www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ՀԱՅԴԱՏԸ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՏՆ Է
Նրա կուսակցությունը Ավստրալիական Միության Նոր Հարավային Ուելսի պառլամենտում, ինչպես այստեղ գրում են թերթերը, 2011 թվականի ապրիլին փայլուն հաղթանակ տարավ։ Եվ նա, ինչպեսև սպասվում էր, նշանակվեց տրանսպորտի նախարար։ Նա ընթերցողին արդեն հայտնի մեր հայրենակցուհի Գլեդիս Բերեջիկլյանն է։ Ավստրալիայի Լիբերալ կուսակցության ակտիվ և հեղինակավոր անդամը նախարարների կաբինետ և պառլամենտ մտավ, ինչպես ասում են՝ ոչ դատարկ ձեռքերով։ Դեռևս 2003 թվականից էր նա Լիբերալ կուսակցության կողմից ընտրված Նոր Հարավային Ուելսի պառլամենտ։ Արդեն այն ժամանակ նա երեք տարի նաև ստվերային կաբինետի նախարարն էր։ Շուտով դարձավ պառլամենտական հասարակական կոմիտեի անդամ՝ բնակչության հոգեկան առողջության, երիտասարդական խնդիրների, օնկոլոգիական հիվանդությունների և էթնիկական հարցերի լուծման գծով։
Գլեդիսի կենսագրությանը ես մանրամասն ծանոթացել եմ, ինչպես արդեն ասել եմ, “Ամարաս” հրատարակչության “Հայուհիներ” հանրագիտական երկհատորյակից։ Հիշեցնեմ, որ այդ պարզապես եզակի հանրագիտարանը մեզ շատ է օգնում ծովարշավի ընթացքում։ Ցավոք, ձեռքիս ընդամենը մեկ հատոր ունեմ (ավելի ճիշտ՝ միակ նմուշային օրինակը)։ Ողջ տպաքանակի հրատարակման համար լրացուցիչ միջոցներ են հարկավոր։ Եթե որևէ մեկն արձագանքի (կամ արձագանքեն), ապա բառացիորեն մեկ ամսվա ընթացքում պատրաստ կլինեն երկու հատորն էլ, որոնց անհամբեր սպասում է մեր հասարակայնությունը։ Բանն այն է, որ հրատարակչության տնօրեն Արկադի Ասրյանը սկզբունքայնորեն հրաժարվել է իր հերոսուհիների օգնությունից, համարելով, որ դա բարոյապես ճիշտ չէ։ Իսկ այդ հերոսուհիները մեր մոտ հազար երկու հարյուր հայրենակցուհիներն են՝ բոլոր հինգ աշխարհամասերից։ Հիշեցնեմ նաև, որ հրատարակչական աշխատանքների ավարտական փուլն անցկացնելու գործում հիմնական օգնությունը ցուցաբերել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ Գարեգին Երկրորդը։
…Եվ ահա Սիդնեյում “Արմենիա”-ի անձնակազմի հայրենակիցների հետ հանդիսավոր հանդիպմանը ելույթ ունեցավ տրանսպորտի նախարար Գլեդիս Բերեջիկլյանը, որը հենց տեղում էլ մեզ հրավիրեց պառլամենտ՝ պաշտոնական ընդունելության։
Հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 4-ին, նոր պառլամենտի աշխատնքի հենց առաջին օրը։ Կարողացել էր ժամանակ գտնել, խոստովանելով, որ անհրաժեշտության դեպքում նիստի ամբիոնից ելույթ կունենա, հենց կանչեն իրեն։ Բարեբախտաբար դրա անհրաժեշտությունը չեղավ, և մենք լիուլի խոսեցինք շատ բաների մասին։ Հայ համայնքի խնդիրների մասին։ Դա և՛ դպրոցն էր, և՛ եկեղեցին, և՛ ցեղասպանությունը ու շատ այլ հարցեր։ Քառասուն հազարանոց համայնքը միակն է Ավստրալիայում, որը հնարավորություն չունի հայկական հեռուստատեսություն դիտել։
