www.armeniansandsea.am
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
“ԱՐՄԵՆԻԱ”-Ն ԼՈՂՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ: ԱՆՈՒՇԻԿ ՏԻԿԻՆ ՄԱՐԹԱՆ
Եվս մեկ ահռելի փուլ մնաց “Արմենիա”-ի նավախելի հետևում։ Առարկայացված տեսքով դա մի ամբողջ աշխարհամաս է. Ավստրալիան՝ իր ողջ ջրային շրջապատով՝ անծայրածիր Խաղաղ կամ Մեծ օվկիանոսով, Նորզելանդական կղզիներով և Թասմանի ծովով։ Եվ ահա Սիդնեյից հետո, 1852 մետր կազմող յուրաքանչյուր մղոն “Արմենիա”-ն մոտեցնում է Հայաստանին։ Հիմա արդեն, ինչպես հաճախ էր պատահում, մենք ստիպված չենք լինի ո՛չ հետ գնալ, ո՛չ կտրուկ շրջվել այլ կողմ։ Ավստրալիան գտնվում է Հայաստանից դեպի հարավ-արևելք, իսկ “Արմենիա”-ն հիմա լողում է դեպի հյուսիս, որպեսզի կանաչ մայրցամաքի ամենահյուսիսային վերջավորությունից ուղղություն վերցնի դեպի հյուսիս-արևմուտք։
Անցել ենք արդեն երեսուներեք հազար մղոն։ Մեր հաշվարկներով մնացել է ավելի քան տասնհինգ հազար (ուղիղ գծերով)։ Դժվար չէ հաշվել, որ մնացել է անցած ճանապարհի մեկ երրորդը։ Մի խոսքով, վաթսունվեց տոկոսն արդեն անցել ենք։ Մնացել է ընդամենը երեսուներեքը… Իսկ ո՞ր կետում կարող ենք հաստատ ասել, թե աշխարհաշուրջը պաշտոնապես կայացավ։ Կա պարզ, տրամաբանական մեթոդ. դուրս ես եկել մի ներքին ծովից և վերադարձել նույն ծովի ջրեր։ Մեր դեպքում դա Միջերկրական ծովն է։ Իհարկե, կա նաև ամենահասարակ տարբերակը. ելել ես Ա կետից և վերադարձել նույն կետ։ Սակայն կա առավել հստակ մի տարբերակ, որը հնարավորություն է տալիս ոչ թե մեկնարկիդ կետն ընդունել որպես վերջնագիծ, այլ այն տեղը, որն անհրաժեշտ է քեզ։ Դրա համար պետք է հատել բոլոր միջօրէականները և միաժամանակ պարտադիր կարգով անցնել, ասենք, զրոյական միջօրէագծով և դրա հակադարձ 80-րդով։ Մենք արդեն անցել ենք թե՛ մեկը, թե՛ մյուսը, չխոսենք արդեն կտրած հեռավորության մասին, որը մեկուկես անգամ ավելի է, քան հասարակածի երկարությունը։ Սակայն հենց սկզբից որոշել էինք որպես հաշվարկային կետ վերցնել Փոթի նավահանգիստը՝ քառասունմեկերորդ երկայնության վրա։ Չէ՞ որ այն ժամանակ մենք մտածում էինք, որ “Արմենիա”-ն “Կիլիկիա”-ի օրգանական և տրամաբանական շարունակությունն է գոնե այն պատճառով, որ լուծում էինք ու լուծում ենք ծովարշավային միևնույն խնդիրները։
Երբ հինգ տարի առաջ գծում էինք գալիք երթուղին, ապա արդեն գիտեինք, որ ապագա առագաստանավը Փոթիի միջօրէականը հատելու է Կարմիր ծովի հարավում, ինչ-որ տեղ Սաուդյան Արաբիայի և Էրիտրեայի միջև։ Բայց մենք դեռ այն ժամանակ վստահաբար գտնում էինք, որ մեզ ավելի ձեռնտու է լինելու “ծովից ծով” տարբերակը, այսինքն՝ Միջերկրականի ջրերը։ Ճիշտ է, այդ մասին պետք չէ նախապես խոսել։ Համարենք, որ վերջնագծի մասին ոչ մի հատիկ բառ չեմ ասել։ Չէ՞ որ ես ոչ թե կանխատեսում եմ, թե ինչպես ենք հաղթահարելու երթուղու մնացած մասը, այլ ընդամենը, առանց խախտելու կանխանշաններին վերաբերվող սկզբունքը, ցանկանում եմ խոսել անցնելիք ճանապարհի քանակի և որակի մասին։ Նշեմ ամենագլխավորը, եթե չասենք՝ ամենացավալին։ Եգիպտոսում, Իսրայելում կամ Լիբանանում չենք հանդիպելու ոչ մի համայնքի։ Շատ վայրերում կգտնենք միայն քարի մեջ մարմնացած պատմական հիշողություն։ Արդյոք Հայաստանը կամ Սփյուռքը նկատի չունե՞ր Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլը, ասլով. “Երբ լռում են լեգենդները, ասքերն ու երգերը, հին ժամանակների մասին խոսում է ճարտարապետությունը”։
