www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
ՍՓՅՈՒՌՔԸ ԳՈՐԾՈՒՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է ԿՈՐՍՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ
Դարձյալ պարտքեր։ Իմ պարտքերը։ Գրառումներիս տետրերը պարզապես միանգամից վերածվել են նաև մուրհակների, որ ինձ ստիպում են ապրել "մարված պարտքերի” սկզբունքով։ Իսկ այդ տետրերի քանակն աճում է անպատմելի արագությամբ։ Բայց նախ կուզենայի ասել, որ բոլոր ուղղությունների վրա գտնվող, տարբեր օվկիանոսների ջրերով ողողվող համարյա թե բոլոր մայրցամաքներում, որտեղ հայկական համայնքներ կան, շատ հաճախ, ասես պայմանավորված, մարդիկ սկզբում զարմանք են հայտնում և ապա խորհուրդներ տալիս։ Խոսքն այն մասին է, թե ինչու չեմ օգտվում համակարգչից, թեև դիմում եմ ինտերնետի ծառայություններին։ Ես իհարկե, այդ մասին ոչ մեկին չեմ ասում։ Պարզապես ամեն ինչ ակնհայտ է, քանզի ամենուր հետս քարշ եմ տալիս գրամեքենան, ինչն ինքնին զարմանք է առաջացնում, որն էլ իր հերթին հարցեր է ծնում և մանավանդ՝ խորհուրդներ այն մասին, թե որքան հարմար է համակարգչով աշխատելը։ Համաձայնվում եմ, բայց շարունակում եմ իմն առաջ տանել։ Շատ ավելի բարդ է ինտերնետի հարցը։ Չէ՞ որ, ճիշտն ասած, ձևացնում եմ, երբ ասում եմ, թե ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ հասկանում այդ ինտերնետներից, որոնք արդեն խաչուղիներով “համաշխարհային սարդոստայն” կամ “աղբանոց” են կազմել։ Ավելին, հիանալի գիտեմ և այն, թե դա այսօր որքան կարևոր է համամոլորակային մակարդակով։ Ֆենոմենալ մի շտեմարան է։ Ալեքսանդրիայի գրադարանը՝ լուցկու տուփում։ Միաժամանակ անպայման հավելում են, թե իբր անհրաժեշտություն չկա գրադարան գնալ, տանը գրքեր պահել, ավելացնելով արդեն մի նախադասություն, որն ակամայից վիրավորանք է հասցնում համաշխարհային մշակույթին. “Ամբողջ Դոստոևսկին կարելի է գրպանում ունենալ”։ Անձամբ ես հոգեպես հանգիստ ու ապահով եմ զգում իմ տան գրադարանում տեսնելով Դոստոևսկու վեպերի տասնվեց հատորները, չհաշված նույն ծավալի նամակագրական ժանրի ժառանգությունը։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե ինտերնետում կարելի է կարդալ ամեն ինչի մասին, ապա ես բացարձակապես չեմ հավատում, թե ներկայումս մոլորակը, այդ թվում նաև Հայաստանը, այն օգտագործում են գրքեր կարդալու համար։ Սակայն ես այլ բան եմ ուզում ասել։ Այն, որ համարյա վեց տասնամյակ ձգվող իմ ստեղծագործական աշխատանքի ընթացքում ես չեմ կարողանում այլ կերպ վարվել։ Ահա միայն մեկ օրինակ։ Երկար ժամանակ է, ինչ “Արմենիա”-ն լողում է Խաղաղ օվկիանոսի հենց այն վայրերում, որտեղ անխիղճ կերպով սպանել, ոչնչացրել են ամբողջ քաղաքակրթություններ։ Դա նշանակում է՝ ամբողջ ժողովուրդներ։ Եվ վերջին մոհիկանները դեպի չգոյություն են մեկնել իրենց աստվածներով հանդերձ, մեծ թվով աստվածներ, առանց որոնց կյանքն անպատկերացնելի էր։ Չէ՞ որ մի բանի պետք է հավատային մարդիկ։ Այդ թվում՝ նաև ծովայինները։
