա իմ համարյա մոռացված սերը։ Ես արդեն մի քանի անգամ նշել եմ, որ Արկադին պարզապես պատմական սխրանք է գործել, մի ահռելի աշխատանքում ի մի բերելով բոլոր հայուհիների անունները, որոնք Երկիր մոլորակում մտել են այս կամ այն երկրի պատմության մեջ, որտեղ ապրել և ապրում են։ Սկզբունքն անխախտելի է. երկհատոր հանրագիտարանի հերոսուհին պարտադիր կարգով պետք է մեր պետության կողմից դարձվի ճանաչելի, ընդունված, սիրված, գնահատված։ Ցավն ու հիասթափությունը տանջում են սիրտս ու հոգիս։ Ինչպե՞ս կարելի էր մինչև հիմա չունենալ նրա գրքերը, նկարները, ակնարկները, դիմանկարները։ Չէ՞ որ նա՝ Անիտա Կարագոշյանը իր կամքով չէր հայտնվել օտարության մեջ։ Եվ ոչ միայն նա։ Օլերոն կղզում, թե Կիպրոսում, Նոր Զելանդիայում, թե Բալիում, շատ կղզիներում և մայրցամաքներում նրանք հազարավորներ էին։ Չլիներ մեր ազգային ողբերգությունը, կծնվեին հարազատ հողում, և միևնունն է, ի հայտ կգար նրանց տաղանդը, աստվածատուր շնորհը։ Ընդամենը մեկ օրինակ բերեմ։ Ես իհարկե, կարող էի կանգ չառնել հոգուս թանկ Անիտայի կերպարի վրա հենց թեկուզ այն պատճառով, որ նա, բացի ամենայնից, պարզապես համաշխարհային չափանիշի ականավոր ծովագնաց է։ Հղում կատարելով “Ամարաս”-ի “Հայուհիներ” հանրագիտարանի էջերին, բերեմ նրա կենսագրության և աշխարհագրության միայն մի քանի փաստեր, որոնք նրա գործունեությունը նկարագրող ահռելի նյութի միայն վերնագրերը կարող եք համարել։ Դեռևս երիտասարդ տարիքում “Թեոդոր Տիսսյե” նավով օվկիանոսներում և ծովերում հետազոտել և որոշել է ձկների վտառների բնական վայրերը և գտնվելու խորությունը։ Հիմնավորապես հետազոտելով Հյուսիսային Ատլանտիկայի և Աֆրիկայի արևմտյան ափեզերքը, գրել է “Կինը ծովում” և “Օվկիանոսների ալիքները” գրքերը։ Անիտա Կարագոշյանը հրատարակել է մեծ թվով պրոբլեմային հոդվածներ, պոեմներ, բանաստեղծություններ, փիլիսոփայական էսսեներ, աշխարհի շատ երկրներում ցուցադրության է ներկայացրել իր լուսանկարչական աշխատանքները։ Ինքն էր պատկերազարդում իր գրքերը։ Աշխարհում ճանաչված ծովագնացը Սեն Ժակ նավահանգստից ոչ հեռու, իր միջոցների հաշվին երիտասարդների համար բացել էր ծովայինների դպրոց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենասկզբին Պա-դե-Կալե նեղուցում, Բարենցի ծովում (իսկ դա արդեն Հյուսիսային սառուցյալ օվկիանոսն է) և Շպիցբերգենում զբաղվել է ականազերծման հարցերով։ Հետպատերազմյան քաղցած տարիներին շատ երկրներ Անիտային հրավիրում էին, ինչպես այն ժամանակ էին ասում՝ գրագետ և արդյունավետ ձկնորսություն կազմակերպելու գործում օգնելու։ Օվկիանոսագիտությանը նվիրված միջազգային բազմաթիվ գիտաժողովներում քննարկում էին նրա զեկուցումներն ու աշխատությունները։ Մեծ գիտնական, ծովային և օվկիանոսային խորությունների հետազոտող Ժակ-Իվ Կուստոն խոստովանել է, որ առանց Անիտա Կոնտիի պարզապես անհնար կլիներ կազմակերպել ու ստեղծել օվկիանոսագիտության հայտնի թանգարանը Մոնակոյում։ Անիտան, լուսանկարչական խցիկը ձեռքին, ճամփորդել է աշխարհով մեկ։ Եզակի ալբոմներ է կազմել Շոտլանդիայի, Իսլանդիայի, Գրենլանդիայի մասին։ Տիկին Կարագոշյանը մահացավ իննսուն իննը տարեկանում, սեփական տանը, Քրիստոսի Ծննդյան օրը տեղի ունեցած փոթորկի ժամանակ։ Այդ մեծ կնոջ մոխիրն, իր կտակի համաձայն, ցրեցին Միջերկրական ծովում։ “Հայուհիներ” երկհատորյակի հրատարակիչ Արկադի Ասրյանը տվյալներ է բերում այն մասին, որ Տիկին Անիտայի սեփական արխիվում պահպանվում են քառասուն հազար հազվագյուտ լուսանկարներ, տասնյակ ֆիլմեր, ճամփորդական գրառումների օրագրերի և նյութերի կույտեր։ Եվ ուրեմն մի՞թե բարոյականության ու պարտքի տրամաբանությունը պարզապես չի պահանջում գոնե հետաքրքրվել, եթե չասենք՝ ծանոթանալ մեր ականավոր հայրենակցուհու ստեղծագործական ժառանգությանը։ Բայց չէ՞ որ միայն նա չէ այդպիսին։ Ես ծրագրել էի մեկ ռեպորտաժում պատմել մեր միանգամից երկու հայրենակցուհիների մասին։ Ձեզ արդեն ծանոթ է Գլեդիս Բերեջիկլյանը, որը ծնվել է Ավստրալիայում և, ինչպես արդեն ասել եմ, այդ երկրի առաջին կին նախարարն է։ Հաջորդ, հերթական ռեպորտաժում կպատմեմ Գլեդիսի մասին, նրա հետ “Արմենիա” -ի անձնակազմի հանդիպման մասին պառլամենտում։ Իսկ առայժմ կասեմ միայն այսքանը. հարցրեք այդ եռանդուն կնոջը, Ավստրալիայի հայտնի պետական գործչին, թե ծնունդով որտեղացի է, և ի պատասխան նա չի ասի, թե ինքն անձամբ Ավստրալիայում է ծնվել, չի ասի, որ իր հայր Գրիգորը ծնվել է Հալեպում, իսկ մայրը՝ Արշալույսը՝ Երուսաղեմում, այլ կսկսի նրանից, որ իր նախնիներն Ադանայից են, Խարբերդից, Այնթապից ու Բերեջիկից։ Դա նրա համար վաղուց սկզբունք է։ Զորի ԲԱԼԱՅԱՆ Սիդնեյ |
||
![]() ![]() ![]() |