Պառլամենտի տանիքին մի իսկական այգի-ծաղկանոց է գցված։ Հենց այնտեղ էլ խաչքար է տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Իհարկե, դա նախաձեռնել և անմիջական օգնություն է ցուցաբերել Գլեդիս Բերեջիկլյանը։
Անձնակազմը հանդիպում ունեցավ ևս մեկ հայտնի պաշտոնյայի հետ։ Արթին Էթմեկջյան։ Բավական խոշոր Ռայթ քաղաքի քաղաքապետն է, որտեղ ապրում են մոտ տասը հազար հայեր։ Հայրենակիցների ահա այսպիսի քանակը և Սիդնեյում գտնվող միակ գործող եկեղեցուց հարաբերական հեռավորությունը արդեն բարձրացնում են Աստծո նոր տան շինարարության հարցը։ Հուզված էր Արթինը, երբ ասաց. “Ժամանակն է եկել նոր եկեղեցի կառուցելու”։ Դարերի ընթացքում “եկեղեցի” հասկացությունը հայերի մոտ անպայման զուգորդվել է դպրոցի հետ։ Որպես մի ինչ-որ ամբողջություն։ Եվ հիմա էլ Ռայթի քաղաքապետի աշխատասենյակում խոսք բացվեց դպրոցի մասին։ Խոշոր, ծանր ու ամրակազմ և բարի աչքերով Արթինը վաղուց է մտմտում նաև դպրոց կառուցելու գաղափարի շուրջ։
Այստեղ կցանկանայի կանգ առնել Սփյուռքի համար մեկ ընդհանուր խնդրի վրա։ Եվ սկսեմ կենդանի օրինակից։ Ռայթի քաղաքապետին այցելելուց բառացիորեն մեկ ժամ առաջ եղանք Ալեքսանդր-Իզաբելլա (բարեգործական միություն) հայկական դպրոցում։ Մի ժամանակ այստեղ սովորել են մինչև հարյուր երեխաներ։ Քանզի դպրոցը կառուցվել էր մի թաղամասում, որը հոծ բնակեցված էր բավական մեծ թվով հայերով։ Համարյա բոլորը տեղափոխվել են այլ շրջաններ, մասնավորապես՝ Ռայթ։ “Ալեքսանդեր” դպրոցը (համառոտ այդպես են կոչում) համարյա դատարկվեց։ Հիմա արդեն հեռու է շատերի համար։ Հինգ շենք, որտեղ մեկ հերթով կարող էին երկու հարյուր աշակերտներ սովորել։ Ունի հինգ ակր հողատարածք, սպորտհրապարակ, մարզադահլիճ։ Սամվել Կարապետյանի հետ երկար զրուցեցինք դպրոցի տնօրեն Մանուկ Դեմիրճյանի հետ։ Եկել է Բեյրութից։ Նախնիները Կիլիկիայից են։ Ընդամենը երեսուն աշակերտ ունի։
Պետությունն օգնում է դպրոցին։ Բացի ամենայնից, նաև ամբողջ հինգ ավտոբուս է հատկացրել Մեծ Սիդնեյի տարբեր շրջաններից երեխաներ տեղափոխելու համար։ Բայց իրոք այնպես է ստացվել, որ դպրոցը “գծից դուրս” է մնացել։ Ոչ միայն կենտրոնից, այլև հայերով հոծ բնակեցված շրջանից այստեղ հասնելը մեկ, նույնիսկ երկու ժամ է խլում։ Երեսուն աշակերտի առկայությամբ լիարժեք դպրոց չի կարող լինել։ Վերջիվերջո, ուսուցիչներն էլ, ինչպես հաշվելու լինենք, առնվազն պետք է երեսուն հոգի լինեն։ Մենք եղանք նաև Համազգային (դաշնակների) դպրոցում, որտեղ մինչև երեք հարյուր երեխաներ են սովորում։ Տրամաբանությամբ թելադրված բնական գաղափար ծագեց դրանք միավորելու վերաբերյալ։ Համազգայինի տեղադրման աշխարհագրությունը նույնիսկ չափազանց հարմար է բազմաթիվ հայրենակիցների համար, այդ թվում նաև նրանց, ովքեր իրենց երեխաներին տվել են “Ալեքսանդեր” դպրոց։ Եվ ահա երկար տարիներ հարցը չի լուծվում։ Մանուկ Դեմիրճյանը շատ հստակ է գիտակցում, որ այն անհրաժեշտ է լուծել։ Ես սկսեցի հետաքրքրվել։ Հավերժական, անմիտ, անհեթեթության հասցված փաստարկ։ Անհարմար է, եթե չասենք՝ ահավոր այն բարձրաձայն ներկայացնելը. “Չենք ուզում, որ մեր երեխաներին դաշնակցության գաղափարներ քարոզեն”։ Կասեմ, լինելով ո՛չ դաշնակ, ո՛չ հնչակ, ո՛չ ռամկավար։ Ավելի ճիշտ՝ լինելով և՛ դաշնակ, և՛ հնչակ, և՛ ռամկավար. աշխարհում ոչ մի տեղ չեմ տեսել ու լսել նման բան։ Այնինչ ամենուր հայկական դպրոցներ եմ այցելել բոլոր հինգ մայրցամաքներում։ Դրանք հայկական դպրոցներ էին, և վե՛րջ։ Ինչ վերաբերվում է դաշնակցական, կամ էլի ինչ-որ կուսակցական գաղափարախոսության, ապա անձամբ ինձ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը։ Եթե Հայդատի, ապա չեմ կարծում, թե Դաշնակցություն կուսակցությանն է սեփականաշնորհված հայոց ազգային խնդիրը, որը թե՛ ռամկավարների, թե՛ հնչակների, թե՛ ողջ ժողովրդի խնդիրն է։
Հայդատը վերջիվերջո նաև տարածքի հարց է (հայերի պատմական հայրենիքի), պատերազմական տուգանքների, ապօրինի գրավված գույքի վերադարձման հարց։ Մի հիանալի և շատ մտերիմ ընկեր ունեի Գերսամ Ահարոնյան անունով։ Լիբանանում Ռամկավար-ազատականի առաջնորդներից էր, հիրավի մարտական “Զարթոնք” թերթի խմբագիրը։ Վաղուց արդեն մեզ հետ չէ։ Աստված հոգին լուսավորի։ Բայց նա խոր հետք է թողել մեր պատմության մեջ։ Այդ նա էր (բնականաբար, դաշնակների և հնչակների հետ) նախաձեռնել և կազմակերպել համազգային, համաժողովրդական, միջազգային հուշահամալիրը՝ “Հայոց ցեղասպանության հիսուն տարին”։ Եվ 1966 թվականին նա՝ Գերսամը հրատարակեց 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունների փաստաթղթերի հիմնավոր ժողովածուն։ Ահռելի հատորն այդպես էլ վերնագրված էր՝ “1915”։ Ներկայիս սերունդը դժվար թե իմանա, որ մինչև 1965 թվականը Հայկական ԽՍՀ-ում քչերը գիտեին հայերի ցեղասպանության մասին, այն մասին, թե ինչու հենց 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ հայ ժողովրդի ողջ ողբերգությունը, Թուրքիայի կողմից պետական քաղաքականության աստիճանի բարձրացված և 1893 թվականից մինչ 1923-ը ձգված ամբողջ ցեղասպանությունը խորհրդանշող պաշտոնական տարեթիվը։ Եվ կոչնակն ամենից ուժեղ հնչեցրեց ողջ Սփյուռքը՝ քաղաքական կուսակցությունների գլխավորությամբ, 1965 թվականին։ Եվ ես, օրինակ, երբեք մեղք չեմ վերցնի