Համարձակորեն կարելի է պնդել, որ նույնիսկ ոչ թե պարզապես նավազների, այլ հենց ծովագնացների առաջին աստվածը, ավելի ճիշտ՝ աստվածուհին եղել է Իսիդան, եգիպտական Օսիրիս աստծո կինը և քույրը։ Այսօր ինտերնետից հաստատ կարելի է իմանալ, որ այդ աստվածները բավական իմաստուն կերպով “դերաբաշխում” էին կատարել։ Ամուսինը մեռնող և հարություն առնող բնության աստվածն էր, կինը՝ ոչ միայն ծովագնացների, այլև, ինչը լիովին տրամաբանական է ծովայինի համար, ջրի, քամու, առագաստի և դեռ ի հավելումն՝ ամուսնական հավատարմության։ Ի դեպ, Օսիրիսի և Իսիդայի որդի Հորը արևի աստվածն էր։ Ընդհանրապես Եգիպտոսում արևի աստվածները շատ էին, այդ թվում և Ռան, որի անունը շատ հազարամյակներ անց այդքան բարձրաձայն փառաբանեց Թուր Հեյերդալը։
Եվ իրոք, հավանաբար շուրջերկրյա նավարկության նախապատրաստվելիս, բացի ամենայնից, կարելի է ինտերնետից տեղեկանալ, որ մեզ համար պահապան-հրեշտակներ կլինեն Օսիրիսի ընտանիքի բառացիորեն բոլոր անդամները։ Բայց ահա ինչպե՞ս իմանալ ինչ է հարկավոր անել խելացի, իմաստուն և վստահ կերպով դժվարություններին նախապատրաստվելու և դրանք հաղթահարելու համար։ Այստեղ արդեն անհրաժեշտ է մարդկության դարերով կուտակած փորձը։ Այստեղ արդեն պետք է դիմել փիլիսոփաներին ու պատմագետներին։ Եվ նաև պետք է իմանալ՝ նրանցից ում։ Հանուն հատաքրքրության ծանոթներիցս շատերին հարցրեցի այդ մասին։ Եվ շատերն էլ պատասխանեցին, որ բացի ծովային գործի և առագաստավարության գիտելիքներից, առաջին հերթին պետք է քաջություն հավաքել։ Եվ հենց այստեղ էլ մի իսկական շիլա-շփոթ սկսվեց։ Բոլորը տարբեր կերպ էին մեկնաբանում քաջության իմաստն ու էությունը, ավելի հաճախ այն նույնացնելով համարձակության, խիզախության, սեփական անձն ու մերձավորներին մահից չվախենալով պաշտպանելու կարողության հետ։ Իմ կարծիքով, ճշմարտությանն ավելի մոտ էին նրանք, ովքեր գտնում էին, թե քաջությունն այն է, երբ քո առջև նպատակ ես դնում և ոչինչ չես խնայում այն իրագործելու համար։ Սակայն սա նույնպես վեճերի ու տարակարծությունների տեղիք է տալիս։ Դիմենք մի մարդու, որը և՛պատմաբան էր, և՛ փիլիսոփա, և՛ նույնիսկ հրապարակախոս։ Դա Հերոդոտն է, որին Ցիցերոնը անվանել է պատմահայր։ Կարծում եմ, որ մեր երիտասարդությանը նույնիսկ շատ անհրաժեշտ է իմանալ, թե իր հետազոտություններում նա ինչպես է նկարագրում քաջարի մարդու էությունը։ Հերոդոտի նկարագրություններում բարձրագոչ բառեր չկան։ Նա պարզապես դատողություններ է անում՝ հիանալի տիրապետելով նյութին։ Թող ոչ մեկին չզարմացնի, որ մեծ հույնի կարծիքով քաջ մարդն առաջին հերթին պետք է նաև երկչոտ լինի։ Երկչոտությունը բոլորովին էլ վախկոտությունը չէ։ Եթե քո առջև դրել ես դժվարին խնդիր, չափազանց հեռավոր կամ չափազանց բարձր նպատակ, ապա առաջին