“Սփյուռք” հանրագիտական բառարանի □Ինդոնեզիա□ բաժնում բերված են այստեղ վերաբնակված առաջին հայերի անունները, որոնք դեռևս 16-րդ դարի առաջին կեսին եկել էին հիմնականում Նոր Ջուղայից և Հնդկաստանից։ Գրքում բերված են նաև բոլոր բնակավայրերը, որտեղ հայեր են հիմնավորվել։ Կա արդեն գոյություն չունեցող Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու լուսանկարը։ Նշվում է, որ ներկայումս Ինդոնեզիայում հայեր չկան։ Այնպես որ, լիովին բնական էր թվում, որ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ծովարշավի բարդ ու անվերջանալի երթուղում չէինք ներառել (ավելի ճիշտ՝ բացառել էինք) Ինդոնեզիան։ Ծրագրել էինք Սիդնեյից հետո կանգ առնել միայն Սինգապուրում, որտեղ ապրում և գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ քրիստոնեական հնագույն գործող եկեղեցին։ Այդպես էլ կվարվեինք, եթե Սիդնեյում չհանդիպեի իննսունամյա Մարթա Աբգարին։ Այցելեցի պատահաբար։ Բայց սա հենց այն դեպքն էր, որի մասին ասում են՝ “Այստեղ խառն էր Աստծո մատը”։ Իմանալով, որ Սիդնեյում կա այդ տարիքի կին, որն ավտովթարից հետո տեղաշարժվում է միայն սայլակով, որոշեցի այցելել նրան։ Անկեղծ ասած, ծեր մարդիկ, որոնց թվին այսօր լիովին կարելի է դասել և ինձ, միշտ էլ իմ թուլությունն են եղել։ Հաց ու ջրից զրկիր, բայց ինձ հնարավորություն տուր խոսել, զրուցել նրանց հետ։ Տիկին Մարթայի մոտ ինձ տարավ Ռիմա Չարտըրը, որը բացատրեց իր անսովոր ազգանվան պատճառը։ Հնդկաստանում Աստվածատրյան ազգանունն ունեցող նրա հոր տվյալները ոչ մի կերպ չկարողանալով ճշգրիտ գրի առնել անձնագրում, պաշտոնյաները վերցրել ու “կնքել” էին նրան իրենց ձևով։ Տիկին Ռիմայի որդին Փարիզում է, իսկ դուստրն իր հետ ապրում է Սիդնեյում։ Ինքն իրեն կշտամբում ու մեղադրում է նրա համար, որ ընտանիքի մասին մտածելու փոխարեն, աղջիկը շարունակում է ուսումը համալսարաններում։
Տիկին Մարթայի սենյակը մաքրության և հարմարավետության մարմնացում էր։ Նա տեղաշարժվում է սայլակով, այդ պատճառով էլ հատակին ոչինչ թափված չէ։ Նրա որդիներից մեկն ապրում է Սիդնեյում, մյուսը՝ Մելբուռնում։ Երեք թոռների հետ հաճախ այցելում են տատիկին, որն, իր ասելով, ոչ մի խնդիր չունի նույնիսկ սարսափելի վթարից հետո։ Իր զավակների ճակատագրի համար հանգիստ է։ Ապրում է իր կյանքի, ծնողների, ամուսնու մասին հիշողություններով։ Երկու տարի առաջ (սայլակով) թռել է Սուրաբայա միայն նրա համար, որ այցի գնա հոր գերեզմանին։ Պատմում էր իր մանկության մասին, իսկ ես ցանկանում էի պահ որսալ և հարցնել Սուրաբայայի մասին։ Սակայն տիկին Մարթան ասես գուշակում էր իմ մտքերը, և ես հասցնում էի միայն ոչ թե գրել այլ սղագրել։ Այդ գրառումից մի հատված բերեմ, գործնականում առանց խմբագրման. “Ծնվել եմ Ինդոնեզիայում, Սուրաբայա նավահանգստային քաղաքում 1921 թվականին։ Հայրս Սարգիս Պողոսյանն էր, մայրս՝ Մարիամը։ Երկուսն էլ Նոր Ջուղայից էին։ Բուն Ինդոնեզիայում այն ժամանակ ապրում էր մոտ երեսուն հազար մարդ։ Ճավա կղզու բոլոր քաղաքներում կային մեր ազգականներից ու ծանոթներից։ Չէ՞ որ մեծամասնությունը Նոր Ջուղայից էին։ Սովորել եմ հայկական դպրոցում։ Հայ մանկավարժներ էին երաժշտություն սովորեցնում երեխաներին։ Ես հանդես էի գալիս համերգներով։ Դաշնամուր էի նվագում։ Ունեինք թատրոն։ Եռանդուն աշխատում էր բարեգործական միության ծառայությունը։ Մանավանդ կանանցը։ Ուրախ հարսանիքներ էինք անում։ Ամեն ինչ այնպես էր, ինչպես մեր ժողովրդի մոտ է ընդունված։ Բոլոր միջոցառումներն անցկացվում էին եկեղեցում…”։
Ահա այստեղ ես ընդհատեցի իմ զրուցակցուհուն. “Իսկ եկեղեցին պահպանվե՞լ է”։ Եվ առանց պատասխանի սպասելու ավելացրեցի, որ Ջակարտայում եկեղեցի կար դեռևս 1852 թվականից, իսկ այ, Սուրաբայայի վերաբերյալ տվյալներ չունեմ։ Առաջ անցնելով ասեմ, որ տիկին Մարթայի հետ հանդիպելուց հետո բացեցի “Սփյուռք” հանրագիտարանը։ Այնտեղ տեղեկություններ կան միայն Ջակարտայի եկեղեցու մասին։ Ճիշտ է, գրված չէ, որ այն արդեն գոյություն չունի։ Տիկին Մարթան ինձ ուրախացրեց նաև նրանով, որ սեփական աչքերով էր տեսել Սուրբ Գևորգ եկեղեցին ընդամենը երկու տարի առաջ։ Ինչպես արդեն նշել եմ, նա այցելության էր գնացել հոր գերեզմանին և, իր իսկ խոսքերով, չէր կարող չայցելել այն տաճարը, որտեղ հոգևոր և իրավաբանական արարողությամբ ձևակերպվել էր նրա և սիրելի Արմեն Աբգարի ամուսնությունը, որն առաջին անգամ տեսել, լսել էր նվագող աղջկան ու սիրահարվել։
-Իսկ չունե՞ք Սուրբ Գևորգի որևէ լուսանկար,-հարցրեցի ես ու ավելացրի,- և ո՞ւմ է պատկանում եկեղեցին հիմա։
-Ինչպե՞ս թե՝ չունեմ։ Ունեմ։ Լուսանկար։ Եվ մի լուսանկար էլ կա Սուրաբայայի մասին պատմող ամսագրում։ Ինչ վերաբերվում է եկեղեցուն, այն գնել են քրիստոնյաները։
Ես հուզմունքով թերթեցի ամսագիրը։ Իմ տետրում արտանկարեցի եկեղեցու ուրվագծերը։ Եվ այդ նույն պահին էլ հասկացա, որ փոխվում են թե՛ մեր երթուղին, թե՛ գրաֆիկը։ Դա նշանակում է, որ նորից հեռախոսով, ախուվախով (ի դեպ, ոչ միայն հարազատները) տալու են նույն հարցերը. “Ե՞րբ եք վերադառնալու։ Ինչքա՞ն կարելի է։ Խիղճն էլ լավ բան է”։ Բայց ոչինչ չենք կարող անել։ Ոչ ես, ոչ անձնակազմը։ Միայն ու միայն փոխել երթուղին։ Թեկուզ պայթես, բայց պետք է։ Մոտենալ Ճավա կղզուն ոչ թե արևմտյան, այլ արևելյան կողմից, որտեղ գտնվում է Սուրաբայան։
Տիկին Մարթայից հետաքրքրվեցի Ճավա կղզում կյանքի մասին, այն մասին, թե Սուրաբայայում ինչպիսի մարզական, երաժշտական մրցույթներ էին անցկացվում։ Պատմեց, որ իր հայր Սարգիսն ամեն անգամ, երբ խոսք էր բացվում Նոր Ջուղայի մասին, անպայման հավելում էր. “Իսկ ընդհանրապես մենք Նախիջևանից ենք”։ Պատմեց և այն մասին, որ երբ հարևան Սեմարանտ քաղաքից ինչ-որ մեկը գալիս էր Սուրաբայա, անպայման հիշում ու բարձրաձայն տալիս էին աղա Հովսեփ Հովհաննես Ամիրխանյանի անունը՝ Արցախից։ Ես գիտեի Ամիրխանյանի պատմությունը։ Նրա հայրը Շուշիից էր, մայրը՝ Նախիջևանիկից։ 19-րդ դարի սկզբին նա մոլորակի ամենահարուստ հայն էր (կամ ամենահարուստներից մեկը)։ Սերտ կապերի մեջ էր իր ժամանակի ամենաազդեցիկ և հարուստ տների ու ընտանիքների հետ։ Պատմագետ Ռաֆիկ Աբրահամյանը գրում է, որ Արևելահայաստանը Ռուսաստանին միացվելուց անմիջապես հետո (1828 թվականին) Ամիրխանյանը դիմել է ռուսական ցար Նիկոլայ Առաջինին և անհավատալի գումարներ առաջարկել Երևանը վերածնելու համար։ Դա հետաքրքիր, ուսանելի պատմություն է, և կարծում եմ իմաստ ունի անդրադառնալ դրան։ Իսկ առայժմ վերադառնանք ազնվագույն տիկին Մարթա Աբգարի մոտ։ Ցավոք, չկարողացա կատարել խոստումս։ Մենք նրա հետ պայմանավորվել էինք, որ “Արմենիա”-ի մեկնումից առաջ Բաբասի ու Հայկի հետ կայցելենք իրեն և ժապավենին կհանձնենք իր պատմությունը։ Երբ զանգեցի, ասացին, որ նա հիվանդ է։ Ի վիճակի չէ խոսել։ Իմացա և այն մասին, որ ինձ հետ զրուցելիս անգամ հազիվ էր թաքցրել ցավը։ Որպես բժիշկ լավ գիտեմ, որ ամենից ծանր ու ցավոտ են տազակոնքային ոսկրերի կոտրվածքները։ Աստված առողջություն տա տիկին Մարթա Պողոսյան Աբգարին և շուտափույթ ապաքինում անտանելի ցավերից։ Հիշում եմ նաև, թե ինչպես նայելով նրա խոշոր, բարի, քիչ անփայլ աչքերին, մտածում էի, որ նրա նախնիները դարեդար ստիպված են եղել փոխել իրենց աշխարհագրությունը, և ինքն էլ հիմա հայտնվել է այսքան հեռու իր հայրենիքից։ Ու հիմա, տարիքն առած, երազում է սիրելի ամուսնուն երկնքում հանդիպելու մասին։ Ես խնդրեցի պատմել Արմենից, իր ամուսնուց։ Նա լայն ժպտաց, խորամանկ կկոցելով աչքերը, որոնք արդեն անփայլ չթվացին ինձ և մեղմ ասաց. “Ես ամեն օր հանդիպում եմ նրա հետ։ Զրուցում եմ։ Նա ինձ հետ է։ Իսկ եթե սկսեմ պատմել, կստացվի, թե անցյալի մասին եմ խոսում։ Իսկ անցյալի մասին չեմ ուզում խոսել։ Նա ինձ համար ողջ է։ Այնպես որ՝ համարեք, որ արդեն ձեզ պատմեցի իմ Արմենի մասին այն ամենը, ինչ կարող էի։ Մնացածը իմն է”։
Եթե միայն իմանար անուշիկ տիկին Մարթան, թե ինչ կատարվեց ինձ հետ մեր հանդիպումից հետո։ Բավական է հիշեցնել, ինչպես արդեն ասել եմ, որ մի կողմից մեզ պետք է Սուրաբայա այցելել, մյուս կողմից էլ՝ մուտքի վիզա չունենք Ինդոնեզիա։ Այնպես որ, որպես արշավախմբի պետ, ես դարձյալ թաղվեցի նոր հոգսերի ու տագնապների մեջ։ Մի բան հաստատ գիտեմ՝ Սուրաբայան չենք կարող շրջանցել։ Մեզ կարող էր օգնել Հնդկաստանում մեր դեսպան Արա Հակոբյանը, որի տիրույթի մեջ է նաև Ինդոնեզիան։ Սակայն նա դեռ չի հասցրել վստահագրերը հանձնել Ինդոնեզիայի նախագահին, և հայտնի էլ չէ, թե դա երբ տեղի կունենա։ Բնականաբար արդեն զանգել եմ Հայաստանի Արտգործնախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանին, որը նման արտակարգ դեպքերում զբաղվում է Մեսրոպ Մաշտոցի անվան ծովարշավի հարցերով։ Առայժմ իմ առջև համատարած մշուշ է։ Սակայն, ի դեպ, բազմամյա փորձից էլ գիտեմ, որ եթե ձեռքերդ ծալած չնստես, ցանկացած մշուշ էլ հնարավոր կլինի ցրել։ Չէ՞ որ այնտեղ, մշուշներից անդին միշտ լույս է, միշտ արև։ Հուսալն է գլխավորը։ Եվ հուսալ՝ գործուն կերպով։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Խաղաղ օվկիանոս