հոգուս հակադրելու հայկական որևէ քաղաքական կուսակցություն մեկ ուրիշին։ Դա հավասարապես վերաբերվում է նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը, որը հակառակ ստալինիզմի և նեոստալինիզմի մղձավանջներին, կարողացավ ոչ միայն հասնել գիտության, մշակույթի, տնտեսության, ճարտարապետության, այլև ազգային ինքնագիտակցության վերածննդին, և սուսլովյան չարաղետ գրաքննության պայմաններում գրքեր հրատարակել ցեղասպանության մասին ու հիրավի վեհ հուշահամալիր բարձրացնել Ծիծեռնակաբերդում։ Եվ այդ ամենը, ինչպես ասում են՝ Ես եմ, Դու ես, Նա է, Մենք ենք, Մեր Ողջ Ժողովուրդը։ Հայդատը մեր ընդհանուր դատն է։ Հայդատը ոչ մի դեպքում մեկ կուսակցության գաղափարախոսություն չէ։ Դա մեր ժողովրդի այսօրվա ժամանակների գաղափարախոսությունն է։ Ինչ վերաբերվում է Դաշնակցությանը, ապա Քրիստոփոր Միքայելյանի սերունդների ճակատն է պետք համբուրել նրա համար, որ կուսակցության ահռելի կառույցի երկար շղթայում կա այդ գործող ու գործուն օղակը։ Ճիշտ է, այստեղ մի վտանգ կա. Աստված չանի ինքնանպատակ կենտրոնանանք միայն ու միայն այդ օղակի վրա, մոռանալով կենսական ռազմավարության փիլիսոփայության մասին։ Քանզի հենց կյանքն է ցույց տալիս, որ նման դեպքերում ժողովուրդը կարող է կորցնել ժամանակի այս կամ այն հատվածի գերակայությունների զգացումը։ Այնպիսի գերակայությունների, ինչպիսիք են անվտանգությունն ընդհանրապես և անվտանգության երաշխիքը՝ մասնավորապես։ Բայց դա արդեն այլ թեմա է։ Եվ դրան անպայման կվերադառնանք։ Այդ հարցը սփյուռքում ամենուրեք բարձրացվել է քաղաքական հուշագրով։
…Վերադառնանք ընդհատված թեմային՝ դպրոցի վերաբերյալ։Ռայթի քաղաքապետ Արթին Էթմեկջյանի ծրագրերում ներառված են եկեղեցու շինարարություն և դպրոցի շինարարություն այն շրջանում, որտեղ հոծ կերպով ապրում են տասը հազար հայեր՝ Ավստրալիայում նրանց քառասուն հազարի հասնող ընդհանուր թվից։ Բարեբախտաբար, շրջանում հայ բնակչության ակտիվության շնորհիվ հույս կա, որ ապագա քաղաքապետը նույնպես կլինի մեր հայրենակիցը։ Դա նշանակում է՝ հնարավորություն կա երկարաժամկետ ծրագրեր կառուցելու։ Ի դեպ, ես լավ ծանոթ եմ այդ պաշտոնի ապագա թեկնածու Սարգիս Եդելյանին նույնպես։ Հանդիպել ենք տասնիննը տարի առաջ, Արցախյան պատերազմի տարիներին բարոնուհի Քոքսի ղեկավարած պատվիրակության այցելության ժամանակ։ Ռայթի քաղաքապետարանից Սարգսի հետ ճանապարհվեցինք Հուշահամալիր-այգի, որտեղ տեղադրված են տարբեր ազգերի անմեղ զոհերի հուշարձաններ։ Սարգիսն ակտիվ մասնակցություն էր հանդես բերել Հայոց ցեղանսպանության զոհերի ավստրալիական քարի տեղադրման գործում։ Շուտով վանդալները (նրանք ամենուր են, Ավստրալիայում՝ նույնպես) պղծեցին հուշարձանը