հերթին պետք է երկնչես հենց խնդրից, հենց նպատակից։ Ըստ Հերոդոտի, միայն երկնչանքը քեզ կպարտավորեցնի “ծանրութեթև անել բոլոր պատահականությունները”։ Եվ միայն դրանից հետո, արդեն խնդիրը լուծելու կամ նպատակին հասնելու ճանապարհին պետք է “խիզախություն” դրսևորես։ Ես չգիտեմ, ինտերնետում կա՞ Հերոդոտի ամբողջական աշխատությունն այն թեմայի վերաբերյալ, որ հիմա փորձում եմ առաջարկել մեր երիտասարդ սերնդին։ Բայց պետարխիվ հանձնած իմ ձեռագրերում դրանք կան։ Եվ ժամանակից դեղնած տետրերիցս մեկում դրանցից քաղած հերոդոտյան ընդհանուր ցուցումը հետևյալն է. “Մարդկանց, որոնք վճռել են գործել, սովորաբար ուղեկցում է հաջողությունը և ընդհակառակը, հազվադեպ է ժպտում նրանց, ովքեր զբաղված են միայն նրանով, որ անվերջ չափուձևում են և հապաղում”։
Հերոդոտը գտնում է նաև, որ առանձնահատուկ քաջություն են հանդես բերում հայրենիքից զրկված, ստիպողական վերաբնակեցման պայմաններում գտնվող մարդիկ։ Զարմանալի բառակապակցություններ են՝ “առանձնահատուկ քաջություն”, “ստիպողական վերաբնակեցում”։ Բայց չէ՞ որ դա մեր ՍՓՅՈՒՌՔ-ի մասին է։ Ցավոք, մենք հազվադեպ ենք մտորում, թե ինչեր են վերապրել մեր նախնիները և՛ դարերի խորքում, և՛ միջնադարում, և՛ տասնիններորդ, և թե քսաներորդ դարերում։ Տասնյակներով սյուժեներ ունեմ կուտակած։ Եվ բոլորն էլ՝ ողբերգական։ Նշանակում է, կուտակել եմ պարտքերս, որոնց մասին նշեցի ռեպորտաժի սկզբում։ Դժվար թե կարողանամ բոլորը մատուցել ռեպորտաժի շրջանակներում։ Այնինչ ուզում եմ ներկայացնել բոլորը՝ առանց բացառության։ Հույսս գիրքն է։ Ահա թե ինչու խոսք բացեցի քաջության մասին։ Չէ՞ որ փրկվեցին հազարավոր, հարյուր հազարավոր, միլիոնավոր մեր հայրենակիցներ՝ շնորհիվ հենց հայ տղամարդկանց քաջության։ Այո, սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող մեր ծովարշավը նվիրված է հայ մորը, որը կարողացավ օտար ափերում հայի մեջ պահել հային։ Բայց յաթաղանից հրաշքով մազապուրծ ընտանիքների կյանքը վերջնականապես փրկեցին տղամարդիկ։ Իմ սյուժեներում կան դեպքեր, երբ ճանապարհին, ծովում, բաց օվկիանոսում մեռնում էին ծեր ծնողները, մեռնում էին փոքրիկ երեխաները տարբեր հիվանդություններից, այդ թվում և անբուժելի ծովային հիվանդությունից։ Շատերը գրպանում մի ցենտ անգամ չունեին։ Եվ մեր տղամարդկանց առջև ծառացան դժվար լուծվող խնդիրներ։ Կար նպատակ. փրկել ողջ մնացածներին, բնակություն հաստատել հաճախ շատ հեռվում, աշխարհի ծայրին։ Մենք այնուամենայնիվ դեռևս մինչև վերջ և ըստ արժանվույն չենք գնահատել Սփյուռքի մեծությունը և պատմական դերը ողջ հայ ժողովրդի փրկության գործում։ Իմ սյուժեների հերոսների մեջ կան մարդիկ, որոնց հայրերը, պապերը և նախապապերը եկեղեցիներ, դպրոցներ, ազգային հաստատություններ են կառուցել, բարեգործական հիմնադրամներ ստեղծել, գրքեր, թերթեր հրատարակել։ Ես արդեն չեմ խոսում թատրոնների, երգ ու պարի խմբերի, պետական հաստատություններին փոխարինող ամբողջական կառույցների և շատ ու շատ այլ բաների մասին։ Իսկ երկար ու ձիգ դարերի ընթացքում քանի-քանի՜ անգամ են փոխվել, ինչպես բազմիցս է ընդգծվել, այսպես կոչված սփյուռքի կենտրոնները։ Եվ այդ ամենը կատարվել է անվերջանալի ցեղասպանության խորապատկերին ոչ թե պարզապես Օսմանյան կայսրությունում (հրեշավոր մի կաղապար, որ մեզ պարտադրվեց սուսլովյան 60-ականներին, որպեսզի բացառվեր իսկական անվանումը՝ “Թուրքիա”), այլ մեր հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում և արդեն Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ Արևելյան Հայաստանում։
Աշխարհագրորեն սփյուռքն, իհարկե, օտարություն է, որն ինչպես Գենցեն է ասում՝ հարազատ չի դառնա։ Բայց ինքը՝ սփյուռքը հարազատ է։ Դա համաշխարհային պետություն է, կազմված հարյուրավոր հայաստաններից՝ իրենց եկեղեցիներով ու դպրոցներով։ Սփյուռքում, ինչպես ոչ մի տեղ, հայը գործուն կերպով գիտակցում է, որ բավարար չէ իմաստուն լինել, պետք է կարողանալ օգտվել դրանից։ Սփյուռքում հայը սովորել է փիլիսոփայությունը երկնքից իջեցնել հողի վրա։ Լինել սթափ, նույնիսկ երբ հարբած է։ Սփյուռքը հավերժական հիշողություն է հայրենիքի մասին։ Դա հավերժական կարոտախտ է, որ գործողություն է ծնում, առանց որի երբեք չի իրականանա երազանքը։
Սյուժեներից մեկի հերոսը՝ Վարդգես Դալլաքյանը պատմում է, թե ինչպես էր իր հայր Ասատուրը հաճախ կրկնում, որ թունավոր օձ է խայթել իրեն դեռևս իր Մարիամ մոր արգանդում, որը հղի ու բոկոտն անցել էր Դեր-Զորի այրող ավազներով։ Մարիամին անընդհատ թվացել էր, թե իրեն օձեր են խայթում։ Դա մտրակներն էին, որոնցով թուրքերը հարվածում էին իրենց զոհերին։ Ասատուրն ասել էր նաև այն մասին, որ հայկական եկեղեցիների զանգերի մեջ լսում է ժողովրդի մորմոքը։ Եվ այդ մարդը, որ անկասկած Սփյուռքի ընդհանրական կերպարն էր, արել էր ամեն ինչ, որ մոր հետ նույնիսկ օտարության մեջ զգա՝ ասես ապրում է Հայաստանում։
Ողջ օրը հոգիս այրելուց հետո, Վարդգեսի պատմությունը գիշերն էլ քունը խլեց աչքիցս։ Անընդհատ մտածում էի այն թունավոր օձի մասին, որ խայթել էր հղի Մարիամին Դեր-Զորում և այն մասին, թե ինչպես էր որդին մոր արգանդում զգացել այդ ցավը։ Վառեցի փոքրիկ լամպս։ Նորից նայեցի գրառումս և հանկարծ հասկացա, որ շատ տարիներ առաջ Ասատուրի արտաբերած այդ միտքը բանաստեղծական տողի ուժ ունի և պահանջում է հնչեցնել իրեն հայոց եկեղեցու մորմոքուն զանգի պես։ Եվ այն, ինչ գրեցի իմ ձեռքով, ասես տող առ տող շարվեց Ասատուրի թելադրանքով.

Ես դեռ մայրական մարմնում ամփոփված՝
Զգացի խայթն ու թույնը կոբրայի,
Եվ օտար հողում լույս աշխարհ եկած,
Դարձա պատկերը սփռված հայի։
Իմ եկեղեցու զանգից ուժ առա
Ու խորհրդի մեջ Տիրամոր-Մանկան,
Թեկուզ և զատված, բայց քեզ հետ եղա,
Ես՝ Մանուկ-Սփյուռք, դու՝ Մայր-Հայաստան…

Զորի ԲԱԼԱՅԱՆ