և գողացան փորագիր քարը։ Որոշ ժամանակ անց նույն տեղում նոր քար տեղադրվեց։ Պարզվեց, որ գողացել են նաև ասորիների հուշաքարը։ Իսկ մեկ օր անց տարան հայկական երկրորդ քարը նույնպես։ Սարգիսը հարցազրույց տվեց մեր սրբապղծված հուշարձանի խորապատկերին։ Նկարահանում էր մեր օպերատոր Սամվել Բաբասյանը։ Կարծում եմ, մինչ ես կգրեմ այս տողերը, մեր հայրենակիցները արդեն հուշահամալիր բերած կլինեն մի բազմատոննանոց քար։ Ոչ ոք, ո՛չ հայերը, ո՛չ ասորիները, ո՛չ ավստրիացիները, ո՛չ ավստրալիացիները չեն կասկածում, թե ովքեր են և որտեղից են եկել այդ վանդալները։ Հարց է բարձրացվել այգում հսկիչի հաստիք առանձնացնելու մասին։
…Սիդնեյում գտնվելու բոլոր յոթ օրերի ընթացքում մի րոպե չհանգստացանք։ Շրջեցինք քաղաք-այգում ծայրեծայր, անցնելով ավելի քան հազար կիլոմետր։ Անթիվ քանակով հանդիպումների ու միջոցառումների մասնակցեցինք։ Երեք բլոկնոտ եմ լցրել գրառումներով։ Ամեն ինչի մասին չես գրի։ Բայց փորձով գիտեմ՝ ինչ-որ ժամանակ, այսպես թե այնպես այդ ամենն օգտագործելու եմ։ Մի՞թե հետաքրքիր չէ, թե հայրենիքից այսպիսի հեռավորության վրա ինչպես են կազմակերպում կամ անցկացնում հարսանեկան արարողությունները։ Ճիշտ է, հիմա արդեն դրանք ոչնչով չեն տարբերվում։ Դարձյալ նույն սպիտակ, խարսխաշղթայի պես երկար կադիլակը, որով ինչպես միշտ բերում են գեղեցիկ, կարապի պես ձյունաճերմակ հարսին՝ մեր սերնդի կողմից արդեն մոռացության մատնված երկարազգեստ դեռատի աղջիկների հուզիչ երամի ուղեկցությամբ։ Հարսին կոչում էին Նաիրի, փեսային՝ Գևորգ։ Նա Հալեպից է, հարսը՝ Բաղդադից։ Փեսայի հայրը ավտոմեխանիկ է, ունի սեփական լցակայան։ Աղջկա հայրը՝ Եփրատը հայտնի լուսանկարիչ է։ Եկեղեցում ասեղ գցելու տեղ չկար։ Իհարկե, մեր հոգին հրճվում էր։ Հայկական հարսանիքը միշտ էլ տոն է։
…Ջիվան Պետրոսյան։ Հայաստանից է։ Ողջ ընտանիքը գտնվում է Սիդնեյում։ “Արմենիա”-ին նվիրեց բոլորովին նոր կախովի շարժիչ՝ մեր ռետինե նավակի համար։ Մենք հիշում ենք, որ նախորդ շարժիչի հնամաշության պատճառով քիչ էր մնում զոհվեին անձնակազմի երեք անդամներ։ Մեր այցելությունը զուգադիպեց նոր ռեստորանի բացմանը։ Կասեք՝ ի՜նչ էլ մի իրադարձություն է, բայց չեմ կարող չընդգծել. ռեստորանը հայկական է, կոչվում է “Ռուսսկիե նոչի” և գտնվում է մասսոնական կենտրոնի դահլիճի տակ։ Բա՛։
…Մեկ ժամից “Արմենիա”-ն կբարձրացնի կարմիր-կապույտ-նարնջագույն առագաստը, և մենք նորից արցունքներ կտեսնենք մեզ ճանապարհողների աչքերին։ Եվ մեր դեմքերին էլ արցունքներ կլինեն։ Իսկ առայժմ սպասում ենք, որ ուր-որ է կգա ինքը՝ Արաքս Մանսուրյանը, կբարձրանա տախտակամած և կերգի “Կռունկը”։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Խաղաղ օվկիանոս